Գեղածնկիկ մատիտեղանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղածնկիկ մատիտեղանման
Գեղածնկիկ մատիտեղանման
Գեղածնկիկ մատիտեղանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հնդկացորենազգիներ (Polygonaceae)
Ենթաընտանիք Հնդկացորենայիններ (Polygonoideae)
Տրիբա Calligoneae
Ցեղ Գեղածնկիկ (Calligonum)
Տեսակ Գեղածնկիկ մատիտեղանման (C. polygonoides)
Միջազգային անվանում
Calligonum polygonoides

Գեղածնկիկ մատիտեղանման (լատին․՝ Calligonum polygonoides), մատիտեղազգիների ընտանիքին պատկանող գեղածնկիկների ցեղի ծածկասերմ բույս, գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

0,5-1,5 մ բարձրությամբ տերևաթափ թուփ է։ Ճյուղերը ծածկված են սպիտակավուն կեղևով։ Տարեկան ընձյուղները ճյուղավորված են, հատվածավոր։ Տերևները մանր են, ռեդուկցված (ապաճած), նեղ մախաթանման։ Ծաղիկները երկսեռ են։ Ծաղկապատի մասնիկները պտուղների վրա դեպի ցած են թեքված։ Պտուղը ծածկված է խոզանանման, կոպիտ մազմզուկներով։ Տարածված է Կովկասում, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում, Արևմտյան Հայաստանում, Իրանում։ Հայաստանում հանդիպում է Արարատյան դաշտում, որտեղ աճում է անապատային ավազուտներում (Գորովան)[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1,5 մ բարձրությամբ չռված-ճյուղավորված, հատվածավոր ճյուղերով և ռեդուկցված մանր տերևներով թուփ է։ Ծաղկապատը պարզ է։ Պտուղը ծածկված է խիտ թևեր առաջացնող ճյուղավորված խոզաններով[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Վեդու շրջակայք)։ Աճում է նաև Նախիջևանում, Անատոլիայում, Իրաքում, Իրանում, Թուրքմենիայում և Պակիստանում[2]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ծովի մակարդակից 850-950 մ բարձրությունների վրա, ստորին լեռնային գոտում և ավազային անապատում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Ավազանի արտահանման, արածեցման և գյուղատնտեսական հողերի ընդարձակման հետևանքով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գոռավանի ավազուտներ» արգելավայրի տարածքում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (228)։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.