Աբրահամ Գուրգենյան
Աբրահամ Գուրգենյան | |
---|---|
Ծնվել է | 1908 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Վախճանվել է | 1991 |
Մահվան վայր | Կիպրոս |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | նկարիչ |
Աբրահամ Գուրգենյան (1908, Թեհրան, Իրան - 1991, Կիպրոս), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբրահամ Գուրգենյանը ծնվել է 1908 թվականին Թեհրանում։ Մանուկ հասակում որբացել է և ուղարկվել Նոր Ջուղայի սուրբ Ամենափրկիչ վանք` որպես գիշերօթիկ դպրոցի աշակերտ, որտեղ սովորել է 9 տարի։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Թեհրան, աշխատել լուսանկարչի մոտ որպես ռետուշյոր, զբաղվել նկարչությամբ և հայկական ու պարսկական մանրանկարչության ուսումնասիրությամբ, ուսումնասիրել է հայկական և իրանական կենցաղային սյուժեներ, աշխատել է Սաադիի, Նիզամիի, Օմար Խայամի, Սայաթ Նովայի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների նկարազարդումների վրա։ Եղել է Դերվիշի աշակերտը[1]։
40 տարեկան հասակում Գուրգենյանը սկսել է ուսումնասիրել Սպահանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թանգարանի հին ձեռագրերը։ Հեղինակել է կտավների շարք, որտեղ արտացոլված են Նոր Ջուղայի հայերի կյանքը, պատմությունը, տարազները, Ջուղայի կրոնական և անվանի դեմքերը, գերեզմանաքարերը։ Գուրգենյանի նպատակն է եղել այդ կոթողները փրկել մոռացումից ու կործանումից։
Ջուղայի հայերի կյանքի մասին պատմող Գուրգենյանի ստեղծագործությունները պահվում են Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թանգարանում, իրանահայերի կյանքի մասին պատմող կտավները պահվում են Սուրբ Էջմիածնի թանգարանում[2], կտավների մի մասն էլ գտնվում են Բեյրութի «Մարտիկյան» թանգարանում։
Գուրգենյանը մահացել է 1991 թվականին Կիպրոսում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուրգենյանը ցուցահանդեսների է մասնակցել Ջուղայում, Թեհրանում, Միջին Արևելքի երկրներում, Հռոմում, Վիեննայում։ Գուրգենյանի «Նոր Ջուղայի գերեզմանաքարերը» նկարների ժողովածուն ներկայացվել է Շվեդիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
- ↑ Նկարիչ Աբրահամ Գուրգենյան(չաշխատող հղում)