Գուանտանամո (ռազմաբազա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռազմաբազայի տարածքը Գուանտանամո պրովինցիայի քարտեզի վրա։

Գուանտանամո ռազմաբազա (անգլ.՝ Guantanamo Bay Naval Base), ԱՄՆ-ի կողմից 1903 թվականին վարձակալված ռազմածովային ռազմաբազա, որը գտնվում է Կուբայի տարածքում՝ Գուանտանամոյի ծոցի ափին։ ԱՄՆ-ն ռազմաբազան վարձակալել է Իսպանա-ամերիկյան պատերազմից հետո[1]։ Ռազմաբազան գտնվում է համանուն քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Ռազմաբազայի տարածքում տեղակայված է նաև համանուն բանտը, որտեղ պահվում են վիճելի կարգավիճակ ունեցող բանտարկյալներ։ 2009 թվականի հունվարի 21-ին, իր նախագահության երկրորդ օրը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է հրամանագիր՝ բանտի ապամոնտաժման վերաբերյալ։ Սակայն մինչ օրս այն գործում է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմաբազան 1916 թվականին
ԱՄՆ նավատորմը ռազմաբազայի մոտ, 1927 թվական

Գուանտանամո ռազմածովային ռազմաբազան ԱՄՆ-ն Կուբայից վարձակալել է 1903 թվականին՝ պայմանագրային հիմունքներով[2], երբ Կուբայի Սահմանադրության մեջ, որպես հավելված, ներառվեց տեքստ՝ այսպես կոչված ԱՄՆ բանակի բյուջեի Պլատի նախագիծը։ Այդ պայմանագրի մեջ, մասնավորապես, սահմանվել է վարձակալության վճարի ֆիքսված սակագինը՝ տարեկան «2000 պեսո ԱՄՆ ոսկե տարադրամի փոխարժեքով»[3]։

1930-ական թվականների սկզբին Կուբայում տեղի ունեցած պետական մի քանի հեղաշրջումներից հետո, վարձակալության պայմանագիրը վավերացվել է 1934 թվականին։ Ռազմաբազայի ներկայիս կարգավիճակը կարգավորվում է 1934 թվականին կնքված պայմանագրով, համաձայն որի ռազմաբազայի օգտագործման համար նախատեսված վարձավճարը բարձրացվել է 3400 ԱՄՆ դոլարի։ Պայմանագիրը համարվում է «անժամկետ» և կարող է չեղարկվել «միայն երկու կողմերի փոխհամաձայնության արդյունքում կամ էլ վարձավճարի պայմանների խախտման պարագայում»[4]։ Վարձակալությունն իրականացվում է «արտերկրայնության» սկզբունքով, որը նշանակում է, որ տեղի բնակչության համար ծոցի՝ ռազմաբազային կից տարածքում, արգելվում է զբաղվել ձկնորսությամբ։

1959 թվականին Կուբայում տեղի ունեցած հեղափոխության հաղթանակից հետո, Կուբայի կառավարությունը ԱՄՆ-ից պահանջել է հետ վերադարձնել ռազմաբազայի տարածքը և Գուանտանամոյի ռազմածովային ջրավազանը[2]։ Բացի այդ, Կուբայի կառավարությունը հրաժարվեց ընդունել ԱՄՆ-ի կողմից վճարվող վարձակալության գումարը։

Կարիբյան ճգնաժամի ժամանակ Գուանտանամոյի ռազմաբազան արգելափակվել է Կուբայի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից։

1966 թվականի մայիսի 21-ին ԱՄՆ ծովային հետևակի հենակետից արձակված կրակոցից սպանվել է կուբացի սահմանապահ Լուիս Ռամիրես Լոպեսը[5]։

2002 թվականին ռազմաբազայի տարածքում բանտի կառուցումից հետո, Կուբայի կառավարությունը փորձել է (անհաջող) չեղարկել վարձակալության պայմանագիրը և հասնել բազայի տարհանմանը՝ նշելով, որ խախտվել են վարձակալության կանոնները։

