Եկատերինա Սամսոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Սամսոնով
անգլ.՝ Ekaterina Samsonov
Ծնվել էհունվարի 1, 2003(2003-01-01)[1] (21 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և մոդել
Արտաքին պատկերներ
Եկատերինա Սամսոնովը 2017 թվականի Կաննի կինոփառատոնին
Եկատերինա Սամսոնովը Ռայան Միլսի լուսանկարներում (2016)

Եկատերինա Սամսոնով (անգլ.՝ Ekaterina Samsonov, հունվարի 1, 2003(2003-01-01)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուսա-ուկրաինական ծագմամբ ամերիկացի դերասանուհի և մոդել։ 2014-2017 թվականներին բրիտանական «I-D magazine» և «Daily Mail», ամերիկյան «The Hollywood Reporter», «New York Post», «Teen Vogue», ֆրանսիական «Le Point» թերթերը Սամսոնովին դասել են նորաձևության բիզնեսի առավել ականավոր մոդելների թվում և նշել են 2017 թվականի Կաննի միջազգային կինոփառատոնում աղջկա հաջողությունը «Դու երբեք այստեղ չես եղել» ֆիլմի երկու գլխավոր դերերից մեկում, որի համար արժանացել է փառատոնի երկու պարգևի, որտեղ նրա խաղընկերը դարձել է Հոակին Ֆենիքսը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Սամսոնովը ծնվել է Նյու Յորքում` Ռուսաստանի Դաշնությունից գաղթած ռուս-ուկրաինական ընտանիքում, խոսում է անգլերեն, բայց հասկանում է ռուսերեն և կարող է հաղորդակցվել անգլերենով, ինչը համարում է իր տատիկի արժանիքը։ Նրա մայրը Միացյալ Նահանգներ է եկել դեռահաս տարիքում, իսկ հայրը՝ բանակում ծառայելուց անմիջապես հետո։ Նրանք ծանոթացել են Նյու Յորքում[3]։ Աղջիկը մոդելային գործունեություն սկսել է 2 տարեկանում[4], իսկ առաջին նկարահանումն անցել է, երբ նա նույնիսկ մեկ տարեկան չէր[3]։ Աղջկա ծնողները (մայրը` Գալան (Գալինան), նաև դստեր մենեջերն է) Նյու Յորքի «Wilhelmina International» մոդելային գործակալության հետ համաձայնագիր են ստորագրել[5]։ Առաջին անգամ միջազգային հանրության լայն ուշադրությունը Եկատերինա Սամսոնովի նկատմամբ գրավել են բրիտանական «Daily Mail» թերթում հրատարակված «Ծանոթացեք մոդել-երեխաներին, որոնք նորաձևության աշխարհը գրոհով են վերցնում և մեծ գումարներ վաստակում» և ամերիկյան «New York Post» թերթում «Ծանոթացեք պինտա չափի սուպերմոդելներին, որոնք կարող են տարեկան 50 հազար դոլար վաստակել» վերնագրերով հոդվածները. վերջինը լույս է տեսել 2014 թվականի հոկտեմբերին։ Այդ ժամանակ նա նկարահանվել է «J. Crew», «Hewlett-Packard», «J. C. Penney», «Macy's», «LittleMissMatched», «Ruum» ընկերությունների համար գովազդում՝ միայն մեկ տարվա ընթացքում վաստակելով 50 000 դոլար[6]։ Աղջիկն այդ պահին համագործակցության մասին երկարաժամկետ պայմանագիր է կնքել «New York Model Management» մոդելային գործակալության հետ։ Լուսանկարիչները կարծում էին, որ Եկատերինայի իմիջի ամենաօպտիմալ տարրը անսովոր սանրվածքն է (ետևից կարճ), որն առաջին անգամ նրան արել են երեք տարեկան հասակում։ Նրանց կարծիքով` այն կախարդական ազդեցություն է ունեցել հանդիսատեսի վրա[7]։ Աղջիկն ունի Լուկա անունով կրտսեր եղբայր, որի հետ մասնակցում է ֆոտոսեսիաներին[4] և Կատյա անունով ավագ քույր[3]։

Արտաքին տեսաֆայլեր
Եկատերինա Սամսոնովը «Nutella»-ի գովազդում
Եկատերինա Սամսոնովը դեռահասների համար ապրանքների վաճառքի գովազդում

