Ահհոտեպ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ահհոտեպ I
New-Kingdom-Queen.jpg
Ծնվել է՝մ. թ. ա. 1560
Մահացել է՝մ. թ. ա. 1530
Վախճանի վայրԹեբե, Լուքսոր, Եգիպտոս
Dra' Abu el-Naga
ԵրկիրՀին Եգիպտոս
ՏոհմՏասնյոթերորդ արքայատոհմ
քաղաքական գործիչ
ՀայրՍենախտենրա-Ահմոս
ՄայրՏետիշերի
ԵրեխաներԱհմոս I, Ահմոս-Նեֆերտարի, Ահմոս-Նեբետա և Ահմոս-Հենուտեմիպետ

Ահհոտեպ I (անգլ.՝ Ahhotep I, եգիպ.՝ jꜥḥ-ḥtp(.w), «Յահը (Լուսինը) գոհ է»), հին եգիպտական թագուհի, որն ապրել է մ․թ․ա․ մոտավորապես 1560-1530 թվականներին, Եգիպտոսի տասնյոթերորդ արքայատոհմի գահակալության ավարտին։ Եղել է Տետիշերի թագուհու (հայտնի որպես Փոքր Տետի) և Սենախտենրա-Ահմոսի դուստրն ու հավանաբար փարավոն Սեկենենրա Տաա II-ի քույրն ու կին-թագուհին[1]։ Ունեցել է երկար ու ազդեցիկ կյանք, որոշ ժամանակ կառավարել է որպես իր որդի Ահմոս I-ի ռեգենտ։

Ահհոտեպ I-ի տիտղոսներից էին՝ «Մեծ թագուհին» ու «Սպիտակ թագակրի օգնականը» (եգիպ.՝ ẖnmt nfr-ḥḏt)[2], իսկ «Արքայամայր» (եգիպ.՝ mwt nswt) տիտղոսը հայտնաբերվել է Դեյր էլ-Բահարիի դագաղի վրա[3]։

Տարբեր Ահհոտեպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիների ընթացքում Ահհոտեպ անունով թագուհիների անվանումն ու համարակալումը փոփոխության է ենթարկվել, ինչպես օրինակ հետևյալ դեպքերում․

Ուշ 19-րդ դար՝ Ահհոտեպ I-ը համարվել է Սեկենենրա Տաայի կինը։ Որոշ փորձագետներ Դեյր էլ-Բահարիում և Դրա Աբու էլ-Նագայում հայտնաբերված դագաղները համարել են նրանը։ Ահհոտեպ II-ը համարվել է Ամենհոտեպ I-ի կինը։ Ոմանք կարծում էին, թե Դեյր էլ-Բահարիի գաղտնարանից հայտնաբերված դագաղը պատկանել է Ահհոտեպ II անունը կրող թագուհուն։

Ուշ 20-րդ դար՝ 1970-ական թվականներին մեկնաբանություններ են տարածվել, թե Դեյր էլ-Բահարիի դագաղի վրա առկա է «Արքայամայր» տիտղոսը, իսկ Ամենհոտեպ I-ը որդի չի ունեցել։ Տիտղոսը պետք է վերաբերած լինի Ահմոս I-ի մորը։ 1982 թվականին Ռոբինսը ենթադրել է, որ Դրա Աբու էլ-Նագայում հայտնաբերված ոսկեզօծ դագաղը պատկանել է Ահհոտեպ I-ին, իսկ Ահհոտեպ II-ը Դեյր էլ-Բահարիում հիշատակված թագուհին է, Ահհոտեպ III-ը՝ արքայազն Ահմոսի արձանի վրա հիշատակված թագուհին է[3]։ 21-րդ դար՝ ըստ Դոդսոն և Հիլթոնի (2004)՝ Ահհոտեպ I-ը Սեկենենրա Տաայի կինն է ու Ահմոս I-ի մայրը։ Ահհոտեպ II-ը Դրա Աբու էլ-Նագայում հայտնաբերված ոսկեզօծ դագաղի տիրուհին է ու հավանաբար՝ Կամոսի կինը (Ահհոտեպ III չի եղել)[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահհոտեպ I-ը թագուհի Տետիշերիի ու փարավոն Սենախտենրա-Ահմոսի դուստրն էր ու տասնյոթերորդ արքայատոհմի փարավոն Սեկենենրա Տաայի մեծ թագուհին․ ենթադրվում է, որ վերջինս եղել է նրա եղբայրը։

