Աշխարհագրական երկայնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրագնդի տեսքը: Հասարակածը (մանուշակագույն) երկրագունդը կիսում է երկու հավասար մասերի և միջօրեականները (դեղին) հատում է 90° անկյան տակ: Այդ պատկերի բոլոր հոծ գծերը օրթոդրոմներն են: Դեղին գծերը միևնույն երկայնություն ունեցող գծերն են

Աշխարհագրական երկայնություն, աշխարհագրական կոորդինատ, որի օգնությամբ որոշվում է Երկրի, Արեգակի, մոլորակների մակերևույթի և երկնոլորտի վրա որևէ կետի դիրքը զրոյական միջօրեականից դեպի արևելք և արևմուտք՝ հաշված աստիճաններով 0°-ից մինչև 180°:

Երկայնությունը՝ λ, երկնիստ անկյուն է տվյալ կետով անցնող միջօրեականի հարթության և զրոյական միջօրեականի հարթության միջև։

Զրոյական միջօրեականի ընտրությունը կամայական է և որոշվում է համաձայնությամբ։ Գրինվիչի միջով անցնող զրոյական միջօրեականը կոչվում է Գրինվիչի միջօրեական: Բացի Գրինվիչից, որպես զրոյական օգտագործում էին նաև Կադիսի, Փարիզի աստղադիտարանների միջօրեականները, Պուլկովի միջօրեականը և այլն։

0°-ից մինչև 180° երկայնությունները զրոյական միջօրեականից դեպի արևելք կոչվում են արևելյան, իսկ դեպի արևմուտք՝ արևմտյան։ Արևելյան երկայնությունները ընդունված է համարել որպես դրական, իսկ արևմտյան երկայնությունները՝ բացասական։

Երկայնությունն որոշելու խնդիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային նավագնացության նպատակներով լայնության որոշումն իրենից առանձնահատում խնդիր չէր ներկայացնում՝ այն հեշտությամբ հաշվարկվում է Բևեռային աստղի հորիզոնի վերևում անկյան չափման օգնությամբ։ Իսկ երկայնության որոշումը ավելի երկար ջանքեր էր պահանջում։ Առաջատար ծովային տերությունները այդ խնդիրը լուծելու համար խոշոր պարգևներ են խոստացել։

Առաջարկվել են մի քանի աստղագիտական մեթոդներ՝ Յոհան Վերների լուսնային հեռավորության մեթոդը (1514 թվական), Գալիլեո Գալիլեյի Յուպիտերի արբանյակների դիրքի մեթոդը (1612 թվական), սակայն դրանց իրականացման համար անհրաժեշտ էին բարդ աստղագիտական սարքավորումներ և հաշվարկումներ։

1714 թվականին Բրիտանիայի խորհրդարանը մեծ պարգև է առաջարկել երկայնությունը որոշելու մեթոդի մշակման համար՝ 10 000 £ 60 ծովային մղոն սխալի դեպքում, 15 000 £ (40 մղոն) և 20 000 £ (30 մղոն)։ Վեստ Ինդիա նավարկության ժամանակ այդպիսի ճշգրտությամբ երկայնությունն որոշելու համար պահանջվում էր ժամանակից ոչ ավելի քան 3 վայրկյան հետ ընկնող ժամացույց (ընդ որում, այն ժամանակ ժամացույցը շատ ճշգրիտ համարվում էր այն դեպքում, երբ այն ուներ րոպեի սլաք)։

Ատաղձագործ և ժամագործ-ինքնուսույց Ջոն Հարիսոնը 1749 թվականին հայտնագործել է ժամացույց, որն ավելի ճշգրիտ էր ծովում, քան որևէ այլ ժամացույցը ցամաքում՝ այն հետ էր ընկնում ընդամենը 2 վայրկյան, և նավարկության 45-րդ օրվանից հետո երկայնությունը որոշելու ճշգրտությունը կազմել է ընդամենը 10 մղոն։ Սակայն մինչ այդ խորհրդարանը փոխել է մրցույթի պայմանները՝ այժմ պահանջվում էր ոչ միայն ճշգրտություն, այլ նաև ժամացույցի կոմպակտությունը։ Ի պատասխան Հարիսոնը 1760 թվականին ներկայացրել է նոր մոդել 12 սմ տրամագծով։ Այդ ժամացույցը ստուգվել է դեպի Վեստ Ինդիա երկու նավարկությունների ժամանակ՝ 1761 և 1764 թվականներին։ 1776 թվականի մարտին նրան պարգև են հանձնել։

Այնուամենայնիվ, ժամացույց-քրոնոմետրը թանկ էր և պրակտիկայում կիրառվում էր լուսնային հեռավորության մեթոդը[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]