«Ekat»-ի (այդպես են աղջկան անվանում ընտանիքում) հաջողությունը նորաձևության աշխարհում հանգեցրել է դպրոցում հասակակիցների հետ հարաբերությունների կտրուկ սրմանը («Նյու Յորք նահանգում Հադսոն Վելլին, որտեղ մենք ապրում ենք, ամայի վայր է, իմ դասընկերների մեծամասնության համար դեպի Մանհեթեն ուղևորությունն արդեն իրադարձություն է` որպես ճանապարհորդություն աշխարհի ծայրին։ Եվ ես իմ մոդելային նկարահանումներով և ամբողջ աշխարհով մեկ ճամփորդություններով այստեղ եմ։ Ինչո՞ւ նրանց սիրել։» , - ասել է Եկատերինան այդ հակամարտության մասին տարիներ անց[3]): Նա անցել է տնային ուսուցման, ինչը թույլ է տվել ավելի շատ ժամանակ տրամադրել նկարահանումներին և սկսել դերասանուհու գործունեություն։ Աղջկա առաջին հաջող պայմանագիրը (վաստակել է հնգանիշ գումար) դարձել է 2014 թվականին անտառային ընկույզով, կակաոյով և կաթով պատրաստված նուտելլա քաղցր սպրեդի գովազդը ցանցային հեռուստատեսության համար[7]։ Նա խաղացել է դժգոհ մոր դստեր դերը, որը փորձում է իր երեխաներին ստիպել նախաճաշել դպրոց գնալուց առաջ[5]։ «Մենք պետք է սպրեդ ուտեինք, բայց նկարահանումների ընդմիջումների ժամանակ տղամարդն ամանով մոտենում էր, որ մենք կարողանայինք թքել այն, - զարմանքով նշում էր աղջիկը «New York Post»-ին տված հարցազրույցում, - եթե կարծում եք, որ ինձ հոգնեցրել է սպրեդը, ապա հենց որ տուն վերադարձա, անմիջապես խնդրեցի մայրիկիս Նուտելայով սենդվիչ պատրաստել»[7]։

Եկատերինա Սամսոնովի առաջնելույթը հեռուստատեսությամբ տեղի է ունեցել 2014 թվականին՝ ռեժիսոր Ռոման Կոպոլայի «Մոցարտը ջունգլիներում» սերիալում, որտեղ նա կերտել է ոչ մեծ դեր[8]։ Դրանից հետո աղջիկը նկարահանվել է ևս երկու՝ «Տոմս» և «Ամնեզիա» ֆիլմերում, որոնք ընթացել են լայն վարձույթում, պարգևներ են ստացել միջազգային և ազգային փառատոներում, բայց Եկատերինա Սամսոնովի դերերը կրկին էպիզոդիկ են եղել[8]։

Սամսոնովի` որպես դերասանուհի, միջազգային հաջողությունը եղել է 2017 թվականին՝ Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ, որտեղ ներկայացվել է միանգամից երկու ֆիլմ, որոնցում նա խաղացել Է։ Եթե Թոդ Հեյնսի «Հրաշքներով լի աշխարհ» ֆիլմում նրա հերոսուհին կրկին երկրորդ պլանի կերպար էր, ապա Լին Ռեմսի` ամերիկացի Ջոնաթան Էյմսի վեպի հիման վրա նկարահանված «Դու երբեք այստեղ չես եղել» ֆիլմում Եկատերինան խաղացել է իր նշանակությամբ երկրորդ և միանգամայն ոչ միանշանակ դեր՝ դեռահաս Նինային։ Կինոքննադատները նշել են, որ թեև նրա գործընկեր Հոակին Ֆենիքսն ստացել է փառատոնի լավագույն դերասանի մրցանակը (Կաննի կինոփառատոնի երկրորդ մրցանակը՝ լավագույն սցենարի համար), Եկատերինան դարձել է հանրության ուշադրության կենտրոնը և ավելի երկար ու բուռն ծափահարություններ է ստացել (օվացիան շարունակվել է տասը րոպե), քան Հոակինը։ Աղջիկը խաղացել է հավակնոտ քաղաքական գործչի դստեր դերը, որը ենթարկվել է սեռական ստրկության։ Ֆենիքսի` ՀԴԲ-ի նախկին գործակալ հերոսը հոր հետ պայմանագիր է կնքել, որը կփրկի աղջկան և արդարադատություն կիրականացնի առևանգողների նկատմամբ։ Սակայն իրադարձությունները սկսում են ծավալվել անկանխատեսելիորեն։ Քննադատները նշել է, որ Եկատերինան բարդ ու հասուն անձնավորության` Նինայի դերն է խաղում, այլ ոչ թե պարզապես անօգնական զոհի[2]։ Մամուլը նշում է` բացի ոչ սովորական դերասանական տվյալներից (այսպես ֆիլմի ռեժիսորը ֆրանսիական քաղաքական և լրատվական «Le Point» ամսագրին տված հարցազրույցում Եկատերինա Սամսոնովին անվանել է «զարմանալի»[9]), կարևոր է նաև երիտասարդ դերասանուհու գեղեցկությունը։ Ռուս կինոքննադատ Անտոն Դոլինը խոստովանել է, որ Եկատերինա Սամսոնովը «լավ իմաստով հրաշք» է այդ ֆիլմում[10], իսկ «The Hollywood Reporter»-ի քննադատը նրան անվանել է գրավիչ աղջիկ[11]։

