Հյուսիսային ծրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Արղության

Հայաստանի ազատագրության Հյուսիսային ծրագիր, ստեղծվել է 1780-ականներին և հեղինակներն են եղել Հովսեփ Արղությանը և Հովհաննես Լազարյանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրի ստեղծման և Ռուսաստանին ներկայացման համար մեծ խթան է հանդիսացել 1783 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված դաշնագիրը, որը հայտնի է Գեորգիևյան անունով։ Ըստ այդ դաշնագրի՝ Ռուսաստանը պետք է հովանավորեր Վրաստանին, անհրաժեշտության դեպքում զորք ուղարկեր։ Այս պայմանագիրը մեծ արձագանք է գտնում Հայաստանում, որի արդյունքում սկսվում է հայ-ռուսական նախագծի ստեղծման քննարկումները։ Այս քննարկումների հետ մեծ հույսեր էին կապում Ռուսաստանում բնակվող Հովսեփ Արղությանը և Հնդկաստանում բնակվող Շահամիր Շահամիրյանը։

Հովհաննես Լազարյան

Հովսեփ Արղությանը և Հովհաննես Լազարյանը 1780-ականների սկզբներին սկսում են բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, որի արդյունքում պետք է ձեռնարկվեր արշավանք դեպի Հայաստան՝ այն ազատագրելու համար։ Նրանք կազմում են նախագիծ, որը հետագայում հայտնի դարձավ Հյուսիսային անվամբ։ Այն կազմված էր 18 կետերից։

Այս ծրագրի առաջին երեք հոդվածները հայերի և ռուսների միջև եղավ կրոնական հակասությունները կարգավորող կետեր էին։ Առաջարկվում էր կնքել հայ-ռուսական հավիտենական դաշինք։ Հայաստանում պետք է պահվեր չափավոր քանակի ռուսական զորքը, որը պետք է երկիրը պաշտպաներ հնարավոր արտաքին հարձակումներից։ Հայաստանը պետք է հարկ վճարեր սեփական հանքերից ստացված եկամուտից, նաև անհրաժեշտության դեպքում պետք է զորք հատկացներ Ռուսաստանին։ Հայաստանը հռչակվելու էր թագավարություն, որի թագավորը պետք է ընտրվեր ռուսաց կայսրի կողմից և օծվեր Էջմիածնում։ Հայոց մայրաքաղաք պետք է հռչակվեր Անին կամ Վաղարշապատը։ Սահմանվում էին նաև հայոց պետական խորհրդանիշները՝ դրոշ, զինանշան, շքանշաններ և այլն։ Հին հողատերերին էին վերադարձվում իրենց հողերը, սակայն նրանք չունեին գյուղացիներին ճորտացնելու իրավունք։ Երկրների միջև կնքվելու էր առևտրական պայմանագիր, իսկ Կասպից ծովի ափին Հայաստանը պետք է ստանար նավահանգիստ։

Սակայն այս նախագիծը չքննարկվեց ռուսական իշխանությունների կողմից և մնաց անպատասխան[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի ազատագրության Հյուսիսային (Հովսեփ Արղությանի) ծրագիրը». findarmenia.org. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.