Գլազգոյի օդանավակայան
Glasgow Airport Port-adhair Eadar-nàiseanail Glaschu | |||
---|---|---|---|
IATA: GLA – ԻԿԱՕ: EGPF | |||
Ամփոփում | |||
Օդանավակայանի տեսակ | հանրային | ||
Տեղագրություն | Փեյսլի, Մեծ Բրիտանիա | ||
Կոորդինատներ | 55°51′47″ հս․. լ. 4°25′52″ ամ. ե.Բրիտանիա__ HGЯO | ||
Տեղական ժամանակ | UTC UTC 0 | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք |
Գլազգոյի օդանավակայան (անգլ.՝ Glasgow Airport , (IATA: GLA[1], ICAO: EGPF)), ոչ պաշտոնապես՝ Գլազգոյի միջազգային օդանավակայան, միջազգային օդանավակայան Շոտլանդիայում, որը գտնվում է Գլազգո քաղաքի կենտրոնից մոտ 16 կմ հեռավորության վրա: 2016 թվականին օդանավակայանը սպասարկել է մոտ 9.4 միլիոն ուղևորների՝ գրանցելով տարեկան 7% աճ և դառնալով Շոտլանդիայի երկրորդ (Էդինբուրգի օդանավակայանից հետո) և Մեծ Բրիտանիայի ութերորդ ամենածանրաբեռնված օդանավակայանը: Այն Շոտլանդիայի արևմտյան մասը սպասարկող հիմնական օդանավակայանն է:
Օդանավակայանի սեփականատերն է «AGS Airports» ընկերությունը, որը նաև գործարկում է Աբերդինի և Սաութհեմփթոնի օդանավակայանները: Օդանավակայանը նախկինում պատկանում էր «Heathrow Airport Holdings» (նախկինում՝ BAA) ավիաընկերությանը[2]: Օդանավակայանի գլխավոր վարձակալներն են Բրիտանական ավիաուղիները (British Airways) և Լոգանէյրը (Loganair): Գլազգոյի օդանավակայանը բացվել է 1966 թվականին և սկզբնական շրջանում թռիչքներ էր իրականացնում միայն Միացյալ Թագավորության և Եվրոպայի տարածքում: Կարճ ժամանակ անց Գլազգոյի օդանավակայանը սկսեց թռիչքներ իրականացնել դեպի ամբողջ աշխարհի այլ վայրեր, թռիչքներ, որոնք նախկինում իրականացնում էր «Գլազգո Փռեսթվիկ» օդանավակայանը, սակայն ժամանակի ընթացքում այդ օդանավակայանի գործարկման ծավալները կրճատվեցին և այն սկսեց համարվել Գլազգո քաղաքի երկրորդական օդանավակայան՝ նախատեսված հիմնականում բեռնափոխադրումների և ցածր գնով ուղևորափոխադրումների համար:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլազգոյի օդանավակայանի պատմությունը սկսվեց 1932 թվականին, երբ Գլազգոյի մոտակայքում՝ Քառթ գետի ափին տարածք հատկացվեց օդանավակայանի համար և 1933 թվականի հունվարին Թագավորական օդուժի էսկադրիլիաները և Թագավորական օժանդակ օդուժը իրենց օդանավերը տեղափոխեցին այնտեղ[3]: Այնուամենայնիվ, մինչև 1936 թվականի հուլիսի 1-ը Թագավորական օդուժի ռազմակայան այնտեղ չկազմակերպվեց, մինչև ռմբակոծիչ օժանդակ հրամանատարական կայանի բացվելը[3]: 1939 թվականի մայիսից մինչև հոկտեմբեր էսկադրիլիան այնտեղից էր իրականացնում միօդաչու ռմբակոծիչների (անգլ.՝ Supermarine Spitfire) թռիչքները:
1940-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1940 թվականին կայանում կազմակերպվեց ականակիր ռմբակոծիչների ուսուցողական բաժանմունք, որը մարզում էր թե՛ Թագավորական օդուժի և թե՛ Թագավորական նավատորմի անձնակազմեր[3]: 1943 թվականի օգոստոսի 11-ին կայանն ամբողջությամբ անցավ Թագավորական նավատորմի ղեկավարության տակ՝ վերածվելով արագընթաց հածանավերի ռազմածովային բազայի: 1940 թվականի հունիսից սկսած HMS բոլոր նավերը և ռազմածովային բազաները կրում էին «Sanderling» անվանումը[3]: 1950-ական թվականների ընթացքում օդանավակայանում տեղակայվեց մեծ օդանավերի պահեստարան և Թագավորական նավատորմի կամավորականների հատուկ էսկադրիլիա: 1963 թվականի հոկտեմբերին Թագավորական նավատորմը հեռացավ օդանավակայանից, սակայն «Sanderling» անունը պահպանվում էր երկար ժամանակ և ի վերջո օդանավակայանի բարը կոչեցին Սանդերլինգ բար:
