Միզամուղ դեղամիջոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միզամուղ միջոցները դիուրետիկներ են, օրգանիզմից մեզի հեռացումն արագացնող, հյուսվածքներում և շճային խոռոչներում հեղուկների քանակությունը պակասեցնող միջոցներ։ Օրգանիզմից նատրիումի իոնների հեռացումն ուժեղացնող միզամուղ դեղամիջոցները կոչվում են նատրիուրետիկներ, որոնք օգտագործվում են սիրտ-անոթային համակարգի, լյարդի, երիկամների այտուցներով ուղեկցվող հիվանդությունների դեպքում։ Ըստ ազդեցության մեխանիզմների միզամուղ դեղամիջոցները լինում են՝ երիկամային, որոնք ազդում են ուղղակի երիկամների վրա, չափազանց արդյունավետ են, և արտաերիկամային, որոնց միզամուղ ազդեցությունն իրագործվում է օրգանիզմի այլ համակարգերի միջոցով։ Երիկամային միզամուց միջոցներ են՝ սնդիկային մի շարք պատրաստուկները (մերկուզալ, նովուրիտ), կարբոանհիդրազի ինհիբիտորները (դիակարբ, դիքլորֆենամիդ), որոնք ուժեղացնում են օրգանիզմից բիկարբոնատների հեռացումը, պակասեցնում արյան հիմնային պահեստը և երբեմն հանգեցնում ացիդոզի։ Բենզոթիադիազինի ածանցյալները՝ դիքլոթիազիդը (հիպոթիազիդ), ֆուրոսեմիդը (լազիքս), ուրեգիտը, խիստ ուժեղացնում են օրգանիզմից նատրիումի հեռացումը, օժտված են նաև արյան ճնշումն իջեցնող հատկությամբ։ Պիրիմիդինի և պտերիդինի ածանցյալները (ալացիլ, տրիամտերեն) ճնշում են նատրիումի և քլորի իոնների խողովակիկային ետներծծումը։ Ալդոստերոնի անտագոնիստները՝ սպիրոնոլակտոնը (ալդակտոն, վերոշպիրոն) մեծացնում են նատրիումի, փոքրացնում՝ կալիումի և միզանյութի անջատումը։ Արտաերիկամային միջոցներն ազդեցության մեխանիզմից կախված լինում են՝ օսմոտիկական (կալիումի ացետատ, մանիթոլ, միզանյութ), որոնք հեռանում են օրգանիզմից, իրենց հետ տանելով ջուր, նատրիումի և քլորի իոններ, օգտագործվում են ներգանգային ճնշումն իջեցնելու և գլխուղեղի այտուցները վերացնելու նպատակով, և թթու առաջացնողներ (ամոնիումի քլորիդ, կալցիումի քլորիդ), որոնց ազդեցությունը պայմանավորված է կատիոնների փոխակերպմամբ։ Օրինակ, ամոնիումի իոնը լյարդում փոխարկվում է միզանյութի, կալցիումի իոնը նստվածք է տալիս աղիքներում՝ ֆոսֆատի կամ կարբոնատի ձևով։ Որպես միզամուղ դեղամիջոցներ օգտագործվում են նաև տարբեր բույսերի թուրմը և մզվածքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png