Արսեն Վարդանյան (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Վարդանյան
Ծնվել էհունիսի 24, 1948(1948-06-24) (75 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան,  ԱՄՆ և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և բեմադրող ռեժիսոր

Արսեն Ռաֆայելի Վարդանյան (հունիսի 24, 1948(1948-06-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)[1], հայ թատերական ռեժիսոր, պետական տոնակատարությունների ու մասսայական խոշորամասշտաբ մշակութային միջոցառումների բեմադրիչ, դերասան (1969 -1994 թվականներին՝ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն, հայկական հեռուստատեսություն, ռադիո, նաև՝ բեմադրիչ), թատերական մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Վարդանյանը ծնվել է 1948 թվականի հունիսի 24-ին՝ Երևանում[1], Ռաֆայել Վարդանյանի և Նինա Մարտիրոսյանի բազմազավակ ընտանիքում։ 1955-1966 թվականներին սովորել է Երևանի թիվ 20 միջնակարգ դպրոցում։ 1955-1962 թվականներին սովորել է նաև Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում (դաշնամուրի դասարանում, ուսուցիչ՝ Դավիթ Խանջյան)։ Դպրոցական տարիներին զբաղվել է սպորտով՝ մարմնամարզությամբ և սուսերամարտով։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում (այսօր՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ) :1966-1972 թվականներին սովորել է նախ դերասանական, ապա՝ ռեժիսորական բաժիններում։ Դերասանական կուրսի ղեկավարը եղել է Զավեն Տատինցյանը։ Լինելով Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր, Տատինցյանը հետագայում Արսեն Վարդանյանին հրավիրել է աշխատելու իր ղեկավարած թատրոնում։ 1969-1994 թվականներին աշխատել է ՊՀԹ-ում՝ որպես բեմադրիչ և դերասան։ 1985-1995 թվականներին դասավանդել է թատերական և մանկավարժական ինստիտուտների ռեժիսուրայի ամբիոններում։ 1995-1997 թվականներին աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարությունում՝ դաստիարակչության վարչության մշակույթի բաժնի ավագ սպա։ 1997-2002 թվականներին աշխատել է ՀՀ պետական Ֆիլհարմոնիայում որպես գլխավոր ռեժիսոր։

2004 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես։ Ամուսնացած է։ Ունի երկու դուստր, հինգ թոռ։ Կինը՝ Գայանե Վարդանյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Ավագ դուստրը՝ Թագուհին, Լոս Անջելեսում հայտնի հեռուստավար է։ Կրտսեր դուստրը՝ Սոնան, հիմնադրել է «Սոնատա» երաժշտական դպրոցը։

Ստեղծագործական գործունեությունը՝ Երևանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս ուսանողական տարիներին Արսեն Վարդանյանը բեմադրել է հատվածներ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», Կառլո Գոցցիի «Ագռավը» պիեսներից, բեմականացրել է Պաուստովսկու և Օ. Հենրիի պատմվածքները[2]։ Պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատած տարիներին բեմադրել է հայ, ռուս, եվրոպական և ամերիկյան հեղինակների բազմաթիվ ստեղծագործություններ, որպես դերասան՝ կերտել հայ և համաշխարհային դրամատուրգիայի կերպարներ։ Բեմադրություններից շատերը եղել են մյուզիքլներ։ Համագործակցել է կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանի, Մելիք Մավիսակալյանի, Գրիգոր Հախինյանի, Դավիդ Ազարյանի, Ստեփան Լուսիկյանի, Արմեն Վարդանյանի հետ[2]։ Թատրոնում հիմնական աշխատանքից բացի, Արսեն Վարդանյանը բեմադրություններ է արել հայկական հեռուստատեսությունում, ռադիոյում, մասնակցել է ֆիլմերի հայերեն կրկնօրինակմանը։

Աշխատանքը՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ՊՆ-ում աշխատանքի տարիներին Վարդանյանը, նախարարի հրամանով, կազմակերպել և անցկացրել է մի շարք խոշոր միջոցառումներ, այդ թվում՝ ՀՀ Անկախության 5-ամյակին նվիրված մեծ տոնահանդես՝ Երևանի Հանրապետության հրապարակում, համերգաշարեր՝ ՀՀ սահմանամերձ և Լեռնային Ղարաբաղի զորամասերում։ Կազմակերպել ու անցկացրել է Ուրախների և հնարամիտների համաբանակային մրցույթներ։ Կատարած աշխատանքի համար ավագ լեյտենանտ Արսեն Վարդանյանն արժանացել է Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի պատվոգրերին և դրամական պարգևների։