1960-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1960 թվականին Գլազգոյի քաղաքային խորհուրդը որոշեց, որ քաղաքին նոր օդանավակայան է անհրաժեշտ: Գլազգոյի օդանավակայանի սկզբնական տարածքը գտնվում էր Աբոթսինչ վայրից 3 կմ դեպի արևելք՝ ներկայիս Դին Փարկի տարածքում: Օդանավակայանի սկզբնական տերմինալը չի պահպանվել: Տերմինալի տեղում այժմ գործում է Tesco սուպերմարկետը, իսկ նախկին թռիչքուղին կազմում է Շոտլանդիայի M8 մայրուղու մի մասը[4]: Նոր օդանավակայանի շինարարության համար Նորին Մեծություն Միացյալ Թագավորության կառավարությունը միլիոններ էր ծախսում՝ վերանորոգելու և նորագույն ինքնաթիռներին համապատասխանեցնելու համար: Նոր օդանավակայանը շահագործման հանձնվեց 1966 թվականին և արժեցավ 4.2 միլիոն ֆունտ ստերլինգ: Օդանավակայանի գործարկումները սկսեց Բրիտանաեվրոպական ավիաընկերությունը՝ օգտագործելով «De Havilland Comet» ինքնաթիռներ: Առաջին կոմերցիոն թռիչքը ընկերությունն իրականացրեց Էդինբուրգից, 1966 թվականի մայիսի 2-ին: 1966 թվականի հունիսի 27-ին տեղի ունեցավ օդանավակայանի պաշտոնական բացումը Եղիսաբեթ II թագուհու մասնակցությամբ:
1970-ից 1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ 1970-ական թվականներին Գլազգոյի և մոտակայքում գործող «Գլազգո Պռեսթվիկ» ավելի խոշորամասշտաբ օդանավակայանները միաձուլվեցին մեկ ընդհանուր՝ Գլազգոյի օդանավակայանի մեջ, վերջինս սկսեց կոչվել Գլազգոյի միջազգային օդանավակայան: 1989 թվականին Բրիտանական ավիաուղիները, որը ձեռք էր բերել օդանավակայանի բաժնետոմսերը, լայնածավալ վերանորոգման աշխատանքներ սկսեց օդանավակայում[5]: Ճարտարապետ Բազիլ Սպենսի կառուցած շենքի շուրջը մի ավելի ընդարձակ տերմինալի շենք ավելացվեց՝ նախապես մետաղական կոնստրուկցիա կառուցելուց հետո: Տերմինալի շենքը աչքի է ընկնում ընդգծված Բրուտալիզմի ոճով, իսկ շենքի երկու թևերի միջև ազատ տարածքը լցնում են ապակե ատրիումը և քայլուղին: Սպենսի նախնական երկաթբետոնե ճակատամասը, որն ուղղված էր Կալեդոնյան մայրուղուն, այժմ ուղղված է գրանցվելու բաժանմունքին: Մինչև 1996 թվականը Գլազգոյի օդանավակայանը սպասարկում էր տարեկան շուրջ 5.5 միլիոն ուղևորների և դարձել էր Միացյալ Թագավորության մեծությամբ չորրորդ օդանավակայանը[6]:
Օդանավակայանն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդանավակայանը սպասարկում է բազմաթիվ ուղղություններ դեպի Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա և Մերձավոր Արևելք: Օդանավակայանում բազաներ ունեն «Jet2», «Ռայանեյր», «Թոմաս Քուկ Էյրլայնս» և «Լոգանեյր» ավիաընկերությունները: Կանոնավոր թռիչքներ իրականացնող ամենամեծ ինքնաթիռներից են Բոինգ 777-300ER-ը և Բոինգ 747-400-ը: 2014 թվականի ապրիլի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունները Էյրբաս A380-ով թռիչք իրականացրեց Գլազգո՝ նշանավորելու համար Գլազգո-Դուբայ երթուղին. այդ օդանավն առաջին անգամն էր թռիչք իրականացնում դեպի շոտլանդական օդանավակայան[7]:
