Արոսենի կովկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արոսենի կովկասյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Խնձորայիններ (Maloideae)
Ցեղ Արոսենի (Sorbus)
Տեսակ Արոսենի կովկասյան (S. caucasica)
Միջազգային անվանում
Sorbus caucasica

Արոսենի կովկասյան (լատին․՝ Sorbus caucasica), վարդազգիների ընտանիքին պատկանող 4-7 մ բարձրությամբ ծածկասերմ թուփ կամ փոքր ծառ։

Բնի տրամագիծը 10-12 սմ է։ Բողբոջները աղվամազապատ են։ Տերևների ուրվագիծը ձվաձև կլորավուն է կամ էլիպսաձև, հիմքում սեղմված, բութ գագաթով (երբեմն՝ կարճ սրածայր), 8-13 սմ երկարությամբ և 6,5-11 սմ լայնությամբ, ներքևի կողմից խիտ մոխրասպիտակ թաղիքանման, վերևի կողմից մազմզուկապատ միայն գլխավոր ջղերի ուղղությամբ, 5-7 բլթականի են և սուր ատամնաեզր։ Վահանիկները բազմածաղիկ են, թաղիքասպիտակ աղվամազապատ ճյուղավորություններով։ Բաժակն ունի սուր եռանկյունի, թաղիքանման մազմզուկապատ բաժիններ։ Պսակաթերթիկները սպիտակ են, հակառակ ձվաձև։ Պտուղները օվալաձև են կամ գնդաձև, մերկ, կարմրավուն, հետագայում՝ կապտավուն։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։ Հրաշալի դեկորատիվ բույս է, որը մոտ է հայկական և պարսկական արոսենիներին[1]։

Տարածված է Կովկասում, Նախակովկասում, Ղազախստանում, Արևելյան և Հարավային Անդրկովկասում, Թալիշում։ Հանդիպում է նաև Վայքում, որտեղ աճում է վերին լեռնային գոտում, քարքարոտ վայրերում, անտառների եզրերին[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոր բլթակավոր տերևները երկարավուն են, բթավուն, ներքին՝ ամբողջաեզր և արտաքին՝ մանր ատամեզրերով։ Տերևի նուրբ մակերեսը ունի կանաչավուն մոխրագույն թավոտություն։ Մեծ բողբողջները սրացած են։ 5-7 սմ տրամագծով վահանիկանման ծաղկաբույլերը ունեն բազմաթիվ ծաղիկներ։ Առէջները պսակաթերթերից կարճ են։ Պտուղները օվալ են և վառ կարմիր[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Արփա գետի վերին հոսանք)։ Աճում է նաև Նախակովկասում, Դաղստանում, Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Հարավային Կովկասում, Թալիշում[2]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1900-2200 մ բարձրությունների վրա, լայնատերև անտառներում, ժայռոտ լանջերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Կովկասի էնդեմիկ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին միջավայրի որակի վատացման և աճելավայրերի յուրացման հետևանքով սպառնում է արեալի կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[2]։

Պահպանություն չի իրականացվում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (1), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (356)։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոսենի կովկասյան» հոդվածին։