Բուդապեշտի օպերետի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուդապեշտի օպերետի թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Հունգարիա[1]
Գտնվելու վայրըԲուդապեշտի IV շրջան
Անվանված էKároly Somossy? և Q45903802?[2]
ՃարտարապետFellner & Helmer և László Vágó?
 Budapesti Operettszínház Վիքիպահեստում

Բուդապեշտի օպերետի թատրոն (հունգ.՝ Budapesti Operettszínház), երաժշտական թատրոն Բուդապեշտի կենտրոնում։ Թատրոնի խաղացանկում կան օպերետներ և մյուզիքլներ։ Թատրոնի դիմաց է գտնվում Իմրե Կալմանի արձանը, որը պատկերում է դեպի թատրոնի շենքը նայող կոմպոզիտորին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը շենքում գտնվում էր «Օրֆեում» կաբարեն։ Պատերազմի սկսվելուց հետո վայրը փակվել է որպես «թեթևամիտ զվարճանքի կենտրոն»` վերջ դնելով «Օրֆեումի ոսկեդարին»։ 1923 թվականին որոշվել է Բուդապեշտում ունենալ օպերետի տուն։ Բացվել է «Մետրոպոլիտեն» օպերետի թատրոնը, Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է օպերետի «արծաթե ժամանակաշրջանը»։ Թատրոնի համար առավել կարևոր է դարձել հունգարական դասական օպերետի ավանդույթների շարունակումն ու նոր, ժամանակակակից բեմական լուծումների ավելացումը։ Վիեննայից հետո Բուդապեշտը դարձել է այն քաղաքը, որտեղ հանդիսատեսը կարող էր դիտել որակյալ ներկայացումներ։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի ժամանակակից շենքը կառուցվել է այդ ժամանակի հայտնի վիեննացի ճարտարապետներ Ֆելների և Հելմերի կողմից 1894 թվականին։ Մեծ դահլիճի ընդարձակ բեմը շրջապատված է առանձին օթյակների կիսաշրջանով, իսկ պարտերի հատվածում բավականաչափ տեղ կար ոչ միայն վալս, այլև` պոլկա և քառարշավ պարելու համար։ 1966 թվականին շենքը վերակառուցվել է։ Ներքին ողջ նախագիծը ձևափոխվել է` առավել շատ տեղ ազատելու համար։ 1999-2001 թվականներին իրականացվել է ևս մեկ վերանորոգում։ Շենքն ապահովվել է թատերական նորագույն գույքով, սրահը ներկվել է, ավեալցվել է օթյակների ևս մեկ շարք։ Այսօր թատրոնը տեղավորում է 901 հանդիսատես։ Սրահը լուսավորվում էվալեի քան 100 տարեկան ջահով։ Օթյակների շարքը, թավիշով պատված պատերը, ոսկեզօծ զարդարանքները հանդիսատեսին վերադարձնում են 20-րդ դարի սկիզբ, և թատրոն կատարած յուրաքանչյուր այցելություն վեր է ածվում տոնի։

Գեղարվեստական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը Միկլոշ Գաբոր Կերենյին է։ Նրա ղեկավարությամբ թատրոնն աշխատում է երկու ուղղություններով` բեմադրելով դասական օպերետներ և համաշխարհային ժամանակակից մյուզիքլներ հունգարերենով[3] Հունգարական օպերետներն իրենց ոգևորող ոգով, ազգային պարերով, կենսուրախ կերպարներով հայտնի են ամբողջ աշխարհում։ Թատրոնը բեմադրում է ամենահայտնի հեղինակների, այդ թվում` Իմրե Կալմանի և Ֆրանց Լեգարի ստեղծագործությունները։ Տարբեր ժամանակներում թատրոնի բեմում բեմադրվել են «Մարիցա», «Պարահանդես Սավոյում», «Բարոնուհի Լիլի», «Գնչուական սեր», «Ուրախ այրին» և մի շարք այլ ներկայացումներ։

