Մարգարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանական արտադրության մարգարին

Մարգարին (ֆրանս.` margarine), սննդանյութ, ձեթերի ու կենդանական ճարպերի, կաթի, համեմունքների և այլ նյութերի խառնուրդ։ Սննդարարությամբ, համով, քիմիական բաղադրությամբ և ֆիզիկական հատկություններով նման է կարագին։ Մարգարինն օրգանիզմում յուրացվում է 94-97, 6%-ով, կարագը՝ 93-98, 5%-ով։

Տարբերում են՝

  • Կաթնային
  • Խոհարարական
  • Փոշենման մարգարիններ

Կաթնային մարգարինը ճարպի էմուլսիան է կաթում, որն օգտագործվում է անմիջականորեն և խոհարարական նպատակներով։ Խոհարարական մարգարինը բուսական ձեթերի և կենդանական ճարպերի խառնուրդ է, օգտագործվում է սննդարդյունաբերության մեջ և խոհարարական գործում։ Փոշենման մարգարինն օգտագործվում է խտացված սննդի պատրաստման համար։

Արևմտյան Եվրոպայում մարգարինի արտադրությունն սկսվել է 1869-ին, նախկին ԽՍՀՄ-ում՝ 1927-ին (1977-ին արտադրվել է 1, 2 մլն տ մարգարին)։ Մարգարինի արտադրության հիմնական հումքը բուսական ձեթերը (օգտագործվում են առանց հիդրոգենացման կամ հիդրոգենացումից հետո) և կենդանական ճարպերն (տավարի, ոչխարի, խոզի, ոսկրի) են։ Մարգարինի արտադրության համար ճարպերը նախ ռաֆինացնում և հոտազերծում են, ապա պատրաստում ջրաճարպային էմուլսիա։ Կաթը մերում են կաթնաթթվային մանրէների օգնությամբ։ Որպես համեմունք ավելացնում են կերակրի աղ (0, 2-0, 7%), շաքար, առանձին տեսակներին՝ կակաո, սուրճ, վանիլին և այլն։ Բարձրարժեք մարգարինին ավելացվում է նաև կարագ, բնական սննդային ներկեր, վիտամիններ, կաթնասեր և այլն։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png