Հենրիկ Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Գասպարյան 
Հենրիկ Գասպարյան
GASPARYAN-HENRIK.jpg
գրոսմայստեր
Ծնվել է փետրվարի 27, 1910
Ծննդավայր Թբիլիսի, Վրաստան
Մահացել է դեկտեմբերի 27, 1995
Մահվան վայր Երևան, ՀՀ {{{2}}}

Հենրիկ Գասպարյան (1910, փետրվարի 27, Թբիլիսի - 1995, դեկտեմբերի 27, Երևան), հայ շախմատիստ, շախմատային կոմպոզիցիաների հեղինակ։

Հենրիկ Գասպարյանը շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային գրոսմայստեր է (1972), միջազգային կարգի մրցավար (1956), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1956), կոմպոզիցիայի գծով Խորհրդային Միության վեցակի չեմպիոն (1947, 1955, 1959, 1967, 1969, 1971), հրապարակել է մոտ 500 կոմպոզիցիա, դրանցից 100-ից ավելին համամիութենական և միջազգային մրցանակաբաշխություններում նվաճել են առաջին մրցանակներ։

Շախմատի Անդրկովկասի չեմպիոն է (1935), հայ շախմատիստներից առաջինն է արժանացել ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչման (1936), միջազգային վարպետ (1950), Հայաստանի տասակի չեմպիոն (1934, 1938, 1947, 1948, 1949, 1950, 1951, 1954, 1955, 1956)։

Նրա առջև զենքերը վայր են դրել ժամանակի ուժեղագույն շախմատիստներ Ալեքսանդր Տոլուշը, Գրիգորի Լևենֆիշը, Վլադիմիր Սիմագինը, Անդրե Լիլիենթալը, Իսահակ Բոլեսլավսկին, Իգոր Բոնդարևսկին, Վիկտոր Կորչնոյը, իսկ ԽՍՀՄ առաջնությաններից մեկի կիսաեզրափակիչ մրցումներում վստահորեն գրավելով առաջին տեղը՝ աղյուսակի երկրորդ հորիզոնականում թողեց Միխայիլ Բոտվիննիկին։ Նրան անվանել են «Էտյուդների արքա», «Էտյուդների կախարդ», «Աշխարհի ոչ պաշտոնական չեմպիոն»։

Հեղինակ է երկու տասնյակի հասնող գրքերի, որոնք լույս են տեսել հայերեն, վրացերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն։ Այդ գրքերից են «Դիրքային ոչ-ոքի» (Մոսկվա, 1977), «Զինվորի ուժը» (Երևան, 1980), «Էտյուդիստի գաղտնիքները» (Երևան, 1984), «Էտյուդներ, հոդվածներ, վերլուծություններ» (Մոսկվա, 1988)։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

Նախկինում ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգում գործող շախմատի մասնագիտացած դպրոցը կոչվում էր Հենրիկ Գասպարյանի անունով։ Եվ երբ այդ կրթօջախը միահյուսվեց օլիմպիական մարզադպրոցի հետ, ՀՀ կառավարությունը 2005-ի հունիսին որոշում կայացրեց Երևանում գործող շախմատի և շաշկու օլիմպիական մարզադպրոցը կոչել Հենրիկ Գասպարյանի անվամբ։ [1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. (2007) Շախմատի համահայկական հանրագիտարան։ Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ, էջ 63-65։