Բողոքի ակցիա Ալավերդիում (2023)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոքի ակցիա Ալավերդիում
Ամսաթիվդեկտեմբերի 5, 2023
ՎայրԱլավերդի, Լոռու մարզ, Հայաստան Հայաստան
ՊատճառՃնշումների և ահաբեկման միջոցով փորձ է արվում հեռացնել Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին[1][2]։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները անվստահություն են հայտնում համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին[1][2]։ Բռնության կիրառման արդյունքում արգելափակվում է այն շենքի մուտքը, որտեղ անցկացվում է նիստը[1][2]։ Նիստին միջամտում է իշխող կուսակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, և հայհոյանքներ հնչեցնում համայնքի գործող ղեկավարի հասցեին[2]։
ԱրդյունքՕրենքի խախտմամբ տեղի ունեցած նիստում համայնքի ղեկավար է ընտրվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը[1][2]։ Օրենսդիր և գործադիր իշխանությունների միջամտություն տեղական ինքնակառավարման գործերին[2]։
Հակամարտող կողմեր
Ղեկավարներ

Բողոքի ակցիա Ալավերդիում, բողոքի ակցիա Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, որը սկսվել է 2023 թվականի դեկտեմբերի 5-ին վաղ առավոտյան՝ 6։ 30-ից, երբ ոստիկանությունը շրջապատել էր Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքը՝ Ալավերդի համայնքի գործող ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացն ապահովելու համար[1]։ Շենքի առջև հավաքված համայնքի ղեկավարին, ավագանու «Ապրելու երկիր» և ՀԱԿ կուսակցության անդամներին, նաև՝ համայնքապետարանի աշխատակազմին ու դրսում հավաքված բնակչությանը ոստիկանությունը բռնության կիրառմամբ չի թույալտրում մտնել վարչական շենք[1][2]։

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի ուղեկցությամբ ավագանու նիստերի դահլիճ են մտնում Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը և ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդի համայնքի ավագանու անդամները[1]։ Նրանց միացել էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը լքած ավագանու անդամ Սիմոն Զախարովը, ով ամիսներ առաջ դուրս էր եկել ավագանու համանուն խմբակցությունից ու ըստ տեղեկությունների՝ նրա մասնակցության և քվեարկության համար նրան խոստացել էին Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը[1][2]։ Ներսում փակ, գաղտնի քվեարկություն է ընթանում ավագանու ՔՊ-ական անդամներով և Սիմոն Զախարովի մասնակցությամբ[1]։ Քվեարկությանը դահլիճում հետևում, ապա միջամտում է իշխող կուսակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, ով նաև հայհոյանքներ է հնչեցնում համայնքի գործող ղեկավարի հասցեին[1][2]։

10։ 53 րոպեին հայտարարվում է, որ ընտրությունն ավարտվել է, և ավագանու 14 անդամ մասնակցել է քվեարկությանը[1]։ Քվեատուփից դուրս են բերվում քվեաթերթիկները և ընտրության «ժողովրդավարական» լինելը կասկածի տակ չդնելու համար մեկ առ մեկ ցուցադրվում են գործընթացին հետևող լրագրողներին[1]։ Ամփոփելով նիստը՝ հայտարարվում է, որ ավագանին անվստահություն է հայտնել Արկադի Թամազյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին ընտրեց համայնքի ղեկավար[1][2]։ Ծափահարություններից ու շնորհավորանքներից հետո հայտարարվում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։ 00-ին, համայնքապետարանի նիստերի դահլիճում ավագանու արտահերթ նիստ կհրավիրվի, և Դավիթ Ղումաշյանը երդվելուց հետո կստանձնի համայնքի ղեկավարի լիազորությունները[1]։

Ոստիկանությունը փորձում է սահմանափակումը հիմնավորել՝ ասելով, որ միջոցներ են ձեռնարկում ավագանու անդամների անվտանգությունն ապահովելու համար[2]։ Իրավապահները արգելափակում են նաև բնակիչների մուտքը[2]։ Ոստիկանության, հավաքված բնակիչների և ավագանու «Ապրելու երկիր» խմբակցություն միջև լարվածությունը շարունակվում է նաև համայնքապետարանի շենքի ներսում[1]։ Ոստիկանությունը համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին ու նրա գլխավորած խմբակցությանը թույլ չի տալիս մտնել նիստերի դահլիճ[1]։ Արկադի Թամազյանը հայտարարում է դատարան դիմելու մասին[1]։