Ռեժիսորը նկարահանման հարթակում գիտակցաբար աջակցել է բարյացակամ մթնոլորտին։ «Այն մռայլ ֆիլմ է, այդ պատճառով ես շատ էի նյարդայնանում առաջին օրը, - խոստովանել է Եկատերինան հարցազրույցում, - բայց շուտով մենք պարզապես աղմկում էինք և ծիծաղում։ Կային մի քանի դրվագներ, երբ ես ստիպված էի հավաքվել և կենտրոնանալ դերի վրա, բայց Լինն ինձ շատ օգնեց։ Ամբողջ ժամանակ, երբ մենք նկարահանվում էինք, կատակում էինք։ Դա, իրոք, եղել է լավատեսություն ներշնչող փորձ»[2]։

Անձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինան մտավախություն ունի, որ 2017 թվականի Կաննի փառատոնից հետո իր համբավը կհանգեցնի նրան, որ իր ողջ սովորական աշխարհը կարող է փոխվել։ «Իրականում դա շատ լավ է, կարծում եմ, որ ֆիլմը կարող է ինձ հայտնի դարձնել, - ասում է նա, - բայց միակ բանը, որ ինձ իսկապես հետաքրքրում է, իմ հին ընկերներին կորցնելու հավանականությունն է, և այն, որ մարդիկ կարող են պարզապես ձևանալ որպես իմ ընկերներ, քանի որ ես հայտնի եմ։ Ես սիրում եմ այն, ինչ ես սիրում եմ։ Համբավը կարող է օգնել կինոգործունեության շարունակությանը, ես չեմ զգում, որ այն ճնշում է ինձ»[2]։

Աղջիկն ազատ խոսում է ռուսերեն, զբաղվում է նկարչությամբ, երգով, ձիարշավությամբ և ընթերցանությամբ[4]։ Եկատերինան հարմարավետ է զգում ընտանիքում. «Մայրս և եղբայրս իմ լավագույն ընկերներն են։ Ես միշտ կարող եմ նրանց վրա հույս դնել։ Իսկ հայրս... հայրս իմ պաշտպանն է»[3]։

Եկատերինայի ոգեշնչման աղբյուրներն են մոդելներ Քենդիս Սվեյնփոլը և Բեհատի Փրինսլուն, սակայն իր ապագան կապում է ֆիլմի հետ. դա իմ ամենաուժեղ ցանկությունն է»[12]։ Հարցազրույցում նա խոստովանել է, որ երազում է ծննդյան օրը շուն նվեր ստանալու մասին, հույս ունի, որ նա կունենա «երկու տղա և աղջիկ» և վախենում է սարդերից։ Իր գրավչության մասին նա ասում է. «Ես ինձ զգում եմ, թե ինչպես յուրաքանչյուր աղջիկ պետք է իրեն զգա. նայում եմ հայելու մեջ և սիրում եմ իմ արտացոլումը։ Չեմ ուզում ոչինչ փոխել։ Ինձ դա տրված է բնության կողմից, և դա շատ լավ է»[3]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Ալիսայի դերով ներկայացել է ամերիկյան «Մոցարտը ջունգլիներում» (անգլ.՝ Mozart in the Jungle) սերիալի առաջին եթերաշրջանի 7-րդ` «You Go to My Head» սերիայում, որի տևողությունը 29 րոպե է[13]։

2015 թվականին Էնջիի դերով ներկայացել է ամերիկյան «Անեստեզիա» (անգլ.՝ Anesthesia) ֆիլմում, որի տևողությունը 90 րոպե է[14]։

2016 թվականին Աննայի դերով ներկայացել է ամերիկյան «Տոմս» (անգլ.՝ The Ticket) ֆիլմում, որի տևողությունը 97 րոպե է[15]։

2017 թվականին Աննայի դերով ներկայացել է ամերիկյան «Հրաշքներով լի աշխարհ» (անգլ.՝ Wonderstruck) ֆիլմում, որի տևողությունը 116 րոպե է[16]։

2017 թվականին Նինայի դերով ներկայացել է բրիտանական, ֆրանսիական, ամերիկյան «Դու երբեք այստեղ չես եղել» (անգլ.՝ You Were Never Really Here) ֆիլմում, որի տևողությունը 85 րոպե է[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Petty, 2017
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Сидельникова, 2018
  4. 4,0 4,1 4,2 Женщина, 2016
  5. 5,0 5,1 Berman, Nat (2018 թ․ փետրվարի 20). «Five Things You Didn't Know About Ekaterina Samsonov» (անգլերեն). TVOvermind. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  6. Lankston, 2014
  7. 7,0 7,1 7,2 Ridley, 2014
  8. 8,0 8,1 «Ekaterina Samsonov». IMDb. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  9. Guedj, Philippe (8.11.2017). «Lynne Ramsay: «A Beautiful Day doit beaucoup aux séries télé»» (ֆրանսերեն). Le Point. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
  10. Долин, 2017
  11. Felperin, 2017
  12. Holevas, 2017
  13. You Go to My Head(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  14. Anesthesia(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  15. The Ticket(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  16. Wonderstruck(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  17. You Were Never Really Here(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]