Թատրոնի շենքը

Կերենիի բեմադրած մյուզիքլները մեծ հաջողություն ունեն, դրանց CD և DVD տարբերակները միանգամից դառնում են ոսկե և պլատինե։ Հաջողությամբ բեմադրվել են այնպիսի համաշխարհային մյուզիքլներ, ինչպիսիք են «Էլիզաբեթը», «Վեսթսայդյան պատմություն»-ը, «Մոցարտ», «Գեղեցկուհին ու հրեշը»։ Ավելի քան 10 տարի թատրոնի բեմում ցուցադրվում է Ժերար Պրեսգյուրվիկի «Ռոմեո և Ջուլիետ» մյուզիքլի հունգարական տարբերակը։ 2010 թվականի լավագույն ներկայացումն էր «Ռեբեկա» մյուզքիլը։ 2011 թվականին կրկին բեմադրվել է «Միսս Սայգոն» մյուզիքլը։ 2012 թվականին թատրոնի բեմ է վերադարձել «Էլիզաբեթ» մյուզիքլը։ 2012-2013 թվականների թատերաշրջանի ավարտին թատրոնը միանգամից երկու առաջնախաղ է ունեցել. «Ուրվական» բրոդվեյան մյուզիքլն ըստ համանուն ֆիլմի[4] և ֆրանսիական «Քամուց քշվածները» մյուզիքլը, որի կոմպոզիտորը Ժերար Պրեսգյուրվիկն է։ Վերջինս նախ ցուցադրվել է Սեգեդի փառատոնում, այնուհետև մտել է թատրոնի հիմնական խաղացանկի մեջ[5]։ 2014 թվականի մի քանի տասնամյակի ընդմիջումից հետո թատրոնում ներկայացվել է «Աստծո փողերը» ռոք-օպերան` գրված ըստ Չարլզ Դիքենսի «Սուրբ Ծննդյան երգը» ստեղծագործության։

Իմրե Կալմանի արձանը թատրոնի շենքի դիմաց

Թատրոնն ունի նաև սեփական բեմադրություններ, որոնցից են «Աբիգել» մյուզիքլն ըստ հունգարացի գրող Մագդա Սաբոյի վեպի, «Հիանալի ամառային օրեր» մյուզիքլը` գրված ըստ հունգարական հայտնի Neoton Família խմբի երգերի, «Իշտվան արքա» և «Ձեզ հետ, պարո՛ն» ռոք-օպերաները, որոնք պատմում են հունգարացի առաջին արքա Իշտվանի կյանքի մասին[6] Թատրոնի ներկայացումներն անց են կացվում ոչ միայն թատրոնի շենքում, այլև «Ռակտար» անունը կրող փոքր դահլիճում, ինչպես նաև` մի քանի այլ թատրոնների բեմերում։ Պարբերաբար կազմակերպվում են ելույթներ քաղաքի բաց հրապարակներում, փողոցային թատերական փառատոներ, որտեղ ներկայացվում են հանդիսատեսին թատերաշրջաններից հայտնի ներկայացումներ, ինչպես նաև` առաջնախաղեր։ Արդեն մի քանի տարի շարունակ թատրոնը մասնակցում է Արվեստի գիշերվան և Թատերական գիշերվան, կազմակերպվում են հանդիպումներ հանդիսատեսի հետ, էքսկուրսիաներ կուլիսների հետևում և այլ միջոցառումներ։ Թատրոնն ակտիվորեն համագործակցում է այլ երկների հետ ևս։ Վերջերս համատեղ բեմադրություններ են իրականացվել Բուխարեստի, Պրահայի, Զալցբուրգի, ինչպես նաև` Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ։ Այս տարի նշվում է երկու թատրոնների համագործակցության 10 տարին։ Թատրոնն ակտիվորեն հյուրախաղեր է կազմակերպում, հատկապես` Գերմանիայում և Ավստրիայում։ 2015-2016 և 2016-2017 թվականների թատերաշրջաններում թատրոնը մեծ շուքով նշել է «Չարդաշի թագուհի» ներկայացման 100-ամյակը։ Խաղալով տարեկան 500 ներկայացում և ունենալով ընդհանուր 400.000 հանդիսական` Բուդապեշտի օպերետի թատրոնն ամենահայտնին է Հունգարիայում և ամենահայտնիներից մեկը` Եվրոպայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://library.hungaricana.hu/hu/view/SZAK_SZIN_Szf_55/?query=1923*%20febru%C3%A1r&pg=6&layout=s
  3. «: KERO® — Kerényi Miklós Gábor». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. «Ghosts do exist!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. «Tízmásodpercenként vált jelmezt Scarlett...». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. «: Operettek/Musicalek». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]