Արիանա Կաոիլի
Արիանա Կաոիլի | |
---|---|
![]() Արիանա Կաոիլին Դրեզդենի օլիմպիադայում (2008) | |
Պետություն(ներ) | ![]() |
Անունը ծնվելիս | անգլ.՝ Arianne Bo Caoili |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 22, 1986 |
Ծննդավայր | Մանիլա, ![]() |
Մահվան ամսաթիվ | Մարտի 30, 2020 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան[1][2] |
Կոչում | Կանանց միջազգային վարպետ |
Առավելագույն վարկանիշ | 2309 (հոկտեմբեր, 2002) |
ՖԻԴԵ համար | 5201179 |
365chess | Arianne_Caoili |
Chesstempo համար | 33290 |
ICCF համար | 33290 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 2000[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2002[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[3], Շախմատի կանանց օլիմպիադա 2006[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[3] և Պարեր աստղերի հետ |
ariannecaoili.com | |
Arianne Caoili Վիքիպահեստում |

Արիանա Բո Կաոիլի (անգլ.՝ Arianne Bo Caoili, դեկտեմբերի 22, 1986, Մանիլա, Ֆիլիպիններ - մարտի 30, 2020[1][2], Երևան, Հայաստան[1][2]), ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։ 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն էր[4]։ 2017 թվականի նոյեմբերին նշանակվել էր ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արիանան ծնվել է Մանիլայում։ Նրա հայրը ֆիլիպինցի է, իսկ մայրը կիսով չափ հոլանդուհի, կիսով չափ՝ իռլանդուհի[6]։ Շախմատ խաղալ սկսել է 6 տարեկանից։ 14 տարեկանում նա Իտալիայի Կոնկա դելլա Պրեսոլանայի ուժեղ մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 5½ միավոր[7]։ 2002-ին նրա վարկանիշն անցավ 2300-ից, սակայն հետագայում նա որոշ ժամանակով երկրորդ պլան մղեց շախմատը, քանի որ պետք է շարունակեր ուսումը։ Նա Ավստրալիայի լավագույն շախմատիստուհիներից էր և այդ երկրի կանանց հավաքականի կազմում մասնակցել է 2008-ի համաշխարհային օլիմպիադային, որը կայացել է Դրեզդենում (Գերմանիա)[8]։ 2009-ին Կաոիլին 9 հնարավորից վաստակելով 8 միավոր՝ հաղթել է Մեծ Բրիտանիայում կայացած «Լոնդոն Չեսս կլասսիկ» խոշոր մրցաշարում՝ 2 միավորով առաջ անցնելով մոտակա մրցակցից[9]։
Արիանա Կաոիլին մասնագիտությամբ տնտեսագետ էր։
2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել է ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով[5]։
2020 թվականի մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել է բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Մահացել է 2020 թվականի մարտի 30-ին[10]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականից Արիանան Հայաստանի շախմատային առաջատար Լևոն Արոնյանի ընկերուհին էր։ Նրանց աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ ծանոթացրել էր Արոնյանի ավստրալացի ընկերը, որն Արիանայի առաջին ուսուցիչն է եղել։ Նա ծանոթացրել է՝ կարծելով, որ Լևոնն ու Արիանան մտածելակերպով շատ նման են իրար[11]։
2006 թվականին Թուրինում համաշխարհային օլիմպիադայի օրերին տեղի է ունեցել հետևյալ միջադեպը. անգլիացի գրոսմայստեր Դեննի Գորմելլին բռունցքներով հարձակվել էր Լևոն Արոնյանի վրա, երբ նա և Արիանան պարում էին պարասրահում։ Պատճառը, ամենայն հավանականությամբ, խանդն էր[12]։
2015 թվականի փետրվարի 18-ին Լևոնն ու Արիանան նշանվեցին[13]։ Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 30-ին[14]։
Նախասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արիանան սիրում էր լատինաամերիկյան պարեր, երգում էր, գրում երգեր։ Մասնակցել է Ավստրալիայի «Պարեր աստղերի հետ» հեռուստատեսային նախագծի հինգերորդ եթերաշրջանին[15]։
2014 թվականի հունիս-օգոստոսին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Պարահանդես» նախագծի 4-րդ եթերաշրջանին՝ պարընկերոջ հետ մտնելով լավագույն քառյակ[16]։
Մինչև Արոնյանի հետ ամուսնանալը Արիանան բազմիցս եղել է Հայաստանում, նրա ամենասիրելի վայրը Դիլիջանն էր։ Սիրում էր հայկական խոհանոցը, հատկապես խորովածը, ինչպես նաև գյուղական սնունդը, որը քաղաքում չես գտնի։ Հետաքրքրվում էր հայոց պատմությամբ, կարդացել է բազմաթիվ գրքեր Հայաստանի մասին։ Մագիստրոսական թեզը վերաբերում էր Հայաստանի և Ռուսաստանի գործարար հարաբերություններին։ Մի քիչ խոսում էր հայերեն։
2013 թվականի հոկտեմբերից բնակության է տեղափոխվել Հայաստան և news.am կայքում իրականացրել է «Հայաստանը Արիանայի աչքերով» ամենշաբաթյա նախագիծը, որում պարբերաբար պատմել է Հայաստանի մասին իր տպավորությունները, երկրում բնակվելու և աշխատելու դժվարություններն ու հմայքը ներկայացրել է Հայաստանին սիրահարված օտարերկրացու աչքերով[17]։
2016 թվականի փետրվարին Արիանան Երևանում հիմնադրել է «Ճամփորդ» շաբաթաթերթը, որի գլխավոր խմբագիրն էր։ Թերթը յուրաքանչյուր երեքշաբթի անվճար կարող էին ձեռք բերել Երևանի քաղաքային տրանսպորտի ուղևորները[18]։
Խաղացած պարտիաներից[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի Մալագա քաղաքում 2000-ին կայացած բաց մրցաշարում 13-ամյա Արիանան հանդիպել էր Ռուսաստանը ներկայացնող ուժեղ գրոսմայստեր Վլադիմիր Եպիշինի հետ, որի վարկանիշն այդ պահին 2667 էր։ Սպիտակներով խաղացող Կաոիլին խաղաց 37. Թd1-g4 (տե՛ս տրամագիրը), որին սևերը պատասխանեցին 37...Թxd4??՝ կարծելով, որ 38. Թxd4-ին կպատասխանեն 38...Ձe2+ և կվերադարձնեն թագուհին։ Սակայն սպիտակները խաղացին 38. Ձf5+, և սևերն անմիջապես հանձնվեցին, քանի որ կորցնում են թագուհին[19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://en.armradio.am/2020/03/31/levon-aronians-wife-arianne-caoili-dies-days-after-road-accident/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Levon Aronian’s wife Arianne Caoili dies days after road accident
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.olimpbase.org/playersw/3fh35vjf.html
- ↑ Լևոն Արոնյանի կնոջ նվերը երևանցիներին(չաշխատող հղում)
- ↑ 5,0 5,1 «ԱՐԻԱՆՆԵ ԲՈ ԿՆՈՒՊՊԵ ԿԱՈԻԼԻԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-21-ին։ Վերցված է 2017-11-21
- ↑ Հարցազրույց Արիանա Կաոիլիի հետ
- ↑ Արիանա Կաոիլիի մասնակցությունը մրցաշարերին
- ↑ Արիանա Կաոիլին Դրեզդենի օլիմպիադայում
- ↑ Արիանա Կաոիլին Լոնդոն Չեսս կլասսիկում
- ↑ «Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին»։ news.am։ Վերցված է 2020-03-30
- ↑ Լևոն Արոնյան
- ↑ Թուրինյան միջադեպի մասին
- ↑ Լևոն Արոնյանը նշանվել է
- ↑ «Լևոն Արոնյանն ու Արիանա Քաոլին ամուսնացել են. պսակադրության ուշագրավ դրվագները` ֆոտոշարքով»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2017-10-01
- ↑ Պարեր աստղերի հետ
- ↑ «Պարահանդես» նախագծի 4-րդ եթերաշրջան
- ↑ Հայացում. գործընթացն սկսված է
- ↑ Լևոն Արոնյանի կինը երևանցիներին շաբաթաթերթ է նվիրում
- ↑ Կաոիլի – Եպիշին, Մալագա, 2000, 1-0
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|