Վերջին ամիսներին ճնշումների միջոցով փորձ էր արվում հեռացնել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ «Ապրելու երկիր» կուսակցության խորհրդի անդամ Արկադի Թամազյանին[2]։ Իշխանությունները համառ ջանքեր են գործադրում նրան հեռացնելու ճնշումների և ահաբեկման միջոցով[2]։ Ճնշումներ են լինում նաև ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիաննա Պեպանյանի նկատմամբ, ով համաձայն չի եղել նման օրակարգի հետ[2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին հեղափոխության միջոցով Հայաստանում իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2022 թվականից ակտիվորեն սկսում է ավելի խոշորացնել արդեն իսկ խոշորացված մի շարք համայնքներ, որից հետո անցկացնել նոր ընտրություններ։ 2022 թվականի հոկտեմբերին նախատեսվում էր իրականացնել նմանատիպ գործընթաց Լոռու մարզի Ալավերդի համայնքում[3]։ 2022 թվականի գարնանը իշխանությունները սկսում են աշխատել Ալավերդի համայնքում համամասնական ցուցակ կազմելու ուղղությամբ, սակայն այս առումով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բախվում է լուրջ կադրային խնդիրների[3]։ Իրավիճակը բարդացել էր նաև նրանով, որ ենթադրվում էր թե խորհրդարանական ընդդիմությունը միասնական թեկնածուով է մասնակցելու Ալավերդու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին[3]։

2022 թվականի սեպտեմբերի 25-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքում և նույն օրը կայանալիք մյուս համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների համար Հայաստանի կառավարությունը հուլիսի 21-ի նիստում որուշում է ոստիկանությանը հատկացնել շուրջ 33 միլիոն դրամ[4]։

Օգոստոսին «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է, որ մասնակցելու է սեպտեմբերի 25-ին կայանալիք ավագանու ընտրություններին[5]։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը[5]։

Սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում՝ նախնական տվյալներով հաղթում է «Ապրելու երկիր» կուսակցությունը[6]։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրություններին մասնակցում է 14․046 (45.98%) ընտրելու իրավունք ունեցող մարդ[7]։

Համարն ընտրաթերթիկում Անվանումը Ձայների քանակ (%) Համայնքապետի թեկնածուն
1 «Ապրելու երկիր» 6791 (49) Արկադի Թամազյան[5]
2 «Քաղաքացիական պայմանագիր» 6557 (47) Արեն Մկրտչյան
3 «Հայ ազգային կոնգրես» 340 (2)
4 Հայ Յեղափոխական Դաշնակցություն 316 (2)

Ընտրություններում քաղաքական 4 ուժերից ոչ մեկին չի հաջողվում 50 տոկոսից ավելի ձայն ստանալ[8][9][10][11]։ Առավել շատ ձայն ստանում է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 6791 ձայն, ապա «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 6557 ձայն, «Հայ ազգային կոնգրեսը 340 ձայն, և Հայ Յեղափոխական դաշնակցությունը՝ 316 ձայն[8]։ Նախնական տվյալներով, «Ապրելու երկիրն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» ստանում են 13 մանդատ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» թեև չէր հաղթահարել անցողիկ շեմը (անցողիկ շեմը 4%-ն է), բայց օրենքի ուժով ստանում է 1 մանդատ, քանի որ համաձայն օրենքի, համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից[8][9][10][11]։ Այսպիոսով, ստացվում է, որ ՀԱԿ–ից է կախված, թե որ ուժը կստանձի տեղական իշխանության կառավարումը Ալավերդի խոշորացված համայնքում[8][10]։

Անվանումը Ցուցակի առաջին համար Մանդատների քանակը
1 «Ապրելու երկիր» կուսակցություն Արկադի Թամազյան[5] 13
2 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Արեն Մկրտչյան 13
3 «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 1
4 Հայ Յեղափոխական Դաշնակցություն 0

2022 թվականի հոկտեմբերի 2-ին «Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունները Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր են ստորագրում, որի մասին կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածում[9][10][11][12]։ Համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրում և ընտրում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու են առաջադրում և ընտրում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը[9][10][11][12]։ Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը ստանձնում են «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները[9][10][11][12]։

Հոկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արեն Մկրտչյանը ինքնաբացարկ է հայտնում[9][10][11]։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների ինքնաբացարկի դիմումներ են ներկայացնում նաև ավագանու անդամի թեկնածուներ Մանվել Ավագյանը, Հռիփսիմե Շահինյանը և Աղվան Օհանյանը[9]։ Նրանց փոխարեն մանդատները ստանում են ընտրական ցուցակում ընդգրկված հաջորդ համարները՝ Հրանտ Հախվերդյանը, Անահիտ Սմբատյանը, Արտակ Գևորգյանն ու Արեն Դալլաքյանը[9]։