2008 թվականին ԱՄՆ գերագույն դատարանը Բումեդիենի գործի վերանայման ժամանակ տվել է հետևյալ եզրակացությունը․ «Գործնական տեսանկյունից Գուանտանամոն չի համարվում արտասահման»։ Փաստացիորեն, ԱՄՆ-ն այդ տարածքում վարում է իր պետական ինքնավարությունը, իսկ Կուբայի իրավասությունը հաճախ կրում է ֆորմալ բնույթ։

Գուանտանամո ռազմաբազայի ենթակառուցվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմաբազայի տարածքում գործող «ՄաքԴոնալդս» արագ սննդի կետը։

Ռազմաբազայի ընդհանուր տարածքը մոտավորապես կազմում է 117 քառակուսի կիլոմետր, որը համապատասխանում է 9X13 չափսերով ուղղանկյան։ Բացի այդ, Միացյալ Նահանգները իրավունք ունի օգտագործել Գուանտանամո ծոցի ջրային մակերևույթի 37 քառակուսի կիլոմետրը[6]։

Ռազմածովային բազայի նավահանգիստը կարող է տեղավորել մինչև 50 խոշոր նավեր։ Ցամաքի վրա կառուցված են ավելի քան 1500 ծառայողական և բնակելի օբյեկտներ, մեքենայացված նավահանգիստ, նավաշինական արհեստանոցներ, առկա է լողացող նավանորոգարան, մթերքների, ռազմամթերքի, վառելիքաքսուկային նյութերի պահեստներ։ Այստեղ, մշտապես տեղակայված է շուրջ 10 000 զինծառայողներից բաղկացած ռազմական անձնակազմ։ Անձնակազմի նորմալ կենսապայմանների ապահովման համար բազայի տարածքում առկա է ենթակառուցվածքների զարգացած անձնակազմ։ Ռազմաբազայի տարածքում գործում են ժամանցի հաստատություններ, ակումբներ, թենիսի կորտեր, բեյսբոլի հրապարակներ, լողավազաններ, լողափեր, իպոդրոմ, ձկնորսական նավեր և զբոսանավ։

Բանտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտարկյալների ծեծ բանտում, 2002 թվականի հունվար

Միջազգային ահաբեկիչներ համար նախատեսված բանտը Գուանտանոմոյում ի հայտ է եկել 2002 թվականի հունվարին, երբ այստեղ Աֆղանստանից բերվեցին առաջին 20 պատանդները, ովքեր մեղադրվում էին «իսլամիստ ծայրահեղականների՝ թալիբների կողմից զինված գործողություններին մասնակցելու մեջ»։ 2002-2006 թվականներին բանտում հայտնվել են ավելի քան 750 արտասահմանցիներ, որոնք գերեվարվել էին ամերիկյան ուժերի կողմից Աֆղանստանում և Իրաքում իրականացվող ռազմագործողությունների ընթացքում։ Նրանք բոլորը, համաձայն ամերիկացի զինծառայողների վկայությունների, «Ալ-Կաիդայի» կամ «Թալիբան» շարժման կազմում մասնակցել են զինված բախումներին։ Մոտ 250 մարդ այդ ընթացքում ազատ է արձակվել, փոխադրվել մեկ այլ բանտ կամ արտահանձնվել այն երկրներին, որոնց քաղաքացի են այդ անձինք։ Ծայրահեղականների շարքում յոթը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ։ Մինչև 2006 թվականի ապրիլ ամիս մյուս բանտարկյալների անունները պահվել են խիստ գաղտնիության պայմաններում՝ «անվտանգությունից ելնելով»։ Ապրիլին Պենտագոնը ներկայացրել է 558 անձից բաղկացած Գուանտանամոյի նախկին և ներկա 558 բանտարկյալների անուններ, ովքեր հանդիսանում էին 41 երկրների քաղաքացիներ: 2006 թվականի դրությամբ, բանտում մնացել էին 490 բանտարկյալներ, որոնցից միայն 9-ի նկատմամբ էր առաջադրվել պաշտոնական մեղադրանք։ Բանտարկյալների թվում ամենաշատը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին (132 մարդ), 125-ը՝ Աֆղանստանի, իսկ 107-ը՝ Եմենի քաղաքացիներ։ Հետագայում, բանտի բանտարկյալների թվաքանակը կտրուկ նվազել է։ 2017 թվականի օգոստոսի դրությամբ, բանտում պահվում էր միայն 41 մարդ։

