Լինքոլն-Քենեդի համընկնումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբրահամ Լինքոլնի և Ջոն Ֆ. Քենեդու կյանքի և մահվան հանգամանքների համընկնումներ, ամերիկյան քաղաքային լեգենդ, որը կապված է երկրի նախկին երկու նախագահների կյանքի և մահվան հանգամանքների հետ։ Համընկնումներն առաջին անգամ հրապարակվել են մամուլում 1964 թվականին՝ Քենեդու հանելուկային սպանությունից մեկ տարի անց[1]։ Համընկնումների մի մասը գրի է առնվել Մարտին Գարդների կողմից, ով հոդված է հրապարակել Scientific American գիտահանրամատչելի ամսագրում։ Այնուհետ Գարդները գիրք է գրել այս համընկնումների վերաբերյալ՝ այն վերնագրելով «Բժիշկ Մատրիքսի կախարդական թվերը»[2]։

Գարդների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկը, որը կազմվել է Գարդների կողմից, բաղկացած է 16 կետերից, սակայն տարբեր հրապարակումներում կան հավելյալ կետեր, որոնք ավելացվում են մինչ օրս[3]։

Գարդների ցանկի սկզբնական տարբերակում 9, 10 և 13 թվերի տակ գտնվող համընկնումները հակասությունների տեղիք տվեցին։ 1991 թվականի հրատարակության մեջ Գարդները լրացումներ կատարեց՝ վիճելի փաստարկներին ավելացնելով իր մեկնաբանությունները[2]։

  1. Լինքոլնը նախագահ է ընտրվել 1860 թվականին։ Ուղիղ 100 տարի անց՝ 1960 թվականին նախագահ է ընտրվել Ջոն Քենեդին։
  2. Երկուսն էլ խորապես մտահոգված են եղել աֆրոամերիկացիների խնդիրներով։
  3. Երկուսն էլ սպանվել են ուրբաթ օրը՝ իրենց կանանց ներկայությամբ։
  4. Երկու նախագահների կանայք էլ կորցրել են երեխային՝ Սպիտակ տանը կեցության տարիներին։
  5. Երկուսն էլ մահացել են գլխի ետևից արձակված ատրճանակի գնդակից։
  6. Լինքոլնը սպանվել է Ֆորդ թատրոնում։ Քենեդին սպանվել է, երբ երթևեկում էր Ֆորդ ընկերության արտադրած «Lincoln» տիպի կաբրիոլետով։
  7. Երկու նախագահների իրավահաջորդները եղել են Ջոնսոն ազգանունով փոխնախագահները, ովքեր եղել են ԱՄՆ հարավից, դեմոկրատական կուսակցությունից և եղել են նախկին սենատորներ։
  8. Էնդրյու Ջոնսոնը ծնվել է 1808 թվականին։ Լինդոն Ջոնսոնը ծնվել է ուղիղ 100 տարի անց՝ 1908 թվականին։
  9. Լինքոլնի անձնական քարտուղարի առաջին անունը եղել է «Ջոն»։ Քենեդու անձնական քարտուղարը կրել է Լինքոլն ազգանունը։ Dr. Matrix letter-ի անօրինական տարբերակներում սխալմամբ նշվում է, որ Լինքոլնի անձնական քարտուղարը կրել է Քենեդի ազգանունը։ Սակայն, ինչպես նշում է Գարդները, նրա անունը եղել է Ջոն Նիկոլեյ։
  10. Ջոն Ուիլքս Բութը ծնվել է 1839 թվականին։ Լի Հարվի Օսվալդը ծնվել է ուղիղ 100 տարի անց՝ 1939 թվականին։ Գարդները հարցազրույցներից մեկում նշում է, որ հետագայում իմացել է, որ կան բանավեճեր Բութի ծննդյան թվականի հետ կապված։ Արված որոշ հետազոտությունները ցույց են տալիս, որ նա ծնվել է 1838 թվականին, որը, հավանաբար, ավելի ճիշտ է։ 1839 թվականը նշված է այնպիսի հանրաճանաչ աղբյուրներում, ինչպիսիք են «Չեմբերսի կենսագրական բառարանը» (1962 թվականի հրատարակություն) և Ֆունկի և Ուոգնալի անգլերենի նոր մեծ բառարանը (1945 թվական)։
  11. Երկու մարդասպաններն էլ եղել են հարավից, ովքեր ունեցել են ծայրահեղական հայացքներ։
  12. Երկու մարդասպաններն էլ սպանվել են դատից առաջ։
  13. Բութը Լինքոլնին սպանել է թատրոնում և թաքնվել է ամբարում։ Dr. Matrix letter-ի որոշ կրկնօրինակներում ամբարի փոխարեն նշված է պահեստ։ Ենթադրվում է, որ Օսվալդը Քենեդու վրա կրակել է գրապահոցից և թաքնվել է կինոթատրոնում։
  14. LINCOLN-ի և KENNEDY-ի անգլերեն տարբերակները ունեն յոթական տառ։
  15. ANDREW JOHNSON-ի և LYNDON JOHNSON-ի անգլերեն տարբերակները ունեն 13-ական տառ։
  16. JOHN WILKES BOOTH և LEE HARVEY OSWALD՝ 15-ական տառ։

