Մարգագետնային մողես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգագետնային մողես
Մարգագետնային մողես
Մարգագետնային մողես
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Վերնակարգ Լեպիդոզավրեր (Lepidosauria)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ընտանիք Իսկական մողեսներ (Lacertidae)
Ենթաընտանիք Lacertinae
Ցեղ Դարևսկիա (Darevskia)
Տեսակ Մարգագետնային մողես (D. praticola)
Միջազգային անվանում
Darevskia praticola
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Մարգագետնային մողես (լատին․՝ Darevskia praticola), մողեսների ենթակարգի իսկական մողեսների ընտանիքի մողես։ Տարբեր հետազոտողների կողմից դասվում Lacerta կամ Darevskia ցեղին։ ՀՀ-ում հանդիպում է Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերում։ Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,7-6,5 սմ), պոչը գրեթե կրկնակի երկար է։ Գլուխը տափակ չէ։ Երիտասարդի մարմինը մուգ է կամ սև։ Հասունի մեջքը գորշ շագանակագույն է՝ գորշ կամ շագանակագույն մանր սև բծերով։ Մեջքի, կողքերի ու պոչի վրայով անցնում են գորշ շերտեր։ Հասուն արուի փորիկը դեղնականաչավուն է, էգինը՝ սպիտակ։ Բնակվում է հիմնականում անտառային ու մարգագետնային բուսականությամբ ոչ շատ քարքարոտ վայրերում։ Թաքնվում է ծառերի արմատների ու քարերի արանքներում, փորող կենդանիների բներում։ Ձմեռում է նոյեմբերի վերջից մարտ։ Սնվում է մանր անողնաշարավորներով։ Բազմացումը սկսվում է հունիսից։ Ձվադրում է տարեկան 2 անգամ, դնում է 3-6 ձու, երկարությունը՝ մինչև 1 սմ։ Ձագերը ծնվում են օգոստոսից սեպտեմբեր։ Սեռահասուն են դառնում 2 տարեկանում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Բալկանյան թերակղզու հյուսիս-արևմուտքում, Կովկասում, Իրանի հյուսիս-արևմուտքում։ Հայաստանի հյուսիսում բնակվում են մեկուսացված պոպուլյացիաներ[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է նախալեռնային, հովտային և լեռնային՝ առավելապես սաղարթավոր անտառներում, որտեղ մնում է անտառեզրում և բացատներում, ճանապարհաեզրերում և թփուտներում։ Սնվում է միջատներով՝ մանր բզեզներով, մրջյուններով, ուղղաթևավորներով, թրթուրներով, սարդերով, որդերով, նպուկներով։ Ձմեռումից դուրս է գալիս ապրիլի վերջին, զուգավորում՝ մայիսի վերջին, հունիսի կեսերին-հուլիսի կեսերին ձվադրում է 2-6 ձու, ձագերը դուրս են գալիս օգոստոս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակի փոփոխությունները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոններից են ապօրինի ծառահատումների հետևանքով բնորոշ էկոհամակարգերի և բիոտոպերի քայքայումը։

Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկում[1]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգագետնային մողես» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգագետնային մողես» հոդվածին։