Մակ-Մահոն - Հուսեյն համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակ-Մահոն - Հուսեյն համաձայնագիր, համաձայնագիր Հիջազի շերիֆ Հուսեյնի և Եգիպտոսում գտնվող Մեծ Բրիտանիայի կոմիսիոներ Հենրի Մակ-Մահոնի միջև, որը ձևավորվել էր Առաջին աշխարհամարտի ընթացքում՝ նամակագրության միջոցով։

Արաբական երկրները նախապատերազմյան շրջանում[խմբագրել]

19-րդ դարում արևմտաեվրոպական երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան սկսեցին ներթափանցել արաբական երկրներ։

Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրները՝ Ալժիրը, Թունիսը, անցան Ֆրանսիայի գերիշխանության տակ։ Մարոկկոյի համար իսպանա-ֆրանսիական պատերազմը ավարտվեց Ֆրանսիայի հաղթանակով, և Իսպանիային մնացին մի քանի մարոկյան քաղաքներ, ինչպես նաև նրա հարավային անապատային շրջանները։ Ֆրանսիան գրավել էր Աֆրիկայի հյուսիսային տարածքների մեծ մասը, այդ թվում՝ արաբական երկիր համարվող Մավրիտանիան։ 20-րդ դարի սկզբին Իտալիան թուրքերից խլում է վերջին հյուսիսաֆրիկյան գաղութները, որով հիմնում է Լիբիան։ Նշենք, որ նախքան այդ Լիբիա անունը չէր գործածվում վարչաքաղաքական գրություններում, և միայն հատուկենտ պատմաբաններ կարող էին նշել, որ ժամանակին Հռոմեական կայսրությունը այդպես էին կոչել հյուսիսային Աֆրիկան։

Օսմանյան կայսրության զինանշանը

Արաբական Արևելքում իր հաստատուն դիրքերն էր դրել Անգլիան։ Պարսից ծոցի ավազանը և Եգիպտոսը, անցան բրիտանացիների իշխանության տակ։ Նրանց ազդեցության գոտում էին նաև այլ արաբական երկրներ ու իշխանություններ, որոնք դժգոհ էին թուրքական կառավարությունից։ Միջերկրական ծովի առափնյա շրջանները, մասնավորապես Սիրիան և Լիբանանը, հարում էին Ֆրանսիային։ Սա տեղի քրիստոնյա մարոնիների ու ֆրանսիացի կաթոլիկների կապի արդյունքն էր, ինչպես նաև միջնադարյան խաչակրաց արշավանքների հետևանքը։

20-րդ դարում եվրոպական երկրների միջև բաժանվեցին մնացած բոլոր արաբական երկրները։ Արևմտյան տերությունները պայքարում էին Միջերկրական ծովի ավազանին, Սուեզի ջրանցքին, Մերձավոր Արևելքի երկրների կարևորագույն տարանցիկ կետերին տիրելու համար, որոնք ճանապարհ են հարթում Միջերկրական ծովից դեպի Հնդկաստան և Հեռավոր Արևելք՝ նավթի և բամբակի շուկային տիրելու համար։ Ընդհուպ մինչև Առաջին աշխարհամարտը Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Պաղեստինը շարունակում էին մնալ Օսմանյան կայսրության նահանգներ, սակայն արդեն 20-րդ դարի սկզբին նրանք համարվում էին եվրոպական կապիտալի կիսագաղութներ։ Արաբական երկրների, ինչպես նաև Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների, Իրանական բարձրավանդակի հանդեպ իր հետաքրքրություններն ուներ Ռուսական կայսրությունը։

Թուրքական լուծը, գերակշռող օտարերկրյա ներդրումներով մի կողմից, կապիտալիզմի զարգացումը մյուս կողմից, նպաստում էին վերը նշված արաբական երկրներում ազգային շարժումների ծնունդին։ Նրա նպատակն էր արաբական երկրների ժողովուրդներին ազատելու թուրք ավատատերերի և եվրոպական գաղութարարների լծից։ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում և Օսմանյան կայսրության սահմաններից դուրս գործում էին արաբական տարբեր ազգային կազմակերություններ («Երիտասարդ Արաբիա» միություն, «Ապակենտրոնացման կուսակցություն», «Բարեփոխումների Լիգա» և այլն)։

Համաարաբական ապստամբություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Երիտթուրքական հեղափոխություն
արաբական արևմուտք՝ ալ-Մաղրիբ
արաբական արևմուտք՝ ալ-Մաշրիկ
Շարիֆ Հուսեյն
Հենրի Մակ-Մահոն

