Ատկիզի բազմամետաղային հանքերևակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ատկիզի բազմամետաղային հանքերևակում, հանքավայր ՀՀ Սյունիքի մարզում՝ Քաջարանի հանքադաշտի հյուսիս-արևելքում։ Ստորին միոցենի, միջին և ցածր ջերմաստիճանների ջրաջերմային հանքավայր է։

Տարածականորեն հարում է չափավոր թթվային գրանիտոիդներին։ Հանքամարմինները հիմնականում կենտրոնացած են մոնցոնիտային ապարներում և ներկայացված են երակների ու երակիկների ձևով։ Հայտնաբերվել է ավելի քան 300 մ հետամտվող, մինչև 1․5 մ հաստության քվարց-սուլֆիդային մոտ 20 երակ։

Կազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքանյութը կազմված է հիմնականում պիրիտ, խալկոպիրիտ, սֆալերիտ, գալենիտ, մոլիբդենիտ, արգենտիտ, էնարգիտ միներալներից և տեննանտիտ, տետրաէդրիտ խունացած հանքանյութերից։ Որոշ երակներում հանքանյութը պարունակում է 4-5% ցինկ, 2-4% պղինձ, 1-3% կապար, 0, 03-0, 04% մոլիբդեն, նաև զգալի քանակով հազվագյուտ մետաղներ (սելեն, կադմիում, բիսմութ, գալիում, ինդիում և այլն), ոսկի, արծաթ ու թելուր։

Հանքավայրը հայտնի է 19-րդ դարի կեսերից։ Պղնձով ու կապարով հարուստ երակները պարբերաբար շահագործել են առանձին ձեռնարկատերեր։ Հանքավայրում երկրաբանական հետախուզաորոնողական ուսումնասիրություններ են կատարել երկրաբաններ Բ․ Վարդապետյանը, Ա․ Կաժդանը, Հ․ Մաղաքյանը, Ս․ Մկրտչյանը, Ո․ Զարյաևը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։