Այլ համընկնումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկու նախագահներն էլ եղել են ընտանիքի երկրորդ զավակը։ Լինքոլնը ունեցել է ավագ քույր՝ Սարա Լինքոլնը, իսկ Քենեդին ունեցել է ավագ եղբայր՝ Ջոզեֆ Պատրիկ Քենեդին, ով մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[4]։
  • Երկուսին էլ անվանել են ի պատիվ իրենց պապերի։ Լինքոլնին անվանել են իր հորական պապ կապիտան Աբրահամ Լինքոլնի պատվին, ով սպանվել էր հնդկացիների կողմից, իսկ Քենեդուն անվանել են իր մորական պապ, հայտնի քաղաքական գործիչ Ջոն Ֆրենսիս Ֆիցջերալդի պատվին[4]։
  • Երկուսն էլ ի ծնե ունեցել են գենետիկական հիվանդություններ։ Այսպես, Լինքոլնը հիվանդ է եղել Մարֆանի համախտանիշով (այլ վարկածի համաձայն ունեցել է բազմակի էնդոկրինային ուռուցք)[5], իսկ Քենեդին տառապել է Ադիսոնի հիվանդությունից։
  • Երկու նախագահներն էլ սիրել են նստել ճոճվող բազկաթոռի վրա։ Եվ Լինքոլնի, և Քենեդու ժամանակ ճոճվող բազկաթոռը եղել է նախագահի կաբինետում։ Բացի այդ, Լինքոլնը սպանվել է ճոճվող բազկաթոռի վրա։ Այսինքն, երկու նախագահներին էլ սպանվել են նստած, երբ երկուսն էլ գտնվում էին շարժման մեջ[6]։
  • Երկու նախագահներն էլ հետաքրքրված են եղել պոեզիայով, մասնավորապես Ուիլյամ Շեքսպիրի գործերով, սիրել են անեկդոտներ պատմել։
  • Լինքոլնի ընկերը և բարեկամը եղել է Իլինոյս նահանգից դեմոկրատ Էդլայ Էվինգ Սթիվենսոնը[7]։ Քենեդու ընկերը և բարեկամը եղել է Իլինոյս նահանգից դեմոկրատ Էդլայ Սթիվենսոնը, ով նախորդի թոռն էր[8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժակլին Քենեդին և Մերի Թոդ Լինքոլնը մինչ ամուսնությունը Ջոն Քենեդու և Աբրահամ Լինքոլնի հետ, նշանված են եղել այլ տղամարդկանց հետ։ Այսպես, Լինքոլնի ապագա կնոջ փեսացուն եղել է Սթիվեն Դուգլլասը, ում Լինքոլնը հետագայում հաղթել է նաև նախագահական ընտրություններում։ Ժակլին Քենեդին էլ նշանված է եղել բրոքեր Ջոն Հասթեդի հետ։
  • Երկու տիկնայք էլ ծագումով եղել են արիտոկրատ ընտանիքից, ազատ տիրապետել են ֆրանսերենին։ Երկուսն էլ եղել են առատաձեռն։
  • Երկու տիկնայք էլ ամուսնացել են 24 տարեկանում[9]։
