Հակառուսականությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական կառավարության դեմ երթ Երևանում (դեկտեմբերի 2, 2013)

Հակառուսականությունը Հայաստանում կամ ռուսատյացությունը Հայաստանում, Ռուսաստանի, ռուսների, ռուսերենի, Ռուս ուղղափառ եկեղեցու նկատմամբ Հայաստանում և հայերի մոտ տարածված կասկածելի, անբարյացակամ, թշնամական վերաբերմունք։

Ռուսական Արդիական տնտեսության ինստիտուտի տնօրեն Նիկիտա Իսաևի վկայությամբ, 2016 թվականի ամառվա դրությամբ ռուսատյացությունը Հայաստանում բարձրացել է մինչև 82%[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հակառուսականության վերաբերյալ գոյություն ունի երկու իրարամերժ կարծիք։ Առաջին տեսակետի համաձայն՝ հակառուսականություն Հայաստանում երբեք գոյություն չի ունեցել[2]։ Երկրորդ տեսակետի համաձայն՝ հակառուսականությունը Հայաստանում ունի շատ հին և խոր արմատներ[3]։

Ըստ պատմաբան Բաբկեն Հարությունյանի և քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համահեղինակությամբ հրատարակված հետազոտության Հայաստանում հակառուսական ուղղվածության աշխատություններ շատ քիչ են լույս տեսել։ Ըստ իրենց դրա պատճառն այն բանի մեջ է, որ Ռուսաստանից Վրաստանով անջատված երկրում «ռուսական վտանգի» գաղափարը ընդհանրապես չի ընկալվում ոչ հասարակության, ոչ էլ հայկական պետության կողմից (ի տարբերություն, օրինակ, նույն Վրաստանի կամ Բալթյան երկրների)։ Հարությունյանի և Իսկանդարյանի վկայությամբ, վերջին շրջանում հակառուսական նյութերը Հայաստանում լույս են տեսել 1980-ականներին վերջում-1990-ականների սկզբում՝ Արցախի հյուսիսային այդ թվում նաև խորհրդային բանակի ձեռքերով իրականացրած հատվածում էթնիկ մաքրումների ժամանակ[4]։

Առաջին տեսակետ. Հայաստանում հակառուսականության բացակայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով, Հայաստանին և հայ ժողովրդին արհեստականորեն կպցրել են ռուսամոլության պիտակը։ Ամենից բացի նաև նման արհեստականորեն ձևավորված պատրանքային նկարագրության պատճառով «հիմա ամբողջ աշխարհում մեր նկատմամբ ստեղծվում է չափազանց վատ վերաբերմունք այն ուժերի շրջանում, որոնք կարող էին Հայաստանին օգնել ճգնաժամը հաղթահարելու հարցում։ Այսինքն ռուսները մեզ կրկնակի վնաս են տալիս»[5]։

Երկրորդ տեսակետ. Հայաստանում հակառուսականության հին և խոր արմատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացման պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հեղինակերի կարծիքով, հակառուսականությունը Հայաստանում կապված է հիմնականում երեք պատմական իրադարձության հետ.

  1. 1914-1915 թվականներին Հայոց ցեղասպանության ժամանակ Ռուսաստանի դիրքը։ Պատմագրության մեջ ընդունված է, որ երբ Օսմանյան կայսրությունում տեղահանում ու կոտորում էին հայերին, ռուսական հաղթական բանակը առաջ չէր շարժվում, որ կանխեր կոտորածները, այլ հակառակը՝ հետ էր նահանջում։
  2. 1920-1921 թվականներին Բոլշևիկյան Ռուսաստանի դաշինքը Քեմալական Թուրքիայի հետ, որի արդյունքում Հայաստանի մի շարք տարածքներ անցան Ադրբեջանին ու Թուրքիային։
  3. 1991 թվականին ԽՍՀՄ զինված ուժերի Օղակ գործողությունը երբ խորհրդային բանակի օգնությամբ ադրբեջանցիներն էթնիկ զտումներ արեցին Գետաշենի ենթաշրջանում[6]

