Դուշման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուշման
Dushman Vardan Stepanyan.jpg
(Արցախյան պատերազմի հերոս)
ԱԱՀ՝ Դուշման
Բնագիր
ԱԱՀ՝
Վարդան Ստեփանյան
Ծննդյան օր՝ 1966,մարտի 9
Ծննդավայր՝ Երևան,(Հայաստան)
Վախճանի օր՝ 1992, հուլիսի 3
Վախճանի վայր՝ Մյուրիշեն,(Մարտունու շրջան),Արցախ

Դուշման (իսկական անունը՝ Վարդան Ստեփանյան), (1966, Երևան - 1992, Մյուրիշեն, թաղված է Եռաբլուրում (Երևան), Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի։

Կենսագրություն[խմբագրել]

Արցախյան պատերազմի հերոս Վարդան Դուշման Ստեփանյանը ծնվել է 1966 թ. մարտի 9-ին Երևանում։ Սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան N32 միջնակարգ դպրոցում։ Աչքի ընկել գերազանց առաջադիմությամբ։ Մանկության տարիներին շատ ժամանակ է անցկացրել գրադարանում, որտեղ աշխատում էր նրա մայրը։ Ընթերցել է Չարենց, Թումանյան, Շիրազ։ 1983թ. ավարտելով դպրոցը աշխատանքի է անցել բրդե գործվածքների գործարանում։ 1984 թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում` սովետական բանակի կազմում։ Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի ամբողջ հմտություններին։ Նա կարծես կանխազգում էր, որ հայ ժողովրդին մի քանի տարի անց սպասվում էր իր պատերազմը, որ լինելու էր նույնքան դաժան ու արյունալի։ «Աֆղանստան ծառայելու գնացի կամավոր, ուզում էի լավ կռվել սովորել և կռվեցի։ Վատ զինվոր չեմ եղել և միշտ հավատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինվոր եմ լինելու»։ Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Իրավաբանական» ֆակուլտետ։

Արցախյան շարժում[խմբագրել]

1988 թվականից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դառնում է իսկական լեգենդ։ «Ամոթ է այն երիտասարդների համար ովքեր գնում են Ռուսաստան և դառնում այնտեղ հնոցապան կամ մեխանիկ։ Թուրքիան մեր դարավոր թշնամին է, ո՞վ պետք է դառնա զինվոր կամ սպա, ո՞վ պետք է կռվի»։ Վարդանը միշտ առանձնացել է իր հայրենասիրությամբ, իր բարոյական սկզբունքներով, գրագետ գործունեությամբ։ «Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ։ Ես զինվորն եմ իմ երկրի», -հետո ավելացրել, որ կոչնչանան բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք վնասում են ազգի շահերին։

Արցախյան պատերազմ[խմբագրել]

Արցախյան պատերազմի առաջին տարիներին համագործակցել է Հայ Դատի ռազմական թևի հետ։ Արցախում զենքի պակաս կար և 1989 թ. Վարդանը հատուկ առաջադրանքով մեկնում է Մոսկվա, որտեղից աներևակայելի ճանապարհով, ազատվելով դեռևս գոյություն ունեցող Սովետական միության ստուգումներից, կարողանում է Հայաստան հասցնել զենք ու զինամթերք, որն հետո ուղարկվում է Շուշիի Բերդաձոր գյուղ։ Այնուհետև ընկերոջ՝ Արմեն Երիցյանի հետ ստեղծում է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ֆիդայիները։

«Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը`լավ թե վատ, կախված է հրամանատարից»։ Հետագայում Վարդանը ստեղծում է նույնպիսի դպրոց նաև Արցախում։ Շատ բարդ էր Արցախ մեկնող նորակոչիկների գործը։ Վարդանը ոգեշնչում էր պատանի զինվորներին։ Հետո ձեռքն էր վերցնում մի բուռ հող ու ուտում և պահանջում, որ այդպես անեն նաև տղաները։ Հետո սկսում էր խոսել, որի միտքն այն էր, որ մեր երկիրը, մեր հողը մեր մայրն է, և աշխարհում նրանից ավելի քաղցր բան չկա։ «Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է»։ Իսկ պատերազմը գնալով ուժգնանում էր։ Կատաղի մարտեր էին տեղի ունենում Երասխավանի, Ասկերանի, Շահումյանի շրջաններում։ Վարդանը անցնում է Կոռնիձոր (Корнидзор)։ Ընկերները նրան կոչում են «Դուշման»։ Այս մականունը նրան տվել էին թուրքերը, որոնց դեմ կռվում էր և որոնց սարսափ էր ներշնչում։ Այնուհետև Դուշմանը մասնակցում է Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում տեղի ունեցող մարտերին։ Այնուհետև, մշակույթի աշխատողի փաստաթղթերով անցնում է Արցախ, որտեղ մասնակցում է Բադարա և Ասկերանի շրջանի Դահրավ գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմանը։ 1991 թ. հոկտեմբերի 30-ին «Դաշնակցություն» ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը (Բեկոր Աշոտ), մասնակցում է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին։ Այնուհետև Վարդանի ջոկատը մտնում է Քարագլուխ գյուղ, որը ադրբեջանցիների կողմից իրականացված «Օղակ» օպերացիայի արդյունքում ավերակ էր դարձել։ Վարդանի տղերքի հաջորդ հաղթանակը Ստեփանակերտի արվարձան Կրկժանի` ադրբեջանական ամուր հենակետի, ոչնչացման ուղղված օպերացիան էր` 1992 թվականի հունվարի 22-ին։ Կրկժանն ուղիղ կապ ուներ Շուշիի հետ, որտեղից թուրքերն անընդհատ մարդկային ու ռազմական համալրում էին ստանում։ Կրկժանի համար մղվող դիրքային մարտերը տևեցին ավելի քան մեկ ամիս և ահա եկել էր վճռական հարձակման անցնելու պահը։ Հայկական գրոհը սկսվեց գիշերը՝ երկու ուղղությամբ։ Իրականացված գործողության մեջ իրենց մեծ դերն ունեցան Դուշմանի տղերքը՝ շուրջ 40 կռվողներ։ Նրա խումբը հարձակվելով թիկունքից՝ անակնկալի բերեց ազերիներին։ Քարին Տակի հաղթանակը դարձավ հայկական ուժերի առաջին խոշոր հաղթանակը Արցախյան պատերազմում։ Սա դրեց հայերի իրար հաջորդող հաղթանակների սկիզբը՝ 1992 թվականի փետրվարի 10-ից սկսած հայկական ուժերը իրար ետևից ոչնչացրեցին Մալիբեյլ, Գուշչուլար և Լեսնո (Մեշալու) գյուղերի ադրբեջանական կրակակետերը։ Այդ հաղթանակների ողջ քաղցրությունն ու դառնությունը զգաց և ինքը՝ Դուշմանը, որը մարտերի անմիջական մասնակիցն էր։ Հաջորդ կարևորագույն հաղթանակներից էին Խոջալուի կրակակետերի ոչնչացումը (փետրվարի 25-26-ի գիշերը) և Ստեփանակերտ-ի օդանավակայանի ու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհների բացումը՝ ազատումը ազերիներից։ Գործողությունն իրականացվեց փայլուն կերպով և դարձավ անգնահատելի հաղթանակ ԼՂՀ-ի մայրաքաղաքի ու շրջափակման մեջ գտնվող բնակավայրերի անվտանգության ապահովման համար։ Այս հաղթանակները կարևոր նշանակություն ունեցան նաև Շուշիի ազատագրման համար։ Խոջալուի ազատագրման ժամանակ Բեկոր Աշոտի ուժերը հարձակման են անցել Ասկերանի շրջանի Քյարտուկ գյուղից։

Շուշիի ազատագրումը[խմբագրել]

Դուշմանը վստահություն էր ներշնչում տղաներին։ Նրա համոզվածությունը, որ հայերը անպայման կազատագրեն Արցախ աշխարհի պատմական Շուշի մայրաքաղաքը, ոգեպնդում էր տղերքին։

Շուշի մտած առաջին տանկը

«Հայրենիքի անունից սխրանքներ գործել և հավաթալ հաղթանակին - ահա սա է մեր ուժի աղբյուրը»։ Եվ հայ զենքի, հայ զինվորի իսկական սխրանքը դարձավ հնամենի Շուշիի ազատագրումը ադրբեջանաթուրքական 72-ամյա օկուպացիայից։

