Սեմյուել Մորզե
| Սեմյուել Մորզե | |
|---|---|
նկարիչ, գյուտարար |
|
| ԱԱՀ՝ | Սեմյուել Մորզե |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 27, 1791 |
| Ծննդավայր՝ | Մասսաչուսեթս, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | ապրիլի 2, 1872 |
| Վախճանի վայր՝ | Նյու Յորք, ԱՄՆ |
Մորզե Սեմյուել Ֆինլի Բրիզ (անգլ.՝ Samuel Finley Breese Morse , ապրիլի 27 1791 թ. - ապրիլի 2 1872 թ.), ամերիկացի նկարիչ և հեռագրության բնագավառի գյուտարար: Նյու Յորքի նկարի ազգային ակադեմիայի հիմնադիրներից է և առաջին նախագահը: 1837 թվականին հայտնագործել է էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը, իսկ 1838 թվականին՝ այդ ապարատի համար մինչև այժմ կիրառվող հեռագրական կոդը, որը կոչվում է Մորզեի կոդ:
Կենսագրությունը [խմբագրել]
Սեմյուել Մորզեն ծնվել է 1791 թվականին Մասսաչուսեթսում, հարուստ ամերիկյան ընտանիքում: Հայրը հայտնի աշխարհագրագետ էր և հոգևորական: Երիտասարդ Սեմյուելը քոլեջը ավարտելուց հետո Բոստոնում կլերկ է աշխատում, բայց նկարչությամբ ոգևորված 1811 թվականին մեկնում է Անգլիա՝ արվեստ ուսանելու: 1813 թվականին Մորզեի Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիային ներկայացված «Մահացող Հերակլեսը» նկարը ոսկե մեդալի է արժանանում, սակայն 1815 թվականին ԱՄՆ վերադարձած նկարիչը գնահատականի չի արժանանում: Տաս տարի Մորզեն համեստ կյանք է վարում, ապրուստի միջոց հայթայթելով դիմանկարչությամբ:
Սեմյուել Մորզեն լինելով շփվող և ընկերասեր մարդ, ծանոթություններ է հաստատում և Նյու Յորքում նկարում բազմաթիվ դիմապատկերներ: Նրա ընկերների շարքում էին քաղաքագետ Լաֆայետը, վիպասան Կուպերը և անգամ ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը: 1825 թվականին Սեմյուել Մորզեն հիմնում է Նյու Յորքի նկարի ազգային ակադեմիան (անգլ.՝ National Academie of Sesing) և դառնում առաջին նախագահը: 1829 թվականին նրան գործուղում են Եվրոպա, ուսումնասիրելու նկարչական դպրոցների կազմակերպումը:
Երկրորդ ճանապարհորդության ժամանակ Մորզեն ծանոթանում է Դագերի հետ և հետաքրքրվում էլեկտրականության ասպարեզում վերջին հայտնագործություններով: Մինչև 1836 թվականը Մորզեն դասավանդում է գեղանկար և զբաղվում քաղաքականությամբ: Երբ նրան ցույց են տալիս հեռագրի մոդելը, նա ամբողջովին տարվում է գյուտարարությանը: 1837 թվականին Մորզեն զարգացնում է հեռագրում կետերի և գծերի օգտագործման գաղափարը. որը աշխարհում հայտնի է որպես Մորզեի այբուբեն: Նրան հաջողվեց ամերիկյան կոնգրեսից որոշ մարդկանց հետաքրքրել իր գաղափարներով և 1843 թվականին ստացավ 30000 $՝ Բալթիմորից Նյու Յորք հեռագրական գիծ կառուցելու համար: 1844 թվականի մայիսի 24-ին գիծը աշխատեց և Մորզեն ներքաշվեց դատական քաշքշուկների մեջ: Երկար պայքարից հետո՝ 1854 թվականին Գերագույն դատարանը ճանաչեց Սեմյուել Մորզեի հեղինակային իրավունքները:
Թերթերը, երկաթգիծը և բանկերը միանգամից օգտագործում գտան հեռագրին: Հեռագրագծերը պատեցին աշխարհը և Մորզեի փառքն ու դրամագլուխը բազմապատկվեցին: 1858 թվականին տաս Եվրոպական երկրներից իր գյուտի համար ստացավ 400 000 ֆրանկ: Կյանքի վերջում Մորզեն զբաղվում էր բարեգործությամբ՝ հոգում էր դպրոցների, համալսարանների , հոգևորականների և աղքատ նկարիչների ծախսերը: Մահացել է 1872 թվականին 81 տարեկան հասակում: Հեռախոսի, ռադիոյի և հեռուստատեսության գյուտերից հետո հեռագրի գյուտը հետին պլան մղվեց, բայց Մորզեի հիասքանչ դիմապատկերները հայտնի են ողջ աշխարհին: Սեմյուել Մորզեի 1837 թվականի հեռագրական ապարատը պահպանվում է ԱՄՆ Ազգային թանգարանում, իսկ քաղաքամերձ տունը պահպանվում է որպես պատմական հուշարձան: