Հրետանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
60 pounder Cape Helles June 1915.jpg

Հրետանի, ռազմաարդյունաբերության արտադրության տեսակ։ Այն կիրառող զինված ուժերը կոչվում են հրետանավորներ։

Հրետանագիտություն[խմբագրել]

Հրետանագիտությունը ուսումնասիրում է հրետանային սպառազինության և դրանց մարտական տեխնիկայի կառուցվածքի ու շահագործման հարցերը, մարտական կիրառման եղանակները և հրաձգության տեսությունը։ Հրետանագիտության գլխավոր բաժիններն են՝ արտաքին և ներքին բալիստիկա, հրետանու նյութական մասի, հետևակային հրազենի ու ռազմամթերքի կառուցվածքի հիմունքներ, պայթուցիկ նյութեր և վառոդներ, հրետանային արտադրության տեխնոլոգիա, հրետանու մարտական կիրառում և այլն։

Ցամաքային զորք[խմբագրել]

Որպես ցամաքային զորքի տեսակ, հրետանին իրենից ներկայացնում է հրանոթներով, ականանետներով, ռեակտիվ կայանքներով և հակատանկային կառավարվող ռեակտիվ արկերով սպառազինված, կազմակերպչորեն ձևավորված միավորումներ, զորամասեր և ստորաբաժանումներ։ Հրետանին ունի հետախուզության, կապի, քարշի, տրանսպորտի միջոցներ և կրակի կառավարմաև սարքեր։ Այն օժտված է կրակի մեծ հզորությամբ ու դիպուկությամբ, 30—35 Կմ հասնող հեռահարությամբ, լայն զորաշարժեր կատարելու և կրակն արագորեն կարևորագույն օբյեկտների (թիրախների) վրա կենտրոնացնելու ունակությամբ։ Հրետանին նախատեսված է կրակային միջոցների, մարտական տեխնիկայի, կենդանի ուժի, պաշտպանական կառույցների և այլ օբյեկտների (թիրախների) ոչնչացման, ինչպես նաև համազորային ստորաբաժանումներին և միավորումներին մարտում հրաձգային աջակցություն ցույց տալու և կրակով ուղեկցելու համար։ Միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների կազմին պատկանող հրետանու կազմում է զորային հրետանին, որը բաժանվում է կորպուսային, դիվիզիոն, գնդային և գումարտակային հրետանու։ Զորայինի կազմի մեջ չմտնող հրետանին կազմում է Գերագույն գլխավոր հրամանատարության պահեստի հրետանին։

Տեսակները[խմբագրել]

Ըստ մարտական նշանակման և հրանոթների տեսակի՝ հրետանին ստորաբաժանվում է հաուբիցային, թնդանոթային, ռեակտիվ, զենիթային հրետանու և ականանետների։ Հատուկ տեսակներին են պատկանում հակատանկային, լեռնային և կազեմատային հրետանին։ Ռազմածովային նավատորմում գոյություն ունի նավային (այդ թվում՝ զենիթային) և առափնյա հրետանին։ Վերջինս կարող է լինել ստացիոնար և շարժական։ Ռազմաօդային ուժերում հրետանային սպառազինությունը կիրառվում էր մարտական ինքնաթիռներում։ Ներկայումս այն փոխարինված է հրթիռային սպառազինությամբ։ Ըստ հրանոթների, ականանետների և ռեկատիվ կայանքների հզորության՝ հրետանին լինում է թեթև, միջին, ծանր, ինչպես նաև մեծ և հատուկ հզորության։ Ըստ բալիստիկ հատկությունների՝ տարբերում են գետնամերձ հետագծով (թնդանոթներ) և գագաթահար հետագծով (հաուբիցներ, հրասանդներ և ականանետներ) հրանոթներ։ Որպես հրետանային սպառազինության առարկաների համախմբի, հրետանուն են պատկանում «թնդանոթները, հաուբիցները, հրասանդները, ինքնագնաց-հրետանային և ռեակտիվ կայանքները, անետգլորք հրանոթները, ականանեաները, հետևակային հրազենի բոլոր տեսակները (հրացաններ, կարաբիններ, ավտոմատներ, ատրճանակներ, գնդացիրներ, նռնականետներ), բոլոր տեսակի զինամթերքները (փամփուշտներ, արկեր, ականներ), փոխադրամիջոցները (ինքնագնաց մոտորացված սայլակներ, անվավոր և թրթուրավոր քարշակներ և այլն), կրակի կառավարման տարբեր սարքավորումները և վերգետնյա ու զենիթային հրետանու նշաևառու հարմարանքները, հետախուզության և հրաձգության ապահովման միջոցները (հեռադիտակներ, ստերեոխողովակներ, հեռաչափեր, ռադիոլոկացիոն կայաններ) և այլն։

Պատմությունը[խմբագրել]