1. Առաջին համաշխարհային պատերազմը և Ռուսաստանի դիրքը Հայաստանի և հայերի նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշում է Իշխանյանը, Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից հայկական բազմաթիվ կազմակերպություններ նախաձեռնում են կամավորական շարժում ռուսական բանակի կազմում Օսմանյան կայսրության դեմ պատերազմելու համար, քանի որ հայկական վերնախավը հույս ուներ, թե միանալով դաշնակիցներին ու նրանց բանակներում կռվելով` հաղթանակի դեպքում նրանք կօգնեն անկախություն հռչակել Հայաստանի այն տարածներում, որոնք գտնվում են Օսմանյան կայսրության վերահսկողության տակ։ Այդպիսով, Ռուսական բանակի կազմում ձևավորում են 5-8 հազար մարտիկներով հայ կամավորական ջոկատներ, իսկ 1916 թվականից հետո նաև ֆրանսիական բանակում ձևավորվում է հայ կամավորներից բաղկացած լեգիոն[3]։

1914 թվականի նոյեմբերի 1-ին բացվում է ռուս-թուրքական ճակատը և 1914 դեկտեմբերի 22-ից մինչև 1915 հունվարի 17-ը տեղի ունեցած Սարիղամիշի ճակատամարտում ռուսական բանակը, որի կազմում պատերազմում էին հինգ հայկական կամավորական ջոկատներ, պարտության է մատնում օսմանյանի զորքերին։ Այդ ճակատամարտից հետո ռուսական զորքերը հարավային ճակատում կանգ են առնում։ Այդ ժամանակ էլ սկսում են Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը։ Մի քանի ամիս անց ռուսական զորքերը շարժվում և գրավում են Վանը։ Բազմաթիվ հայ մտավորականներ վստահ են, որ եթե ռուսական զորքերը էլի առաջ շարժվեին, ապա կփրկվեին Մուշի և մյուս շրջանների հայերը, բայց փոխարենը ռուսները հետ են նահանջում և ռուսական բանակի հետ գաղթում է թուրքական ջարդերից ինքնապաշտպանությամբ փրկված Վանի և ամբողջ Վասպուրականի բնակչությունը։ Այդ դեպքերի կապակցությամբ հայ պատմաբան Լեոն գրել էր.

Ինչ նպատակ ուներ այդ նահանջը, բացատրում էին զանազան եղանակներով։ Բայց այդ նպատակներից մեկն էր և հայերի բնաջնջումը, որ և իրականացվեց ամենասարսափելի հաջողությամբ[7]:

Ըստ որոշ պատմաբանների, Թուրքիայն և Ռուսաստանը հատուկ գործարքի մեջ են մտել և ռուսական զորքեր հատուկ առաջ չեն շարժվել, որպեսզի թուրքական զորքերը հեշոտւթյամբ իրականացնեն հայեիր ջարդերը։ Հենց այդ ժամանակահատվածին է վերագրվում ռուս դիվանագետ Ալեքսանդր Լոբանով Ռոստովսկուն (1824-1896) խոսքը՝ «Հայաստանը մեզ պետք է առանց հայերի»։ Սակայն այդ պնդումը որևէ կերպ չի հիմնավորվում[3]։ Պատմաբան Աշոտ Ներսիսյանը հետևյալ կերպ է մեկնաբանում այդ «նահանջները».

Ռուսական կայսրության երազանքն էր Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներին տիրանալը։ Թեև Անտանտի դաշնակիցների միջև պայմանավորվածություն եղել է, որ պատերազմի արդյունքում նեղուցներն անցնելու են Ռուսաստանին, բայց կողմերը իրար չէին վստահում ու դրա հիմքերն ունեին։ Արևմուտքից Թուրքիայի հետ պատերազմում էին Անգլիան և Ֆրանսիան (Դարդանելի օպերացիան), և եթե հարավից Ռուսաստանը առաջ գնալով վերջնական ջախջախեր թուրքական բանակը, թուրքերը չէին կարողանա դիմադրել Անգլիային ու Ֆրանսիային և նեղուցները կանցնեին դաշնակիցներին, իսկ հետո դրանք հետ բերելը Ռուսաստանի համար անհնար կլիներ։ Ռուսաստանը, առաջ չգնալով ու կեղծ նահանջներով, հնարավորություն էր տալիս թուրքական բանակին վերակազմավորվել ու դիմադրել Ֆրանսիային ու Անգլիային, որ նեղուցները նրանց ձեռքը չանցնեին»[6]:

Ինչպես վկայում էր Ռուբեն Տեր-Մինասյանն 1924 թվականին հրատարապակած իր հանրահայտ «Հայ-թուրքական կնճիռը» աշխատությունում, Ռուսաստանը «...զգում և գիտակցում էր, թե լա՛յն ինքնավարությամբ թուրքահայ վիլայեթներում ոտքի կանգնած հայ ժողովուրդը՝ իր շարժումները պիտի ծավալի նաև Անդսրկովկասում և հայկական ինքնավարության պատնեշները ցցի Ռուսիայի առաջխաղացության առջև»[8]։ Նման հեռանկարն, ըստ Տեր-Մինասյանի, չէր կարող Ռուսաստանի հավանությանն արժանանալ, քանի որ Ռուսաստանին «անհրաժեշտ էին թուրքահայ հողերը, բայց միայն... առանց հայերի»[8]։ Բացի այդ, ըստ Տեր-Մինասյանի, Թուրքիայում «հայկական կոտորածներից մի քանիսը կատարվել են թուրքական ձեռքերով և ռուսական ներշնչումով»[8]։ Տեր-Մինասյանի կարծիքով, Ռուսաստանը թուրքական իշխանության միջոցով «առանց իր ձեռքերը արյունոտելու, հարվածում, թուլացնում և կոտորում էր հայերին, և այսպիսով, իր թիկունքն ապահովելով Անդրկովկասում, ճանապարհ բանում դեպի հայկական ամբողջ բարձրավանդակը, դեպի Միջերկրական»[8]։

2. Բոլշևիկյան Ռուսաստանի դաշինքը Քեմալական Թուրքիայի հետ՝ Հայաստանի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի ապրիլին Թուրքական Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հիմնում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, որը դառնում երկրի խորհրդարանը։ Ատաթուրքի կառավարությունը մերժում և չէր ճանաչում էր դաշնակիցների կողմից Օսմանյան կայսրությանը պարտադրած պայմանագրերը և ձգտում էր վերականգնել փլուզված կայսրության գոնե որևէ հատվածը։ Դրա համար նրանց անհրաժեշտ էին դաշնակիցներ և, ինչպես նշում է Իշխանյանը, տվյալ պահին ամենահարմարն էր այդ դերի համար Բոլշևիկյան Ռուսաստանը, որը կարող էր թուրքերին օգնել դիմադրել անգլաֆրանսիական դաշինքին և Հունաստանին։ Բանակցությունների արդյունքում Բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային է ուղարկում 6 հազար հրացան, 5 միլիոն փամփուշտ, 17 600 ական և 200 կիլոգրամ ոսկի։ Այդ թուրք-ռուսական միության համատեքստում Հայաստանի Հանրապետությանը ոչ միայն չի հաջողվում ազատագրել Արևմտյան Հայաստանը, այլ նաև հայ-թուրքական պատերազմի ընթացքում Թուրքիան ռուսական զենքի օգնությամբ գրավում է Արևելյան Հայաստանի որոշ հատվածներ[9]։

