Թութմոս I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թութմոս I
Ծնվել է՝մ.թ.ա. 16-րդ դար
Մահացել է՝մոտ մ. թ. ա. 1493
Արքաների հովիտ
ԵրկիրԵգիպտոսի նոր թագավորություն
ՏոհմՏասնութերորդ արքայատոհմ
կառավարիչ
ՄայրՍենսենեբ
ԵրեխաներԹութմոս II, Հատշեպսուտ, Ամենմոս, Նեֆրուբիթի և Վաջմոս

Թութմոս I (անգլ.՝ Thutmose I, երբեմն գրվում է նաև Թութմոսիս կամ Թութմոսիս I, ավելի հին պատմական աշխատություններում՝ Թոթմես, եգիպտերեն՝ ḏḥwtj-ms[1], Tʼaḥawtī-mīsaw, արտասանվում է tʼaˈħawtij ˈmisˌaw և նշանակում է «Թոթը ծնվել է», մ.թ.ա. 16-րդ դար - մոտ մ. թ. ա. 1493), եգիպտական տասնութերորդ արքայատոհմի երրորդ փարավոն։ Գահ է բարձրացել նախորդ փարավոն Ամենհոտեպ I-ի մահից հետո։ Իր գահակալության տարիներին արշավել է դեպի Լևանտի և Նուբիայի խորքերը և այդ տարածքներում Եգիպտոսի սահմաններն առաջ մղել ավելի, քան երբևէ։ Նաև կառուցել է բազմաթիվ տաճարներ Եգիպտոսում, ինչպես նաև դամբարան իր համար Արքաների հովտում․ հաստատվել է, որ նա դա արած առաջին փարավոնն է եղել (թեև Ամենհոտեպ I-ը կարող էր նրան նախորդած լինել)։

Թութմոս I-ի գահակալությունը սովորաբար թվագրվում է մ․թ․ա․ 1506-1493 թվականներով, սակայն որոշ գիտնականներ այն վերագրում են մ․թ․ա․ 1526–1513 թվականներին[2][3]։ Նրան հաջորդել է իր որդի Թութմոս II-ը, որին իր հերթին հաջորդել է վերջինիս քույր Հատշեպսուտը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ Թութմոսի հայրն Ամենհոտեպ I-ն է եղել։ Նրա մայրը՝ Սենսենեբը, ոչ թագավորական ծագում է ունեցել և կարող էր երկրորդական կին կամ հարճ եղած լինել[4]։ Ահմոս թագուհին, որը կրել է Թութմոսի մեծ թագուհու տիտղոսը, հավանաբար եղել է Ահմոս I-ի դուստրն ու Ամենհոտեպ I-ի քույրը[5], սակայն նրան երբեք չեն անվանել «արքայի դուստր», ուստի որոշ կասկածներ կան այս հարցում, և որոշ պատմաբաններ կարծում են, որ նա Թութմոսի քույրն է եղել[6]։ Ենթադրելով, որ նա ազգակցական կապ է ունեցել Ամենհոտեպի հետ, կարելի է ենթադրել, որ նրան ամուսնացրել են Թութմոսի հետ՝ իրավահաջորդությունը երաշխավորելու համար։ Այնուամենայնիվ, հայտնի է, որ դա այդպես չէ երկու պատճառով. նախ, Կառնակում կառուցված Ամենհոտեպի ալաբաստրե կոթողը վերջինիս անունը կապում է Թութմոսի անվան հետ Ամենհոտեպի մահից շատ առաջ[7]։ Երկրորդ, Ահմոսից ծնված Թութմոսի առաջնեկ որդին՝ Ամենմոսը, ըստ երևույթին, ծնվել է Թութմոսի թագադրումից շատ առաջ։ Նրան կարելի է տեսնել Մեմֆիսի մոտակայքում որս անելիս՝ Թութմոսի չորրորդ թագավորության տարում կանգնեցված ստելայի վրա, և նա դարձել է «իր հոր մեծ զորավարը» իր մահից որոշ ժամանակ առաջ, որը ոչ ավելի ուշ է տեղի ունեցել, քան Թութմոսի մահը՝ վերջինիս թագավորության 12-րդ տարում[8]։ Թութմոսն Ահմոսից ունեցել է ևս մեկ որդի՝ Վաջմոսն ու երկու դուստր՝ Հաթշեփսութն ու Նեֆրուբիթին․ Վաջմոսը մահացել է իր հորից առաջ, իսկ Նեֆրուբիթին մահացել է մանկության տարիներին[9]։ Թութմոսը մեկ այլ կնոջից՝ Մուտնոֆրետից, ունեցել է ևս մեկ որդի։ Այս որդին նրան հաջորդել է որպես Թութմոս II, որի հետ Թութմոս I-ն ամուսնացրել է իր դստերը՝ Հատշեպսուտին[9]։ Ավելի ուշ Հատշեպսուտի կողմից արձանագրություններում նշվել է, որ Թութմոսը թագավորությունը կտակել է և՛ Թութմոս II-ին, և՛ Հատշեպսուտին, սակայն սա համարվել է քարոզչություն վերջինիս կողմնակիցների կողմից՝ լեգիտիմացնելու նրա հավակնությունը գահի նկատմամբ, երբ նա հետագայում ստանձնել է իշխանությունը[10]։

