Արյունահոսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երակային արյունահոսություն
Զարկերակային արյունահոսություն
Քթային արյունահոսություն
Մազանոթային արյունահոսությունը մաշկից

Մարդու արյունատար համակարգում արյան քանակը միջին հաշվով 5 լ է, ընդ որում հասուն մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի 7-8 %-ը, նորածնի մոտ՝ 15 %։ Արյունահոսության պատճառ կարող են լինել արյունատար անոթների պատերի վնասումը, տարբեր հիվանդությունների դեպքում նրանց թափանցելիության բարձրացումը, արյան մակարդման խանգարումը։ Արյան կորստի դեպքում զարկերակային ճնշումն ընկնում է, խանգարվում է արյան շրջանառությունը, գլխուղեղին, սրտին և մյուս օրգաններին թթվածնի ու սննդանյութերի մատակարարումը։ Արյան ծավալի 1/3 ավելի կորուստը վտանգավոր է կյանքի համար, իսկ 2-2,5 լ արյան կորուստը՝ մահացու։

Արյունահոսությունները լինում են երեք տեսակի՝ մազանոթային, երակային, զարկերակային։

Մազանոթային արյունահոսություն[խմբագրել]

Մազանոթային արյունահոսության առանձնահատկությունն այն է, որ արյունահոսում է վնասված ողջ մակերեսը։ Քանի որ մազանոթներով արյունը դանդաղ է հոսում, ոչ բարձր ճնշմամբ, ուստի այն հեշտ է կանգնեցնել։ Վերքը մշակում են յոդի թուրմով, վրան դնում մաքուր վիրակապ, որը օրգանիզմը պաշտպանում է մանրէների ներթափանցումից և նպաստում արյան արագ մակարդմանը։

Երակային արյունահոսություն[խմբագրել]

Երակային արյունահոսության դեպքում արյունը հոսում է հավասարաչափ, անընդհատ, գույնը մուգ է, որը պայմանավորված է ածխաթթու գազի մեծ պարունակությամբ։ Երակներում արյան հոսքի արագությունը համեմատաբար մեծ է։ Վնասված երակից արագ հոսելով, արյունը լվանում տանում է մակարդման ժամանակ առաջացած մակարդուկները։ Կարճ ժամանակում մարդը կարող է կորցնել մեծ քանակով արյուն, որը վտանգավոր է կյանքի համար։ Երակների վնասվածքներն ամենից հաճախ առաջանում են վերջույթներում։ Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է վնասված վերջույթը բարձրացնել վերև, որպեսզի պակասի արյան ներհոսքը, և արյունահոսությունը դադարի։ Երակային փոքր արյունահոսությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է վերքին դնել սեղմիչ վիրակապ, որը սեղմում է վնասված անոթի փափուկ պատերը, նպաստում արյան մակարդուկի առաջացմանը և արգելում արյան հոսքը։

Զարկերակային արյունահոսություն[խմբագրել]

Զարկերակային արյունահոսություններն ավելի հազվադեպ են հանդեպում, բայց խիստ վտանգավոր են կյանքի համար։ Այդ արյունահոսությանը բնորոշ է վերքից շատրվանող ալ կարմիր գույնի արյան շիթը։ Քանի որ զարկերակների պատերը ամուր են, սեղմիչ վիրակապը հազվադեպ է արյունը դադարեցնում։ Դրա համար անհրաժեշտ է վերջույթն առավելաչափ ծալել (ծնկային կամ արմնկային հոդում), ապա ամրացնել վիրակապով։ Խոշոր զարկերակների արյունահոսության դեպքում մատով սեղմել անոթը վերքից վերև, երբ արյունահոսությունը կքչանա, դնել ռետինե խողովակ կամ քուղ։ Նախքան քուղը դնելը, նյարդերը և մաշկը չվնասելու համար, վերքի վրա դնել մի կտոր գործվածք։ Քուղը դնել վնասված մասից վեր և ձգել, որպեսզի հյուսվածքները և անոթների պատերը սեղմվեն։ Արյունահոսությունը դադարելիս անոթազարկը չի շոշափվում, և վերջույթը գունատվում է։ Եթե տուժածին երկու ժամվա ընթացքում չտեղափոխեն հիվանդանոց, անհրաժեշտ է քուղը թուլացնել, որպեսզի հյուսվածքները չմահանան։

Քթային արյունահոսություն[խմբագրել]

Քթային արյունահոսությունների պատճառ կարող են լինել գլխի վնասվածքը, արյան ճնշման բարձրացումը, մարմնի գերտաքացումը։ Քթի արյունահոսության դեպքում արյունը կարող է լցվել բերանի խոռոչ, որից առաջանում է հազ, երբեմն՝ փսխումներ։ Արագ, կտրուկ շարժումները, որոնք առաջանում են հազի, փռշտոցի ժամանակ, ուժեղացնում են արյունահոսությունը։ Արյունահոսության մեղմացման համար անհրաժեշտ է քթի խոռոչ մտցնել ջրածնի պերօքսիդով կամ սառը աղաջրով թրջված բամբակ, պահել 3-5 րոպե, գլուխը պետք է ուղղված լինի դեպի հետ։ Եթե արյունահոսությունը չի դադարում, պետք է հրավիրել բժիշկ։

Տես նաև[խմբագրել]