Հրետանին բազմադարյան պատմություն ունի։ Այն փոխարինելու եկավ Հին Արևելքի երկրներում՝ Եգիպտոսում, Չինաստանում, Հնդկաստանում և այլուր ծնունդ առած պարսպակործանման և նետման տեխնիկային։ Հրազենի երևան գալու վերաբերյալ առաջին հավաստի տեղեկությունները հանդիպում են արաբների մոտ և վերաբերում են XIII դարի վերջին—XIV դարի սկզբին։ Արաբներից հրազենը փոխ առան Արևմտյան Եվրոպայի բոլոր առաջավոր երկրները։ XIV դարի 20-40 -ական թթ. հրազենի առաջին նմուշները հայտնվեցին Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում։ Առաջին հրանոթները կառուցվածքով պարզունակ էին. դրանք ողորկ պատերով երկաթյա կռած խողովակներ էին՝ խուլ լցամասով (փողի առավել զանգվածեղ վերջամաս), որի վրա լիցքի բոցավառման համար հրանցքեր կային։ Այս հրանոթները լիցքավորվում էին փողաբերանից, իսկ փողն ամրացվում էր փայտե կոճղի վրա։ Հրաձգությունը կատարվում էր քարե, կապարե, երկաթե ռմբագնդերով և մանրագնդակով։ XIV—XV դարերում, երբ Եվրոպայի երկրներում յուրացվեց ձուլման տեխնիկան, հրանոթները սկսեցին ձուլել պղնձից ու բրոնզից։ Դա հնարավորություն տվեց նշանակալիորեն արագացնել և դյուրացնել հրանոթների պատրաստման պրոցեսը, բարելավել դրանց կառուցվածքը. հայտնվեցին դարձյակները, դելֆինները (բռնակներ հրանոթի փողի վրա) և պարզագույն նշանառու հարմարանքներ (նշանահատիկ և փորակ)։ Որպես արկեր ծառայում էին ռմբագնդերը, մանրագնդակով հրետանառումբերը և նռնակները։ XV դարում բոլոր զարգացած բանակների հրետանիում սկսեցին կիրառվել առաջին անվավոր հենոցները, որոնք նշանավորեցին անցումն անշարժ փայտե կոճղերից շարժական հրետասայլերին։ Քաղաք-ամրոցների սպառազինությունում գտնվող առաջին հրանոթները կազմեցին քաղաքային հրետանին։ Այնուհետև հայտնվեցին ամրոցների գրավման (պաշարման) համար նախատեսված հրանոթները, որոնք կազմեցին պաշարման հրետանին։ XIV և XV դարերի սահմանագծում քաղաքային հրետանու հրանոթների մի մասը սկսեց առանձնանալ՝ դաշտային մարտերին մասնակցելու նպատակով, ծնունդ առավ դաշտային հրետանին։ XV— XVI դարերում պետությունների տնտեսության ամրապնդումը, զորքի սպառազինության հետագա զարգացումը, հրետանու կիրառման մարտական փորձի ձեռք բերումը հանգեցրին հրետանու փոխակերպմանը զենքի տեսակից՝ զորքի տեսակի (հետևակի և հեծելազորի հետ)։ XVI—XVII դարերում ծնունդ առավ հրետանագիտությունը, երևան եկան հրետանու վերաբերյալ առաջին ուսումնասիրությունները՝ իտալացի Ն.Տարտալիայի «Նոր գիտության մասին» (1534), իսպանացի Դ.Ուֆանոյի «Տրակտատ հրետանու մասին» (1613) աշխատությունները և այլն։ XVII դարում տնտեսապես առաջավոր երկրներում լայն տարածում ստացավ հրանոթների և արկերի ձուլումը թուջից դրանց պատրաստման պրոցեսում նկատվեց ստանդարտացում, աճեց հրետանու դերը պատերազմներում։ XVII դարի 60-ական թթ. Ռուսաստանում ստեղծվեցին ակոսավոր և ողորկ պատերով նոր տեսակի հրանոթներ, որոնք նշանակալից երևույթ էին հրետանու զարգացման գործում։ XVIII դարի 50-ական թթ. հրետանու կարևոր վերափոխությունների ժամանակաշրջան դարձան։ Եվրոպայի զարգացած բոլոր բանակներում ձևավորվեց գնդային, դաշտային, պաշարման և ամրոցային հրետանին, ստանդարտացվեցին ու զգալիորեն թեթևացվեցին բոլոր տրամաչափերի հրանոթները, նշանակալիորեն պարզեցվեց դրանց արտադրությունը, կիրառման մեջ մտցվեցին նշանառու նոր հարմարանքներ։ XIX դարի կեսերին բոլոր զարգացած բանակները զինվեցին ավելի կատարելագործված, ակոսավոր, ետնամասից լիցքավորվող հրանոթներով, որոնք փոխարինելու եկան հետևակի և հեծելազորի դեմ պայքարին չհարմարեցված ողորկ պատերով հրանոթներին։ Դա արմատական հեղաշրջում էր հրետանու պատմության մեջ. մեծացավ հրաձգության հեռահարությունը (1, 5-ից մինչև 4 հզ մ), դիպուկությունը և արագաձգությունը։ XIX դարի