Շահեն Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահեն Պողոսյան
Ծնվել է1917
ԾննդավայրՄարտակերտի շրջան, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա (1953)
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրՀԱՊՀ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Շահեն Արսենի Պողոսյան (1917, Մարտակերտի շրջան, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։ ԽՄԿԿ անդամ (1941): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահեն Պողոսյանը ծնվել է 1917 թվականի դեկտեմբերի 29-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջկենտրոնում։ 1932 թվականին ավարտել է Ստեփանակերտի երկրորդ աստիճանի միջնակարգ դպրոցը։ 1933 թվականին աշխատել է Վանք գյուղի դպրոցում, դասավանդել մաթեմատիկա և աշխարհագրություն։ 1934 թվականին ընդունվել է Ադրբեջանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական, իսկ երկու տարի անց՝ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետները։ 1939 թվականին ավարտել է պատմաաշխարհագրական ֆակուլտետը և փոխադրվել ֆիզիկամաթեմատիկականի 3-րդ կուրսը[1]։

Պողոսյանը կարմիր բանակ է զորակոչվել 1939 թվականի հոկտեմբերին։ Մասնակվել է սպիտակ ֆինների դեմ մղված պատերազմին։ 1941 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Հայրենական պատերազմի հենց սկզբից Պողոսյանը թշնամու դեմ կռվել է Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատի պսկովյան և նովգորոդյան ուղղություններում, հրետանային 5-րդ գնդում եղել է դասակի հրամանատար։ Օգոստոսին նշանակվել է քաղաշխատող և գործուղվել Արևմտյան ռազմաճակատ։ 112-րդ բրիգադի կազմում մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը, իսկ այնուհետև՝ Մոսկվայի մոտ հիտլերյան հրոսակների ջախջախմանը։ 1942 թվականի հունվարից մինչև 1944 թվականի ապրիլը ծառայել է Արևմտյան, ապա՝ 3-րդ Բելոռուսական ռազմաճակատներում։ Մասնակցել է Վյազմայի, Սմոլենսկի, Օրշայի, Բորիսովի, Մինսկի, Արևելյան Պրուսիայի, ինչպես նաև Լեհաստանի ազատագրմանը։ Պողոսյանը գործուղվել է Մ. Ի. Կալինինի անվան ռազմամանկավարժական ինստիտուտ, որն ավարտել է 1946 թվականին։ Խորհրդային բանակում Պողոսյանը ծառայել է մինչև 1961 թվականը։ 1953 թվականին ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան։ Պողոսյանը մարտական գործողություններում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի կրկնակի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով, «Արիության համար», «Մարտական ծառայությունների համար» և այլ մեդալներով։ Պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով[1]։

1961 թվականին փոխգնդապետի աստիճանով Պողոսյանը զորացրվել է բանակից և մշտական բնակություն հաստատել Երևան քաղաքում։ Աշխատել է Սովետաշենի հատուկ գիշերօթիկ դպրոցում, 1962 թվականից եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ԽՄԿԿ պատմության ամբիոնի դասախոս[1]։

1970 թվականին պաշտպանել է դիսերտացիա և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1972 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի կրկնակի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Արիության համար» մեդալ
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինյան վերահսկողությունը գործողության մեջ։ Հայաստանի ԿՎՀ-ի և ԲԳՏ-ի գործունեության պատմությունը 1920-1934։ Երևան, Հայաստան, 1978 (համահեղինակ)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
  2. Պողոսյան, Շահեն Արսենի (1978). Այվազյան, Ռ Ա (ed.). Լենինյան վերահսկողությունը գործողության մեջ։ Հայաստանի ԿՎՀ-ի և ԲԳՏ-ի գործուն. պատմ. 1920-1934. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)