3. Ռուսաստանի կողմից հայկական հողերի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ռուսատյացության ծագման կարևորագույն պատճառներից մեկը նաև այն էր, որ 1920 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանը արդեն ենթարկվել էր խորհրդայնացման և արդեն Խորհրդային Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից տարածքներ էր պահանջում, և որպես խորհրդային երկիր Ռուսաստանի օգնությամբ ուզում էր իշխել նաև Նախիջևանում, Սյունիքում և Արցախում։ Ներխուժելով Հարավային Կովկաս Կարմիր բանակն էլ իր կողմից գրաված հայկական տարածքները միացնում այդ տարածաշրջանում միակ խորհրդային պետությանը՝ Ադրբեջանին։ Հատկանշական է նաև, ինչպես նշում է Իշխանյանը, որոշ հետազոտողների գնահատմամբ, որ տարածաշրջանի հայ բոլշևիկները փաստացի նույնպես ծառայում էին Ադրբեջանի շահերին՝ որպես սոցիալիստական երկրի[9]։

1920 թվականի սեպտեմբերին կոմունիստական ինտերնացիոնալը Բաքվում կազմակերպում է Արևելյան ժողովուրդների համագումար, որը նույնպես, ըստ Իշխանյանի, փաստացի ծառայում է Ադրբեջանի շահերին, հետագայում էլ 1920 թվականի Ալեքսանդրապոլի, 1921 թվականի՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով ստանում է Նախիջևանը, ապա Կավբյուրոյի 1921 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ տիրանում է նաև Արցախին։ Հատկանշական է, որ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի տակ ստորագրվել էին նաև հայ բոլշևիկները[9]։

Որոշ հետազոտողների կարծիքով, հենց Հայաստանի առաջին Հանրապետության կործանման ժամանակ էլ Հայաստանում առաջացավ հակառուսականության առաջին խոշորագույն ալիքը։ 1920 թվականին Հայաստանի արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանը հրատարակում է իր «Ռուսական վտանգը» գիրքը[10], որտեղ ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքական հիմնական վտանգը գալիս է Ռուսաստանից։ 1991 թվականին գիրքը վերահրատարակվել է Երևանում՝ «Ազատ խոսք» հրատարակությունում[10]։ 1924 թվականին էլ հայ քաղաքական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը հրատարակում է «Հայ-թուրքական կնճիռը» աշխատությունը, որի մեջ գալիս է այն եզրակացության, որ Հայաստանին հարկավոր է դաշինքի մեջ մտնել Թուրքիայի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի։

4. Օղակ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի ապրիլի 30-ին Գանձակում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան շրջափակման մեջ է վերցնում Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի, Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Այս գործողությանը ժամեր անց հետևում է Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների մուտքը հայկական այդ գյուղերի տարածք։ Ադրբեջանցիները անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով հայկական այդ գյուղերի բնակիչներին բռնի կերպով ուղղաթիռներով տարհանում են Ստեփանակերտ կամ Գանձակ, ապա՝ Հայաստան։ Անհավասար մարտում զոհվում են Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը, Սիմոն Աչիկգյոզյանը (ով ապրիլի 19-ին ստանձնել էր Արաբո ջոկատի հրամանատարությունը), Հարազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիելյանը։ Շուրջ մեկ շաբաթ տևած գործողությունների ընթացքում տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ են գնդակահարվում ու կացնահարվում։ Շուրջ հարյուր տղամարդկանց ադրբեջանցիները որպես գերի տանում են Գանձակ։ Ականատեսների վկայությամբ, գործողության առաջին օրվանից շրջակա գյուղերի ադրբեջանցիները ներխուժում են Գետաշեն ու Մարտունաշեն և սկսում թալանել[11]։ Այդ գործողությունը, ինչպես նշում են մասնագետներ, Ռուսաստանի ռազմական գործողությունն էր, որի արդյունքում ռուսական բանակի աջակցությամբ Ադրբեջանը գրավել է Գետաշենի ենթաշրջանը և դատարկել հայերից[11]։

Հակառուսականությունը ժամանակակից Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլին վրացական ԶԼՄ-ներից մեկը արձանագրել է, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները բուռն աճումը են ապրում[12]։ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը «Մոսկվա-Բաքու» առանցք համաժողովի ժամանակ Հայաստանում հակառուսական տրամադրությունների վերաբերյալ հարցին նշել է, որ Ռուսաստանից հեռացողների համար վատ վիճակ է ստեղծվում, և Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ լավ գիտեն դա.

