Բրագա (քաղաք)
Բրագա (պորտ.՝ Braga, [ˈbɾagɐ], լատին․՝ Bracara Augusta), քաղաք Պորտուգալիայում, համանուն շրջանի և մունիցիպալիտետի կենտրոն։ Գտնվում է Մեծ Մինյու խոշոր քաղաքական ագլոմերացիայի կազմում։ 2006 թվականի տվյալներով բնակչության թիվը 173,9 հազար է։ Քաղաքը և մունիցիպալիտետը ներառված են տնտեսական և վիճակագրական Հյուսիսային շրջանի և Կավադու ենթաշրջանի մեջ։ Հին վարչական բաժանմամբ Մինյու նահանգի կազմում էր։

Քաղաքային տոնը Հովհաննես Մկրտիչի օրն է, որը նշվում է հունիսի 24-ին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Էշտա գետի վրա՝ մայրաքաղաք Լիսաբոնից 321 կմ հյուսիս, Պորտու քաղաքից 50 կմ, իսկ Իսպանիայի հետ սահմանից (Տույ քաղաքի շրջանում) 75 կմ հեռավորության վրա։
Մունիցիպալիտետը սահմանակցում է.
- հյուսիսում՝ Ամարիշի մունիցիպալիտետին
- հյուսիս-արևելքում՝ Պովուա-դի-Լանյոզուի մունիցիպալիտետին
- հարավ-արևելքում՝ Գիմարայնշի մունիցիպալիտետին
- հարավում՝ Վիլա-Նովա-դի-Ֆամալիկանի մունիցիպալիտետին
- արևմուտքում՝ Բարսելուշի մունիցիպալիտետը
- հյուսիս-արևմուտքում՝ Վիլա-Վերդիի մունիցիպալիտետին
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից Բրագայի շրջանում ամենահին բնակավայրերը թվագրվում են մեգալիթյան կառույցների ժամանակաշրջանին։ Հնագույն գրավոր աղբյուրներում (Մ.թ.ա. 3-րդ դար) նշված է, որ Դուերո և Կավադու գետերի միջև ընկած տարածքում բնակվել է կելտական բրակարի ցեղը։ Մեր թվարկության 14-րդ տարում հին հռոմեացիները կելտական այդ բնակավայրում քաղաք են հիմնել, որը կոչել են Բրակարա Ավգուստա (լատին․՝ Bracara Augusta)՝ Օկտավիանոս Օգոստոսի պատվին։ Բրակարա Ավգուստան հանգուցային կետ է դարձել, որտեղ միանում էին հինգ հայտնի հռոմեական ճանապարհներ և Գալեցիա գավառի մայրաքաղաքը (Դուերո գետից հյուսիս)։ Հռոմեական կայսրության փլուզումից հետո Բրագան անցել է սվեվերի տիրապետության տակ՝ 175 տարի շարունակ մնալով նրանց պետության քաղաքական և կրթամշակութային մայրաքաղաքը։
Հետագայում քաղաքը ավելի քան 300 տարի եղել է Վեստգոթական թագավորության տիրապետության տակ, այնուհետև՝ 715 թվականին գրավվել է մավրերի կողմից։ Վերջիններս շուտով ստիպված են եղել հնազանդվել Բուրգունդյան արքայատոհմի պորտուգալացի թագավոր Ալֆոնսո III Մեծին։ Կաստիլացի թագավոր Ալֆոնսո VI Քաջը Բրագան օժիտ է տվել իր աղջիկ Թերեզային՝ կոմս Հենրիխ Բուրգունդսկու հետ ամուսնության ժամանակ։ Նրա որդին՝ Աֆոնսու Iը, դարձել է Պորտուգալիայի առաջին թագավորը։ 2250 տարվա պատմություն ունեցող Բրագան հնագույն քրիստոնեական քաղաքներից մեկն է, Պորտուգալիայի թեոլոգիական հետազոտությունների կենտրոնը և հայտնի է «Արքեպիսկոպոսների քաղաք» տիտղոսով։
Տեղական թեմում լատինական ծիսակատարության հետ անցկացվում է նաև բրագյան արարողություն՝ Արևմտյան երկրների պատարագների ձևով։ Բրագայում է տեղակայված 1973 թվականին հիմնադրված Մինյուի համալսարանի երկու մասնաճյուղերից մեկը (պորտ.՝ Universidade do Minho)[1]: Մյուս մասնաճյուղը Գիմարայնշ քաղաքում է։
1974 թվականի Պորտուգալական հեղափոխությունից հետո Բրագան դարձել է հակակոմունիստական ուժերի գլխավոր կենտրոններից մեկը։ Բրագայի արքեպիսկոպոսարանի կաթոլիկ սեմինարիան վերածվել է պահպանողական դիմադրության, զանգվածային ցույցերի և ընդհատակյա գործունեության օպերատիվ-քաղաքական բազայի[2]։ 1975 թվականի օգոստոսի 10-ին Բրագայի մայր եկեղեցում ելույթ է ունեցել արքեպիսկոպոս Ֆրանսիշկ Մարիա դա Սիլվան, որից հետո հազարավոր ներկաները հարձակվել են կոմունիստական կուսակցության տեղական շտաբի վրա Բրագայում և հարակից շրջաններում բազմաթիվ ընդհարումներ եղան, որոնք պատմության մեջ հայտնի են «Շոգ ամառ» անվամբ։
