Ռոբերտ Մուզիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Մուզիլ

Ռոբերտ Մուզիլ (գերմ. Robert Musil, 1880, նոյեմբեր 6 - 1942, ապրիլ 15), ավստրիացի գրող:

Կյանքի ժամանակագրություն [խմբագրել]

  • 1880 - Ծնվել է Ավստրիայի Քլանգեֆուրտ քաղաքում, ինժեներ Ալֆրեդ Մուզիլի և նրա կնոջ` Հերմինեի (օրիորդական ազգանունով` Բերգաուեր) ընտանիքում: Հայրը սերում էր մի հին ավստրիական ընտանիքից, մոր նախնիները Բոհեմիայի գերմանացիներ էին: Ռոբերտ Մուզիլը մկրտվում է կաթոլիկական ծեսով:
  • 1881 - 1882 - Մուզիլների ընտանիքը տեղափոխվում է Կոմոտաու (Բոհեմիա):
  • 1882 - 1891 - Շտայր (Վերին Ավստրիա): Հաճախում է տեղի ժողովրդական դպրոցը և ռեալական գիմնազիայի առաջին դասարանը:
  • 1891 - 1892 - Բրյունն: Հաճախում է տեղի ռեալական դպրոցը:
  • 1892 - 1894 - Հաճախում է Այզենշտադի Զինվորական տարրական դպրոցը:
  • 1894 - 1897 - Հաճախում է Մեհրիշ-Վայսքիրխընի (Հրանիկե) Զինվորական բարձրագույն դպրոցը: Զբաղվելով հրետանային գործով` Մուզիլը բացահայտում է իր տեխնիկական ընդունակություններն ու հետաքրքրությունները:
  • 1897 - Ուսանում է Վիեննայի Տեխնիկական Զինվորական ակադեմիայում:
  • 1898 - 1901 - Սպայական կրթության ընդհատումը: Մեքենաշինություն է ուսանում Բրյուննի Տեխնիկական Բարձրագույն դպրոցում, ուր 1890-ից Մուզիլի հայրը աշխատում էր որպես պրոֆեսոր: Առաջին ստեղծագործական փորձերը:
  • 1901, հուլիս - Պետական քննություն է հանձնում ինժեների որակավորում ստանալու համար:
  • 1902 - 1903 - Ուսանում է Շտուտգարտի Բարձրագույն Տեխնիկական դպրոցում: Աշխատում է «Գիշերօթիկի սան Թյորլեսի մտատանջությունները» ինքնակենսագրական բնույթի վեպի վրա:
  • 1903 - 1908 - Փիլիսոփայություն, հատկապես տրամաբանություն և փորձարարական հոգեբանություն է ուսանում Բեռլինի համալսարանում:
  • 1904 - Մուզիլը հասունության քննություն է հանձնում Բրյուննի գերմանական պետական գիմնազիայում:
  • 1905 - «Մարդը առանց հատկությունների» վեպի ծրագրերի առաջին հիշատակությունը օրագրերում:
  • 1906 - Մուզիլը լույս է ընծայում իր անդրանիկ վեպը` «Գիշերօթիկի սան Թյորլեսի մտատանջությունները» վերնագրով: Նույն թվականին էլ Մուզիլը պատրաստում է մի փոփոխարկվող հոլ` մարդկանց գունային ընկալումների հետազոտման նպատակով (այդ սարքավորումն էլ այդպես էլ կոչվում է` մուզիլյան գունահոլ):
  • 1908 - Դիսերտացիա է պաշտպանում միանգամից երեք մասնագիտությունների գծով` փիլիսոփայություն, ֆիզիկա, մաթեմատիկա` «Մախի ուսմունքի գնահատման խնդրի շուրջ» վերնագրով:
  • 1909 - 1914 - Մինչև առաջին աշխարհամարտը աշխատակցում է մի շարք պարբերականների:
  • 1911 - Լույս է ընծայում «Միացումներ» ժողովածուն: Ամուսնանում է Մարթա Մարկովալդիի (օրիորդական ազգանունով` Հայմանն) հետ:
  • 1914 - 1918 - Պատերազմն սկսում է որպես կրտսեր սպա և ավարտում կապիտանի աստիճանով, այդ ամբողջ ընթացքում հիմնականում գտնվելով իտալական ճակատում:
  • 1918 - 1920 - Պատերազմի ընթացքում և հետո` մինչև 1920 թ. շարունակում է գրահրապարակախոսական գործունեությունը:
