Ալանդյան կղզիների պատմություն
Ալանդյան կղզիների պատմություն (շվեդ.՝ Ålands historia), Ալանդյան կղզիների՝ որպես Ֆինլանդիայի ինքնավար նահանգի կազմավորման ու կայացման պատմություն։
Հնագույն ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ Ալանդյան կղզիներում բնակվել են մ.թ.ա. 4-րդ հազարամյակում, որը հիմնավորվում է հնագետների կողմից հայտնաբերված կերամիկական իրերով։
5000 տարի առաջ խեցեգործական կերամիկայի մշակույթի ներկայացուցիչները հիմնականում փոկի որսորդներ էին, այդ իսկ պատճառով նրանց երբեմն անվանում են «Բալթյան ծովի ինուիտներ»։ Գարու, փափուկ ցորենի (Triticum aestivum) և խտահասկ ցորենի (Triticum compactum) հատիկների գտածոները վկայում են այն մասին, որ նրանք զբաղվել են նաև գյուղատնտեսությամբ։ Բուսական մնացորդների մեջ հայտնաբերվել են նաև վայրի խնձորի և մասուրի սերմեր, պնդուկի կեղևներ և պալարավոր գարնանային թզարմատների (Ficaria verna) մնացորդներ: Նախկինում ամենահինն էին համարվում հարավային Ֆինլանդիայի 3500-ամյա հացահատիկները: Չի բացառվում, որ հացահատիկների առանձին տեսակներ օգտագործվել են նաև գարեջուր պատրաստելու համար, սակայն դրա մասին ոչ մի ապացույց չկա[1][2]։
Մ.թ.ա 2400-1500 թվականների ժամանակաշրջաններին են վերաբերվում գիտնականների կողմից հայտնաբերված կիուկայսի մշակույթի կերամիկական արտեֆակտները:
Շվեդական ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալանդյան կղզիները բազմիցս դարձել են ռազմական գործողությունների թատերաբեմ։ Կալմարյան միության ժամանակ Կաստելհոլմ ամրոցը կարևոր ամրություն էր, քանի որ Ստոկհոլմի վրա ազդելու հնարավորություն էր տալիս։ Հատկապես վեճեր էին առաջանում միության դանիական թագավորների և շվեդ կառավարիչների միջև։ Այն բանից հետո, երբ Շվեդիան դուրս եկավ միությունից, այն դարձավ Գուստավ Վասա թագավորի որսատեղին, ում հայրը մի քանի տարի ղեկավարում էր ամրոցը (հնարավոր է, որ տասնամյա Գուստավն ապրել է նրա հետ)։ Այնուհետև Կաստելհոմի ամրոցը դարձավ Կարլ IX-ի և Գուստավ II Ադոլֆի որսատեղին։ 1634 թվականին Կաստելհոլմ ավատը դարձավ Աբո-Բյորնեբորգ ավատի մի մասը՝ դադարեց ինքնավար լինել[3]։
1714-1721 թվականներին Հյուսիսային մեծ պատերազմի ժամանակ Ալանդյան կղզիները գրեթե ամբողջությամբ ավերվեցին Պետրոս Առաջինի զորքերի կողմից և արշիպելագի բնակչությունը փախավ հարևան Շվեդիա։ 1718-1719 թվականներին Լյովյո կղզում տեղի ունեցավ Ալանդական խաղաղության կոնգրեսը, որն ավարտվեց անարդյունք։ 1720 թվականի հուլիսի 27-ին (օգոստոսի 7-ին) արշիպելագի ներսում տեղի ունեցավ Գրենհամի ճակատամարտը: Պատերազմի ավարտից հետո բնակչությունը աստիճանաբար վերադարձավ կղզիներ։ 1741-1743 թվականների ռուս-շվեդական պատերազմի ժամանակ արշիպելագը կրկին ավերվեց, բայց ավելի փոքր չափերով։
1808-1809 թվականների ռուս-շվեդական պատերազմի սկզբում (1808 թվականի մարտ) Ալանդյան կղզիները նվաճվեցին ռուսական բանակի կողմից, բայց 1808 թվականի մայիսին տեղի բնակչության հաջող ապստամբությունը որոշ ժամանակով հնարավոր դարձրեց արշիպելագը վերադարձնել շվեդական վերահսկողության տակ: Ռուսական հրամանատարության ծրագրի համաձայն՝ 1809 թվականին նախատեսվում էր ռազմական գործողությունները տեղափոխել շվեդական տարածք, գրավել Ստոկհոլմը և ոչնչացնել շվեդական նավատորմը։ Այդ նպատակով կազմավորվել է 3 կորպուս։ Բագրատիոնի կորպուսին (15,5 հազար հետևակ, մինչև 2 հազար հեծելազոր, 20 հրանոթ) վստահվել էր Ալանդյան կղզիները գրավելու և Բոտնիկի ծոցի սառույցներով շվեդական ափ հասնելու գործողությունը։