Անառիկ բերդ հիշեցնող Շուշի մտած ստորաբաժանումների մեջ առաջիններից էր Բեկոր Աշոտի գլխավորած 1-ին դաշնակցական վաշտը, որի մեջ մտնում էր նաև Դուշման Վարդանի գլխավորած խումբը։ Մայիսի 7-8-ի գիշերը Շուշիի ուղղությամբ իրականացվեց հրետանային հուժկու հարված, որից հետո սկսվեց գրոհը։ Դուշմանի կռվողներն հարձակումն սկսեցին քաղաքի արևելյան կողմից և արդեն առավոտյան ազատագրել էին Շուշիին հարակից թաղամասերը։ Շոշ գյուղի կողմից սկսվեց գնդապետ (այժմ՝ գեներալ-մայոր) Արկադի Կարապետյանի գլխավորած գումարտակի գրոհը։ Հյուսիս-արևմուտքից գրոհին միացան նաև Բեկոր Աշոտի գլխավորած ուժերի մնացած մասը։ Հարավից հարձակում գործեցին Նվեր Չախոյանի, այսպես կոչված «աֆղանների» վաշտը, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանի և Աշոտ Խաչատրյանի գլխավորած գումարտակները։ Նույն ժամանակ գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորած ուժերը շրջանցեցին քաղաքը հարավ արևմուտքից՝ ազատագրելով Քեսալար (Кесалар), Բաշքենդ (Башкенд), Ջավադլար և ուրիշ բնակավայրեր՝ ընդհանուր առմամբ 17։ Շուտով հարձակմանը միացավ նաև Վալերի Չիտչյանի գումարտակը։ Սամվել Բաբայանի գլխավորած ջոկատը Բերձորի կողմից փակեց ադրբեջանցիների հնարավոր օգնության ճանապարհը։

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը

Առավոտյան դեմ հայկական ուժերն իրականացրեցին միասնական գրոհ։ Շուշիում թողնվել էր մարդասիրական միջանցք՝ թշնամու հեռանալու համար (Բերձորի (այն ժամանակ՝ Լաչին) կողմից)։ Մայիսի 9-ին կեսօրին մոտ քաղաքը ազատագրվեց։ Մարտի դաշտում բազմաթիվ զոհեր թողնելով, թողնված մարդասիրական միջանցքով, թշնամին դիմեց փախուստի։ Հայկական կողմը տվեց 27 զոհ և շուրջ 180 վիրավոր։ Ադրբեջանական կողմը տվեց շուրջ 300 զոհ և 700 վիրավոր։ Որպես ռազմավար հայկական կողմին մնաց թշնամու ամբողջ հրետանին, զենքերը և այլն։ Շուշիի ազատագրումից հետո ընկերները երկար որոնեցին Վարդանին և գտան հայկական գերեզմանոցում։ Նա շամպայն էր լցնում հին գերեզմանաքարերին՝ «Մեր պապեր ,Շուշին ազատագրված է, հանգստացեք»‌[փա՞ստ]։

Պատերազմի հետագա ընթացքը[խմբագրել]

Մայիսի 11-ին Դուշմանի խումբը Հայկի Էջմիածինի ջոկատի հետ շարժվեց Զարիսլու գյուղի ուղղությամբ՝ պաշտպանելու ստրատեգիական նշանակություն ունեցող ավտոճանապարհը։ Այդ ժամանակ ադրբեջանական ղեկավարությունը իր առաջ խնդիր էր դրել վերադարձնել Շուշին։ Բախվելով Դուշմանի գլխավորած ուժերի հետ, ադրբեջանցիները կատաղի մարտերից հետո դիմում են փախուստի՝ մարտի դաշտում թողնելով մեծ քանակությամբ ռազմավար՝ այդ թվում «T-72» տանկեր, ինչպես նաև կրելով զգալի մարդկային կորուստներ։ Այնուհետև տեղի ունեցավ հաղթական մուտք դեպի Լիսագոր և Բերձոր (այն ժամանակ՝ Լաչին)։ Իրականացվեց Դուշմանի երազանքը՝ տուն վերադառնալ Շուշի-Լաչին ճանապարհով։ Պատերազմի օրերին հերոսի մայրը՝ տիկին Զարուհին, նրա կողքին էր և օգնում էր որդուն։ Ծանր ու դաժան մարտերում Վարդանը բազմիցս վիրավորվել է։ «Բուժվելու օրերին նա տանջվում էր նրա համար, որ այլևս չի կարող գնալ կռվելու», -պատմում է Վարդանի մայրը՝ տիկին Զարուհին։ 1992 թ. մայիսին հրամանատարության որոշմամբ ստեղծվեց Շուշիի առանձին գումարտակ։ Հրամանատարի փոխարինող դարձավ Դուշմանը։ 1992 թ. հունիսին ադրբեջանական զինուժը՝ հզորացված Կիրովաբադում գտնվող սովետական 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի ուժերով, լայնածավալ հարձակում սկսեց Արցախի վրա։ Շահումյանի շրջանի գրավմամբ ոգևորված թշնամուն հաջողվեց գրավել նաև ԼՂՀ Ասկերանի շրջանի Դահրազ (Даграз) և Ակբուլագ (Акбулаг), որտեղից բացվեց ուղիղ ճանապարհ դեպի հարավ՝ Մյուրիշեն։ Ստանալով այս տագնապալի լուրերը հունիսի 14-ին Վարդանն արդեն Արցախում էր, որտեղ Մյուրիշենցի Ագո-ի հետ սկսեց սահմանի այդ հատվածում թշնամուն հակահարված տալու աշխատանքներ նախապատրաստել։

