Բեբեք
Բեբեք (թուրքերեն՝ Bebek), Ստամբուլի Բեշիկթաշ շրջանի թաղամասերից մեկը, որը գտնվում է Բոսֆորի եվրոպական ափին։ Բեբեքը սահմանակից է Ստամբուլի Էթիլեր, Արնավութքյոյ և Ռումելիհիսար թաղամասերին։ Թաղամասի մերձափնյա հատվածում է գտնվում համանուն ծովախորշը։
Թաղամասի անվանումը՝ Bebek թուրքերենից բառացի թարգմանվում է որպես երեխա։ Համարվում է, որ անվանումը ծագել է Boğaz'ın Gözbebeği անվան կրճատումից, ինչը թարգմանաբար, բառացի, նշանակում է Բոսֆորի բիբ, կամ, ավելի գրական՝ Բոսֆորի աչքի բիբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաղամասի կյանքի վերաբերյալ առաջին տվյալները վերաբերում են Կոստանդնուպոլսի անկման ժամանակների օսմանյան գրավոր աղբյուներին։ Կոստանդնուպոլսի գրավումից հետո, Ռումելիհիսար ամրոցի կողքի կառուցվել են մի շարք քաղաքացիական կառույցներ։
Տարածքը սկսում է ակտիվորեն զարգանալ 18-րդ դարի սկզբում՝ Ահմեդ III սուլթանի կառավարման տարիներին։ Բեբեքում կառուցվում են մզկիթ, դպրոցներ, շատրվաններ, բաղնիքներ, գործարաններ և խանութներ։ Թաղամասը դառնում է խիստ բնակեցված։ Բացի թուրքերից, այստեղ բնակվել են նաև հայեր, հույներ, հրեաներ և վրացիներ։
1863 թվականին Նյու Յորքցի ձեռնարկատեր Քրիստոֆեր Ռոբերտը և ամերիկացի միսիոներ Սայրուս Հեմլինը Բեբեքում բացել են Ռոբերտ քոլեջը։ 1971 թվականին քոլեջը վերանվանվել է Բոսֆորի համալսարանի[1]։
1902 թվականին Բոսֆորի ափին կառուցվել է Վալիդե սուլթանի ապարանքը, որտեղ ներկայումս տեղակայված է Եգիպտոսի հյուպատոսությունը[2]։
Բեբեքը այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեբեքը համարվում է Ստամբուլի ամենաթանկ թաղամասերից մեկը։ Բարձր գների հետ կապված բնակչության ծախսերի և ունեցվածքի ցուցանիշները գերազանցում են միջին մակարդակը։ Բեբեքի մերձափնյա հատվածը բավականին հայտնի հանգստավայր է Ստամբուլում։ Բեբեքի ծովախորշը համարվում է բազմաթիվ նավերի և զբոսանավերի կայանատեղի։ Ափի երկայնքով կառուցված է Սուլթանգեզի պողոտան, որը իրար է կապում Բոսֆորի կամուրջը և Սելիմ Ահեղի կամուրջը։
Պատմական հիմնական վայրերն են՝ Եգիպտոսի հյուպատոսարանը (նախկին Վալիդե սուլթան ապարանքը), Բեբեքի մզկիթը, Աշիյան այգի, Աշիյան գերեզմանատունը, Աշիյան թանգարանը։ Բեբեքից դեպի հյուսիս գտնվում է Ռումելիհիսար ամրոցը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Official portal of Robert College(անգլ.)
- ↑ Bebek neighborhood in Istanbul Արխիվացված 2009-04-30 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեբեք» հոդվածին։ |
|