երկրորդրդ կեսին լայն զարգացում ստացավ հրետանագիտությունը, որտեղ մեծ ծառայություններ ունեն ռուս հրետանագետները։ Հրանոթի պողպատե փողերի ձուլման մեթոդների յուրացումը, ինչպես նաև փողերի ամրակցման տեսության մշակումը հնարավորություն տվեցին XIX դարի 80-ական թթ. բոլոր պետությունների բանակները վերազինել պողպատե հեռահար հրետանիով։ 1904—1905թթ. ռուս-ճապոնական պատերազմը հրետանու հետագա զարգացման ազդակ ծառայեց։ Այդ պատերազմում առաջին անգամ կիրառվեց փակ դիրքերից կրակ վարելու եղանակը, ծնվեց հրետանային սպառազինության նոր տեսակ՝ ականանետը։ Այս պատերազմից հետո Եվրոպայի բոլոր երկրներում սկսեցին տարվել ծանր, գլխավորապես հաուբիցային համակարգի հրետանու ստեղծման աշխատանքներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում բոլոր բանակներում հրետանու քանակական աճի հետ բարելավվեց նաև որակը, մեծացան հրանոթների հեռահարությունը և հզորությունը, կազմավորվեց հետևակին ուղեկցող թեթև հրետանին։ Տանկերի և ավիացիայի երևան գալու հետ անհրաժեշտություն առաջացավ ստեղծել հակատանկային և զենիթային հրետանին։ Պատերազմի ընթացքում սկսեցին օգտագործել մեխանիկական քարշուժը, որը մեծացրեց հրետանու շարժունակությունը։ Անտեսանելի թիրախներով հրաձգությունը ճշտելու նպատակով սկսեցին կիրառել ինքնաթիռներ և դիտման օդապարիկներ։ XX դարի 20—30-ական թվականներին բոլոր երկրներում տարվում էին հրետանու արդիականացման, ինչպես նաև թեթև ու ծանր հրետանու հրանոթների, հակատանկային, զենիթային գնդացիրների նոր նմուշների ստեղծման աշխատանքներ։ Հրետանու հետագա զարգացումը կապված է Հայրենական Մեծ պատերազմի հետ, որի ընթացքում այն (հետևակի և տանկերի հետ) ցամաքային զորքերի հիմնական տեսակներից էր։ Այդ տարիներին արագ տեմպերով զարգացան հատկապես ռեակտիվ, զենիթային, հակատանկային, ինքնագնաց հրետանին և ականանետները։ Առաջավոր երկրներում հրետանու ետպատերազմյան զարգացումն ընթանում է հեռահարության, արագաձգության և շարժունակության հետագա մեծացման ուղիով։ Այդ երկրների բանակներում լայնորեն ներդրվում է հրետանին հրաձգության նախապատրաստելու և կրակը կառավարելու պրոցեսների ավտոմատացումն ու մեքենայացումը, շարունակում են ստեղծվել միջուկային լիցքերով հրետանային արկեր։ Բանակի լիակատար մոտորացումը հանգեցրեց ինքնագնաց հրետանու ստեղծմանը։ Հետագա զարգացում ստացավ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կիբեռնետիկայի, էլեկտրոնիկայի և այլ գիտությունների նորագույն նվաճումների վրա հենվող հրետանագիտությունը։ Ստեղծվեցին թնդանոթային, հաուբիցային, զենիթային հրետանու և ականանետների նոր նմուշներ։ Հատկապես արագ է զարգանում բարձր հեռահարությամբ, մեծ դիպուկությամբ և հզոր համազարկով օժտված ռեակտիվ հրետանին, որը զորքերին հնարավորություն է տալիս կարճ ժամանակամիջոցում հաջողությամբ ոչնչացնել բազմապիսի թիրախներ։ Մեծ ուշադրություն է դարձվում տանկերի դեմ պայքարի հրետանային միջոցների զարգացմանը, ստեղծվել է նոր, արդյունավետ միջոց՝ հակատանկային կառավարվող ռեակտիվ արկեր, որոնք մեկ արձակումով ապահովում են ցանկացած տանկի ոչնչացումը՝ մի քանի կմ-ից։ Չնայած վերջին ժամանակներս որոշ երկրներում զարգացում է ստացել հրթիռամիջուկային զենքը, այնուամենայնիվ հրետանին մնում է զորքերի մարտական գործողությունների կրակային ապահովման կարևորագույն միջոց՝ հատկապես մոտոհրաձգային և տանկային զորամասերին ու միավորումներին անմիջական կրակային աջակցություն ցույց տալու դեպքում և հակառակորդի տանկերի դեմ պայքարելիս։ Առանց ոչնչացման միջուկային միջոցների մարտական գործողություններ վարելիս, հրետանին առաջվա պես կլինի ժամանակակից բանակի կրակային հիմնական հարվածային ուժը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png