  • Լինքոլնը ունեցել է Ռոբերտ և Էդվարդ անուններով որդիներ։ Քենեդին ունեցել է Ռոբերտ և Էդվարդ անուններով եղբայրներ։
  • Լինքոլնի հարսնացուին կոչել են Մերի Յունիս։ Քենեդու քրոջ անունը եղել է Յունիս Մերի։
  • Երկու նախագահներն էլ ունեցել են չորս զավակ։
  • Երկու նախագահների չորս զավակներից երկուսը մահացել են։ Ընդ որում, մեկական երեխա մահացել է մինչ նախագահությունը։ Այսպես 1850 թվականին մահացել է Լինքոլնի որդին՝ չորսամյա Էդվարդ Լինքոլնը, իսկ 1956 թվականին ծննդաբերության ժամանակ մահացել է Քենեդու դուստրը։ Մեկական երեխա էլ մահացել է նախագահության ժամանակ։ 1862 թվականին 11 տարեկանում մահացել է Ուիլյամ Լինքոլնը, իսկ 1963 թվականին մահացել է Քենեդու նորածին որդին։ Մնացածները ականատես են եղել իրենց հայրերի մահը[10]։
  • Լինքոլնի որդին՝ Ռոբերտ Թոդ Լինքոլնը 1889- 1893 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանը։ Քենեդու հայրը՝ Ջոզեֆ Պատրիկը, 1938- 1940 թվականներին նույնպես եղել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբրահամ Լինքոլնը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ է ընտրվել 1846 թվականին, իսկ Ջոն Քենեդին՝ 1946 թվականին։
  • 1860 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Լինքոլնի մրցակիցը եղել է Սթիվեն Դուգլասը, ով ծնվել է 1813 թվականին։ 1960 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Քենեդու մրցակիցը եղել է Ռիչարդ Նիքսոնը, ով ծնվել է 1913 թվականին[11]։
  • Երկու նախագահների երդմնակալության արարողությունից անմիջապես հետո սկսվել է պատերազմ։ Լինքոլնի պարագայում սկսվել է ԱՄՆ քաղաքացիական պատերազմը, որը տեղի է ունեցել 1861-1865 թվականներին։ Քենեդու դեպքում սկսվել է Վիետնամի պատերազմը՝ ուղիղ 100 տարի անց։ Պատերազմական գործողությունները սկսվել էին ավելի շուտ, սակայն ամերիկյան առաջին զորքերը Վիետնամի հարավ են իջեցվել 1961 թվականին։
  • Ջոն Քենեդու ժամանակ պաշտպանության նախարարը եղել է Ռոբերտ ՄակՆամարան, իսկ Աբրահամ Լինքոլնի քաղաքական առաջին ուղերձը հղված է եղել Նյու Ջերսի նահանգի դատավոր Ջոն Մակնամարային։

Մարդասպաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բութը և Օսվալդը գրեթե միևնույն հասակի են եղել՝ 5 ֆուտ և 8 դյույմ (մոտավորապես 172 սմ)[8]։
  • Երկու մարդասպաններն էլ եղել են անապահով ընտանիքից։ Երկուսն էլ վաղ տարիքում կորցրել են իրենց հայրերին[7]։
  • Եվ Բութը, և Օսվալդը սպանվել են մինչև դատը, երկուսն էլ սպանվել են կոլտի կրակից։ Բութը, կարողանալով փախչել հսկողությունից, բռնվել է Վիրջինիա նահանգի տարածքում և սպանվել ոստիկան Բոստոն Քորբեթի կողմից[7]։ Օսվալդը սպանվել է Դալասում գիշերային ակումբի սեփականատեր Ջեկ Ռուբիի կողմից, այն ժամանակ, երբ Օսվալդին հանում էին ոստիկանական բաժանմունքից[8]։
  • Երկու մարդասպաններին էլ ձերբակալել է Բեյքեր ազգանունով ոստիկանը։ Բութի պարագայում խոսքն առաջին ձերբակալության մասին է, որից նա կարողացել է փախչել[7]։

Մահվան հանգամանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկու նախագահներն էլ սպանվել են տոներից մեկ օր առաջ։ Լինքոլնը սպանվել է Սուրբ Զատիկից մեկ օր առաջ, իսկ Քենեդին՝ Գոհաբանության տոնից մեկ օր առաջ։
  • Երկու սպանությունների ժամանակ նախագահներին ուղեկցել են մեկ այլ ամուսնական զույգեր։ Այսպես, Աբրահամ և Մերի Լինքոլնները թատրոն են այցելել սպա Հարրի Ռեթբոունի և նրա հարսնացու Կլարա Հարրիսի հետ[7], իսկ Ջոն և Ժակլին Քենեդիների հետ մեքենայում եղել են նաև Տեխասի նահանգապետ Ջոն Բոուդեն Քոննալին և նրա կինը Նելլի Քոննալին[12]։
  • Եվ Ռեթբոունը, և Քոննալին վիրավորվել են հարձակման ժամանակ։ Երկուսն էլ ողջ են մնացել[7][12]։
  • Ռեթբոունի և Քոննալի ազգանունները բաղկացած են ութ տառերից (անգլ.՝ Rathbone; Connally):
  • Երկու նախագահներն էլ անմիջապես չեն մահացել։
  • Երկու նախագահներն էլ մահացել են այնպիսի վայրում, որն ունեցել է երկու անվանում։ Ընդ որում, երկուսի պարագայում էլ անվանումներն սկսվել են P և H տառերով։ Լինքոլնը մահացել է «Peterson’s House» հյուրանոցում, իսկ Քենեդին՝ Փարքլենդի հիվանդանոցում (անգլ.՝ Parkland Hospital)[8]:

Փոխնախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկու Ջոնսոններն էլ տառապել են միզաքարային հիվանդությունից, ընդորում, նրանք ԱՄՆ պատմության միակ փոխնախագահներն են, ովքեր ունեցել են այդ հիվանդությունը։
  • Երկու Ջոնսոններն էլ եղել են բռի, անտակտ, սիրել են խմել, ունեցել են կճատ քիթ և կոկված մազեր։
  • Էնդրյու Ջոնսոնը ծնվել է 1808 թվականին, իսկ Լինդոն Ջոնսոնը ուղիղ 100 տարի անց՝ 1908 թվականին։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1858 թվականի նոյեմբերի 8-ին «Cincinnati Gazette»-ում տպագրված նամակում, նախագահական ընտրությունների ժամանակ Լինքոլնի թեկնածությունը պաշտպանել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ջոն Քենեդին[7]։
  • Քենեդու թաղումը, Ժակլին Քենեդու ցանկությամբ, իրականացվել է Լինքոլնի թաղման նման[8]։
  • Լինքոլնը ծնվել է 1908 թվականին, իսկ Քենեդին՝ 1917 թվականին։ Ըստ չինական օրացույցի, երկուսն էլ օձի տարի են եղել։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պատկերում այն ամբարն է, որտեղ թաքնվել էր Բութը, իսկ երկրորդում՝ գրապահոցը, որտեղից Օսվալդը կրակել է Քենեդու վրա

Բացի իրական համընկնումներից, որոնք հաստատված են հեղինակավոր աղբյուրների կողմից, ցանկում ներառված են փաստեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը կամ կարող են համապատասխանել որոշ վերապահումներով։ Այսպես, նշվում է, որ Լի Հարվի Օսվալդը ծնվել է Բութի ծնունդից ուղիղ 100 տարի անց, այսինքն 1939 թվականին։ Սակայն, իրականում, նա ծնվել է 1938 թվականին[1][3]։

Կա վարկած, համաձայն որի Բութին, ի տարբերություն, Օսվալդի, չի կարելի հարավցի անվանել։ Նա ծնվել է Մերիլենդ նահանգում, որը, չնայած ստրկատիրության պահպանմանը, չի մտել Համադաշնային նահանգների կազմի մեջ։ Օսվալդը, ով ծնվել է Նոր Օռլեանում, իր գիտակից ողջ կյանքը անց է կացրել ԱՄՆ հյուսիսում։ Այն դեպքում, երբ Լինքոլնը սպանվել է քաղաքացիական պատերազմի ֆոնին, երբ երկիրը բաժանված էր Հյուսիսի և Հարավի միջև, Քենեդին սպանվել է 1963 թվականին, երբ ծագման վայրը այդքան էլ մեծ նշանակություն չի ունեցել։ Օսվալդը նշել է, որ գործել է միայնակ, և սպանությունը «քաղաքական ենթատեքստ չի ունեցել»[3]։