Հյուսիսային ջոկատը պետք է շարժվեր դեպի Տորնեո, գրավեր այնտեղի առևտրական օբյեկտները և շարժվեր դեպի Ումեո քաղաք, միանալու մեկ այլ ջոկատի, որին հանձնարարվել էր գնալ այնտեղ Վաասայից Բոտնիական ծոցի սառույցներով Կվարկենյան կղզիների մոտով ( Կվարկենի նեղուցով), վերջապես երրորդ ջոկատը պետք է հարձակվեր Ալանդյան կղզիների վրա, հետո բոլոր երեք ջոկատները պետք է շարժվեին դեպի Ստոկհոլմ։
Ալանդյան կղզիները պաշտպանում էին գեներալ Դյոբելնի շվեդական կորպուսը (6 հազար մարդ) և 4 հազար զինված տեղաբնակներ։ 1809 թվականի փետրվարի վերջին Բագրատիոնի կորպուսը Աբոյի շրջանից (այժմ՝ Տուրկու, Ֆինլանդիա) շարժվեց դեպի իր սկզբնակետը՝ Կումլինգե կղզին։ Մարտի 3-ին (15) նա հարձակման անցավ չորս շարասյունով ճակատից արևելքից, իսկ 5-րդ շարասյունը շրջանցեց Ալանդյան կղզիները հարավից։ Հակառակորդը սկսեց հապճեպ նահանջել. 5-րդ շարասյան առաջապահներին հաջողվել է շրջապատել և գրավել շվեդական թիկունքը Սիգնիլշեր կղզում։ 1809 թվականի մարտի 6-ին (18) Բագրատիոնի կորպուսը գրավեց Ալանդյան կղզիները, գերեվարեց ավելի քան 2 հազար զինվոր, 32 հրանոթ և ավելի քան 150 նավ։
Դա ստիպեց Շվեդիայի կառավարությանը հանդես գալ խաղաղության առաջարկով։ Շվեդական լիազոր ներկայացուցիչը Ալանդյան կղզիներ էր ժամանել Զյուդերմանլանդի դուքսի նամակով, որտեղ հայտարարվում էր խաղաղություն հաստատելու ցանկության մասին՝ պայմանով, որ ռուսական զորքերը չանցնեն շվեդական ափը:
Ռուսական կայսրության կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]1809 թվականին, 1809 թվականի սեպտեմբերի 17-ի Ֆրիդրիկսհամի խաղաղության պայմանագրի համաձայն, արշիպելագը մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ՝ որպես Ֆինլանդիայի Մեծ Դքսության մաս։ Ալանդներում իշխանության առաջին ռուս ներկայացուցիչը Միխայիլ Բարկլայ-դը-Տոլին էր։ Հենց նրան էր պատկանում արշիպելագն ամրապնդման գաղափարը, սակայն բոլոր աշխատանքները դադարեցին հրամանատարի մահից հետո[3]:
1832 թվականին կղզիներում կառուցվել էր ռուսական Բոմարսունդ ռազմական ամրոցը, որի շուրջն էլ առաջացել էր Սկարպանս կայազորային քաղաքը։ Ղրիմի պատերազմի ժամանակ բերդը գրավվել է անգլո-ֆրանսիական դեսանտի կողմից։ 1856 թվականի մարտի 30-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև կնքվեց համաձայնագիր կղզիներում ռազմական ամրությունների կառուցման և ռազմական ուժեր տեղակայելու անթույլատրելիության մասին՝ Ալանդական սերվիտուտը։
Հակառակ սերվիտուտի, 1906 թվականին ռուս զինվորները հայտնվեցին արշիպելագում, ովքեր պատասխանատու էին կապի միջոցների և նավարկման ուղիների ուսումնասիրման համար: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորախումբը զգալիորեն ավելացավ, ինչը կապված էր Պյոտր Մեծ ամրոցի ալանդական ամրությունների կառուցման հետ։
Ինքնավարության շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականի մարտին, Ռուսաստանում միապետության անկումից հետո, Ալանդյան կղզիների բնակչությունը, վախենալով շվեդական լեզվի և մշակույթի անվտանգության համար, փորձեր ձեռնարկեց վերամիավորվել Շվեդիայի հետ, ինչի կապակցությամբ ալանդական գավառ-համայնքների ներկայացուցիչները հանրագիր ներկայացրին Շվեդիայի թագավորին և կառավարությանը՝ Ալանդները իրենց հովանավորության տակ ընդունելու խնդրանքով: Սկսվեց ողջ չափահաս բնակչության ստորագրահավաքը, սակայն 1917 թվականի դեկտեմբերի 6-ին Ֆինլանդիան հայտարարեց Ռուսաստանից իր անկախության մասին, այդ պատճառով էլ Ալանդը զրկվեց ինքնորոշման իրավունքից։ 1918 թվականի հունվարի 4-ին Շվեդիան և Ռուսաստանը ճանաչեցին Ֆինլանդիայի անկախությունը և նրա կազմում ընդգրկվեցին արշիպելագի կղզիները, ինչը բողոքի ալիք առաջացրեց ինչպես Ալանդյան կղզիների, այնպես էլ Շվեդիայի մայրցամաքային բնակչության շրջանում: Շվեդական զորքերը դեսանտ իջեցրեցին կղզիների վրա և բարձրացրեցին իրենց դրոշը, որը բաղկացած էր երեք շերտերից՝ վերին կապույտ, միջին ոսկե և ստորին կապույտ:
1919 թվականի հունիսին կղզիների կարգավիճակի վերաբերյալ տեղի ունեցած հանրաքվեն բացահայտեց ալանդացիների 95,48%-ի ցանկությունը, ովքեր քվեարկել էին արշիպելագը Շվեդիայի մաս դառնալու օգտին։ 1920 թվականի մայիսին Ֆինլանդիայի խորհրդարանն ընդունեց «Օրենք Ալանդյան կղզիների ինքնավարության մասին» և կղզիներին շնորհեց ինքնավարության կարգավիճակ, սակայն օրենքը չընդունվեց Ալանդի բնակչության կողմից, ինչը հանգեցրեց այսպես կոչված Ալանդական ճգնաժամին։ Դեռևս 1918 թվականին ընտրված Ալանդիայի խորհրդարանում բուռն բանավեճեր տեղի ունեցան, որոնք ավարտվեցին երկու առաջնորդների՝ Սունդբլումի և Բյորքմանի ձերբակալությամբ՝ դավաճանության մեղադրանքով։
Մեծ Բրիտանիայի միջնորդությամբ հարցը քննարկվել էր Ազգերի լիգայի երկու նիստերի ընթացքում և ավարտվել 1921 թվականի հունիսի 24-ին Ալանդական կոնվենցիայի ստորագրմամբ, համաձայն որի որոշվել էր արշիպելագը թողնել Ֆինլանդիայի վերահսկողության ներքո, տրամադրելով ինքնավարության կարգավիճակ։ Երեք օր անց Շվեդիան և Ֆինլանդիան ստորագրեցին «Ալանդյան համաձայնագիր»-ը՝ կղզիների կարգավիճակի վերաբերյալ խաղաղության պայմանագիրը։
1921 թվականի հոկտեմբերի 20-ին տասը պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Էստոնիայի ներկայացուցիչներ Ժնևում ստորագրեցին Ալանդյան կղզիների ապառազմականացման և չեզոքության մասին կոնվենցիան: Նշված կոնվենցիան չէր ստորագրվել Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից, քանի որ այն համարվել էր ռուսական պետության շահերին հակասող։ Սակայն, 1940 թվականի Ալանդյան կղզիների վերաբերյալ Մոսկվայի համաձայնագիրը և 1947 թվականի Փարիզի խաղաղության պայմանագիրը պարունակում են դրույթներ կղզիների ապառազմականացման մասին, սակայն այդ փաստաթղթերում չկա չեզոքության կարգավիճակի մասին հիշատակում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Ֆինլանդիան ամրություններ էր կառուցել կղզիներում (խախտելով կոնվենցիան), բայց խորհրդային-ֆիննական պատերազմից հետո ընդունված պայմանագրերի համաձայն Ֆինլանդիան պարտավոր էր ապառազմականացնել կղզիները։ Սակայն մի քանի ամիս անց ֆիննական կողմը խախտեց այդ պայմանագիրը։ Մի քանի տարի անց Ֆինլանդիան, մասնակցելով նացիստական Գերմանիայի կողմից պատերազմին, ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի հետ զինադադարից հետո ստորագրեց եռակողմ պայմանագիր Ալանդյան կղզիների տարածքում ռազմական գործողությունների անթույլատրելիության կարգավիճակի վերականգնման մասին։
1954 թվականից Ալանդյան կղզիներն ունեն իրենց դրոշը, իսկ 1984 թվականի մարտի 1-ին Ալանդները սկսեց թողարկել իր սեփական փոստային նամականիշերը։
Ներկայումս արշիպելագի բնակիչները (ինչպես նաև նրանք, ովքեր կղզիներ են տեղափոխվել մինչև տասներկու տարեկանը լրանալը) չեն զորակոչվում զինվորական ծառայության։ Ալանդի քաղաքացիներին արգելվում է ցանկացած հրազեն կրելը և պահելը (բացի որսորդականից): Բացառություն է արվել միայն ոստիկանների համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ A 5,000-year-old barley grain discovered in Finland changes understanding of livelihoods Արխիվացված է Ապրիլ 9, 2019 Wayback Machine-ի միջոցով:, APRIL 4, 2019
- ↑ Santeri Vanhanen et al. Maritime Hunter-Gatherers Adopt Cultivation at the Farming Extreme of Northern Europe 5000 Years Ago, Scientific Reports (2019).
- ↑ 3,0 3,1 Алексей Востров Аланды. Острова мира и раздора. — Санкт-Петербург: Остров, 2018. — 304 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալանդյան կղզիների պատմություն» հոդվածին։ |
|