Գուանտանամոն համարվում է նաև Ույղուրական անջատողական շարժման ներկայացուցիչների պահման վայրը, որոնց ԱՄՆ-ն հրաժարվել է արտահանձնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը[7]։

Բանտարկյալների իրավական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուանտանամոյում պահվող և տեղափոխված բանտարկյալները ենթակա են հատուկ ռազմական կոմիտեի դատական քննությանը, իսկ նրանց կոմբատանտի կարգավիճակը որոշում է հատուկ տրիբունալը։ Այդ երկու մարմիններն էլ ձևավորվել են ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից։ Անձը, ով կոմիտեի կողմից ճանաչվել է որպես կոմբատանտ, կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել։

Բանտարկյալների կարգավիճակը մի քանի անգամ բողոքարկվել է ԱՄՆ գերագույն դատարանում, մասնավորապես, նրանց habeas corpus-ի իրավունքը, որը մերժել է գործադիր մարմինը։ Դատարանը հաստատել է այդ իրավունքը (Համդիի, Ռասուլի, Համդանի, Բումեդիենի գործեր)։ Չնայած նրան, որ Կոնգրես, առաջին երեք գործերից հետո ընդունեց օրենք, որով օտարերկրացի «ահաբեկիչներին» զրկում էր habeas corpus-ի իրավունքից, Գերագույն դատարանն այդ օրենքը ճանաչեց որպես հակասահմանադրական (2008), հատկապես այն, որ երկրի սահմանադրությանը հակասում էր habeas corpus-ի իրավունքի «դադարեցումը»։ Դատարանը նաև նշեց, որ Կառավարության փաստարկների մեջ չկան հիմնավոր ապացույցներ, համաձայն որի Սահմանադրության գործողությունները չպետք է տարածվեին Գուանտանամոյի վրա։

Մարդու իրավունքների խախտման մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուանտանամոյի բազմաթիվ բանտարկյալները բանտում պահվում են առանց պաշտոնական մեղադրանքի։

Համաձայն «Amnesty International» կազմակերպության, այլ իրավապաշտպանների և հենց բանտարկյալների տվյալների, Գուանտանամոյում բանտարկյալների նկատմամբ Կառավարության և ԱՄՆ նախագահի կողմից կիրառվել են սանկցիաներ[8], տանջանքներ, այդ թվում նաև խեղդման, քնի խանգարման փորձեր։ Ընդորում, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդպիսի վերաբերմունքը չի կարելի անվանել ոչ մարդկային։ Միացյալ Նահանգները հավանական է համարում նաև բանտարկյալների նկատմամբ մահապատժի կիրառումը, ովքեր ընդունել են իրենց մեղքը՝ տանջանքների կիրառման արդյունքում[9]։

