Jump to content

Արոմատիկ ածխաջրածիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենզոլ

Արոմատիկ ածխաջրածիններ, օրգանական միացություններ, որոնց մոլեկուլները պարունակում են բենզոլի մեկ կամ մի քանի օղակներ։ Պարզագույն արոմատիկ ածխաջրածինը բենզոլն է՝ ։ Նրա մոլեկուլում ջրածնի ատոմները կարող են տեղակալվել ածխաջրածնային ռադիկալներով։ Բենզոլի միատեղակալված հոմոլոգներից են տոլուոլը, կումոլը, ստիրոլը և այլն։ 2, 3 և 4 միատեսակ տեղակալիչների դեպքում հոմոլոգները ունեն 3-ական իզոմեր (օրինակ, օրթո, մետա և պարաքսիլոլները)։ 1, 5 և 6 միատեսակ տեղակալիչներ ունեցող բենզոլի հոմոլոգները իզոմերներ չունեն, իսկ տարբեր տեղակալիչների դեպքում իզոմերները բազմաթիվ են։ Երկու և ավելի բենզոլային օղակները կարող են միմյանց հետ միանալ պարզ կապերով (օրինակ, դիֆենիլ, դիֆենիլմեթան և այլն) կամ լինել կոնդենսված՝ ունենալ ածխածնի ընդհանուր ատոմներ (օրինակ, նավթալին, անտրացեն, ֆենանտրեն և այլն, տես նկարը)։

Արոմատիկ ածխաջրածինները հեղուկ կամ բյուրեղային նյութեր են, լուծելի՝ օրգանական լուծիչներում, անլուծելի՝ ջրում։ Արոմատիկ ածխաջրածինները կարող են հիդրվել, նիտրացվել, սուլֆացվել և առաջացնել համապատասխանաբար ցիկլոպարաֆիններ, նիտրոմիացություններ, սուլֆաթթուներ և այլն։ Հալոգենները, կախված պայմաններից, կարող են տեղակալել բենզոլային օղակի կամ ածխաջրածնային ռադիկալի ջրածնի ատոմները կամ միանալ օղակին, օրինակ, լույսի կամ կատալիզատորի ազդեցությամբ քլորը միանում է բենզոլին և առաջացնում հեքսաքլորանը։ Արոմատիկ ածխաջրածիններից ստացված բազմաթիվ միացություններ կիրառվում են ներկանյութերի, թունանյութերի, դեղանյութերի, պայթուցիկ նյութերի և այլ արտադրություններում։

Արոմատիկ ածխաջրածինների ստացման հիմնական աղբյուրները քարածխային խեժը և նավթն են։ 1 տ քարածխային խեժից կարելի է անջատել 3,5 կգ բենզոլ, 1,5 կգ տոլուոլ, 0,7 կգ քսիլոլներ, 2 կգ նավթալին, 0,15 կգ անտրացեն և այլն։ Կարևոր է արոմատիկ ածխաջրածինների ստացումը նավթից՝ կրեկինգի, պիրոլիզի, կատալիտիկ դեհիդրման կամ դեհիդրացիկլացման միջոցով (տես Արոմաւոացում)։ Գոյություն ունեն արոմատիկ ածխաջրածինների ստացման նաև սինթետիկ եղանակներ, օրինակ, -ի առկայությամբ բենզոլի և օլեֆինների կամ ալկիլհալոգենիդների փոխազդմամբ ստացվում են արոմատիկ ածխաջրածիններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 110