Միզագոյացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտազատական համակարգի օրգանները
Միզարձակում

Միզագոյացումն իրականանում է երիկամային մարմնիկի պատիճում կծիկի մազանոթների և պատիճի պատերի միջև, որոնք ֆիլտրի դեր են կատարում։ Պատիճի մազանոթներում արյան ճնշումն ավելի բարձր է, քան մարմնի մյուս մազանոթներում, որի պատճառով ֆիլտրման ուժն ավելի մեծ է, և պատիճի խոռոչի մեջ է անցնում արյան պլազման իր բաղադրամասերով, բացի սպիտակուցներից։ Ֆիլտրված հեղուկը կոչվում է առաջնային մեզ։ Օրական առաջանում է 150-170 առաջնային մեզ։ Այն պատիճից անցնում է միզային խողովակի մեջ։ Նրանց բարակ պատերն օժտված են ընտրողական թափանցելիությամբ, որի շնորհիվ առաջանային մեզից ջրի մեծ մասը և օրգանիզմի համար պիտանի նյութերը հետ են ներծծվում արյան մեջ։ Որոշ նյութեր (օրինակ գլյուկոզը) ամբողջությամբ հետ են ներծծվում, որոշները՝ մասնակի, իսկ երրորդները (օրինակ միզանյութը) համարյա հետ չեն ներծծվում։ Մնացած քիչ քանակով ջուրը և օրգանիզմի համար ոչ պիտանի նյութերը միասին կազմում են երկրորդային մեզը, որը հոսում է բրգի խողովակի մեջ և պտկիկների անցքով լցվում բաժակների և ապա՝ երիկամի ավազանի մեջ։ Երիկամային մարմնիկի խողովակի մեջ կարող են արտազատվել նաև օրգանիզմ մտած դեղանյութեր, ներկեր և այլն։ Մեկ օրվա ընթացքում առաջանում է 1,5-2 լ երկրորդային մեզ։

Մեզը թափանցիկ, դեղնավուն հեղուկ է, որի 96 %-ը ջուր է, իսկ 4 %-ը չոր նյութ։ Մեզով հեռանում են ջրի, հանքային աղերի ավելցուկը, միզանյութ, միզաթթու, ֆոսֆատներ և ուրիշ նյութեր։ Երբեմն մեզով կարող են հեռանալ նաև օրգանիզմի համար պիտանի նյութեր (օրինակ գլյուկոզ)։ Ուստի երիկամները մասնակցում են արյան քիմիական կազմի հաստատունության պահպանմանը։

Երիկամային ավազանը խոռոչ է, որից սկիզբ է առնում միզածորանը։ Երիկամներից մեզը երկու միզածորաններով լցվում է միզապարկի մեջ։

Միզապարկը մկանային կառուցվածքով պարկանման օրգան է, տեղավորված է կոնքի խոռոչում։ Ներսից մակերեսը ծածկված է լորձաթաղանթով։ Միզապարկից սկիզբ է առնում միզուկը, որի վրա կան մկանային երկու հաստացումներ՝ սեղմաններ։

Միզագոյացման կարգավորումը[խմբագրել]

Երիկամների աշխատանքը կարգավորվում է վեգետատիվ նյարդային համակարգի միջոցով։ Այդ համակարգի սիմպաթիկ բաժնի ազդեցությամբ ուժեղանում է ջրի հետ ներծծումը, որի հետևանքով մեզը պակասում է։ Դա տեղի է ունենում երբ օրգանիզմում առկա է ջրի պակաս։ Վեգետատիվ նյարդային համակարգի պարասիմպաթիկ բաժինը թողնում է հակառակ ազդեցություն։ Միզագոյացման հումորալ կարգավորումը իրականացնում են մակուղեղը և մակերիկամի կեղևային շերտը։

Միզարձակում[խմբագրել]

Երիկամներում միզագոյացումը տեղի է ունենում անընդհատ, իսկ միզարձակումը ընդհատ պրոցես է, կատարվում է պարբերաբար։ Միզապարկի մեջ 200-300 մլ մեզ լցվելու դեպքում ձգվում են նրա մկանային պատերը։ Լորձաթաղանթում տեղավորված ընկալիչների գրգռումից ռեֆլեքսորեն կծկվում են նրա պատերի մկանները և թուլանում սեղմանների մկանները, որը հանգեցնում են միզարձակման։ Միզարձակման ռեֆլեքսային կենտրոնը տեղավորված է ողնուղեղի սրբանային հատվածում, որի գործունեությունը գտնվում է կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն բաժնի՝ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի միզազատման կենտրոնի հսկողության ներքո։ Այդ կենտրոնի գործունեության շնորհիվ մարդն ընդունակ է գիտակցորեն պահել կամ իրականացնել միզարձակումը։ Միզարձակման ողնուղեղային կենտրոնի որոշ ախտահարումների դեպքում միզարձակումը խանգարվում է։

Տես նաև[խմբագրել]