Գահակալության տարեթվեր և տևողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թութմոսի նախորդի՝ Ամենհոտեպ I-ի գահակալության տարիներին արձանագրվել է Սիրիուսի ծագումն արեգակից առաջ․ դա տեղի է ունեցել մ․թ․ա․ 1517 թվականին և ենթադրաբար դիտարկումները կատարվել են Թեբեում[11]։ Ամենհոտեպի մահվան և Թութմոսի հետագա թագադրման տարին կարելի է համապատասխանաբար բխեցնել․ այն թվագրվում է մ․թ․ա․ 1506 թվականով՝ ըստ որոշ ժամանակակից գիտնականների։ Այնուամենայնիվ, եթե դիտարկումը կատարված լիներ Հելիոպոլիսում կամ Մեմփիսում, ինչպես պնդում է գիտնականների փոքրամասնությունը, Թութմոսը պետք է թագադրված լիներ մ.թ.ա. 1526 թվականին[12]։ Մանեթոնը նշել է, որ Թութմոս I-ի գահակալությունը տևել է 12 տարի և 9 ամիս (կամ 13 տարի)[13]։ Այս տվյալները հաստատվել են նրա գահակալության 8-րդ և 9-րդ տարիներով թվագրված երկու արձանագրություններով, որոնցում առկա է նրա քարտուշը[14]։ Համապատասխանաբար, Թութմոսին սովորաբար վերագրվում է մ.թ.ա. 1506-ից մինչև մ.թ.ա. 1493 թվականն ընկած գահակալություն, սակայն գիտնականների փոքրամասնությունը նրան վերագրում է մ.թ.ա. 1526-ից մինչև մ.թ.ա. 1513 թվականն ընկած գահակալություն[11]։

Ռազմական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի քարտեզ, մ․թ․ա 15-րդ դար

Թութմոսի թագադրումից հետո Նուբիան ապստամբել է եգիպտական տիրապետության դեմ։ Ըստ Էբանայի որդի Ահմոսի դամբարանում հայտնաբերված ինքնակենսագրականի՝ Թութմոսը ճանապարհորդել է Նեղոսով դեպի վեր ու կռվել ճակատամարտում՝ անձամբ սպանելով Նուբիայի թագավորին[15]։ Հաղթելով՝ նախքան Թեբե վերադառնալը նա Նուբիայի թագավորի մարմինը կախել է տվել իր նավի նավաքթից[15]։ Այդ արշավից հետո իր գահակալության երրորդ տարում նա գլխավորել է երկրորդ արշավը Նուբիայի դեմ, որի ընթացքում հրամայել է խորացնել տասներկուերորդ արքայատոհմի փարավոն Սենուսերտ III-ի կողմից կառուցած ջրանցքը՝ Եգիպտոսից դեպի Նուբիա ավելի հեշտ ճանապարհորդելու համար։ Նուբիան ընդգրկել է եգիպտական կայսրության մեջ[9]։ Այս արշավը հիշատակվել է թագավորի որդի Թուրեի երկու առանձին արձանագրություններում[16]

