Ջերոլամո Կարդանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերոլամո Կարդանո

Ջերոլամո Կարդանո (Cardano) (մոտ 1501-1576), իտալացի փիլիսոփա, մաթեմատիկոս, բժիշկ։ Վերածննդի դարաշրջանի բնափիլիսոփայության ներկայացուցիչ։ Կարդանոյի աշխարհայացքին բնորոշ պանթեիզմը և հիլոզոիզմը ներծծված է մատերիալիստական միտումներով, դիալեկտիկայի, բայց միաժամանակ միստիկայի տարրերով։ Բոլոր իրերի հիմքը, ըստ նրա, կազմում է երբեք չառաջացող և չոչնչացող միասնական մատերիան, իսկ նյութի ստեղծումը և ոչնչացումը համաշխարհային ոգու գոյության և գործունեության արդյունք է։ Կենդանական աշխարհի, դրանով և ողջ բնության բարձրագույնը մարդն է, որն ունակ է նպատակադիր գործունեության և ունի անփոփոխ ու անմահ բանական հոգի կամ խելք։ Կարդանոն խելքը տարբերում է ինտելեկտից, որը համարում է մարդկային գիտակցության ակտիվ տարր։ Մարդու բանական գործունեության հիմքը աստվածայինն է։ Մաթեմատիկան, ըստ Կարդանոյի, իմացության բարձրագույն ձևն է, ինտելեկտի արդյունքը։ Կարդանոն զբաղվել է աստղագիտության, ալքիմիայի, բժշկագիտության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինժեներության և այլ հարցերով։ Կարդանոյի անվան հետ են կապում ոչ լրիվ խորանարդային հավասարման լուծումը, որը կոչվում է Կարդանոյի բանաձև։ Զբաղվել է նաև շարժման փոխանցման, լծակների տեսության (կարդանային փոխանցում) հարցերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png