Ներկայումս օդանավակայանը Էյրբաս ինքնաթիռների կանոնավոր թռիչքների արտոնագիր չունի: Օդանավակայանի տերմինալը բաղկացած է երեք բաժանմունքից՝ արևմտյան, կենտրոնական և արևելյան:
Արևմտյան բաժանմունքը, որ հայտնի է որպես միջազգային, կառուցվել է 1989 թվականի ընդարձակման աշխատանքների շրջանակում և հիմնականում սպասարկում է միջազգային և հեռավոր երթուղիներ: Կենտրոնական բաժանմունքը 1966 թվականի շենքի մի մասն է կազմում: Բրիտանական ավիաուղիների դարպասները գտնվում են բաժանմունքի ծայրին և կազմում են 1971 թվականի ընդարձակման նախագծի մի մասը:
Կենտրոնական բաժանմունքը սպասարկում է ներքին թռիչքներ՝ դեպի Հիթրոու և Գեթվիք օդանավակայաններ:
Արևելյան բաժանմունքը կառուցվել է 1970-ական թվականների կեսերին: Այն սկզբում սպասարկում էր միջազգային թռիչքներ, սակայն վերջերս վերափոխվել է և հարմարեցվել քիչ ծախսով, թեթև, ուղևորատար ինքնաթիռների: Այս բաժանմունքից օգտվում են հիմնականում «Ryanair», «EasyJet», «Jet2» և «Loganair» ավիաընկերությունները: 2015 թվականին բաժանմունքում կատարվել են 3 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ ընդարձակման աշխատանքներ, որոնք հնարավորություն են տվել տարեկան սպասարկել լրացուցիչ 750 հազար ուղևորների:
Օդանավակայանի հետագա ընդարձակմանը խոչընդոտում է նրա դիրքը, որը սահմանափակվում է հարավից M8 մայրուղով, արևելքից՝ Ռենֆրու քաղաքով և հյուսիսից՝ Քլայդ գետով: Ներկայումս Դրամչեփլ, Քլայդբանկ, Բիրսդեն, Ֆոքսբար, Ֆեյֆլի և Լինվուդ բնակավայրերը բոլորը գտնվում են դեպի օդանավակայան տանող ճանապարհների եզրերին, ինչն էլ նշանակում է, որ երթևեկության ավելացումը կարող է քաղաքական տեսանկյունից վիճահարույց լինել: Օդանավակայանը մրցակցում է Էդինբուրգի օդանավակայանի հետ, որն ավելի շատ եվրոպական ուղղություններ է սպասարկում և հավակնում է գերազանցել Գլազգոյի օդանավակայանին՝ որպես Շոտլանդիայի ամենածանրաբեռնված օդանավակայան, թեև Գլազգոն շարունակում է մնալ տրանսատլանտյան և հեռավոր երթուղիների առաջատարը։
2002 թվականին շոտլանդական կառավարությունը հայտարարեց, որ պետք է կառուցվի Գլազգոյի կենտրոնական կայարանը օդանավակայանին կապող երկաթգիծ: Երկաթգծի շինարարությունը պիտի ավարտվեր մինչև 2012 թվականը և առաջին գնացքը պիտի գործեր արդեն 2013 թվականի սկզբին: 2009 թվականին, այնուամենայնիվ, շոտլանդական կառավարությունը հայտարարեց, որ ծրագիրը չեղարկվել է[8]:
Ներկայումս օդանավակայան կարելի է հասնել M8 մայրուղով: Գլազգոյի կենտրոնից դեպի օդանավակայան գործում է նաև ավտոբուսային ծառայություն՝ «Գլազգոյի օդանավակայանի ճեպընթաց» (Glasgow Airport Express) ընկերության միջոցով: Բոլոր ավտոբուսներն ունեն կաշվե նստատեղեր և ապահովված են USB լիցքավորման պորտալներով և անվճար WiFi-ով:
Շոտլանդական «Լոգանեյր» ավիաընկերությունը հանդիսանում է օդանավակայանի գործունեությունն ապահովող գլխավոր ընկերությունը: Ընկերության գլխամասային գրասենյակը տեղակայված է օդանավակայանի տարածքում[9]:
Բրիտանական ավիաուղիները նույնպես անգար ունի օդանավակայանում, որն իրականացնում է Airbus A320 ինքնաթիռների վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև զբաղվում է բեռնափոխադրման աշխատանքներով:
Թագավորական օդուժը (անգլ.՝ Royal Air Force) նույնպես բազա ունի օդանավակայանի տարածքում, որտեղ կազմակերպվում են Գլազգոյի և Ստրաթքլայդի համալսարանների օդային էսկադրիլիայում սովորող ուսանողների ուսումնավարժական թռիչքներ, ովքեր մտադիր են ծառայության անցնել Թագավորական օդուժում:
2007 թվականին Գլազգոյի օդանավակայանը դարձավ Շոտլանդիայի երկրորդ ամենածանրաբեռնված օդանավակայանը՝ ուղևորափոխադրումների ծավալներով առաջ անցնելով Էդինբուրգի օդանավակայանից:
2010 թվականին Իսլանդիայի Էյաֆյաթլայոքուլ հրաբխի ժայթքման հետևանքով «Իսլանդեյր» ավիաընկերությունը Կեֆլավիկի միջազգային օդանավակայանից իր չվերթների գործարկման բազան ժամանակավորապես տեղափոխեց Գլազգոյի օդանավակայան:
2014 թվականի հուլիսին Արաբական Միացյալ Էմիրությունները օդանավակայանում պաշտոնապես սպասասրահ բացեց[10] առաջին և բիզնես կարգի ուղևորների համար: Այն գտնվում է արևմտյան տերմինալում: 2014 թվականի հոկտեմբերին Հիթրոու Էյրփորթ Հոլդինգսը (անգլ.՝ Heathrow Airport Holdings) համաձայնության հասավ 1 միլիարդ ֆունտ ստերլինգով վաճառելու օդանավակայանը՝ Սաութհեմփթոնի և Աբերդինի օդանավակայանների հետ մեկտեղ՝ որպես կոնսորցիում Մաքքուորի ընկերության համար[11]:
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեկան ուղևորափոխադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուղևորափոխադրումների ծավալներով Գլազգոյի օդանավակայանը ռեկորդ սահմանեց 2016 թվականին, երբ շուրջ 9.4 միլիոն ուղևոր օգտվեց օդանավակայանի ծառայություններից:
![]() |
Թարմացվել է: 14 մարտի, 2017 |
Ուղևորների թիվը | Ուղևորափոխադրումների թիվը | Բեռնափոխադրումներ (տոննա) | ||
---|---|---|---|---|
1997 | 6,117,006 | 98,204 | 10,574 | |
1998 | 6,566,927 | 100,942 | 8,517 | |
1999 | 6,813,955 | 101,608 | 8,972 | |
2000 | 6,965,500 | 104,929 | 8,545 | |
2001 | 7,292,327 | 110,408 | 5,928 | |
2002 | 7,803,627 | 104,393 | 5,041 | |
2003 | 8,129,713 | 105,597 | 4,927 | |
2004 | 8,575,039 | 107,885 | 8,122 | |
2005 | 8,792,915 | 110,581 | 8,733 | |
2006 | 8,848,755 | 110,034 | 6,289 | |
2007 | 8,795,653 | 108,305 | 4,276 | |
2008 | 8,178,891 | 100,087 | 3,546 | |
2009 | 7,225,021 | 85,281 | 2,334 | |
2010 | 6,548,865 | 77,755 | 2,914 | |
2011 | 6,880,217 | 78,111 | 2,430 | |
2012 | 7,157,859 | 80,472 | 9,497 | |
2013 | 7,363,764 | 79,520 | 11,837 | |
2014 | 7,715,988 | 84,000 | 15,411 | |
2015 | 8,714,307 | 90,790 | 13,193 | |
2016 | 9,327,193 | 98,217 | 12,921 | |
Աղբյուր: United Kingdom Civil Aviation Authority |
Ամենածանրաբեռնված երթուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիա | Օդանավակայան | Ուղևորների ընդհանուր թիվը | Տարբերությունը 2015 / 16 թթ |
---|---|---|---|
1 | Լոնդոն-Հիթրոու | 893,846 | ![]() |
2 | Լոնդոն-Ստանսթեդ | 652,434 | ![]() |
3 | Լոնդոն-Գեթվիք | 608,550 | ![]() |
4 | Դուբլին | 486,886 | ![]() |
5 | Ամստերդամ | 436,675 | ![]() |
6 | Դուբայ-Միջազգային | 428,098 | ![]() |
7 | Բրիստոլ | 297,295 | ![]() |
8 | Բելֆաստ-Միջազգային | 282,375 | ![]() |
9 | Տեներիֆ-Հարավային | 277,518 | ![]() |
10 | Լոնդոն-Սիթի | 235,075 | ![]() |
11 | Ալիկանտե | 233,184 | ![]() |
12 | Բիրմինգհեմ | 226,731 | ![]() |
13 | Պալմա դե Մալորկա | 225,687 | ![]() |
14 | Լոնդոն-Լյութն | 214,693 | ![]() |
15 | Մալագա | 187,604 | ![]() |
16 | Սաութհեմփթոն | 179,436 | ![]() |
