Հաճախասրտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաճախասրտություն, տախիկարդիա (հունարենից ταχύς - արագ և καρδία սիրտ), սրտամկանի կծկումների հաճախականության ավելացում։ Որոշ դեպքերում սուբյեկտիվորեն չի զգացվում, սակայն երբեմն ուղեկցվում է սրտխփոցով։

Տարբերում են՝ սինուսային hաճախասրտություններ (իմպուլսների հաճախացած մշակումը սրտի սինուսային հանգույցում) և պարոքսիզմաային (նոպայական) հաճախասրտություն։

Սինուսային hաճախասրտություն[խմբագրել]

Սինուսային հաճախասրտությունը (որպես կանոն կծկումների հաճախականությունը լինում է 90-120 զարկ 1 րոպեում) կարող է առաջանալ ֆիզիոլոգիական տարբեր երևույթների (միջավայրի ջերմության բարձրացում, ֆիզիկական և հոգեկան գերլարվածություն, սննդի ընդունում), ինչպես նաև ախտաբանական տարբեր վիճակների (տենդ, սակավարյունություն, բազեդովյան հիվանդություն, սրտային անբավարարություն, նևրասթենիա) դեպքում։ Կարևոր դեր են խաղում նաև սրտի վրա նյարդային և հումորալ ազդեցությունները (ադրենալին, թիրօքսին)։ Արտի կծկումների ռիթմի հաճախացումը կարող է անբարենպաստ ազդել սրտամկանի նյութափոխանակության և արյան շրջանառության վրա։

Բուժումը. հիմնական հիվանդության վերացում։

Պարոքսիզմային հաճախասրտություն[խմբագրել]

Պարոքսիզմային հաճախասրտություն, սրտի կծկումների խիստ հաճախացած նոպաներ։ Տարբերում են վերփորոքային (հաճախ՝ նևրոզների դեպքում, 1 րոպեում 180-300 կծկում) և փորոքային հաճախասրտություն, լինում է սրտի հիվանդությունների դեպքում (1 րոպեում 140-200 կծկում), ուղեկցվում է գլխապտույտով, թուլությամբ, գունատությամբ, ուժեղացող շնչահեղձությամբ, ցիանոզով, հազով։ Նոպան կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի օր, նույնիսկ ավելի, և ավարտվել հանկարծակի։

Բուժումը. հակաառիթմիկ թրջոցներ, սրտային գլիկոզիդներ, էլեկտրաիմպուլսային թերապիա։ Վերփորոքային հաճախասրտության դեպքում՝ թափառող նյարդի տոնուսը բարձրացնող մեթոդների կիրառում (ակնագնդերի սեղմում), դեղամիջոցներից՝ քինիդին, նովոկաինամիդ, ստրոֆանտին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png