Ռուսաստանից բոլոր հեռացողների համար վատ վիճակ է ստեղծվում։ Հայաստանը և հայ ժողովուրդը դա բոլորից լավ գիտեն։ Ինչ վերաբերվում է հիստերիային, ապա նաև մեզ մոտ, Մոսկվայում, կան բազմաթիվ մարդիկ, որոնք երգում են ամերիկյան դուդուկի տակ։ Այդ մարդիկ չեն ծառայում Ռուսաստանին, այլ անում են ամեն ինչ իրավիճակի ապակայունացման համար։ Հայաստանում այդ ուժերին պետք չէ ազատություն տալ։ Թույլ չենք տա նրանց ազատություն ստանալ։

Հայ քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով, ով մեկնաբանել է Զյուգանովի այդ հայտարարությունը, Հայաստանում ուժեղանում են ոչ թե հենց հակառուսական, այլ ուժեղանում են հայաստանամետ տրամադրությունները[5]։ Շիրինյանը հավելել է.

Հայաստանում հակառուսական տրամադրություն ասածը ես չեմ հասկանում, բայց պրոհայաստանյան տրամադրություններն են ուժեղանում։ Սա պատմության մեջ եզակի դեպք է, ու ես դա չէի անվանի հակառուսական տրամադրություն։ Բայց քանի որ իրենք են ուզում այդ արտահայտությունն օգտագործել, թող օգտագործեն։ Բայց սա մեր ժողովրդի համար է շատ կարևոր, որ պրոհայաստանյան (ոչ պրոհայկական, որովհետև Վլադիվոստոկում ապրող հայն էլ է հայ) տրամադրություններն ուժեղանում են, և դա շատ նկատելի էր հատկապես ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո։ Այսինքն՝ հայ ժողովուրդն իր պատմական արմատներին է վերադառնում, հատկապես միջին և ավելի բարձր տարիքի մարդիկ։ Հայաստանում չկա հակառուսական տրամադրություն, իսկ պրոհայաստանյան տրամադրությունները արձագանք են ռուսների ճնշմանը[5]։

2022 թվականի կեսին հրապարակած «Պատճառները» հոդվածում ռւոս ընդդիմադիր քաղաքական գործիչ Գրիգորի Յավլինսկին նշում է հետևյալը.

Բնական է, որ այս բոլոր տարիների ընթացքում արտաքին քաղաքականությունում քիչ թե շատ ակնհայտ էր կայսերական-ազգայնական ուղղվածությունը։ Այսօր Մոսկվան նորից փորձում է իրեն ենթարկել ողջ հետխորհրդային տարածությունը։ Ռուսաստանում ստեղծված Համակարգի համար ընդհանուր առմամբ անընդունելի է Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի կամ Հայաստանի՝ որպես սուվերեն ժամանակակից եվրոպական պետությունների կայունացումը՝ ղեկավարության կանոնավոր փոփոխությմբ, իրական ընտրություններով, անկախ դատական համակարգով, իշխանության բաժանումով, մասնավոր սեփականության անձեռնմխելիությամբ, և ամենակարևորը, մարդու իրավունքների և ազատությունների պահպանմամբ։

Մարգարիտս Սիմոնյան՝

Ի՞նչ էր անում Ռուսաստանը։ Ռուսաստանը իրեն էր միացնում ազգեր, երկրներ, բացակայող պետականությամբ ցեղերի որոշ թանձրուկներ, այդ թվում և իմ էթնոսը՝ հայկական, և թողնում էր այդ էթնոսին զարգանալ ըստ իր մշակույթի, իր արժեքների, իր լեզվի։

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի մատակարարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ քաղաքագետ Լևոն Շիրինյանը ռուս-ադրբեջանական և հայ-ռուսական հարաբերությունների զարգացումները բացատրում է նրանով, որ «իրականության մեջ Ռուսաստանն Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Հայաստանի հետ դաշնակից է տակտիկական նկատառումներով»[5]։

Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ. հունվարի 12-ին Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում սեփական տանը սպանվեցին ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամները։ 2016 թ օգոստոսի 23-ին դատարանը սպանության մեջ մեղավոր ճանաչեց Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին՝ նրան դատապարտելով ցմահ ազատազրկման[16]։

Այդ սպանությանը հաջորդեցին բողոքի երթեր և ցույցեր Գյումրիում[17] և Երևանում[18]։ Ցույցերից մեկի ժամանակ Երևանում այրվեց Ռուսաստանի դրոշը[19]։

Սկանդալ Օլգա Վասիլևայի առաջարկի շուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան

Հայաստանում հակառուսականության հերթական ալիք է առաջացել Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի առաջարկի կապակցությամբ, ով առաջարկել էր ԱՊՀ երկրներին ընդունել այբուբենի միասնական տառատեսակ[20].

Վերջին 10 տարիներին մեծ թեմա կար՝ տառատեսակների լատինականացում և արաբականացում։ Այժմ բոլորը ԱՊՀ տարածքում պետք է վերադառնան միասնական տառատեսակի՝ դա կիրիլիցան է, որովհետև, ինչպես ցույց են տալիս հարցումները, մեր մերձավոր արտասահմանի բնակիչները խոսում են կիրիլիցային կապվածության ու անհրաժեշտության մասին[20]

Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» ցուցահանդեսի փակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկանդալ ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու շուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերի կեսին հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով Կրթության և գիտության նախարարությունը մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ, որը հռչակում է, թե «Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է», որպես նպատակ նշում է «ռուսաց լեզվի հանրայնացումը» և ընդգծում, որ «ռուսերենի ուսումնառությունը դպրոցներում սովորողներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիք ու հմտություններ՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար»։ Հատկանշական է, որ ռուսերենն առանձնացվել է այլ օտար լեզուներից և ռուսերենի համար մշակվել է առանձին հայեցակարգ, որովհետև ըստ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի խոսքով,«ռուսերենը Հայաստանում դասավանդվում է երկրորդ դասարանից, բացի այդ հաշվի են առնվել աշխարհաքաղաքական զարգացոմները և Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին[21]»:

Հայ քաղաքական գործիչ, Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կարծիքով, իշխանությունների այդ քայլով Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին հաճոյանալու հերթական քայլն են անում։ Բացի այդ, Բախշյանը չի բացառում, որ նման քայլով իշխանությունները հող են նախապատրաստում Հայաստանում ռուսերենը հռչակել երկրորդ պետական լեզու։ Բախշյանը համոզված է, «որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են երկրում օտար լեզվի զարգացման միջոցով հասնել տնտեսության ու գիտության վերածննդին, ապա ճիշտ կանեն նախևառաջ շեշտը դնեն անգլերենի վրա, որովհետև հայտնի փաստ է՝ միջազգային գիտական նյութերի մեծ մասն այսօր հենց այդ լեզվով է և այսօր անգլերենն է հանդիսանում միջազգային ամենատարածված լեզու»[21]։

Ռուսաց լեզվի «պետականացման» այդ գործընթացը բողոքի խոշոր ալիք բարձրացրեց Հայաստանում։ Կրթության և գիտության նախկին նախարար, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքով ռուսաց լեզվին Հայաստանում նման արտոնյալ կարգավիճակի շնորհումն կապված է Ռուսաստանի կողմից պարտադրանքի հետ, որն ըստ Բլեյանի, «շատ վտանգավոր ճանապարհ է»[22]։ Բլեյանը նաև նշել է.