Հոկտեմբերի 12–ին, տեղի է ունենում նորընտիր ավագանու առաջին նիստը։ Օրակարգում համայնքի ղեկավարի ընտրության, համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի, համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական գումարման օրը սահմանելու, և նորընտիր ավագանու խմբակցություններ ստեղծելու մասին հարցերն էին[10]։ «Ապրելու երկիր» կուսակցությունն առաջադրում է իր ընտրական ցուցակը գլխավորող Արկադի Թամազյանի թեկնածությունը[10]։ ՔՊ–ն[11] եւ ՀԱԿ–ը թեկնածուներ չեն առաջադրում[10]։ Նիստի ժամանակ համայնքապետ է ընտրվում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը, որոշվում է համայնքի ղեկավարի երդման արարողության օրը, որը պետք է տեղի է ունենում հոկտեմբերի 15–ին, ժամը 11։ 00–ին, իսկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստը տեղի ունենում հոկտեմբերի 31–ին[11]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ալավերդի խոշորացված համայնքում կրած պարտությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում է բոյկոտել՝ չմասնակցել ավագանու նիստերին[13]։ Համայնքի նորընտիր ղեկավար Արկադի Թամազյանը հայտնում է, որ ավագանու նիստերը կայանում են, քվորումի խնդիր չի լինում, քանի որ իրենք ունեն 13+1 մանդատ (մեկը ՀԱԿ-ինն է), իսկ ՔՊ-ն 13 մանդատ ունի, և նրանց չներկայանալով, միևնույն է, նիստերի բնականոն աշխատանքը չի խաթարվում[13]։ Արկադի Թամազյանը նշում է, որ «դեռևս 2 նիստ է եղել, երկուսին էլ չեն ներկայացել։ Բայց էդ երկու նիստն անցել է բնականոն ձեւով։ Եթե 14 անդամն էլ ներկա լինի նիստին, խնդիր չի լինի, խնդիր կառաջանա, եթե նրանց 14 անդամից որևէ մեկը բացակայի։ ՔՊ-ի հույսն էլ, հավանաբար, դա է, որ կկարողանան գոնե 1 անդամի «իրենցով անել» ու տապալել քաղաքի կառավարումը»[13]։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՏԻՄ ընտրություններից գրեթե 9 ամիս անց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես էլ չի հաշտվում իր թեկնածու Արեն Մկրտչյանի պարտության հետ[14]։ 2023 թվականի գարնանը քրեական վարույթ է նախաձեռնվում Ալավերդի համայնքի ղեկավար «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանի գործունեության մասով[14]։

2023 թվականի հուլիսի 1-ին «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտնում է, որ «իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել անցած տարի Ալավերդիում տարած իրենց պարտությունը։ ․․․Լոռու մարզի ղեկավարությունը Ալավերդի համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արկադի Թամազյանին փորձում են ճնշել՝ տարատեսակ ստուգումներով և հրաժարական տալու հորդորներով՝ սպառնալով հակառակ դեպքում քրեական գործեր հարուցել»«Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել անցած տարի Ալավերդիում տարած իրենց պարտությունը. Առաքելյան». news.am. 2022 թ․ հուլիսի 1. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.։

Տեղեկություններ են տարածվում, որ նիստի նախորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին Երևանից և Վանաձորից Ալավերդի է տեղափոխվել մի քանի հարյուր ոստիկան՝ քաղաքում «կարգ պահպանելու», բայց իրականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերը պաշտպանելու նպատակով[15]։ Դեկտմեբերի 6-ի դրությամբ ոստիկանական ուժերը դեռևս գտնվում էին Ալավերդիում՝ հնարավոր զարգացումներն ու գործընթացները ճնշելու նպատակով[15]։