Տարի 3, երրորդ եղանակի առաջին ամիս, օր 22, Վերին և Ներքին Եգիպտոսի թագավորի մեծության ներքո, Աախեպերրե, որին կյանք է տրված։ Նորին մեծությունը հրամայեց փորել այս ջրանցքն այն բանից հետո, երբ նա գտավ այն քարերով այնպես լցված, որ ոչ մի [նավ չի նավարկում։ Տարի 3, երրորդ եղանակի առաջին ամիս, օր 22, Նորին մեծությունը նավարկեց այս ջրանցքը հաղթանակով և թշվառ Քուշը տապալելուց հետո իր վերադարձի զորությամբ[17]։

Իր գահակալության երկրորդ տարում փարավոնը Թոմբոսում ստելա է կանգնեցրել, որում արձանագրվել է, որ նա ամրոց է կառուցել Թոմբոսում, երրորդ սահանքի մոտ, այսպիսով մշտապես ընդլայնելով Եգիպտոսի ռազմական ներկայությունը երկրորդ սահանքի մոտ[18]։ Սա նշանակում է, որ նա արդեն արշավ է իրականացրել Սիրիայում. հետևաբար, նրա սիրիական արշավը կարող է թվագրվել իր թագավորության երկրորդ տարվա սկզբով[19]։ Այս երկրորդ արշավը որևէ եգիպտական փարավոնի կողմից երբևէ իրականացրած ամենահեռավոր արշավն էր դեպի հյուսիս։ Թեև այն այդպես էլ չի գտնվել, նա հավանաբար ստելա է կանգնեցրել Եփրատն անցնելուց հետո[20]։ Այս արշավի ժամանակ սիրիացի իշխանները հավատարմություն են հայտնել Թութմոսին, սակայն նրա վերադարձից հետո դադարեցրել են տուրքը և սկսել ամրանալ ապագա ներխուժումների դեմ[9]։ Թութմոսը տոնել է իր հաղթանակները Նիի թագավորությունում՝ Սիրիայի Ապամեայի մոտակայքում փղերի որս կազմակերպելով[8] և վերադարձել Եգիպտոս Եփրատի մասին տարօրինակ պատմություններով․ «ջուրը հոսում է հոսանքին ի վեր, երբ այն պետք է հոսեր հոսանքով ներքև»[9]։ Այսպիսով գետը Եգիպտոսում հայտնի է դարձել որպես «շրջված ջուր»[9]։

Իր գահակալության չորրորդ տարում Թութմոսն ստիպված էր դիմակայել ևս մեկ ռազմական սպառնալիքի, ևս մեկ ապստամբության Նուբիայի կողմից[19]։ Նրա ազդեցությունը, համապատասխանաբար, ընդլայնվել է դեպի ավելի հարավ[20]։ Նա մի մեծ արձանագրություն է թողել Հագար էլ-Մերվայում, Նեղոսից 1200 մ հեռավորության վրա․ քվարցային ելուստ մոտավորապես 40 մ երկարությամբ և 50 մ լայնությամբ[21], որը Եգիպտոսի ամենահարավային սահմանն էր[21]։ Իր օրոք նախաձեռնել է մի շարք նախագծեր, որոնք փաստորեն վերջ են դրել Նուբիայի անկախությանը հաջորդ 500 տարիների ընթացքում։ Ընդարձակել է Սեսոսստրիս III-ին և Խնումին նվիրված տաճարը Նեղոսի դիմաց[22]։ Կան նաև հատուկ կրոնական ծեսերի մասին գրառումներ, որոնք Էլ-Կաբի փոխարքան պետք է կատարեր Նուբիայի տաճարներում՝ որպես թագավորի վստահված անձ[23]։ Նա Քուշի փոխարքայի պաշտոնում նշանակել է Տուրի անունով մի մարդու, որը հայտնի է նաև որպես «Քուշի թագավորի որդի»[24]։ Նուբիայում մշտապես հաստատված թագավորի քաղաքացիական ներկայացուցչի ներկայության պայմաններում Նուբիան չէր համարձակվում ապստամբել այնքան հաճախ, որքան դա արել էր և հեշտությամբ վերահսկվել է Եգիպտոսի հետագա թագավորների կողմից[19]։

Շինարարական նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թութմոս I-ի կոթողը Կառնակում