Այն բանից հետո, երբ Թուրքիան մտավ պատերազմի մեջ, որոշում կայացվեց ուժեղացնել հետախուզական գործունեությունը Կահիրեում։ Այդ լրտեսական գործունեությունը գլխավորում էր հանրահայտ հետախույզ, գնդապետ Լոուրենսը, նրա հետ մեկնող սպաների շարքում էին նաև Լլոյդ-Ջորջը, Օբրի Հերբերտը, Լեոնարդ Վուլլին, որոնք հայտնի էին եգիպտոսում «5 հրացանակիրներ» անունով։ Ֆրանսիական իմպերիալիզմն էլ իր հերթին Պիկոյի միջոցով նույն քաղաքականությունն էր վարում Սիրիայում, այս քաղաքականությունը ակտիվորեն աջակցվում էր կապիտալիստների կողմից, ովքեր հետաքրքրություններ ունեին Մերձավոր Արևելքում։ Հենց այս լրտեսների ակտիվ գործունեության արդյունքում 1916թ. տեղի ունեցավ արաբական ապստամբությունը։

Իսլամի «սուրբ քաղաքների» աստվածապետական կառավարիչ՝ Մեքքայի խալիֆ Հուսեյն ալ-Հաշիմին, պատերազմի տարիներին հանդես եկավ որպես արաբական ազգային շարժման պաշտոնական առաջնորդ։ Նա շարիֆ դարձավ 1908 թվականին՝ 60 տարեկան հասակում։ Կյանքի հիմնական մասը նա անց է կացրել Ստամբուլում որպես գերի և երկար տարիներ է, որ երազում էր դառնալ անկախ Հիջազի կառավարիչ կամ նույնիսկ ավելի մեծ, հզոր արաբական պետության, որի մեջ կմտնեին ոչ միայն արաբական հողերը։ Հուսեյնին նշանակելով Մեքքայի խալիֆ՝ Օսմանյան կայսրությունը հույս ուներ, որ նա կօգներ ճնշել հակաթուրքական տրամադրությունները և ապահովել Հիջազի երկաթգծի շինարարությունը մինչև Սանա, ինչը թույլ կտար նրանց ամրապնդվել Արաբական թերակղզում։ Սակայն այլ հաշվարկները չիրականացան, Հուսեյնը ոչ միայն արեց ամեն ինչ, որպեսզի արգելափակի երկաթգծի հետագա կառուցումը, այլև սկսեց բացահայտ հակաթուրքական քարոզներ, որոնց նպատակն էր վտարել թուրքերին Հիջազից։ Սրանում նա հույս էր դնում օտարերկրյա օժանդակության վրա։

1911 թվականին Փարիզում ստեղծվեց գաղտնի «երիտարաբական» միություն, իսկ 1913 թվականի հունիսին այստեղ տեղի ունեցավ Առաջին արաբական կոնգրեսը, որը պահանջեց լայն ինքնավարություն արաբական նահանգների համար և արաբների լուրջ մասնակցություն կենտրոնական կառավարությունում։ Չնայած շուտով պարզ դարձավ, որ Օսմանյան կայսրությունը չի պատրաստվում իրական քայլեր ձեռնարկելու այս պահանջները իրագործելու համար, նրանք միայն բավարարվեցին 1913 թվականի օգոստոսի 18-ին արաբների իրավունքների մասին դեկրետի հրապարակումով, որը միայն թղթային բովանդակություն ուներ։ «Արաբա-թուրքական մերձեցման» նախաձեռնության ձախողումը ցույց տվեց արաբական ազգային շարժման առաջնորդներին, որ պետք չէ հույս դնել փոխզիջմանը երիտթուրքերի հետ և նրանք ընդունեց որոշում զինված պայքարելու իրենց ազատության համար, այսինք արաբական ազգային շարժումը սկսեց վերածվել ազգային-ազատագրականի։

1915 թվականի գարնանը Հուսեյնի որդի էմիր Ֆեյսալը այցելում է Դամասկոս, որն այդ ժամանակ հանդիսանում էր արաբական ազգային-ազատագրական շարժման գաղափարա-քաղաքական կենտրոնը, և ոչ պաշտոնական կապեր է հաստատում նրանց առաջնորդների հետ։ Նրանք խորհուրդ են տալի կապեր հաստատել Օսմանյան կայսրության դեմ հանդես գալ Անտանտի կողմից, բայց մի շարք պայմաններով, որոնք տեղ են գտնում այսպես կոչված «Դամասկոսյան արձանագրությունում»։ Այս փաստաթուղթը կազմվում է 1915 թվականի մայիսին, ըստ որի Բրիտանիան պարտավորվում է ապահովել արաբական անկախ պետության ստեղծումը իր «բնական սահմաններում», որի տակ հասկացվում էին Պաղեստինը, Սիրիան, Միջագետքը և ամբողջ Արաբական թերակղզին։ Դրան ի պատասխան ապագա արաբական պետությունը պարտավորվում է պաշտպանողական դաշինք կնքել Բրիտանիայի հետ և տրամադրել նրան տնտեսական արտոնություններ 15 տարի ժամկետով։