Հանկարծ սեղանի վրա հայտնվեց Գուանտանամոյից մի նկար, որը աշխարհին տեղեկացրեց ամերիկյան դաժանության վերաբերյալ։ Ռուսլանը և Ռասուլը միաձայն արձագանքեցին․ «Իրական չէ» և սկսեցին թվարկել․ այդպիսի գլխարկներ չեն եղել, նրանց տարել են սպորտային սպիտակ կոշիկներով, նրանց այդպես չէին նստեցնում ճաղավանդակների առջև, ճամբարում տվել են նրանց հողաթափեր։ Բացի այդ, լուսանկարում տասնյակ մարդկանց համար միայն երկու թիկնապահներ, իսկ իրականում քսան թիկնապահ է ծառայում մեկ բանտարկյալի համար, այն դեպքում, երբ այդ անձը ձեռնաշղթաներով է։ «Այդ ամերիկացիներն են իրենց նկարել պարապմունքերի ժամանակ, շարունակեցին նրանք, այնտեղ գաղտնի ոչինչ անել հնարավոր չէր։ Եթե չորս թիկնապահներ հավաքվեին, յուրաքանչյուրը ինչ-որ ծառայության ներկայացուցիչ, բոլորը բոլորի վրա թխկացնում էին։ Մենք նրանցից լսել ենք միայն վիրավորանք, կանայք պարում էին, երբ սկսվում էր աղոթքը, միացնում էին ԱՄՆ օրհներգը, սկսում էին ծաղրի ենթարկել աղոթքը, մարմինն ու դեմքը ծամածռում էին, հարվածում էին ճաղավանդակներին, ներխուժում էին, գետնին շպրտում Ղուրանը, որը ամեն օր մեզ ստիպողաբար գնել էին տալիս, ամեն օր խուզարկում էին։ Երբ ինչ-որ մի բանտարկյալ նամազի համար ծածկում էր գլուխը սրբիչով, նրանք ներխուժում էին այդ խուց և ծեծում էին միայն այն բանի համար, որ բանտարկյալը ծածկել էր գլուխը։ Նրանք խոսում էին հոլիվուդյան ֆիլմերից վերցրած խոսքերով, փառաբանում հերոսներին, իրար մեջ դարձյալ հայհոյախոսում։ Նրանք մի տեսակ մտավոր հետամնացության տարբեր տեսակներ ունեին, որին նրանք փառաբանում էին։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գուանտանամո ռազմածովային բազան համարվում է ամերիկյան մի քանի գեղարվեստական ֆիլմերի հիմնական գործողությունների թատերաբեմ, այդ թվում «Մի քանի լավ տղաներ», «Հարոլդը և Կումարը 2» կոմեդիայի և «X- Ray ճամբար» դրամայի համար։
  • Metal Gear Solid V: Ground Zeroes խաղի գործողությունների վայրը շատ նման է Գուանտանամո ռազմաբազային և բանտին։
  • Tom Clancy’s Splinter Cell: Blacklist խաղի առաջադրանքներից մեկի ժամանակ գլխավոր հերոսը պետք է ներթափանցի Գուանտանամո բանտ։
  • NCIS հեռուստասերիալի սերիաներից առնվազն մեկը տեղի է ունենում Գուանտանամո ռազմաբազայի տարածքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гуантанамо // Большая Российская Энциклопедия / редколл., гл. ред. Ю. С. Осипов. том 8. М., 2007. стр.108
  2. 2,0 2,1 Гуантанамо // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. том 7. М., «Советская энциклопедия», 1972. стр.422
  3. Газета Гранма, «Размышления главнокомандующего Фиделя Кастро», http://www.granma.cubaweb.cu/secciones/reflexiones/rus-042.html
  4. Алексей Ижак, «Почем гектар военной базы?», http://www.db.niss.gov.ua/monitor/comments.php?catid=8&shownews=319
  5. Эстафета мужества и долга // журнал "Пограничник", № 5 (937), 1981. стр.57-58
  6. [http://states2008.russ.ru/ssha_v_global_noj_igre/amerikanskoe_pravo_na_zemle_kuby По материалам журналов «Зарубежное военное обозрение» и «За рубежом» за 1970—1980 годы, довольно широко цитируемым в интернете, наиболее полно и сжато, например, по адресу
  7. Kerry Dumbaugh, «China-U.S. relations: Current Issues and Implications for U.S. Policy» // CRS Report for Congress October 1, 2007, p. 28.
  8. «Джордж Буш заступился за пытки»։ Lenta.ru։ 8 марта 2008։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 2010-08-13 
  9. «США: потенциальная казнь подвергнутых пыткам и впоследствии осуждённых узников Гуантанамо — это не правосудие - «Международная Амнистия»»։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-20-ին 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Зарубежное военное обозрение», № 11/1978, подполковник Ю. Седов, американская военная база Гуантанамо, с.103,104.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]