Իր գահակալության օրոք Թութմոս I-ն իրականացրել է լայնածավալ շինարարական նախագծեր, այդ թվում՝ բազմաթիվ տաճարներ ու դամբարաններ, սակայն նրա ամենամեծ նախագծերը Կառնակում էին՝ Ինենի ճարտարապետի վերահսկողության ներքո[25]։ Նախքան Թութմոսը Կառնակը հավանաբար կազմված է եղել միայն դեպի կենտրանական հարթակ տանող մի երկար ճանապարհից՝ դրա երկայնքով դասավորված մի քանի սրբավայրերով[26]։ Թութմոսն առաջին թագավորն էր, որը կտրուկ ընդլայնել է տաճարը։ Նա տաճարի գլխավոր ճանապարհի երկայնքով կառուցել է տվել հինգերերդ աշտարակը, որի հետ մի պատ, որը պտտվում է ներքին սրբավայրի շուրջը և երկու դրոշակաձող՝ դարպասի կողքին[26]։ Դրանից դուրս կառուցել է չորրորդ աշտարակն ու ևս մեկ շրջապատող պարիսպ[26]։ Չորրորդ և հինգերորդ աշտարակների միջև կառուցել է մայրու փայտից պատրաստված սյուներով հիպոստիլային սրահ։ Այս ոճի կառույցները տարածված էին հին եգիպտական տաճարներում և ենթադրաբար իրենցից ներկայացրել են արարչագործության եգիպտական խորհրդանիշը[27]։ Այս սրահի եզրերին նա կանգնեցրել է հսկայական արձաններ, որոնցից յուրաքանչյուրը հերթականությամբ կրում էր Վերին Եգիպտոսի և ստորին Եգիպտոսի թագերը[26]։ Եվ վերջապես, չորրորդ աշտարակից դուրս կանգնեցրել է ևս չորս դրոշակաձող[26] ու երկու կոթող, որոնցից մեկը, որն այժմ կանգուն չէ, իր վրա արձանագրություններ չի ունեցել․ արձանագրությունները գրել է Թութմոս III-ը՝ հիսուն տարի անց[25]։ Վերջինս նաև մայրու փայտից պատրաստված սյուներն է փոխարինել քարե սյուներով[25]։ Հատշեպսուտը ևս իր սեփական երկու սյուներն է կառուցել Թութմոս I-ի հիպոստիլային սրահում[26]։

Թութմոս I-ի ստելան Կահիրեի թանգարանում

Բացի Կառնակից Թութմոս I-ը նաև արձաններ է կառուցել Աբիդոսի Էնեադում, կառույցներ Արմանտում, Օմբոսում, Էլ-Հիբայում, Մեմփիսում ու Էդֆուում, ինչպես նաև շենքերի աննշան ընդլայնումներ կատարել Նուբիայում, Սեմնում, Բուխենում, Անիբում և Կուբանում[փա՞ստ]։

Թութմոս I-ը եղել է արքաների հովտում հուղարկավորված առաջին փարավոնը[20]։ Ինենիին հանձնարարվել է փորել այդ դամբարանը և, ենթադրաբար, կառուցել նրա թաղման տաճարը[8]։ Վերջինս չի հայտնաբերվել, թերևս այն պատճառով, որ այն ներառվել է Դեյր Էլ Բահարիում գտնվող Հատշեպսուտի թաղման տաճարի շինարարության մեջ կամ ավերվել է[28]։ Նրա դամբարանը սակայն նույնականացվել է KV38 դամբարանի հետ։ Այնտեղ հայտնաբերվել է Թութմոս I անունը կրող դեղին կվարցիտի սարկոֆագ[5]։ Մարմինը, սակայն, հնարավոր է Թութմոս III-ը տեղափոխած լինի Հատշեպսուտի դամբարան՝ KV20, որտեղ նույնպես Թութմոս I անունը կրող սարկոֆագ կա[20]։