...Այն ճանապարհը, որ պարտադրում է Ռուսաստանը, եթե կտրելու է Հայաստանին աշխարհից, ապա դա Հայաստանը դատարկելու ճանապարհ է, այսինքն՝ սա միայն արտագաղթը մեծացնող հանգամանք է, քանի որ հայաստանցին շատ լավ տեսնում է, որ դա իրեն անվտանգություն, ապահովություն չի բերելու։ Երբեք ես չեմ կարող համաձայնել, որ ռուսերենը դառնա երկրորդ պետական լեզու, նման բան չի կարելի անել, դա մանկավարժորեն, հասարակության զարգացման առումով հիմնավորված չէ։ Հայեցակարգն անընդունելի է։ Եթե անգամ ուզում եք գրել, պետք է գրեք անգլերենը, քանի որ այդ դեպքում մեկ ու կես միլիարդ անգլերեն տիրապետող աշխարհի մասին է խոսքը...[22]

Հատկանշական է, որ այդ բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի Հայաստան ժամանալեու նախորյակին, ով 2017 թվականի սեպտեմբերի 25-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել[23]։

Ռուսաց լեզվի «պետականացման» սեպտեմբերյան այդ գործընթացները Հայաստանի հանրությունն ընդունեց «բավական ցավագին»։ Հայաստանում մտավորականության բողոքի խոշոր ալիք են առաջացրել և առհասարակ՝ այդ ամենը Ռուսաստանի կողմից պարտադրված լինելու տարածված կարծիքի հիման վրա՝ նաև հակառուսականության աստիճանի բարձրացում[24]։

Գարեգին Նժդեհի վարկաբեկման փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հակառուսականության հերթական ալիքի շարժառիթ է հանդիսացել Ռուսաստանի կողմից հակահայկականության դրսևորումներից մեկը, երբ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանը պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքի 2017 թվականի նոյեմբերի 19-ին՝ «Կանխատեսումներ» (ռուս.՝ «Прогнозы») հաղորդման եթերում հաղորդման վարող Վերոնիկա Կրաշենիննիկովայի կողմից Հայաստանի և Եվրամիության միջև 2017 թվականի նոյեմբերի վերջին ստորագրվելիք ասոցիացման պայմանագրի համատեքստում հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին «ֆաշիզմի հանցակից», «հայկական Բանդերա» անվանելը։ Հաղորդման ընթացքում հեռուստավարողը հեգնանքով և քննադատությամբ է անդրադարձել Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրմանը, 2016 թվականին Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմանը, ինչպես նաև ապատեղեկացնելով, թե իբր 1942 թվականին «Գարեգին Նժդեհը դիմել է Երրորդ Ռայխին՝ Խորհրդային Հայաստանը գերմանական գաղութի վերածելու խնդրանքով»։ Բացի այդ, հեռուստավարողի պնդմամբ, «Գարեգին Նժդեհը խորին վիրավորանք է ողջ հայ ազգին»[25]։

Արտացոլումը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ռուսատյացության արտահայտություններից մեկն է հայերենում 2016-2017-ականներին առաջացած «սպիտակ թուրք» նորաբանությունը, որը վերաբերվում է Ռուսաստանին և առհասարակ ռուսներին, առաջանալով հայկական հասարակությունում արձագանք ստացած Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համատեքստում[26]։

Գրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ քաղաքան գործիչ Ռուբեն Դարբինյանի «Ռուսական վտանգը» գիրքը, 1920 թվական

Համաձայն Վահան Իշխանյանի, 20-րդ դարի առաջին կեսին գրված Լեոի երկու աշխատությունները՝ «Անցյալից» և «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը» գրքերը հանդիսանում են կարևոր հակառուսական աշխատություններից[27]։ 1920 թվականին Երևանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանը հրատարակում է իր «Ռուսական վտանգը» հանրահայտ գիրքը, որտեղ ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքական հիմնական վտանգը գալիս է Ռուսաստանից։ 1991 թվականին գիրքը վերահրատարակվել է Երևանում՝ «Ազատ խոսք» հրատարակությունում[10]։ 1924 թվականին էլ հայ քաղաքական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը հրատարակում է «Հայ-թուրքական կնճիռը» աշխատությունը, որի մեջ գալիս է այն եզրակացության, որ Հայաստանին հարկավոր է դաշինքի մեջ մտնել Թուրքիայի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Армения превратится для России в новую Украину? (ռուս.) Նիկիտա Իսաև.

