Գևորգ Դպիր Պալատեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ Դպիր Պալատեցի
Ծնվել է1737
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1812
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և թարգմանիչ

Գևորգ Դպիր Պալատեցի (Տեր-Հովհաննիսյան, դասական ուղղագրությամբ՝ Գէորգ Դպիր Պալատեցի (Տէր-Յովհաննէսեան), 1737, Կ․ Պոլիս - 1812, Կ․ Պոլիս), հայ բառարանագիր, պատմաբան, թարգմանիչ։ Ինքնաշխատությամբ տիրապետել է մոտ 10 լեզուների (եբրայերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն, պարսկերեն և այլն)։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխգործոցը 1826 թվականին հրատարակված պարսկերեն-հայերեն բառարանն է[1]։ Բացի բառի բացատրությունից, այն ամփոփ տեղեկություններ է տալիս իրանական դիցաբանության, առասպելաբանության, ժողովրդական բառ ու բանի, սովորույթների ու բարքերի, վիպական հերոսների ու նշանավոր գրողների մասին։ Վերջում տրված են հայերեն և պարսկերեն նման բառերի ցանկ, նրանց ծագումը, փոխառության աղբյուրը։

Զբաղվել է պատմությամբ («Գիրք պատմութեան արքայից Օսմանեան զարմին․․․», անտիպ)։

Գևորգ Դպիր Պալատեցին ընտիր հիմք-օրինակներից ընդօրինակել է Մովսես Խորենացու և Եղիշեի պատմությունները, XIII դարի հուշարձան «Գիրք վաստակոց»-ը, որը մեզ է հասել նրա ընդօրինակության շնորհիվ, IV դարի հույն պատմիչ Եվսեբեոս Կեսարացու «Քրոնիկոն»-ը, որի բնօրինակը չի պահպանվել և աշխարհին հայտնի է Գևորգ Դպիր Պալատեցու թարգմանության շնորհիվ։

Կատարել է թարգմանություններ պարսկերենից («Գիրք մեծագին և պատուական ականց․.․», հրատարակված 1807)[2], հունարենից («Հայելի գրոցն Հոմերոսի․․․», 1783, անտիպ) և այլն։

Գևորգ Դպիր Պալատեցին հայ առաջին հոմերագետն է․ «Իլիական»-ի թարգմանության կապակցությամբ նրա գրած նախաբանում քննվում են Հոմերոսին ու նրա պոեմներին վերաբերող բանասիրական ու գրականագիտական մի շարք հարցեր (Հոմերոսի ծննդյան տեղը, պոեմի արվեստի ու ոճի ազդեցությունները և այլն)։

Գևորգ Դպիր Պալատեցու որոշ ձեռագրեր պահվում են Վենետիկի Մխիթարյան և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարաններում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png