Սպասվող իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ հաջորդ նմանատիպ իրադարձություն տեղի է ունենալու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ[16]։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ուշադրության կենտրոնում է նաև խոշորացված Վարդենիս համայնքը, քանի որ սեպտեմբերի 19-ից սկսված հանրահավաքային պայքարին հրապարակավ միացել էր նաև սահմանամերձ Վարդենիսի ընդդիմադիր խմբակցությունը[16]։ Այս մասով նոյեմբերի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ էր արել և հայտարարել, որ կանդրադառնա նաև այս համայնքին[16]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, Երևանի մամուլի ակումբ և այլ կազմակերպությունների համատեղ հայտարարություն․
    • «Վերջին ամիսներին պարբերաբար ահազանգեր էին ստացվում, որ ճնշումների միջոցով փորձ է արվում հեռացնել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնող Արկադի Թամազյանին, և իշխանությունները համառ ջանքեր են գործադրում նրան հեռացնելու ճնշումների և ահաբեկման միջոցով։ Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելը ճնշումներով չի կարող իրականացվել։ Այն կիրառվել է նաև ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիաննա Պեպանյանի նկատմամբ, որը համաձայն չի եղել նման օրակարգի հետ։ Ավագանու մյուս անդամների վրա ճնշումների մասին ահազանգեր ևս եղել են։ Բռնության կիրառման արդյունքում արգելափակվել է այն շենքի մուտքը, որտեղ անցկացվել է նիստը։ Ոստիկանությունը փորձել է այս սահմանափակումը հիմնավորել՝ ասելով, որ միջոցներ են ձեռնարկում ավագանու անդամների անվտանգությունն ապահովելու համար։ Իրավապահները արգելափակել են նաև բնակիչների մուտքը, ինչը նիստի հրապարակայնության մասին օրենքի խախտում է։ Վերոնշյալ հանդիպմանը միջամտել է իշխող կուսակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը նաև հայհոյանքներ է հնչեցրել համայնքի գործող ղեկավարի հասցեին։ «Ապրելու երկիր» կուսակցության խմբակցությունը լքած Սիմոն Զախարովին Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնն են խոստացել՝ նրա մասնակցության և քվեարկության համար։ Արդյունքում՝ օրենքի խախտմամբ տեղի ունեցած նիստում համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Կարծում ենք, որ նիստն ինքնին անօրինական է, ուստի դրա արդյունքում ընդունված որոշումները չեն կարող օրինական համարվել։ Մենք դատապարտում ենք օրենսդիր և գործադիր իշխանությունների միջամտությունը տեղական ինքնակառավարման գործերին, ինչպես նաև այլ համայնքներում բազմիցս տեղի ունեցած ավագանու անդամների և քաղաքացիների օրինական շահերի խախտումները։ Խստորեն դատապարտում ենք պատգամավոր Արեն Մկրտչյանի, իրավապահ մարմինների և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի միջամտությամբ Ալավերդու ավագանու ապալեգիտիմացումը։ Իրավապահ մարմիններից պահանջում ենք հետաքննել ոստիկանության գործողությունների օրինականությունը, ինչպես նաև հանցագործության հանցանշաններ պարունակող վերը նշված բոլոր գործողությունները։ Օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից տեղական ինքնակառավարման համակարգի նկատմամբ նման ոտնձգություններն ու ճնշումները խախտում են քաղաքացիների կամքը և աստիճանաբար ոչնչացնում ընտրական գործընթացներում արձանագրված խորհրդանշական առաջընթացը։ Իշխանությունները պարտավոր են հանդես գալ պարզաբանումներով»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 «Իշխանությունը կարմիր բերետավորների աջակցությամբ պաշտոնանկ արեց Ալավերդի համայնքի ղեկավարին (լրացված)». hetq.am. 2023 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 «Արևմտամետ ՀԿ-ներ. ՀՀ իշխանությունները համառորեն ձգտում էին Ալավերդու քաղաքապետին հեռացնել ճնշումների միջոցով». news.am. 2023 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 ««Փաստ». Ալավերդիի «գծով» էլ են խառը. Շրջանառվում է թեկնածուի անուն». news.am. 2022 թ․ ապրիլի 21. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. «Թալին, Ճամբարակ, Ալավերդի, Տաշիր, Սիսիան համայնքներում սեպտեմբերի 25-ին կլինեն ընտրություններ». news.am. 2022 թ․ հուլիսի 21. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 ««Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի Ալավերդի համայնքում տեղի ունենալիք ավագանու ընտրություններին». news.am. 2022 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. «Ալավերդիում նախնական տվյալներով հաղթում է «Ապրելու երկիր» կուսակցությունը». news.am. 2022 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. «ԿԸՀ տվյալները. ՔՊ-ն հաղթել է Թալինում, Արենիում, Ակունքում, պարտվել՝ Քաջարանում, Տաշիրում, Անիում, Ալավերդիում». news.am. 2022 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Մեկ մանդատի ուժը. Ալավերդիում ՀԱԿ–ից է կախված, թե որ ուժը կստանձի տեղական իշխանության կառավարումը». news.am. 2022 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 «Ալավերդիում ՔՊ–ի համայնքապետի թեկնածու Արեն Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնել». news.am. 2022 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 «Ալավերդիի նորընտիր ավագանու 1–ին նիստին համայնքապետի պաշտոնում առաջադրվեց Արկադի Թամազյանի թեկնածությունը». news.am. 2022 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 «Արկադի Թամազյանն ընտրվեց Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար». news.am. 2022 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. 12,0 12,1 12,2 ««Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություններն Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր են ստորագրել». news.am. 2022 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  13. 13,0 13,1 13,2 ««Հրապարակ». Ալավերդիում ՔՊ-ն բոյկոտում է ավագանու նիստերը». news.am. 2022 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  14. 14,0 14,1 ««Ժողովուրդ». Քրեական վարույթ՝ Ալավերդի համայնքի ղեկավարի նկատմամբ. ՔՊ-ականները չեն հաշտվում». news.am. 2022 թ․ հունիսի 24. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.
  15. 15,0 15,1 ««Փաստ». Ալավերդիում ոստիկանները ագրեսիվ են տրամադրված եղել». news.am. 2023 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.
  16. 16,0 16,1 16,2 ««Ժողովուրդ». Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից». news.am. 2023 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.