Դրուիդների հնագույն միաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրուիդների հնագույն միաբանություն
Տեսակկազմակերպություն
Երկիր Շվեդիա
Հիմնադրված1781
Գլխադասային գրասենյակՄիացյալ Թագավորություն

Դրուիդների հնագույն միաբանություն (անգլ.՝ Ancient Order of Druids, AOD), գլխավոր դրուիդական միաբանություն աշխարհում, որն ամենահինն է գոյություն ունեցողների մեջ։ Վերստին գործածության մեջ է մտել 1781 թվականին Լոնդոնում, ներկայացուցիչներ ունի Անգլիայում, Ուեյլսում, Շոտլանդիայում և Ազգերի համագործակցությունում։ Նշանաբանն է՝ «Արդարություն, մարդասիրություն և եղբայրական սեր»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1781 թվականի նոյեմբերի 28-ին Օքսֆորդ փողոցի մոտ գտնվող «King’s Arms» կոչվող գինետանը մի քանի ջենտլմեն որոշել են ստեղծել ընկերակցություն՝ հիմնվելով հնագույն դրուիդների անվան ու պատկերագրության վրա[1]։ Չնայած որոշ բովանդակային նմանություններին, նախաձեռնողական ասպեկտներին և գերարտոնությունների օգտագործմանը, այս միաբանությունը հիմնադրման օրից կատարելապես տարբերվում է մասոնականությունից։

Դրուիդների հնագույն միաբանության զինանշանը, մոտավորապես 1830 թվական

Մինչև 1920-ական թվականները միաբանության անդամների միջև շրջանառվում էր դրա հիմնադրման մասին երկու պատմություն։ Ըստ առաջին պատմության՝ միաբանությունը հիմնադրվել է վաճառականների ու արհեստավորնեի մի խմբի կողմից, որոնք կանոնավորապես հավաքվում էին Լոնդոնի Վեստ Էնդի Օքսֆորդ փողոցից ոչ հեռու գտնվող «King's Arms» կոչվող պանդոկում։ Անցանկալի մասնակիցներից խուսափելու նպատակով նրանք ձևավորել են պաշտոնական ընկերակցություն և իրենց անդամներից մեկի՝ ոմն պարոն Հուռլի առաջարկությամբ ընդունել դրուիդների անվանումը, քանի որ Հուռլն առանձնահատուկ վերաբերմունք ուներ հնագույն դրուիդների հանդեպ։ Երկրորդ պատմության համաձայն՝ «King's Arms» պանդոկում հանդիպող ընկերախումբն իրենց անդամներից մեկի մահից հետո որոշել է ի հիշատակ վերջինիս ստեղծել մի կազմակերպություն, որը դրամահավաք կկազմակերպեր նրա միայնակ մնացած մորը ապրուստի գումարով ապահովելու համար[2]։

Անկախ նրանից, թե ինչպես է հիմնադրվել, հայտնի է, որ խմբի առաջին ղեկավարը կամ «արքդրուիդը» եղել է վերոնշյալ պարոն Հենրի Հուռլը, որի մասին 1932 թվականի իր պամֆլետում պատմաբան Վիլհելմ Նորթը նշել է, որ նա եղել է հարուստ հյուսն, գծագրող և շինարար և աշխատել է Լոնդոնի Գառլիք Հիլ տարածքում[3]։

Զարգացում, տարածում և պառակտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես «Ժողովարան No. 1» հայտնի դարձած «King’s Arms» պանդոկում հավաքվող խմբի հաջողությունը հիմք դրեց միաբանության մի շարք այլ ժողովարանների ստեղծման, որոնցից «Ժողովարան No. 2»-ը հանդիսավոր բացվել է 1783 թվականի օգոստոսի 21-ին և նրանց հանդիպման վայրը «Rose Tavern» պանդոկն էր, իսկ «Ժողովարան No. 3»-ըբացվել է Վեսթմինսթերում։ Ըստ միաբանությունում տարածված շշուկների՝ քաղաքական գործիչ Չարլզ ֆոքսը հրավիրվել է միաբանություն հենց Հուռլի կողմից՝ հավանաբար փորձելով ստանալ այդ թաղամասի ընտրողների ձայները[4]։