17 | Բելֆաստ-Սիթի | 169,839 | ![]() |
18 | Բերլին-Շոնֆիլդ | 168,558 | ![]() |
19 | Փարիզ-Շառլ դը Գոլ | 152,404 | ![]() |
20 | Լանզարոտ | 136,197 | ![]() |
Վթարներ և միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1999 թվականի սեպտեմբերի 3-ին մի «Cessna 404» ինքնաթիռ, որ ինը զբոսաշրջիկներից բաղկացած խումբ էր տեղափոխում Գլազգոյից Աբերդին, թռիչքից րոպեներ անց վթարի ենթարկվեց Լինվուդ քաղաքի մոտ՝ Ռենֆրուշայր շրջանում: Ութ մարդ զոհվեց և ևս երեքը ծանր վիրավորվեցին: Գետնին գտնվողներից որևէ մեկը չտուժեց: Ավելի ուշ պարզվեց, որ ողբերգական ավիավթարի պատճառը թռիչքի պահին շարժիչի անսարքությունն էր եղել: Չնայած հրամանատարը որոշել էր վերադառնալ թռիչքադաշտ, սխալմամբ անջատել էր աշխատող շարժիչը՝ անսարքի փոխարեն, որի հետևանքով ինքնաթիռը վթարի էր ենթարկվել:
- 2007 թվականի հունիսի 30-ին, Լոնդոնում ձախողված ահաբեկչությունից մեկ օր անց, Գլազգոյի օդանավակայանում տեղի ունեցավ ահաբեկչական հարձակում: Մի այրվող «Jeep Cherokee (XJ)» մեքենա գլխավոր տերմինալ մտավ: Երկու տղամարդ, որոնցից մեկը վառվում էր, դուրս եկան մեքենայից և փախուստի դիմեցին: Նրանց վնասազերծեցին ոստիկանությունը և օդանավակայանի անվտանգության աշխատակիցները: Մի քանի ամիս անց մարդկանցից մեկը մահացավ ահաբեկչության ժամանակ ստացած այրվածքներից: Նոր անվտանգության մեխանիզմներ ավելացվեցին օդանավակայանում, որպեսզի նմանատիպ միջադեպերը հաջողությամբ կանխվեն[13]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմիրությունների Բոինգ 777-300ER-ը Գլազգոյում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «IATA Airport Search (GLA)»։ International Air Transport Association։ Վերցված է 17 August 2013
- ↑ «Who we are»։ Heathrow Airport Holdings։ 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին։ Վերցված է հունվարի 28, 2013
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Smith, Abbotsinch
- ↑ Smith, Renfrew
- ↑ «Glasgow Airport Guide»։ History of Glasgow Airport։ Վերցված է հունվարի 25, 2017
- ↑ «Terminal & Transit Passengers at UK Airports – 1996»։ UK Civil Aviation Authority։ 1996։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 6, 2011-ին
- ↑ BBC News։ «A380 flight marks 10 years of Emirates at Glasgow»։ BBC News։ Վերցված է մարտի 18, 2014
- ↑ «Ministers scrap airport rail plan»։ BBC News։ սեպտեմբերի 17, 2009
- ↑ «Statutory Information»։ Loganair։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-04-ին։ Վերցված է մայիսի 20, 2009։ «Registered Office: St. Andrews Drive, Glasgow Airport PAISLEY Renfrewshire PA3 2TG»
- ↑ «Emirates Opens Dedicated Lounge at Glasgow Airport - News»։ emirates.com։ Վերցված է հունվարի 24, 2017
- ↑ «Aberdeen, Glasgow and Southampton airports sold in £1bn deal»։ BBC News։ հոկտեմբերի 16, 2014։ Վերցված է հոկտեմբերի 20, 2014
- ↑ «Airport Data 2016»։ UK Civil Aviation Authority։ մարտի 3, 2017։ Tables 12.1(XLS) and 12.2 (XLS)։ Վերցված է մարտի 16, 2017
- ↑ http://www.uk-airport-news.info/glasgow-airport-news-221107.htm
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գլազգոյի օդանավակայան կատեգորիայում։ |
|