Դամասկոսից Ֆեյսալի վերադարձից հետո Հուսեյնը վերսկսում է բանակցությունները Եգիպտոսում բրիտանական գերագույն կոմիսար Մակ-Մահոնի հետ։ 1915 թվականի հուլիսի 14-ի իր նամակում Մակ-Մահոնին Հուսեյնը շարադրում է Դամասկոսյան արձանագրությունը։ Դա ցնցում է բրիտանացիներին, ովքեր դիվանագիտական մերժում են տալիս, սակայն հետո որոշում են ընդառաջ գնալ Հուսեյնի որոշ պահանջներին։ 1915 թվականի հոկտեմբերի 24-ին ՄաքՄահոնը Հուսեյնի է ուղղարկում նամակ, որում բրիտանական կառավարության անունից խոստանում է ընդունել անկախ արաբական պետությունը այն սահմաններում, որոնք շարադրված են Դամասկոսյան արձանագրությունում, սակայն բացառությամբ բրիտանական պրոտեկտորիատներից Արաբական թերակղզում, ինչպես նաև Արևմտյան Սիրիան, Լիբանանը և Կիլիկիան։ Հենց այս նամակը դարձավ ՄաքՄահոն-Հուսեյին համաձայնագրի հիմք։

Չնայած ՄաքՄահոնի նամակին, ստացվող զենքին և ֆինանսական օգնությանը Բրիտանիայից, Հուսեյնը դեռ տատանվում էր, երբ Օսմանյան կայսրությունը ինքը սկսեց հարձակումը՝ չընդունելով նրան որպես Հիջազի ժառանգական կառավարիչ։ Այս պայմաններում Հուսեյնին ոչինչ չեր մնում քան հաղթահարել իր երկմտումները և արաբներին կանչել համաարաբական ապստամբության՝ ընդդեմ թուրքերի։ Այն սկսվեց 1916 թվականի հունիսի 5-ին և վերածվեց արաբական ցեղերի կողմից լայնածավալ պարտիզանական կռիվների։

1918 թվականի հունվարի 4-ին անգլիական կառավարության ներկայացուցիչ Հոգարտը Հուսեյինին հանձնեց մեմորանդում, որում ասվում էր, որ Անտանտի երկրները մտադիր են աջակցել արաբական պետության ստեղծմանը, սակայն առանց Պաղեստինի, որտեղ լինելու է կառավարման հատուկ ռեժիմ։ 1918 թվականի սեպտեմբերի 19-ին բրիտանական զորքերը անցան վճռական գրոհի, իսկ 1918 թվականի հոկտեմբերի 30-ին Լեմնոսում՝ Մուդրոս նավահանգստում՝ Ագամեմնոն նավի վրա կնքվեց հրադադար, որով Օսմանյան կայսրությունը դադարեց գոյություն ունենալ, ստեղծվեց արաբական պետություն Արևելյան Սիրիայում և Անդրհորդանանում էմիր Ֆեյսալի գլխավորությամբ։

Մուդրոսի զինադադար[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մուդրոսի զինադադար


1918 թվականի հոկտեմբերի 30-ին Հունաստանի Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում՝ անգլիական «Ագամեմնոն» հածանավի վրա Անտանտի և Թուրքիայի միջև զինադադար կնքվեց։ Լիակատար պարտություն կրելով՝ Թուրքիան ստիպված էր ընդունել հաշտության ծանր պայմաններ`

անգլիական «Ագամեմնոն» հածանավը
  • Անտանտի ռազմանավերի առաջ նեղուցների բացում.
  • Հայկական 6 վիլայեթների հանձնում՝ նրանցից որևէ մեկում անկարգությունների դեպքում.
  • Թուրքական բանակի անհապաղ զինաթափում.
  • Թուրքական ռազմանավերի հանձնում Անտանտին
  • Անտանտի կողմից վերահսկողության սահմանում ռադիոյի, հեռագրատան, ինչպես նաև երկաթուղիների վրա
  • Բոլոր նավահանգիստներից օգտվելու իրավունք։

