Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 13, 2022 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Դսեղ գյուղում (ներկայում Լոռու մարզի բնակավայր)։ 1877-1879 թվականներին սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ստեփանավանի նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև «Հայ Հրատարակչական միության» գրասենյակում (մինչև 1893 թվականը)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը։

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով, որի ղեկավար է նշանակվել Հովհաննես Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922

1921 թվականի աշնանը հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով Հովհաննես Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։

Ըստ ավանդության` Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից։ 17-րդ դարի մի քանի վավերագրերում Թումանյան և Մամիկոնյան ազգանունները հիշատակվում են որպես միևնույն տոհմանուններ։ Պատահական չէ, որ 1880-1890-ական թվականներին Հովհաննես Թումանյանի գրած նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց-Մամիկոնյան» կնքադրոշմը։ 18 տարեկանում բանաստեղծը, տոհմական ավանդությունների ու տարեցների հուշերի հիման վրա, փորձել է գրել իր նախնիների «վարքագրությունը», որը վերնագրել է «Գործք հարանց»։

Թումանյանի ստեղծագործությունների, մասնավորապես՝ պոեմների և արձակների մեծ մասը նրա մանկապատանեկան տպավորությունների վերապրումներն են։ «Ահմադը», «Մայրը», «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքներն ամբողջությամբ ներկայացնում են բանաստեղծի մանկության որոշ դրվագները։ «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշ» պոեմներում և «Գիքորը» պատմվածքում ներկայացված են բանաստեղծի տեսած ու լսած դեպքերը, ապրած հոգեվիճակները․․․ Ավելին