Jump to content

Գրիսելդա Բլանկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիսելդա Բլանկո
իսպ.՝ Griselda Blanco
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1943(1943-02-15)[1][1]
ԾննդավայրՆոր Կարթագեն, Կոլումբիա[2]
Մահացել էսեպտեմբերի 3, 2012(2012-09-03)[3][1] (69 տարեկան)
Մահվան վայրՄեդելյին, Կոլումբիա
Քաղաքացիություն Կոլումբիա
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտությունթմրաբարոն
ԱնդամությունՄեդելյինի կարտել
 Griselda Blanco Վիքիպահեստում

Գրիսելդա Բլանկո (իսպ.՝ Griselda Blanco, փետրվարի 15, 1943(1943-02-15)[1][1], Նոր Կարթագեն, Կոլումբիա[2] - սեպտեմբերի 3, 2012(2012-09-03)[3][1], Մեդելյին, Կոլումբիա), կոլումբիացի թմրաբարոնուհի, այն առաջին թմրագործներից, ովքեր 1970-ական և 1980-ական թվականներին կառուցեցին իրենց բիզնեսը Կոլումբիայից մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ տարված խոշոր չափերի հասնող կոկաինի հիման վրա։ 1970-ական թվականների վերջին - 1980-ական թվականների սկզբին Ֆլորիդա նահանգում ամենահզոր քրեական հեղինակությունն էր[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիսելդա Բլանկո Ռեստրեպո Խուարեսը ծնվել է 1943 թվականին Կոլումբիայի Նոր Կարթագեն քաղաքում։ 3 տարեկան հասակում մոր հետ տեղափոխվել է Մեդելյին։ Մանուկ հասակից սկսել է գողություններ անել, մասնագիտացել է գրպանահատության վրա։ 14 տարեկանում հեռացել է տնից։ Մինչև 20 տարեկանը զբաղվել է մարմնավաճառությամբ, որից հետո ամուսնացել է թմրավաճառ Կարլոս Տրուխիլիոյի հետ և ունեցել 3 որդի[5][6]։

1970-ական թվականների սկզբին երկրորդ ամուսնու՝ թմրավաճառ Ալբերտո Բրավոյի հետ Մեդելյինի կարտելի վերահսկողությամբ զբաղվում էր թմրավաճառքով։ 1970-ական թվականների կեսերին ամուսնու հետ տեղափոխվել է ԱՄՆ[5]։ Հաստատվելով՝ Նյու Յորքի Քուինս թաղամասում՝ Բլանկոն ամուսնու հետ սկսում է զբաղվել թմրավաճառքով։ 1975 թվականի ապրիլին Բլանկոն և նրա 30 համախոհները պետք է դատարանի առջև կանգնեին, սակայն Բլանկոն կարողանում է փախչել Կոլումբիա։ 1970-ական թվականների վերջին կեղծ անձնագրով վերադարձավ ԱՄՆ և հաստատվեց Մայամիում, որտեղ սկսեց բուռն զբաղվել թմրավաճառքով, որն ուղեկցվում էր բռնությամբ․ ըստ The Guardian-ի տվյալների՝ Բլանկոն մեղավոր է 40-200 մարդու մահվան համար[7]։ Մրցակիցներին ոչնչացնելիս առանձնանում էր հատուկ դաժանությամբ, չէր խորշում անձամբ սպանելուց և նույնիսկ մահացածների մարմինն անդամահատելուց[4]։ Հանցագործ շրջանակներում Բլանկոյին է վերագրվում սպանության այն ձևը, երբ մոտոցիկլավարը, անցնելով զոհի կողքով, գնդակահարում էր նրան և շարունակում ճանապարհը։ Սպանությունների այս ձևը լայն տարածում գտավ թմրապատերազմների ժամանակ, և հենց այս մեթոդն ավելի ուշ որդեգրեցին այլ հանցախմբերը մեքենաներից գնդակահարելիս[8]։ Բլանկոն մշակել է նաև մաքսանենգության բազմաթիվ ուղիներ և տեղափոխման ձևեր, որոնցից որոշները շարունակում են օգտագործվել նույնիսկ տասնամյակներ անց[9]։ Բացի մեծածախ մատակարարումներից Բլանկոն զբաղվում էր նաև փոքրածախ մատակարարումներով․ դրա համար նա Մեդելյինում ուներ մասնագիտացված կանացի ներքնազգեստի խանութ, որտեղ ապրանքների վրա կարում էին գաղտնի գրպաններ՝ թմրանյութերի տեղափոխման համար[10]։ Բիզնեսը Բլանկոյին ամսական 80 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ էր բերում[5], սակայն Մայամիում ընթացող թմրապատերազմների ժամանակ կատարվող բռնի սպանությունները, որտեղ Բլանկոն գլխավոր դերն էր խաղում, գրավեց դաշնային իշխանությունների ուշադրությունը։ Նրա ենթակաների բազմաթիվ ձերբակալությունները հանգեցրին նրան, որ Բլանկոյի կազմակերպությունը թուլացավ, իսկ թմրաբարոնուհին ինքը փախավ Կալիֆորնիա՝ փախչելով այդ թվում նաև մրցակիցների հարձակումներից[11]։