    Արդյունքում, անցած տարվա ամռանը՝ հակառուսական տրամադրությունների գագաթնակետին Հայաստանում ռուսատյացությունը բարձրացել է մինչև 82%։

  2. Գեորգի Դերլուգյան, Հայաստանի հետխորհրդային ռեստավրացիայի ավարտը.հնարավորությունների վերլուծություն (Армения на выходе из постсоветской реставрации: анализ возможностей), Մոսկվա, «Կրթության և գիտության աջակցության ռուսական հիմնադրամ», 2017 — 272 էջ. — 500 հատ, ISBN 978-5-91244-196-7։

    Գեորգի Դերլուգյան, «Հայաստանի հետխորհրդային ռեստավրացիայի ավարտը.հնարավորությունների վերլուծություն».

    ...հակառուսական տրամադրություններ Հայաստանում երբեք չեն եղել։

  3. 3,0 3,1 3,2 Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ (մաս 1)
  4. Բաբկեն Հարությունյան, Ալեքսանդր Իսկանդարյան Հայաստան. ազգային պատմության «ղարաբաղականացումը» (ռուսերեն) Армения: „карабахизация“ национальной истории. — Մոսկվա — Էջ  145-175. — ISSN 5-88735-112-8.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Մոսկվայից 5-րդ շարասյունին գործելու հրաման են տվել». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. 6,0 6,1 «Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. Լեո. Թուրքահայ հեղափոխության գաղափարախոսությունը, Փարիզ, 1934
  8. 8,0 8,1 8,2 8,3 Ռուբեն Տեր-Մինասյան, Հայ-թուրքական կնճիռը, Կահիրե, «Յուսաբեր», 1924 — 30-31, էջեր 30-31 — 158 էջ։
  9. 9,0 9,1 9,2 Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ (մաս 2)
  10. 10,0 10,1 10,2 , Ռուսական վտանգը, Երևան, «Ազատ խօսք», 1991 — 80 էջ։
  11. 11,0 11,1 Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ (մաս 3)
  12. Ռուսաստանի նկատմամբ հայկական ատելության ապացույցը (ռուս.)
  13. Գենադի Զյուգանով. «Մենք թույլ չենք տա հակառուսական տրամադրություններին ազատություն ստանալ Հայաստանում» (ռուս.)
  14. Գրիգորի Յավլինսկի. «Պատճառները» (ռուս.)
  15. «Сгустки племен». Симоньян заявила, что армяне до России были лишь этносом с «отсутствующей государственностью» — видео
  16. Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման
  17. Գյումրեցի ցուցարարների և ոստիկանների միջև բախում է սկսվել. կան վիրավորներ(լրացվող)
  18. Ազատության հրապարակից քաղաքացիների բերման ենթարկեցին (տեսանյութ)
  19. Հայաստանում այրեցին եւ ոտնատակ արեցին Ռուսաստանի դրոշը
  20. 20,0 20,1 «ՌԴ կրթության նախարարը Հայաստանին առաջարկել է հրաժարվել այբուբենից». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  21. 21,0 21,1 Վարչապետի հանձնարարությամբ մշակված հայեցակարգը նպատակ է հռչակում Հայաստանում ռուսաց լեզվի հանրայնացումը
  22. 22,0 22,1 ՀՀ վարչապետը ռուսաց լեզվի հայեցակարգ ստեղծելու վերաբերյալ հանձնարարական չի տվել. Լևոն Մկրտչյան
  23. Օլգա Վասիլևա. ՌԴ-ն կօգնի Հայաստանին IT և ինժեներատեխնիկական ուղղվածությամբ մասնագետներ պատրաստելու հարցում
  24. Ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելը վստահ պետության քայլ է. Լեւոն Մկրտչյան
  25. ՌԴ ՊՆ ալիքը Նժդեհին ու ՀՀԿ-ականներին ֆաշիստների հետ է համեմատել (վիդեո)
  26. «Լուսանցք» թիվ 20 (410), 2016թ.
  27. [Վահան Իշխանյան // Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ (մաս 1)]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական տեսակետ