Նախքան 1785 թվականը միաբանությունը վեց ժողովարան է ունեցել Լոնդոնում, իսկ յոթերորդը տեղակայված էր Իպսուիչ քաղաքում։ Մինչև 1791 թվականը հարավային Անգլիայում գործել է դրանց շղթան, սակայն 1794 թվականին Ֆրանսիական հեղափոխությամբ պայմանավորված (որը խուճապ էր առաջացրել բրիտանական կառավարության մեծամասնության շրջանում, քանի որ նրանք վախենում էին հեղափոխական շարժումներից Անգլիայում), գաղտնի կազմակերպությունները հայտնվել են մեծ կասկածի տակ, որի պատճառով ժողովարանների մի մասը փակվել է, այդ թվում՝ Վեսթմինսթերում գործողը։ Այդուհանդերձ, տասնիններորդ դարասկզբին դեռևս գործում էին քսաներկու ժողովարաններ։ Մինչև 1831 թվականը դրանց թիվը հասել է 193-ի, իսկ անդամների թիվը՝ ավելի քան 200,000[5]։

Սակայն միաբանության ներսում դժգոհություն էր հասունանում։ Սկզբնավորման պահից ի վեր անդամներն ունեցել են տարբեր սոցիալական ծագումներ, ու ավելի աղքատ անդամների մեծ մասը, հատկապես Միդլենդս տարածաշրջանի նորաստեղծ արդյունաբերական քաղաքներում, ցանկանում էին, որ միաբանությունը գործի «Odd Fellows» (1730), «Shepherds Friendly Society» (1826), «Foresters Friendly Society» (1834) եղբայրությունների նման, որոնց հեղինակությունն այդ ժամանակ բարձրանում էր։ Վերը թվարկածներն անդամվճարները հավաքում էին կենտրոնական ֆոնդում, որտեղից էլ բաշխվում էին այն անդամներին հոգ տանելու նպատակով, որոնք հիվանդության պատճառով չէին կարող աշխատել կամ ի վիճակի չէին թաղման ծախսեր վճարել։ Մասնավորապես, այս այլախոհները ցանկանում էին դադարեցնել իրենց ֆոնդերից Մեծ ժողովարանին (նախկին No. 1 ժողովարան) տոկոսներ ուղարկելը, և միաբանության մեջ ներդնել ավելի ժողովրդավարական բարեփոխումներ, այնպես որ յուրաքանչյուր ժողովարանի արքդրուիդի խոսքն ավելի մեծ կշիռ ունենար միաբանության համար։ 1830-ական թվականների առաջին տարիներին մի խումբ ժողովարաններ որոշել են հիմնադրել ընտրյալ Միացյալ ժամանակավոր կոմիտե, սակայն վրեժ լուծելու համար Մեծ ժողովարանը և իր դաշնակիցները վերջիններիս վտարել են միաբանությունից՝ կազմակերպությունն այդպիսով բաժանելով երկու ճամբարի։ 1833 թվականին միաբանության մոտավորապես հարյուր անդամ ժողովարաններ ի նշան բողոքի անջատվել են Մեծ ժողովարանից ու ձևավորել Դրուիդների միացյալ հնագույն միաբանությունը[6]։ Այս իրադարձությունը հետագայում հայտնի է դարձել «Մեծ անջատում» անվամբ։

Ընթացիկ ժամանակաշրջան, հնագույն դրուիդական ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնում միաբանության հիմնադրումը նշող հուշատախտակ

