Ասյա Հյուսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասյա Հյուսիսյան
Ծնվել է1915
ԾննդավայրՍուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ

Ասյա Գառնիկի Հյուսիսյան (1915, Սուխում, Սուխումի օկրուգ, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1944): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասյա Հյուսիսյանը ծնվել է 1915 թվականին, Սուխում քաղաքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցում։ 1934 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան, որտեղ սովորել է գյուղբանֆակում։ 1935-1936 ուումնական տարում գյուղբանֆակը փակվել է և նա տեղափոխվել է Երևանի երկամյա ուսուցչական ինստիտուտ, որն ավարտել է 1939 թվականին և աշխատանքի անցել Երևանի Օրջոնիկիձեի անվան դպրոցում, դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն։ Երբ սկսվել է Մեծ հայրենականը, Ասյան եղել է դպրոցի կոմերիտական կազմակերպության քարտուղարը և պիոներական ավագ ջոկատավար[1]։

1942 թվականին Ասյան կամավոր մեկնել է ռազմաճակատ, ծառայել գործող բանակում։ Նրա զինվորական ուղին սկսվել է Սև ծովի ափերից, անցել Ռումինիա, Չեխոսլովակիա, Բուլղարիա, Հարավսլավիա, Հունգարիա և ձգվել է մինչև Գերմանիա։ 1944 թվականին Ասյան ընդունվել է կուսակցության շարքերը[1]։

Հայրենական մեծ պատերազմում ցուցաբերած խիզախության համար Հյուսիսյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Կովկասի պաշտպանության համար», «Բուդապեշտի ազատագրման համար», «Գերմանիայի դեմ սարած հաղթանակի համար» մեդալներով[1]։

1945 թվականին, բանակից զորացրվելուց հետո, Ասյան աշխատանքի է նշանակվել Երևանի Աբեղյանի անվան № 3 դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի։ Ակտիվ մասնակցություն է ունեցել հասարակական աշխատանքներին, եղել է սկզբնական կուսկազմակերպության քարտուղար։ Աշխատանքի ընթացքում պարգևատրվել է մի շարք մեդալներով և գովասանագրերով։ Կենսաթոշակի է անցել 1976 թվականին[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Բուդապեշտի ազատագրման համար» մեդալ
  • «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]