Համընկնումների ցուցակների մեծ մասում կա կասկածելի մի փաստարկ, համաձայն որի Լինքոլնը ունեցել է Քենեդի ազգանունով անձնական քարտուղար։ Հայտնի է, որ Սպիտակ տանը նախագահի քարտուղարներն են եղել Ջոն Գ. Նիկոլեյը և Ջոյ Հեյը, և մինչ օրս չկա վկայություն, համաձայն որի Լինքոլնը ունեցել է Քենեդի ազգանունով քարտուղար։ Միևնույն ժամանակ, նախագահ Քենեդին ունեցել է Էվելին Լինքոլն անունով քարտուղար, սակայն այն պնդումները, որ քարտուղարը փորձել է Քենեդուն համոզել չմեկնել Դալաս, մինչ օրս չի հաստատվել։ Նույն վերաբերում է նաև Լինքոլնի վերջին քարտուղար Ջոն Հեյին[3]։

Պնդումները այն մասին, որ Բութը թատրոնում կրակել է Լինքոլնի վրա և թաքնվել ամբարում, իսկ Օսվալդը հակառակը, մակերեսային է։ Նախ, Բութը կրակել է, գտնվելով թատրոնի ներսում, իսկ Օսվալդը կրակել է շենքի պատուհանից։ Երկրորդը, Օսվալդին ձերբակալել են կինոթատրոնում, իսկ Լինքոլնը սպանվել է դրամատիկական թատրոնում։ Բութը, ոստիկանությունից խուսափելու համար, թաքնվել է ամբարում, այն դեպքում, երբ Քենեդու մարդասպանը կրակել է գրապահոցից[1]։ Եվ վերջապես, եթե Օսվալդը ձերբակալվել է հենց սպանության օրը, ապա Բութը, տեղում ձերբակալվելով, կարողացել է փախչել և մոտ 20 օր կարողացել է խուսափել ձերբակալությունից։ Երկրորդ անգամ ձերբակալվել է ամբարում[1][3]։

Համաձայն մեկ այլ հայտնի «համընկման», Լինքոլնը, մահից մի քանի օր առաջ, այցելել է Մերիլենդ նահանգի Մոնրո քաղաք, իսկ Քենեդին հարաբերությունների մեջ է եղել դերասանուհի Մերիլին Մոնրոյի հետ։ Երկու փաստերն էլ կասկածանքի տեղիք են տալիս, քանի որ Մերիլենդ նահանգում Մոնրո անունով քաղաք չկա (համենայն դեպս ներկայումս), իսկ Քենեդու և Մոնրոյի սիրավեպը կիսալեգենդային է։ Բացի այդ, Մոնրոն մահացել է 1962 թվականի օգոստոսին՝ Քենեդու մահից մեկ տարի և մի քանի ամիս առաջ[3]։

Համընկնումների առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Snopes.com հանրահայտ կայքի հեղինակների կարծիքով, ովքեր զբաղվում են քաղաքային լեգենդների պարզաբանմամբ, համընկնումների մեծ մասի բացատրությունը բավականին պարզ է։ Մասնավորապես, կայքը առաջ է քաշում որոշ համընկնումների հետևյալ բացատրությունները.

  • Ներկայացուցիչների պալատի ընտրությունների և նախագահության սկզբնամասի միջև 100 տարվա տարբերությունը զարմանալի չէ, քանի որ ԱՄՆ-ում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում հստակ ժամանակացույցով։
  • Այն համընկնումը, որ երկու նախագահներն էլ սպանվել են ուրբաթ օրը, բացատրվում է նրանով, որ հանրային միջոցառումները (այնպիսիք, ինչպիսիք են թատերական ներկայացումները կամ նախագահի այցելությունները) սովորաբար տեղի են ունենում հանգստյան օրերին կամ դրանց նախորդող օրը, այսինքն ուրբաթ օրը։
  • Այն հանգամանքը, որ և Լինքոլնը, և Քենեդին սպանվել են գլխի ետևից ստացած կրակոցից, բացատրվում է նրանով, որ մարդասպանները այլ տարբերակն չեն ունեցել։ Ընդ որում, մարդասպանները չէին կարող կրակել նախագահների կրծքին (Բութը մոտեցել է ետևից, իսկ Օսվալդը՝ նշան է բռնել թիկունքից), որը կերաշխավորեր շուտափույթ մահ։ Մարդասպաններին մնում էր միայն կրակել գլխին։
  • Այն հանգամանքը, որ փոխնախագահները ունեցել են միևնույն ազգանունը, բացատրվում է նրանով, որ Ջոնսոնը ԱՄՆ-ում երկրորդ ամենատարածված ազգանունն է՝ Սմիթից հետո[13]։