Առաջին համաշխարհային պատերազմից հետո ԴՀՄ-ի և ԴՄՀՄ-ի միջև հարաբերությունները մեղմացել են և յուրաքանչյուր տարի Մեծ Բրիտանիայում համատեղ համագումար է կազմակերպվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում միաբանության արխիվների մեծ մասը ոչնչացվել է։ Երկրորդ աշխարհամարտից հետո Միացյալ Թագավորությունում հաստատվել է սոցիալական պետություն, որի արդյունքում եղբայրական միաբանությունները դադարել են գրավիչ լինել ու դուրս են մղվել։ ԴՄՀՄ-ն և նրա մասնաճյուղն ամբողջովին անհետացել են 1990-ական թվականներին, սակայն ԴՀՄ-ն մնացել է։ Այսօր, որպես մարդասիրական ու բարեգործական ընկերություն, դրուիդների հնագույն միաբանությունը գործում է որպես ամենահինն աշխարհում։ Այն անգլիական ամենաառաջին հայտնի խումբն է, որը հիմնադրվել է հնագույն դրուիդների՝ Երկաթի դարի հնագույն կելտական քահանայանման անձանց պատկերագրության վրա։ Որպես այդպիսին՝ ազդեցություն է ունեցել նեո-դրուիդական շարժման վրա[7], սակայն տարբերվում է ժամանակակից այդ խմբավորումներից, քանի որ չի դավանում նեո-հեթանոսական կրոնը և «կրոնական կազմակերպություն չէ․ իրականում կրոնական կամ քաղաքական ցանկացած քննարկում արգելված է ժողովարանների սենյակներում»։ Փոխարենը, անդամներից ակնկալվում է «պահպանել և կիրառել վաղ դրուիդներին վերագրվող հիմնական սկզբունքները, հատկապես նրանք, որոնք վերաբերում են արդարությանը, բարեգործությանը և ընկերասիրությանը»։

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրուիդների հնագույն միաբանությունը ղեկավարում են կայսերական մեծ ժողովարանն ու Անգլիայի մեծ ժողովարանը։

Նշանավոր անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սըր Չարլզ ֆոքս, քաղաքական գործիչ և բրիտանական ազատականության գաղափարախոս (1749-1806)[8]
  • Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ, վիպասան, գրող և պատկերազարդող (1811-1863)[9]
  • Հենրի Թոնթ, լուսանկարիչ (1842-1922)[9]
  • Լորդ Ջորջ Սպենսեր-Չերչիլ, Մառլբորոյի 8-րդ դուքս (1844-1892)
  • Սըր Էդմունդ Անտրոբուս, 4-րդ բարոնետ, Սթոունհենջի սեփականատերը (1848-1915)[10]
  • Լորդ Ֆրենսիս Գրևիլ, Ուորվիքի 5-րդ կոմս, բրիտանացի սպա և քաղաքական գործիչ (1853-1924)[10]
  • Լորդ Ջորջ Գոդոլֆին Օսբորն, Լիդզի 10-րդ դուքս, քաղաքական գործիչ (1862-1927)[10]
  • Լորդ Ջորջ Սպենսեր-Չերչիլ, Մառլբորոյի 9-րդ դուքս (1871-1934)
  • Սըր Ուինսթոն Չերչիլ, վարչապետ և պետական գործիչ (1874-1965)[11]

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Peter Clark, British Clubs and Societies 1580-1680, New York, Oxford University Press, 2000.
  • Ronald Hutton, Blood and Mistletoe: The History of the Druids in Britain, New Haven, Yale University Press, 2009.
  • Wilhelm North, Who Was Henry Hurle, the Founder of the A.O.D.?, London 1932.
  • Victoria Solt Dennis, Friendly and Fraternal Societies: their badges and regalia, London, 2008.
  • E.T. Crosoer, A brief treatise on the history of international druidism - Origin of the Ancient Order of Druids, London, Imperial Grand Lodge, nd.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hutton 2009. p. 125-132.
  2. Hutton 2009. p. 133.
  3. North 1932.
  4. Hutton 2009. p. 134-135.
  5. Hutton 2009 p. 135-136.
  6. Hutton 2009 page 140-141.
  7. Hutton 2009. p. 132.
  8. Ronald Hutton, Blood and Mistletoe: The History of the Druids in Britain, New Haven, Yale University Press, 2009, p.134-135.
  9. 9,0 9,1 Oxfordshire County Council, 01865 792422 (2005 թ․ նոյեմբերի 11). «Oxfordshire County Council». apps2.oxfordshire.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին. {{cite web}}: |first= has numeric name (օգնություն)
  10. 10,0 10,1 10,2 Ronald Hutton, p.231.
  11. Member of the AOD Albion Lodge in Oxford.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]