1985 թվականի փետրվարի 17-ին Բլանկոն ձերբակալվեց Իրվինի (Կալիֆորնիա) իր տանը Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից։ 1985 թվականի նոյեմբերի 8-ին մեղավոր ճանաչվեց 3 սպանությունների կազմակերպման մեջ և դատապարտվեց 15 տարի ազատազրկման և 25000 ԱՄՆ դոլար տուգանքի[11]։ Այսքան քիչ ժամկետը պայմանավորված էր նրանով, որ գործի հիմնական վկան՝ Բլանկոյի գլխավոր վարձու մարդասպան Ռիվի Այալան, խառնված էր Դաշնայիին դատախազության ծառայողի հետ սեքս սկանդալում և միջադեպի լայն հնչողության պատճառով դաշնային դատախազը հաշվի չառավ Այալայի ցուցմունքները, որն էլ խզեց Գրիսելդայի և սպանությունների մեծամասնության միջև եղած կապը[4]։

Գտնվելով ազատազրկության մեջ՝ Բլանկոն շարունակում էր ղեկավարել թմրավաճառքի իր ցանցը, սակայն Կոլումբիայում նրա բոլոր գործերի կառավարումն իր վրա վերցրեց Մեդելյինի կարտելը[12], որի հետ այդ ժամանակ Բլանկոյի հարաբերությունները փչացել էին նրա դաժանության և կարտելի տերերին չենթարկվելու պատճառով․ դեպքը, որն առաջացրեց կարտելի տերերի դժգոհությունը, Բլանկոյի «աջ ձեռք»-ի՝ Չիչո Կաստրոյի երկուամյա որդու սպանությունն էր։ Սպանությունը պատահմամբ էր կատարվել․ մարդասպանները կրակել էին մեքենայի վրա՝ չիմանալով, որ երեխան գտնվում է հետևի նստատեղին, սակայն Բլանկոն գոհ էր, որ երեխան սպանվել էր, քանի որ նա ցանկանում էր հաշիվները մաքրել Կաստրոյի հետ այն բանի համար, որ վերջինս Բլանկոյի որդուն վռնդել էր իր տնից։ Կարտելի հետ հարաբերությունների վերջնական վատթարացումը տեղի ունեցավ Գրիսելդայի կողմից Մարտա Օչոայի սպանությունից հետո, որը պատկանում էր Մեդելյինի կարտելի գլխավորների ընտանիքին։ Չցանկանալով վճարել 500 կգ կոկաինի համար՝ Բլանկոն հրամայեց սպանել մատակարարին՝ Մարտային և տերերին ասել, որ նա փողը փոխանցել է Մարտային, այդ պատճառով էլ ոչինչ պարտք չէ[4]։