  • 1921 - 1923 - Բեռլին կատարած մի քանի այցելությունից հետո` հիմնականում հաստատվում է Վիեննայում` դառնալով ազատ ստեղծագործող: Աշխատում է «Մարդը առանց հատկությունների» վեպի վրա:
  • 1921 - Լույս է ընծայում «Երազողները» դրաման:
  • 1923 - 1929 - Ավստրիայի գերմանացի գրողների միության փոխնախագահն է: Նախագահն էր Հուգո ֆոն Հոֆմաննսթալը:
  • 1924 - «Երեք կին» նովելաշարի համար արժանանում է Վիեննա քաղաքի հատուկ գրական մրցանակին:
  • 1927 - Ռայներ Մարիա Ռիլկեի մահվան կապակցությամբ ճառ է արտասանում Բեռլինում:
  • 1929 - «Երազողները» դրամայի համար արժանանում է Գերհարտ Հաուպտմանի անվան մրցանակին:
  • 1931 - Լույս է տեսնում «Մարդը առանց հատկությունների» վեպի առաջին հատորը և մեծ հաջողություն ունենում, չնայած գրողի նյութական վիճակը շարունակում է ծանր մնալ;
  • 1931 - 1933 - Մուզիլն ապրում է Բեռլինում և շարունակում է աշխատանքը «Մարդը առանց հատկությունների» վեպի վրա:
  • 1932 - Կուրտ Գլազերի ջանքերով Բեռլինում ստեղծվում է Մուզիլյան ընկերությունը, որի ֆինանսական օգնության շնորհիվ Մուզիլը հնարավորություն է ստանում շարունակել աշխատանքը վեպի վրա:
  • 1933 - Լույս է տեսնում վեպի երկրորդ հատորի առաջին մասը: Երրորդ ռայխի հիմնադրումից հետո գրողը թողնում է Գերմանիան և վերադառնում Վիեննա, ուր և շարունակում է աշխատանքը վեպի վրա` նյութական մեծ դժվարություններ կրելով:
  • 1934 - 1938 - Բեռլինի Մուզիլյան ընկերության լուծարումից հետո` Վիեննայում հիմնված մի նոր Մուզիլյան ընկերությունը իր կանոնավոր նյութական օժանդակությամբ հնարավորություն է տալիս Մուզիլին շարունակել աշխատանքը վեպի վերջին` երրորդ մասի վրա:
  • 1936 - Հրապարակում է «Ժառանգություն կենդանության օրոք» ժողովածուն: Սրտի կաթված է ստանում:
  • 1938 - Վիեննայից գաղթում է Ցյուրիխ, այդ ընթացքում կարճ ժամանակ անցկացնելով Իտալիայում: Մուզիլի գրքերի վրա արգելք է դրվում Գերմանիայում և Ավստրիայում:
  • 1939 - Տեղափոխվում է ժնև: Դարձյալ ծանր նյութական դրության մեջ և փոքր քանակի դրամական օժանդակությամբ` միայնության մեջ շարունակում է աշխատանքը վեպի վրա:
  • 1942 - Ապրիլի 15-ին մահանում է Ժնևում:
  • 1943 - Կինը` Մարթա Մուզիլը ինքնահրատով լույս է ընծայում «Մարդը առանց հատկությունների» վեպի վերջին մասի անավարտ հատվածները:
  • 1952 - 1957 - «Ռովոլտ» հրատարակչությամբ լույս է ընծայվում Ադոլֆ Ֆրիզեի նախապատրաստած վեպի եռահատոր հրատարակությունը:[1],

Ռոբերտ Մուզիլը հայերեն [խմբագրել]

  • Ռոբերտ Մուզիլ, Երեք կին (նովելներ և էսսեներ), Երևան, «Նաիրի», 1994, 148 էջ: Գերմ. թարգ. Աշոտ Ալեքսանյանը:
  • Ռոբերտ Մուզիլ, Մարդն առանց հատկությունների (հատվածներ վեպից), Երևան, 2003: Գերմ. թարգմ. Աշոտ Ալեքսանյանը:
  • Ռոբերտ Մուզիլ, Ճշգրտություն և հոգի (երկերի ժողովածու), Երևան, 2004: Գերմ. թարգմ. Աշոտ Ալեքսանյանը:

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Ռ. Մուզիլ (1994)։ Երեք կին։ Երևան: «Նաիրի», էջ 144-146։