Պորտալ:Բասկետբոլ/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լոս Անջելես Լեյքերս» (անգլերեն՝ Los Angeles Lakers), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևմտյան կոնֆերենցիայի խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում։ Տեղակայված է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Համարվում է լիգայի պատմության ամենահաջող ակումբներից մեկը։

Ակումբի հիմնադրումը տեղի է ունեցել 1947 թվականին, երբ Բասկետբոլի ազգային լիգայից (NBL) ձեռք է բերվում «Դետրոյթ Ջեմզ» կոչվող լուծարված ակումբը։ Նոր թիմն սկսում է ներկայացնել Մինեապոլիս քաղաքը (Մինեսոտա նահանգ)՝ կրելով «Մինեապոլիս Լեյքերս» անվանումը՝ ի պատիվ Մինեսոտա նահանգի «10 000 լճերի երկիր» ("Land of 10,000 Lakes") մականվանը։ Սկզբնապես հանդես գալով Բասկետբոլի ազգային լիգայում, «Լեյքերսը» 1948 թվականին նվաճում է NBL չեմպիոնական տիտղոսը, այնուհետև տեղափոխվում Ամերիկյան բասկետբոլային ասոցիացիա (BAA)՝ հաղթելով ևս հինգ չեմպիոնական տիտղոս։ 1950-ական թվականներին ակումբը թևակոխում է ֆինանսական ձախողումների ժամանակաշրջան, և 1960-61 մրցաշրջանին ընդառաջ որոշում է կայացվում այն տեղափոխել Լոս Անջելես։

Բասկետբոլի փառքի սրահի ապագա անդամներ Էլջին Բեյլորի և Ջերի Ուեսթի առաջնորդությամբ «Լեյքերսը» 1960-ականներին վեց անգամ կարողանում է դուրս գալ NBA-ի գերեզրափակիչ, սակայն ամեն անգամ պարտվում է Արևելյան կոնֆերենցիան ներկայացնող «Բոստոն Սելտիքսին»։ 1968 թվականին թիմի կազմը համալրում է լեգենդար կենտրոնական Ուիլթ Չեմբեռլենը, ում առաջնորդությամբ «Լեյքերսը» 1972 թվականին նվաճում է թվով վեցերորդ (ինչպես նաև առաջինը Լոս Անջելես տեղափոխվելուց ի վեր) չեմպիոնական տիտղոսը։ Ուեսթի և Չեմբեռլենի մարզական կարիերաների ավարտից հետո, «Լեյքերսը» ձեռք է բերում Քարիմ Աբդուլ-Ջաբարին։ 1980-ականներին թիմի ավագի դերն է ստանձնում խաղարկող Մեջիք Ջոնսոնը, ում շնորհիվ ակումբը նվաճում է NBA-ի ևս 5 չեմպիոնական գավաթ։ Չեմպիոնական հաղթարշավում մեծ դերակատարում է ունենում նաև մարզիչ Փեթ Ռայլին։ 1996 թվականին «Լեյքերսի» կազմն են համալրում Շաքիլ Օ'Նիլը և Կոբի Բրայանտը։ Օ'Նիլի, Բրայանտի և մարզիչ Ֆիլ Ջեքսոնի առաջնորդությամբ ակումբը երեք տարի անընդմեջ նվաճում է NBA-ի առաջնությունը՝ 2000, 2001 և 2002 թվականներին։ Պարտվելով 2004 և 2008 թվականների գերեզրափակիչներում, «Լեյքերսը» կարողանում է հաղթանակած դուրս գալ 2009 և 2010 թվականներին՝ նվաճելով 16-րդ ու թերևս վերջին չեմպիոնական տիտղոսը։

Տան հանդիպումները «Լեյքերսն» անցկացնում է «Ստեյփլս սենթր» մարզապալատում։ (մանրամասն...)