Քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչաղբյուր
Քարանձավ

Քարանձավը (քարայր, անձավ, այր) երկրակեղևի վերին շերտերի դատարկ տարածություն է (խոռոչ), որը Երկրի մակերևույթ է դուրս գալիս մեկ կամ մի քանի ելքերով։

Քարանձավների առաջացումը[խմբագրել]

Առաջանում է ջրի ներգործությամբ հեշտ լուծվող ապարների (կրաքար, դոլոմիտ, բազալտ, գիպս և այլն) լվացատարման և այլ շարժընթացների հետևանքով։ Աշխարհի ամենատպավորիչ քարայրերը գտնվում են այնտեղ, որտեղ շատ է կրաքարը, օրինակ՝ Կարլսբադ-Կավերզնը Նյու Մեքսիկո նահանգում (ԱՄՆԿրաքարի հիմնական մաս կազմող կալցիումի կարբոնատը հեշտությամբ լվացվում-տարվում է անձրևաջրով։ Ջուրը, ներծծվելով կրաքարի ճաքերի ու ճեղքերի միջով, աստիճանաբար լայնացնում է դրանք, երբեմն էլ բացում է ուղղաձիգ խորը թունելներ։ Կրաքարը լվացատարվում է նաև ստորգետնյա գետերի ջրերով՝ գոյացնելով խոշոր քարայրեր։ Քարայրեր են հանդիպում նաև ծովերի առափնյա ժայռերում և հրաբխային շրջաններում (բազալտային քարայրեր)։ Առավել խոշոր քարայրերը կարստային են։ Դրանք սրահների և անցումների բարդ համակարգ են և ունենում են մի քանի տասնյակ կիլոմետր երկարություն։

Հայտնի քարանձավները[խմբագրել]

Նախնադարում քարանձավներն օգտագործվել են որպես կացարան։ Այնտեղ հայտնաբերվել են բրածո կենդանիների ու մարդկանց ոսկրերի մնացորդներ, աշխատանքի գործիքներ, կենցաղային իրեր, ժայռերի պատերին փորագրված զանազան պատկերներ։ Հայկական լեռնաշխարհում հնագույն քարանձավ-հնավայրերից է Շանիդարը։ ՀՀ-ում նախնադարյան քարանձավ-կայաններ են հայտնաբերվել Հրազդան գետի միջին հոսանքի շրջանում (Երևանյան լճի, Արզնու քարանձավները)։ Գետահովիտներում, կիրճերում գտնվող բնական և արհեստական շատ քարայրեր միջին դարերում նույնպես եղել են բնակավայրեր (տաճարներ, վանքեր)։ Նման քարայրերից են Ուփլիսցիխեն, Վարձիան՝ Վրաստանում, Գեղարդը, Սպիտակի վիմափոր բնակավայրը՝ Հայաստանում, Կալամիտան, Մագնուտը՝ Ղրիմում և այլն։ Քարայրեր կան նաև Բալկանյան երկրներում, Իտալիայում, Չինաստանում, Հնդկաստանում և այլուր։ Միջնադարյան քարայրային բնակավայրերը «քարայրային քաղաքներ» ընդհանուր անվանումով այժմ դարձել են զբոսաշրջության գրավիչ վայրեր։

Մոզրովի քարանձավ, Վայոց ձոր
Արջերի քարանձավ, Վայոց ձոր

Հայաստանի ամենահայտնի քարանձավների ցուցակը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայաստանի քարանձավներ

1. Մոզրովի Վայոց Ձոր

2. Մագիլի Վայոց Ձոր

3. Արջերի Վայոց Ձոր

4. Թռչնի Վայոց Ձոր

5. Կանաչ Տավուշ

6. Կարմիր Վայոց Ձոր

7. Լաստիվերի Տավուշ

8. Յոթ հորերի քարանձավ Արագածոտն

9.Դավրիժեցու Կոտայք

10.Անահիտ Վայոց Ձոր

11.Գետնազաղա Լոռի

12. Մյարոզի Վայոց Ձոր

Շթաքարեր և պտկաքարեր[խմբագրել]

Կրաքարային քարայրերում կան հոսքային գոյացություններ, որոնք կոչվում են շթաքարեր (ստալակտիտ) և պտկաքարեր (ստալագմիտ)։ Քարայրի կամարից կաթող ջուրը մասամբ գոլորշիանում է՝ թողնելով կալցիումի կարբոնատի բարակ նստվածքաշերտ, որը, հետզհետե աճելով, առաջացնում է շթաքար, իսկ հատակին կաթող նստվածքից գոյանում է պտկաքար։ Շթաքարերը քարե լեզվակների տեսքով կախվում են քարայրի առաստաղից, իսկ պտկաքարերը հատակից վեր են բարձրանում քարե սյուների նման և, երբեմն միմյանց միանալով, գոյացնում են միասնական սյուն (ստալագնատ)։ Շթաքարերն ու պտկաքարերը շատ հաճախ այնքան գեղեցիկ գոյացություններ են առաջացնում, որ վաղուց արժանացել են զբոսաշրջիկների ուշադրությանը։

Արտաքին հղումներ[խմբագրել]