Ներկայումս գոյություն ունեն Լինքոլնի և Քենեդու, նրանց փոխնախագահների, մարդասպանների և մարդասպանների մարդասպանների մասին ավելի քան 200 համընկնումներ։ Այսպես, եվ Ջեկ Ռուբին, և Բոստոն Քորբեթը փոխել են անունները, հակված են եղել սադիզմին, հարաբերությունների մեջ են եղել մարմնավաճառների հետ, սակայն նրանց միջև եղած համընկնումները չնչին են, և ինչպես կարծում են կայքի հեղինակները, հեշտ բացատրելի և հերքելի[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Historical Notes: A Compendium of Curious Coincidences // TIME : журнал. — 08-21-1964. Архивировано из первоисточника 7 փետրվարի 2009. (անգլ.)
  2. 2,0 2,1 The Magic Numbers of Dr. Matrix By Martin Gardner. 1985. Prometheus Books. Library of Congress Catalog Card No. 84-43183, ISBN 0-87975-281-5 (cloth), 0-87975-282-3 (paper) (This was previously titled The Numerology of Dr. Matrix. It contains all of The Incredible Dr. Matrix plus four more chapters.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Barbara and David P. Mikkelson (09-28-2007). «Linkin' Kennedy» (անգլերեն). snopes.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  4. 4,0 4,1 «ДЖОН ФИЦДЖЕРАЛЬД КЕННЕДИ КАК ЧЕЛОВЕК И ПОЛИТИК СВОЕЙ ЭПОХИ». interinf.ru. 28 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  5. Разгадана тайна болезни Авраама Линкольна // Подробности.UA : новостной проект. — 3 декабря 2007.
  6. Г. Грун Сердце Дикси // Вокруг света : журнал. — февраль 1998.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Мусский И. А. Убийство президента Линкольна // 100 великих заговоров и переворотов. — М.: Вече, 2009. — С. 252-257. — 480 с. — ISBN 978-5-9533-3854-7
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Мусский И. А. Убийство Джона Кеннеди // 100 великих заговоров и переворотов. — М.: Вече, 2009. — С. 399-404. — 480 с. — ISBN 978-5-9533-3854-7
  9. «Невероятные совпадения. Линкольн и Кеннеди». Publish e!. 02-20-2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  10. Игорь Туфельд Проклятие Белого Дома // Огонёк : журнал. — 2008. Архивировано из первоисточника 8 Նոյեմբերի 2010.
  11. Михаил Дмитриев Легенды о президентах // Конкурент : газета. — 02-22-2008.
  12. 12,0 12,1 «John Connally (biography)» (անգլերեն). Spartacus Educational. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  13. Kimberly Powell (2003). «100 Most Common U.S. Surnames» (անգլերեն). About.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • David Herbert Donald Lincoln. — New York: Simon & Schuster, 1995. — 714 с. — ISBN 0-684-80846-3 (անգլ.)
  • Gerald Posner Case Closed: Lee Harvey Oswald and the assassination of JFK. — New York: Random House, 1993. — 607 с. — ISBN 0-679-41825-3 (անգլ.)
  • Dale L. Walker Legends and Lies: Great Mysteries of the American West. — New York: Tom Doherty Associates, 1997. — 320 с. — ISBN 0-312-86848-0 (անգլ.)
  • Николай Непомнящий Великая книга пророков. — М.: ОЛМА Медиа Групп, 2006. — 714 с. — ISBN 5-94848-234-0