Թութմոս Առաջինի պատկերը

Մահ և հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թութմոս I-ն ի սկզբանե հուղարկավորվել, ապա վերահուղարկավորվել է KV20 դամբարանում իր դստեր՝ Հատշեպսուտի հետ[29]։ KV20 դամբարանի մասին հայտնի է եղել սկսած 1799 թվականի նապոլեոնյան արշավանքներից, իսկ 1844 թվականին պրուսացի գիտնական Կառլ Ռիխարդ Լեփսիուսը մասնակիորեն ուսումնասիրել է նրա վերին անցումը[30]։ Այդուամենայնիվ, դրա բոլոր անցուղիները «արգելափակվել են քարերով, մանր խճերով ու աղբով, որոնք հեղեղաջրերը լցրել են դամբարան», և միայն 1903–1904 թվականների պեղումների շրջանում է Հովարդ Քարթերը, նախորդ երկու շրջանների քրտնաջան աշխատանքից հետո, կարողացել մաքրել միջանցքներն ու մտնել թաղման խցիկ[30]։ Այստեղ, կոտրված խեցեղենի և կոտրված քարե անոթների բեկորների մեջ հայտնաբերվել են թագուհի Ահմոս-Նեֆերտարիի համար պատրաստված երկու ծաղկամանի մնացորդներ․ դրանցից մեկի վրա փորագրություն կա, որ Թութմոս II-ը «պատրաստել է այն որպես հուշարձան իր հայրիկին»[31]։ Թութմոս I-ի անունը կրող այլ անոթներ ևս փորագրվել են նրա որդի և հաջորդող Թութմոս II-ի կողմից, եղել են նաև Հատշեպսուտի համար պատրաստված քարե անոթների բեկորներ, նախքան վերջինիս՝ փարավոն դառնալը, ինչպես նաև այլ անոթներ նրա արքայական «Մաատկարե» անունով, որոնք կարող էին պատրաստված լինել միայն նրա՝ գահ բարձրանալուց հետո[32]։

Հաթշեպսուտն իր օրոք պատրաստված այս քվարցիտե սարկոֆագը նվիրաբերել է իր հոր՝ Թութմոս I-ի՝ արքաների հովտի KV20 դամբարանում վերաթաղման համար (Գեղարվեստի թանգարան, Բոստոն)

Քարթերը, սակայն, թաղման խցում հայտնաբերել է նաև 2 առանձին դագաղներ է։ Հատշեպսուտի գեղեցիկ փորագրված սարկոֆագը «հայտնաբերվել է բաց, առանց մարմնի նշանների և հատակին գցված կափարիչով»․ ներկայումս այն պահվում է Կահիրեի թանգարանում, դեղին կվարցիտի կանոպիկ սափորի հետ[32]։ Երկրորդ սարկոֆագը գտնվել է կողքի վրա ընկած՝ գրեթե չվնասված կափարիչը մոտակայքում պատին հենված․ այն ի վերջո նվիրել են պեղումների ֆինանսական հովանավոր Թեոդոր Մ. Դևիսին՝ որպես երախտագիտության ժեստ նրա առատաձեռն ֆինանսական աջակցության համար[32]։ Դևիսն իր հերթին այն նվիրել է Բոստոնի Գեղարվեստի թանգարանին։ Երկրորդ քվարցիտե սարկոֆագի վրա ի սկզբանե փորագրված էր «Վերին և Ստորին Եգիպտոսի թագավոր Մաատկարե Հատշեպսուտի» անունը[32]։ Այնուամենայնիվ, երբ սարկոֆագն ավարտվել է, Հատշեպսուտը որոշել է իր համար ամբողջովին նոր սարկոֆագ պատվիրել, իսկ արդեն պատրաստի սարկոֆագը նվիրել իր հայրիկին՝ Թութմոս I-ին[32]։ Այնուհետև քարագործները փորձել են ջնջել բնօրինակ փորագրությունները՝ վերականգնելով քվարցիտի մակերեսը, որպեսզի կարողանային փորագրել Թութմոս I-ի անունն ու տիտղոսները։ Այս քվարցիտային սարկոֆագն ունի 7 ոտնաչափ երկարություն և 3 ոտնաչափ լայնություն, 5 դյույմ հաստությամբ պատեր և պարունակում է ձոնման տեքստ, որն արձանագրում է Հատշեպսուտի առատաձեռնությունը հոր հանդեպ.

