Գիֆենյան ապրանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գիֆենի ապրանքներ(անգլերեն՝ Giffen goods) — ապրանքներ, որոնք չեն ենթարկվում «պահանջարկի օրենքին», այսինքն գների բարձրացմանը զուգընթաց դրանց սպառման ծավալները մեծանում են։

Արտահայտությունը կիրառվում է Ռոբերտ Գիֆենից հետո, որն այս երևույթն համարում էր «պահանջարկի օրենքի» ժխտում։ Այնուամենայնիվ Գիֆենի ապրանքները ներկայումս դիտարկվում են որպես պահանջարկի վերլուծության հատուկ դեպք, այլ ոչ թե նրա ժխտում։ Գիֆենի ապրանք կարող է լինել ոչ միայն հացը, այլև բնակչության աղքատ խավերի համար լայն սպառման ապրանքներ։ Օրինակ, ին՞չ տեղի ունեցավ ՀՀ–ում, երբ միանգամից բարձրացան հացի և կարտոֆիլի գները։ Պատկերացրեք աղքատ ընտանիքների վիճակը (իսկ այդպիսիք մեզ մոտ կազմում են ընտանիքների առնվազն 3/4-ը), որոնք օգտագործում էին որոշ քանակությամբ հաց, կարտոֆիլ, միս և այլ ապրանքներ։ Նրանք սկսեցին ավելի շատ հաց և կարտոֆիլ գնել, իսկ հետո` միայն հաց։ Ինչու՞, որովհետևւ նրանց եկամուտները այլևս թույլ չէին տալիս միս և այլ ապրանքներ գնել և ամբողջ եկամուտը նրանք ուղղում էին հաց և կարտոֆիլ գնելուն (իսկ ոմանք միայն հաց գնելուն)։ Հետևաբար մեծացավ այս ապրանքների սպառումը և գնորդների կախվածությունը դրանցից։

Ապրանքների սպառումը հետաքրքիր օրինաչափությամբ կախված է նաև եկամտի էֆեկտից (income effect) և փոխարինման էֆեկտից (substitution effect)։ Եթե ապրանքը ցածրորակ ապրանք է (inferior good), ապա նրա նկատմամբ պահանջարկը սպառողների հարստացմանը զուգընթաց ընկնում է։ Այսպիսի ապրանքների գնի բարձրացումը կարող է հանգեցնել նաև պահանջարկի բարձրացման, իսկ գնի ցածրացումը պահանջարկի իջեցման։ Օրինակ, հարուստ երկրների համար ցածրորակ ապրանքներ են հեծանիվը, ապխտած երշիկը, մարգարինը և այլն։

Փոխարինման էֆեկտի ժամանակ, երբ սպառողների եկամուտը մնում է հաստատուն, իսկ տվյալ ապրանքի գինը բարձրանում է, փոխարինող ապրանքների գինը մնալով նույնը փաստորեն դառնում է հարաբերականորեն էժան և սպառողները գնում են հենց այդ ապրանքները։ Իսկ երբ տվյալ ապրանքի գինը ընկնում է, իսկ փոխարինողներինը մնալով նույնը` հարաբերականորեն թանկանում, սպառողները սկսում են որպես փոխարինող գնել հենց տվյալ ապրանքը։ Եթե եկամտի էֆեկտը գործում է այնպես, որ պահանջարկի փոփոխությունները տեղի են ունենում նույն ուղղությամբ, ինչ գների բարձրացումը, փոխարինման էֆեկտը պահանջարկի փոփոխությունները տանում է գնի փոփոխմանը հակառակ ուղղությամբ, և երբ առաջին էֆեկտը գերակշռում է վերջինին, ընդհանուր էֆեկտը լինում է այն, որ գումարային պահանջարկի փոփոխությունները տեղի են ունենում նույն ուղղությամբ, ինչ գների փոփոխությունները։ Սա այն հատուկ դեպքն է, որ բացահայտել է Ռ. Գիֆենը։


Արտաքին հղումներ [խմբագրել]