Գիտություն (հրատարակչություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտություն
Տեսակհրատարակչություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1936
ՀիմնադիրՀՀ ԳԱԱ

Գիտություն, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիտություն» հրատարակչությունը հիմ­նադրվել է 1936 թվականին՝ որպես ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ) նախագահությանը կից հրատարակչության բաժին, 1940 թվականից գործել է ինքնուրույն, 1943 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 2000 թվականից՝ «Գիտություն»։ Գիտական աշխատությունների հրատարակչության բնագավառում ՀՀ առաջատար հրատարակչություններից է։

«Գիտություն» հրատարակչության տպագրած գրքեր և հանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենաշարեր և բազմահատորյակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեքավոր են հրատարակչության լույս ընծայած «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» (1950–88 թթ․), «Հնագիտական պեղում­ները Հայաստանում» (հատոր 1–25..., 1950–2012...), «Ռուս-հայերեն բառարան» (հատոր1–4, 1954–58), «Հայ ժողովրդական հեքիաթներ» (հատոր 1–17..., 1959–2013...), «Դիվան հայ վիմագրության» (պրակ 1–9..., 1960–2012...), «Գրական ժառանգություն» (գիրք 1–13..., 1961–80...), «Հայ նոր գրականության պատմություն» (հատոր 1–5, 1962–79), «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» (հատոր 1–16..., 1967–2005...), «Հայ ժողովրդի պատմություն» (հատոր 1–8, 1967–84), «Հայաստանի հնագիտական հուշարձաններ» (պրակ 1–21..., 1968–2009...), «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» (հատոր 1–4, 1969–80), «Հայ ազգագրություն և բանահյուսություն» (պրակ 1–26..., 1970–2009...), «Հայ էսթետիկական մտքի պատմությունից» (գիրք 1–8..., 1974–2009...), «Հայկական ճարտարապետության պատմություն» (6 հատորով, հատոր 1–3..., 1996–2004...), «Հայ արվեստի հարցեր» (գիրք 1–4..., 2006–12...) և այլ մատենաշարեր ու բազմահատորյակներ։

Հայ դասականների երկերի ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիտություն» հրատարակչությունը կարևորում է հայ դասականների երկերի ժողովածուների հրատարակչությունը։ Լույս են տեսել Դերենիկ Դեմիրճյանի «Երկերի լիակատար ժողովածուի» (1–14, 1976–87), Միքայել Նալբանդյանի «Երկերի լիակատար ժողովածուի» (1–6, 1979–97), Դանիել Վարուժանի «Երկերի լիակատար ժողովածուի» (հատոր 1–3, 1986–87), Սմբատ Շահազիզի «Չափածո երկերի» (1993), Սիամանթոյի «Անտիպ երկերի ժողովածուի» (2003), Հովհաննես Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածուի» (հատոր 1–10, 1988–99), Ավետիք Իսահակ­յանի «Երկերի լիակատար ժողովածուի» (14 հատորով, 2003), Լևոն Շանթի «Երկերի ժողովածուի» (9 հատորով, 2007) ակադեմիական հրատարակությունները։

«Գրական հուշարձաններ» մատենաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրական հուշարձաններ» մատենաշարով տպագրվել են Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» (1966), Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն» (1969) և Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» (1985) պոեմ­ները, Քսենոփոնի «Անաբասիս» (1970) և Հերոդոտոսի «Պատմություն ինը գրքից» (1986) երկերը, Ուիլյամ Շեքսպիրի «Քրոնիկներ» (հատոր 1–2, 1972–73) պատմական պիեսները, Յոհան Էքերմանի «Զրույցներ Գյոթեի հետ նրա կյանքի վերջին տարիներին (1823–1832)» (1975) գիրքը, Ֆրիդրիխ Շիլլերի «Վալլենշտայն» (1977) պիեսը և այլ գործեր։ Տպագրվել է նաև քաղաքական, հրապարակախոսական, գիտահանրամատչելի գրականություն, դասագրքեր և այլն։

Վերջին տարիների ուշագրավ հրատարակություններից են «Հին Հայաստանի ոսկին» (2007) և «Վիկտոր Համբարձումյան» (հայերեն, ռուսերեն, անգլերեն, 2008) ժողովածուները, Իմանուիլ Կանտի «Զուտ բանականության քննադատություն» (թարգմանությամբ և աշխատասիրությամբ՝ Վ. Տերոյանի, 2010) երկը, «Տիգրան Մեծ» (Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, 2011), Վ. Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» (2011), Յոզեֆ Ստրժիգովսկու «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» (ռուսերեն, գիրք I, հատոր 1, 2011) աշխատությունները, «Տիգրան Մեծ» (2011), «Անին միջնադարյան Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական կենտրոն» (2012), «Հայկազուններ» (2013) միջազգային գիտաժողովների նյութերի ժողովածուները և այլն։

Գիտական հանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակչությունը լույս է ընծայել նաև ՀՀ ԳԱԱ-ի 13 գիտական հանդեսներ՝ «Լրաբեր հասարակական գիտությունների» (1940թվականից), «ԳԱԱ զեկույցներ» (1944թվականից), «Հայաստանի կենսաբանական հանդես» (1948 թվականից), «Հայաստանի քիմիական հանդես» (1957 թվականից), «Տեղեկագիր ՀՀ ԳԱԱ. Տեխնիկական գիտություններ» (1957թվականից), «Պատմա-բանասիրական հանդես» (1958 թվականից), «Հայաստանի բժշկագիտություն» (1961թվականից), «Տեղեկագիր ՀՀ ԳԱԱ. Գիտություններ Երկրի մասին» (1964թվականից), «Աստղաֆիզիկա» (1965թվականից), «Տեղեկագիր ՀՀ ԳԱԱ. Ֆիզիկա» (1966 թվականից), «Տեղեկագիր ՀՀ ԳԱԱ. Մեխանիկա» (1966 թվականից), «Տեղեկագիր ՀՀ ԳԱԱ. Մաթեմատիկա» (1966 թվականից), «Նեյրոքիմիա» (1981 թվականից՝ ՌԴ ԳԱ-ի հետ համատեղ)։

Հրատարակչությունը ցայսօր լույս է ընծայել ավելի քան 6 500 անուն գիրք և հանդես՝ շուրջ 5 մլն տպաքանակով։

«Գիտություն» հրատարակչության հրատարակած գրքերն արժանացել են ՀՀ Պետական (1980, 1985), ՀՀ նախագահի (2006), ՀՀ մշակույթի նախարարության (2008–13), ԱՊՀ երկրների գիտությունների ակադեմիաների միջազգային ընկերակցության (2010–13) և բազմաթիվ այլ մրցանակների ու պատվոգրերի։

Հրատարակչության տնօրեններ են եղել Խնկանոս Դանիելյանը, Սոս Գևորգյանը, Խիկար Բարսեղյանը, Վաչե Հովակիմյանը (1991 թվականից)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Gitutyun" Hratarakchutyun». githrat.sci.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։