Կեցցե Կին Հորուսը, Վերին և Ստորին Եգիպտոսի արքա Մաատկարեն, որդին Ռեյի Հաթշեփսուտ-Խնեմեթ-Ամունը։ Հավերժական կյանք նրան։ Նա սա հուշարձան դարձրեց իր հոր համար, ում նա սիրում էր՝ բարի Աստծուն, երկու երկրների տիրակալին, Աախեպերկարեին, Ռե-ի որդի Թութմոս արդարացվածին[33]։

Այնուամենայնիվ, Թութմոս I-ին վիճակված չէր գտնվել իր դստեր կողքին Հատշեփսուտի մահից հետո։ Հատշեպսուտին հաջորդած Թութմոս III-ը որոշել է իր պապաիկին հուղարկավորել ավելի շքեղ դամբարանում՝ KV38-ում, որտեղ ևս առկա է Թութմոս I-ին նվիրված մեկ այլ դեղին սարկոֆագ, որի վրայի փորագրությունները վկայում են այս փարավոնի՝ դեպի իր պապիկը տածած սիրո մասին[34]։ Դժբախտաբար սակայն, Թութմոս I-ի մասունքները քսաներորդ արքայատոհմի օրոք վնասվել են, երբ KV38 դամբարանը թալանվել է․ սարկոֆագի կափարիչը կոտրել են, իսկ թագավորի թանկարժեք զարդերն ու գերեզմանում գտնվող իրերը թալանվել են[34]։

Տեսարան Թութմոս I-ի արձանից․ նա պատկերված է աստվածացման խորհրդանշական սև գույնով, սև գույնը խորհրդանշում է նաև վերածնունդ և վերականգնում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան[35]։ Արձանի վրա պատկերված է փարավոնը աստվածացման սև գույնով, մ․թ․ա․ մոտավորապես 1294–1279 թվականներին, իր մահից ավելի քան երկու դար անց, իրեն նվիրաբերվող ընծաներով և ծեսերով։

Մումիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թութմոս I-ի մումիայի դեմքը

Թութմոս I-ի մումիան, ի վերջո, հայտնաբերվել է Դեյր էլ-Բահարի պահոցում՝ Հաչեփսութ թագուհու տաճարային համալիրի վերևում, որը բացահայտվել է 1881 թվականին։ Նա թաղվել էր 18-րդ և 19-րդ արքայատոհմերի մյուս առաջնորդների՝ Ահմոս I-ի, Ամենհոտեպ I-ի, Թութմոս II-ի, Թութմոս III-ի, Ռամզես I-ի, Սեթի I-ի, Ռամզես II-ի և Ռամզես IX-ի, ինչպես նաև 21-րդ դինաստիայի փարավոնների՝ Պինեդջեմ I-ի, Պինեդջեմ II-ի ու Սիամունի հետ։

Թութմոս I-ի սկզբնական դագաղին տիրացել և այն նորից օգտագործել է 21-րդ դինաստիայի հետագա մի փարավոն։ Ենթադրվում էր, որ Թութմոս I-ի մումիան կորել է, սակայն եգիպտագետ Գաստոն Մասպերոն, հիմնականում Թութմոզ II-ի և Թութմոզ III-ի մումիաների հետ ընտանեկան նմանությունից ելնելով, կարծում էր, որ գտել է նրա մումիան՝ չպիտակավորված #5283 մումիայում[36]։ Այս նույնականացումը հաստատվել է հետագա հետազոտություններով, որոնք ցույց են տալիս, որ զմռսման տեխնիկան առաջացել է համապատասխան ժամանակաշրջանից, գրեթե անկասկած Ահմոս I-ի ժամանակից հետո և արվել է տասնութերորդ արքայատոհմի ընթացքում[37]։

Գաստոն Մասպերոն նկարագրել է մումիան հետևյալ կերպ.

Թագավորն իր մահվան ժամանակ արդեն ավագ տարիքում էր՝ հիսուն տարեկանից բարձր, դատելով նրա մաշված կտրող ատամներից։ Մարմինը, թեև փոքր և նիհարած, ցույց է տալիս անսովոր մկանային ուժ, գլուխը ճաղատ է, դիմագծերը՝ նուրբ, իսկ բերանին դեռևս խորամանկության արտահայտություն է[36]։