Մուդրոսի զինադադարը փաստացի նշանակում էր Օսմանյան կայսրության ինքնուրույն գոյության ավարտ։ Միևնույն ժամանակ այն նշանակում էր Մերձավոր Արևելքում Անգլիայի գերիշխանության հաստատում, ով այստեղ ուներ ամենաշատ ռազմական ուժերը և փորձում էր մյուս դաշնակիցներին հեռացնել Թուրքիայի վրա վերահսկողության սահմանումից։ Օսմանյան կայսրությունը փաստորեն դադարեցրեց իր գոյությունը, երիտթուրքական «Միություն և Առաջադիմություն» կուսակցությունը ինքնալիկվիդացվեց, նրա ղեկավարները փախան երկրից։

Արաբական արևելքի երկրների անկախացման հարցը[խմբագրել]

Առաջին աշխարհամարտից հետո Մերձավոր Արևելքի երկրներում գերիշխող ազդեցություն գրավեց Անգլիան, որը Ազգերի Լիգայից ստացավ մանդատ Պաղեստինի, Անդրհորդանանի և Իրաքի նկատմամբ։ Անգլիական զորքերը արդեն 19-րդ դարում գրավել էին Եգիպտոսը։ Եգիպտական Սուդանը, Օմանը և Քուվեյթը բրիտանական պրոտեկտորիատի տակ էին գտնվում 19-րդ դարում։ Սիրիայի և Լիբանանի նկատմամբ մանդատը տրվեց Ֆրանսիային։ Մնացած եվրոպական երկրները և ԱՄՆ-ն, որոնք ոչ մի դեր չունեին Մերձավոր Արևելքի վճռական ճանապարհների հարցում, ձգտում էին թուլացնել Անգլիայի աճող ազդեցությունը այս տարածաշրջանում։

Էմիր Ֆեյսալը՝ Փարիզի խաղաղության վեհաժողովում

1916 թվականի մայիսի 9-16Լոնդոնում անգլիացի դիվանագետ Մարկ Սայքսը և ֆրանսիացի դիվանագետ Ֆրանսուա Ժորժ-Պիկոն կնքում են Օսմանյան կայսրության մաս կազմող արաբական տարածքների բաժանման անգլո-ֆրանսիական գաղտնի համաձայնագիր։ Հարավային Միջագետքը Բաղդադով և Ներքին Միջագետքով տրվում էին Անգլիային, իսկ Մուսուլի վիլայեթը Սիրիայի և Լիբանանի հետ մեկտեղ՝ Ֆրանսիային։ Պաղեստինյան հողերը, առանց Հայֆայի և Աքքայի նավահանգիստների, անցնում էին Մեծ Բրիտանիայի հսկողության տակ։ Անգլիայի և Ֆրանսիայի հսկողության տակ էին անցնում նաև Արաբական թերակղզու թագավորությունը՝ Հիջազ, Նեջդ, Շամմար, Ասիր և Եմեն։

Պատերազմում հաղթանակ տարվեց, Օսմանյան կայսրությունը անկում ապրեց, ստեղծվեց արաբական պետություն։ Հնարավորություն ստեղծվեց ստեղծել արաբական համադաշնություն և նույնիսկ նոր կայսրություն։ Լոուրենսի ռազմական առաջադրանքը հաջողությամբ ավարտվեց։ Մնում էր միայն քաղաքական խնդիրը, սակայն Լուրենսը ոչ մի ցանկություն չուներ խառնվելու այս խնդրի լուծմանը, նա միայն ցանկանում էր հասնել արաբների համար հնարավորության տրմանը անելու այն, ինչ նրանք ցանկանում են։

Այսպիսով 1917-1918 թվականների ընթացքում Օսմանյան կայսրության մերձավորարևելյան տիրույթները զբաղեցրեցին դաշնակիցները։ Առաջին աշխարհամարտից հետո Սիրիան և Լիբանանը անցան Ֆրանսիայի մանդատի տակ, Պաղեստինը, Իրաքը և Հորդանանը՝ Մեծ Բրիտանիայի, Արաբական թերակղզու արևմուտքում՝ անգլիացիների աջակցությամբ (Լոուրենս Արաբիացի), կազմավորվեց անկախ պետություն՝ Հիջազ, Ասիր և Եմեն։ Հետագայում Հիջազը և Ասիրը մտան Սաուդյան Արաբիայի կազմի մեջ։

Գրականություն[խմբագրել]