Աշանտի Շեկվոյա Դուգլաս (անգլ.՝ Ashanti Shequoiya Douglas род. հոկտեմբերի 13, 1980(1980-10-13), Գլեն Կոուվ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), առավել հայտնի Աշանտի, ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր, պարուհի և մոդել։ Մեծ ճանաչում է բերել Ashanti դեբյուտային ալբոմը, որն առաջին իսկ շաբաթվա ընթացքում վաճառվել է կես միլիոն խմբաքանակով, ինչը, Nielsen SoundScan ընկերության տվյալներով, երգչուհու համար ռեկորդ է դարձել։ «Foolish» երգը 10 շաբաթվա ընթացքում զբաղեցրել Է Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։
Աշանտի Դուգլասը[2] ծնվել է 1980 թվականի[3] հոկտեմբերի 13-ին Քուինսում (Նյու-Յորք)[4]։ Նրա մայրը՝ Թինա Դուգլասը, պարի նախկին ուսուցչուհի է, իսկ հայրը՝ Քեն Քեյ Թոմաս Դուգլասը, նախկին երգիչ է։ Երգչուհին կրտսեր քույր ունի՝ Քենեշը։ Մայրը ավագ դստերը անվանել է Աֆրիկայի Աշանտի պետության պատվին, որը գտնվում էր ժամանակակից Գանայի տարածքում[5]։ Երգչուհու պապը՝ Ջեյմսը, 1960-ականներին Սևամորթների իրավունքների համար պայքարի ակտիվիստ է եղել և ելույթ է ունեցել Մարտին Լյութեր Քինգի հետ[6]։ Փոքր տարիքում Աշանտին հաճախել է պարի դասերի և երգել եկեղեցական երգչախմբում։