Հավանաբար եղել է փարավոն Ահմոս I-ի մայրը։ Փարավոն Կամոսի հետ նրա ճշգրիտ կապը հայտնի չէ, սակայն վերջինս կարող է եղած լինել թագուհու տեգրը (Սեկենենրա Տաայի եղբայրը) կամ թագուհու որդին։ Թագուհու մյուս երեխաներից են՝ հետագա շրջանի թագուհի Ահմոս-Նեֆերտարին, որն ամուսնացել է իր եղբայր փարավոն Ահմոս I-ի հետ, ինչպես նաև արքայազն Ահմոս-Սապաիրը, արքայազն Բինպուն, արքայադուստրեր Ահմոս-Հենուտեմիպետը, Ահմոս-Տումերիսին ու Ահմոս-Նեբետան[1]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմոս I-ի գահակալության տարիների մի սալաքարի արձանագրություն վկայում է, որ հնարավոր է Ահհոտեպ I-ը զորք հավաքած լինի ու Թեբեի պաշտպանության գործում դեր կատարած, սակայն հայտնի չէ, թե երբ են այդ իրադարձությունները տեղի ունեցել։ Հնարավոր է դրանք եղած լինեն Սեկենենրա Տաայի կամ Կամոսի մահից հետո․

Aquote1.png Այդ նա է, ով կատարել է ծեսերը և հոգ տարել Եգիպտոսի մասին։ Նա է հոգացել իր զինվորների մասին, նա է հսկել նրան, նա է հետ բերել իր փախածներին և հավաքել իր դասալիքներին, նա է խաղաղեցրել Վերին Եգիպտոսը և վտարել իր ապստամբներին[1]։ Aquote2.png

Թագուհու մասին հիշատակվել է Կարեսի սալաքարի վրա (CG 34003), որը թվագրվում է Ամենհոտեպ I-ի գահակալության տասներորդ տարով, իսկ իր կառավարիչ Յուֆը նրա մասին գրել է իր սալաքարի վրա (CG 34009), որտեղ նրան ներկայացրել է որպես Ահմոս I-ի մայր, իսկ հետագայում նա դառնալու էր Թութմոս I-ի կնոջ՝ թագուհի Ահմոսի կառավարիչը։ Այստեղից կարելի է ենթադրել, որ Ահհոտեպ I-ը մահացել է բավականին առաջացած տարիքում՝ Թութմոս I-ի գահակալության տարիներին[3]։

Դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահհոտեպ I-ի արտաքին դագաղն ի վերջո վերահուղարկավորվել է Դեյր էլ-Բահարիի TT320 դամբարանում։ Դագաղի վրա թագուհին պատկերված է եռամաս կեղծամով ու մոդիուսով։ Մարմինը պատված է փետրաձև դիզայնով ու նման է Ահմոս-Նեֆերտարիի ու Ահմոս-Մերիտամոնի արտաքին դագաղներին։

Ահհոտեպ I-ի սկզբնական դամբարանի տեղը հայտնի չէ, եթե այս թագուհին չի նույնացվում Ահհոտեպ II-ի հետ։ Դրա Աբու էլ-Նագայում հայտնաբերված դագաղի չափերսը ցույց են տվել, որ այն չափազանց մեծ է, որպեսզի պատկանած լինի Դեյր էլ-Բահարիի դագաղին։ Այս փաստն օգտագործվել է պնդելու համար, որ Ահոտեպ I-ը չի կարող եղած լինել Ահհոտեպ II-ը[3]։

Այլընտրանքային տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնն Մեյսի Ռոթն առաջ է քաշել այլընտրանքային մեկնաբանություն[3], համաձայն որի՝ Սեկենենրա Տաան ունեցել է երեք թագուհի՝

  • Ահհոտեպ I, որն արքայազն Ահմոսի (ապագա փարավոնի չէ) ու Ահմես անունով մի քանի արքայադուստրերի մայրն է։
  • Սիտջեհուտի, որն Ահմես անունով արքայադստեր մայրն է։
  • Տետիշերի, որը Կամոսի, Ահհոտեպ II-ի ու Ահմոս-Հենուտամեհուի մայրն է։

Այս մեկնաբանության համաձայն՝ Կամոսն ամուսնացել է իր քույր Ահհոտեպ II-ի հետ և ունեցել Ահմոս I-ին, Ահմոս-Նեֆերտարիին ու Ահմոս-Սիտկամոսին։

Եգիպտագետ Դեյվիդ Ռոլն իր «Նոր ժամանակագրություն» գրքում թագուհի Ահհոտեպին նույնականացնում է հունական դիցաբանության Իոյի հետ[փա՞ստ]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Aidan Dodson & Dyan Hilton, The Complete Royal Families of Ancient Egypt, Thames & Hudson (2004)
  2. W. Grajetzki, Ancient Egyptian Queens: a hieroglyphic dictionary, 2005
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ann Macy Roth, The Ahhotep Coffins, Gold of Praise: Studies of Ancient Egypt in honor of Edward F. Wente, 1999
  • Eaton-Krauss, Marianne. 2003. "Encore: The Coffins of Ahhotep, the wife of Seqeni-en-Re Tao and mother of Ahmose". Pages 75–89 in E. Graefe and other editors. Ägypten-Münster. Otto Harrassowitz.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]