Այն, ինչ համարվում էր նրա մումիան, կարելի է տեսնել Կահիրեի եգիպտական թանգարանում։ Սակայն 2007 թվականին հնագետ Զահի Հավասը հայտարարել է, որ նախկինում Թութմոս I-ինը համարված մումիան պատկանել է երեսնամյա մի տղամարդու, որը մահացել է կրծքավանդակի շրջանում ստացած նետի վերքի հետևանքով։ Մումիայի երիտասարդ տարիքի և մահվան պատճառի պատճառով պարզվել է, որ հավանաբար այն Թութմոս I թագավորի մումիան չէ[38]։ Մումիան կրում է CG 61065 գույքագրման համարը[39]։ 2021 թվականի ապրիլին մումիան 17 թագավորների և 4 թագուհիների մումիաների հետ տեղափոխվել է Եգիպտոսի քաղաքակրթության ազգային թանգարան՝ փարավոնների ոսկե շքերթ կոչվող միջոցառման ժամանակ[40]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ranke, Hermann (1935). Die Ägyptischen Personennamen, Bd. 1: Verzeichnis der Namen (PDF). Glückstadt: J.J. Augustin. էջ 408. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. Nicolas Grimal, A History of Ancient Egypt, Librairie Arthéme Fayard, 1988, p. 202.
  3. Ancient Egyptian Chronology, chapter 10: "Egyptian Sirius/Sothic Dates and the Question of the Sirius–Based Lunar Calendar", Rolf Kraus, 2006, pp. 439–57.
  4. [1] Արխիվացված 2016-08-22 Wayback Machine accessed 2 May 2010
  5. 5,0 5,1 Gardiner 1964 p. 176
  6. Bleiberg (2000) p.400
  7. Grimal (1988) p.203
  8. 8,0 8,1 8,2 Gardiner (1964) p.179
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Steindorff (1942) p.36
  10. Erman (1894) p.43
  11. 11,0 11,1 Grimal (1988) p.202
  12. Helk (1983) pp.47-9
  13. «Manetho's Kings». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  14. Jürgen von Beckerath (1997), p.120
  15. 15,0 15,1 Steindorff and Seele (1942) p.34
  16. Lorna Oakes, Pyramids, Temples and Tombs of Ancient Egypt, Hermes House, 2003. p.207
  17. Oakes, op. cit., p.207
  18. Breasted (1906) p.28
  19. 19,0 19,1 19,2 Steindorff and Seele (1942) p.35
  20. 20,0 20,1 20,2 20,3 Shaw and Nicholson (1995) p.289
  21. 21,0 21,1 Davies, Vivian (2017). «Nubia in the New Kingdom: the Egyptians at Kurgus». Nubia in the New Kingdom. Lived Experience, Pharaonic Control and Indigenous Traditions. British Museum Publications on Egypt and Sudan. 3: 65–106.
  22. Erman (1894) p.503
  23. Breasted (1906) p.25
  24. Breasted (1906) p.27
  25. 25,0 25,1 25,2 Breasted (1906) p.41
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 26,5 Grimal (1988) p.300
  27. Shaw (2003) p.168
  28. Gardiner (1964) p.170
  29. Joyce Tyldesley, Hatchepsut: The Female Pharaoh, Penguin Books, hardback, 1996. pp.121-25
  30. 30,0 30,1 Tyldesley, p.122
  31. Tyldesley, pp.123-24
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 Tyldesley, p.124
  33. Tyldesley, p.125
  34. 34,0 34,1 Tyldesley, p.126
  35. «Dragging a Statue of Thutmose I». www.metmuseum.org. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 16-ին.
  36. 36,0 36,1 Maspero, Gaston. History Of Egypt, Chaldaea, Syria, Babylonia, and Assyria, Volume 4 (of 12), Project Gutenberg Ebook, Release Date: December 16, 2005. EBook #17324. https://gutenberg.org/cache/epub/17324/pg17324-images.html#linkCimage-0032
  37. Smith (2000) p.25-28
  38. Anderson, Lisa (2007 թ․ հուլիսի 14). «Mummy awakens new era in Egypt». Chicago Tribune.
  39. Habicht, M.E; Bouwman, A.S; Rühli, F.J (2016 թ․ հունվարի 25). «Identifications of ancient Egyptian royal mummies from the 18th Dynasty reconsidered». Yearbook of Physical Anthropology. 159 (S61): 216–231. doi:10.1002/ajpa.22909. PMID 26808107.
  40. Parisse, Emmanuel (2021 թ․ ապրիլի 5). «22 Ancient Pharaohs Have Been Carried Across Cairo in an Epic 'Golden Parade'». ScienceAlert. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.

Գրականությն ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hatshepsut: from Queen to Pharaoh, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Thutmose I (see index)