Գործի վերաքննությունից հետո Բլանկոյի ազատազրկման ժամկետը դարձավ 60 տարի, սակայն հմուտ փաստաբանների շնորհիվ Բլանկոն դուրս եկավ բանտից 2004 թվականին։ ԱՄՆ-ում մնալ նրան չհաջողվեց և նա 2004 թվականին արտաքսվեց Կոլումբիա[10]։

Արտաքսումից հետո Բլանկոն հեռացավ հանցագործ ակտիվ գործունեությունից[5]։ 2012 թվականի սեպտեմբերի 3-ին գնդակահարվեց Մեդելյինում՝ անցնող մոտոցիկլետավարի կողմից[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլանկոն ամուսնացել է 3 անգամ։ Նրա բոլոր 3 ամուսինները ևս զբաղվել են թմրադեղերի վաճառքով կամ մաքսանենգությամբ և բոլորն էլ մահացել են, որի պատճառով Բլանկոն կրում էր «Սև այրի» անունը։ Այդուհանդերձ, Բլանկոյի խոսքերով, երկրորդ ամուսնուն նա անձամբ է սպանել՝ կրակելով նրա բերանի մեջ[13]։ Բլանկոն ինքը տառապում էր հիպոխոնդրիայով և մշտապես մղձավանջներ էր տեսնում, պնդում էր, որ իր կողմից սպանված մարդկանց ուրվականները հետապնդում են իրեն, որի պատճառով էլ չէր կարողանում քնել, եթե իր կողքին տղամարդ չկար[14]։ Չէր թաքցնում իր երկսեռականությունը[4]։

Բլանկոյի բոլոր 4 որդիները խառնված էին մոր թմրաբիզնեսին։ Նրանցից երեքը սպանվել են դեռևս մոր կենդանության օրոք[10]։ Չորրորդ որդուն՝ Մայքլ Կորլեոնե Բլանկոյին, թմրաբարոնուհին ունեցավ սիրեկանից՝ Դարիո Սեպուլվեդայից, որը լքեց նրան 1983 թվականին և վերադարձավ Կոլումբիա՝ առևանգելով Մայքլին, երբ Գրիսելդայի հետ համաձայնության չեկան ծնողական իրավունքների վերաբերյալ։ Բլանկոյի վարձու մարդասպանները սպանեցին Սեպուլվեդային և վերադարձրին Մայքլին իր մորը, սակայն նրա մանկության և պատանեկության մեծ մասը Բլանկոն անց է կացրել բանտում[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1025884280 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Colombia's 'queen of cocaine' Griselda Blanco killedBBC.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Billy Corben. Cocaine Cowboys. Rakontur. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 5,3 «The Cocaine Godmother». The Crime Museum. 2015 թ․ օգոստոսի 21.
  6. «Griselda Blanco, 'Godmother' of Cocaine, Gunned Down in Colombia». Time. 2012 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  7. 7,0 7,1 Luscombe, Richard (2012 թ․ սեպտեմբերի 3). «'Godmother of cocaine' shot dead in Colombia». The Guardian. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «Griselda Blanco: The Gunned-Down Godmother». 2015 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  9. «В Колумбии застрелили известную наркоторговку». 2012 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  10. 10,0 10,1 10,2 «"Cocaine godmother" Griselda Blanco gunned down in Colombia». 2012 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  11. 11,0 11,1 «United States of America, Appellee, v. Griselda Blanco, Defendant-appellant, 861 F.2d 773 (2d Cir. 1988)». 1988. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  12. «В Колумбии застрелили легендарную «кокаиновую королеву»». 2012 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  13. Gugliotta, Leen, 2011, էջ 116
  14. Gugliotta, Leen, 2011, էջ 117
  15. Alvarado, Francisco (2011 թ․ հոկտեմբերի 13). «Michael Corleone Blanco lives in the shadow of his cocaine-queen mother». Miami New Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Guy Gugliotta, Jeff Leen Kings of Cocaine: Inside the Medellín Cartel - An Astonishing True Story of Murder, Money and International Corruption. — Garrett County Press, 2011.