Հերոսի մահը[խմբագրել]

«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»։ Մեծերը կանխազգում են գալիքը… Այդպես էլ եղավ. զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից … Վարդանը զոհվեց 1992թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։ «Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»։

Վարդանի մարմինը հանձնվեց իր այդքան սիրելի հողին՝ Երևանում, հայ զինվորների գերեզմանոցում՝ Եռաբլուրում։

Եռաբլուր

Հերոսի հիշատակին[խմբագրել]

«Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի։»

Ժողովուրդը մեծ հարգանքով ու հպարտությամբ է հիշում ու գնահատում այն, ինչ արել է իր համար Վարդանը։ Վարդանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման» և «Մոր երախտագիտությունը Արցախ աշխարհի հերոս զավակներին» մեդալներով։ Վարդանի անունով է կոչվում ազատագրված Շուշիի փողոցներից մեկը, ինչպես նաև ԵՊՀ ամբիոններից մեկը, բազմաթիվ դպրոցներում կան Վարդանի անունը կրող դասարաններ։ Վարդանին է նվիրված Դավիթ Ամալյանի երգերից մեկը, ինչպես նաև Գագիկ Հայկազունու «Հպարտ գնացեք երգը»։ Որդու զոհվելուց հետո մայրը՝ տիկին Զարուհին, չնայած դժվարություններին, կարողացավ վերանորոգել բնակարանը և նրա տունը դարձնել տուն-թանգարան՝ ընդարձակ գրադարանով։ Մուտքն այստեղ ազատ է և այցելուների պակաս չի լինում։ Գալիս են այստեղ սփյուռքից, ինչպես նաև աշակերտներ, ուսանողներ, պատերազմի ընկերները։ «Մեր դուշմանը դուշմաններից-մեր Դուշման Վարդանը»-Այս վերնագիրն է կրում Դուշմանին նվիրված Արամայիս Սահակյանի գիրքը, որը նվիրվել է տուն-թանգարանին։ 2009 թ. մարտի 9-ին, Վարդանի ծննդյան 42-րդ տարեդարձին, նրա անվան գրադարան-տուն թանգարան առաջին այցելությունը կատարեց մարտական ընկերը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և թանգարանի հուշամատյանում հանպատրաստից այսպիսի տողեր թողեց. «Ես խոնարհվում եմ մեր բոլոր հերոսների հիշատակի առջև, որոնց շնորհիվ այսօր հայ ժողովուրդն իր խաղաղ կյանքով է ապրում։ Ես խոնարհվում եմ Վարդանի ոգու առջև, որ այսօր էլ սփռվում է Հայաստանով մեկ և դաստիարակում մատաղ սերնդին, և խոնարհվում եմ մայրերի առջև` հանձին տիկին Զարուհու, որ նրանք պահպանում ու բազմապատկում են հերոսների սխրագործությունը»։ 2009 թ. հուլիսի 3-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում, այնտեղ, որտեղ զոհվել էր Վարդանը, կանգնեցվեց նոր հուշարձան։

Պատկերասրահ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

http://pandukht.livejournal.com/53977.html