2009 թվականին Բրագայի մունիցիպալիտետի տեղի գործադիր իշխանության մարմնի ընտրության ժամանակ արդեն իններորդ անգամ նախագահ է ընտրվել Պորտուգալիայի սոցիալիստական կուսակցության անդամ Մեշկիտա Մաչադոն (պորտ.՝ Mesquita Machado): Նա առաջին անգամ այդ պաշտոնում ընտրվել է 1976 թվականին՝ առաջին ժողովրդավարական ընտրությունների ժամանակ. արդյունքում նա նախագահել է ավելի քան երեսուն տարի։ Սակայն երկրի նոր օրենսդրությամբ նա այլևս չէր կարող դնել իր թեկնածությունը՝ Բրագայի տեղական իշխանության նախագահ դառնալու համար։ 2013 թվականի հոկտեմբերին Բրագայի նոր քաղաքագլխի պաշտոնում ընտրվել է սոցիալ-դեմոկրատական ուժի ներկայացուցիչ Ռիո Ռիկարդոն պորտ.՝ Ricardo Rio, որը վերընտրվել է 2017 թվականին։
2013 թվականին լուրջ քաղաքական վիճաբանության առիթ է դարձել 1970-ական թվականների կեսի աջ թևի ընդդիմության առաջնորդ կանոնիկոս Էդուարդու Մելուի հուշարձանը կանգնեցնելու քաղաքային իշխանությունների որոշումը, քանի որ ձախ թևում Մելուին բազմաթիվ քաղաքական բռնությունների մեղավոր էին համարում։
Շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
|
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրագայի կլիման (1981-2010 թվականներ) | |||||||||||||
Ցուցանիշ | Հունվ. | Փետրվ. | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստ. | Սեպտ. | Հոկտ. | Նոյեմ. | Դեկտ. | Տարի |
Լրիվ առավելագույն, °C | 24.0 | 23.5 | 29.5 | 31.0 | 35.5 | 38.5 | 38.5 | 39.5 | 38.5 | 33.5 | 28.5 | 24.1 | 39.5 |
Միջին առավելագույն, °C | 13.7 | 14.8 | 17.6 | 18.3 | 21.1 | 25.4 | 27.8 | 28.0 | 25.5 | 20.9 | 16.8 | 14.4 | 20.4 |
Միջին ջերմաստիճան, °C | 9.0 | 9.9 | 12.3 | 13.2 | 15.8 | 19.5 | 21.4 | 21.4 | 19.4 | 15.9 | 12.3 | 10.2 | 15.0 |
Միջին նվազագույն, °C | 4.3 | 4.9 | 7.0 | 7.9 | 10.4 | 13.5 | 14.9 | 14.7 | 13.2 | 10.8 | 7.7 | 6.0 | 9.6 |
Լրիվ նվազագույն, °C | -6.4 | -4.5 | -5 | -1.2 | -0.5 | 3.3 | 7.5 | 6.7 | 3.8 | 2.5 | -1.7 | -2.5 | -6.4 |
Տեղումների քանակ, մմ | 176.4 | 114.8 | 121.6 | 130.8 | 112.9 | 48.6 | 22.0 | 34.0 | 81.7 | 191.7 | 193.9 | 220.2 | 1448.6 |
Աղբյուր՝ Instituto de Meteorologia, IP Portugal |
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տեսարժան վայրերն են Բրագայի ամրոցը, սվեվերի կառուցած Բրագայի տաճարը և թանկարժեք իրերով հարուստ արքեպիսկոպոսական պալատը։ Հռոմեացիների ժամանակաշրջանի մասին հիշեցնում են հռոմեական աշտարակատների և ամֆիթատրոնի ավերակները և այլ օբյեկտներ, որոնք պահպանվել են ժամանակակից կառույցների սահմաններում։ Քաղաքի արևելյան մասում է գտնվում հանրահայտ Բոն-Ժեզուշ դու Մոնտե եկեղեցին։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գործում է «Բրագա» ֆուտբոլային ակումբը, որը հայտնի է նաև «Սպորտինգ դե Բրագա» անվամբ։ Այն հիմնադրվել է 1921 թվականին և խաղում է պորտուգալական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում՝Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունում։ «Բրագան» խաղում է քաղաքի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Բրագա Մունսիպալ խաղադաշտում, որի մոտակայքում Մոնտե Կաշտրու ժայռն է։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիա, Կլերմոն Ֆերան
Ֆրանսիա, Պյուտո
Բրազիլիա, Ռիո դե Ժանեյրո
Բրազիլիա, Սանտու-Անդրե
Կաբո Վերդե, Սան-Նիկոլաու
Գվինեա-Բիսաու, Բիսսորա
Իսպանիա, Աստորգա
Ֆրանսիա, Ռեն
Ֆրանսիա, Տուր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Официальный сайт Университета Минью»։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-16-ին։ Վերցված է 2020-05-22
- ↑ «Centro de Documentação 25 de Abril. Maria Manuela Cruzeiro. 25 de Abril de 1974. MFA contra MFA»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-04-ին։ Վերցված է 2020-05-22
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Брага, город // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|