Դիկտեյական քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիկտեյական քարանձավ
Տեսակքարանձավ և էքսկուրսիոն անձավ
Երկիր Հունաստան
ՎարչատարածքOrepedio Lasithi Municipality?
ՎայրPsychro?
Աշխարհագրական
տեղադրություն
Կրետե
Մասն էՀունական դիցաբանություն
ԲԾՄ1025 մետր
Քարտեզ
Քարտեզ

Դիկտեյական քարանձավ (հուն․՝ Δικταίο Άντρο), քարանձավ Հունաստանի Կրետե կղզում, Դիկտեյական լեռների Լասիտիի սարահարթի վրա։ Գտնվում է ծովի մակարդակից 1024 մ բարձրության վրա։ Կրետեի հայտնի վայրերից մեկն է։ Զբոսաշրջիկներին գրավելու նպատակներով այն հաճախ անվանում են Զևսի քարայր։

Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսիոդոսի խոսքերով, աստվածուհի Հռեան, Լասիտիիից ոչ հեռու գտնվող Դիկտեյական լեռներում թաքնվում էր իր ամուսնուց՝ Քրոնոսից, քանի որ նա խժռում էր իրենց երեխաներին[1]։

Քրոնոսը վստահ էր, որ իշխանությունն ընդմիշտ կմնա իր ձեռքում։ Նա երկյուղ ուներ, որ իր դեմ կապստամբեն զավակները և իրեն կդատապարտեն նույն ճակատագրին, որին ինքն արժանացրեց իր հորը՝ Ուրոնոսին։ Նա վախենում էր իր զավակներից։ Քրոնոսն հրամայեց իր կնոջը՝ Հռեային, որ նա իր մոտ բերի ծնած երեխաներին, և անգթորեն կուլ տվեց նրանց։ Հռեան՝ տեսնելով իր զավակներին վիճակված ճակատագիրը սարսափեց։

Հինգ երեխաներին Քրոնոսն արդեն կուլ էր տվել. Հեստիային, Դեմետրային, Հերային, Հադեսին (Աիդ) և Պոսեյդոնին։

Հռեան չցանկացավ կորցնել իր վերջին մանկանը։ Իր ծնողների՝ Ուրանոսի (երկինք) և Գեայի (երկիր) խորհրդով, նա հեռացավ Կրետե կղզի, և խորունկ մի անձավում ծնվեց նրա կրտսեր որդին, որի փոխարեն բարուրի մեջ փաթաթված մի երկարուկ քար տվեց ամուսնուն, որ կուլ տա։ Քրոնոսը չկասկածեց, որ կինը խաբել է իրեն։

Իսկ Զևսը մեծանում էր Կրետեում։ Սկսած 19-րդ դարի վերջից, Զևսի պատմությունը կապվում էր դիցաբանական այս վայրի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավում առաջին պեղումները կատարվել են 1886 թվականին՝ Ջոզեֆ Հաձիդակիսի կողմից։ Ուսումնասիրությունները շարունակվել են 1896 թվականին՝ Արթուր Էվանսի կողմից։

Պեղումների արդյունքում հայտնաբերվել են հնագույն զոհասեղաններ, Զևսին նվիրված շատ արձանիկներ։ Դրանից հետո հանգեցին այն եզրակացության, որ Զևսին այստեղ ծառայել են 2000 տարի շարունակ։

Ներկայումս քարանձավի գտածոները պահպանվում են Հերկլիոնի, Էշմոլի և Օքսֆորդի թանգարաններում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավի մուտքը գտնվում է ծովի մակարդակից 1024 մ բարձրության վրա։ Քարանձավը բաղկացած է նախասրահից (42 × 19 × 6.5 մետր)՝ որտեղ եղել են քարե զոհասեղանները և հիմնական դահլիճը (85 × 38 × (5-14 մետր))։ Քարանձավի խորքում գտնվում է փոքր ստորգետնյա լիճ։ Պատերի և առաստաղի վրա կան արտասովոր ստալագմիտներ և ստալակտիտներ։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զևսի քարանձավը Կրետեի հայտնի զբոսաշրջային վայրերից է։ Ափամերձ շրջանների զբոսաշրջային գործակալությունները առաջարկում են այդտեղ անցկացնել էքսկուրսիաներ։ Ավտոկայանատեղիից քարայր պետք է բարձրանալ կտրուկ արահետով (զբոսաշրջիկները կարող են բարձրանալ էշով)։ Քարանձավ իջնում են մետաղյա սանդուղքով։ Ներսում կա էլեկտրական լույս, լճի վրա կան կամրջակներ։ Քարանձավի մուտքը վճարովի է։ Մուտքի մոտից տեսանելի է դառնում Լասիտիիի սարահարթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիկտեյական քարանձավ» հոդվածին։