Աշխատանքը՝ ՀՀ Պետական ֆիլհարմոնիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

արՀՀ Պետական ֆիլհարմոնիայում աշխատանքի հինգ տարիների ընթացքում Արսեն Վարդանյանը կազմակերպել և անցկացրել է բազմաթիվ համերգներ, այդ թվում՝ ՀՀ պետական տոներին նվիրված կառավարական համերգներ, երաժշտական-ժամանցային, խոշոր մշակութային միջոցառումներ։ Մասնակցել է Լաս Վեգասի MGM-GRAND համերգասրահում անցկացված՝ «Հայաստան» հիմնադրամի 10-ամյակին նվիրված մեծ համերգի կազմակերպման աշխատանքներին։ Արսեն Վարդանյանը հանդիսացել է «Հայաստան - Սփյուռք» 2-րդ և 3-րդ համաժողովների մշակութային ծրագրերի գլխավոր կազմակերպիչներից մեկը։ Կազմակերպել է մեծ համերգաշարեր Սարդարապատի հուշահամալիրում, Երևանի հրապարակներում, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այլ բեմերում, ակտիվ մասնակցություն ունեցել Զորավար Անդրանիկի, Դրաստամատ Կանայանի (Դրո) աճյունները Հայաստան տեղափոխելու առիթով մշակութային միջոցառումների կազմակերպմանը։ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում բեմադրել է «Վարագա Սուրբ Խաչը» պատմական դրաման։ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում բեմադրել է «Հրաշափառ» մեծ շոու-տոնահանդես, որին, որպես երգչախումբ մասնակցել են Երևանի 20.000 դպրոցականներ։ Հսկայական երգչախումբը ղեկավարել են երկրի 15 խմբավարներ՝ Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ։ Միջոցառմանը մասնակցել են միացյալ սիմֆոնիկ նվագախումբ, պարախմբեր և ասմունքողներ։

Ստեղծագործական գործունեությունը՝ ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսում Արսեն Վարդանյանը հիմնադրել է դերասանական դպրոց, որում ուսանել են տասնյակ երեխաներ ու երիտասարդներ։ Թատերական դպրոցի սաների ուժերով բեմադրվել են «Բրազիլիայի գանձը», «Մանուշիկը և կախարդները», «Երկարագուլպա Պեպպին», «Ամանորյա հանդեսներ», «Հեքիաթ կորսված ժամանակի մասին» ներկայացումները։ Վարդանյանը հանդիսացել է նաև «Corner» հեռուստածրագրի գլխավոր խմբագիրն ու բազում ծրագրերի հեղինակը[3]։ Դստեր՝ Թագուհի Վարդանյանի հետ վարել է բազմաթիվ հեռուստածրագրեր։ 2020-ական թվականներից Ա.Վարդանյանը ղեկավարում է ավագ դստեր՝ Թագուհու հիմնած «CREO studio» մանկական դաստիարակության կենտրոնի թատերական դպրոցը։ Թատերական դպրոցում բեմականացվել են Հովհաննես Թումանյանի, Աթաբեկ Խնկոյանի և այլ հեղինակների հեքիաթներն ու առակները։

Դերակատարումներ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նեսո՝ «Գիքոր»[3]
  • Ավազակ՝ «Ռոմանտիկներ»
  • Յուրի -«Ռոպս»
  • Ստանիսլավ Պրոտալին՝ «Գիշերը մենամարտից առաջ»
  • Պելլե՝ «Մանչուկն ու Կարլսոնը»
  • Ստասիկ՝ «Եղբայրս կլարնետ է նվագում»[3]
  • Օկտավ՝ «Սկապենի արարքները»
  • Ծաղրածու Բուկ՝ «Երկարագուլպա Պեպպի»
  • Դամիս՝ «Տարտյուֆ»
  • Օլեգ Կոշևոյ՝ «Երիտասարդ գվարդիա»
  • Դիմա՝ «Զանգահարեք և եկեք»
  • Գասպար՝ «Բրազիլիայի գանձը»[3]
  • Կատարածու՝ «Ձյունեփայլը և յոթ թզուկները»

Դերակատարումներ՝ հեռուստատեսությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլեգ՝«Երջանկություն որոնելիս», (հեղինակ՝ Վ. Ռոզով)[4]
  • Ֆյոդոր՝ «Երկու թխկենի», (հեղինակ՝ Եվգ. Շվարց)
  • Արմեն՝ «Մեկ սեր էլ պակասեց»[4]
  • Պետյա՝ «Նկարահանվում է ֆիլմ», (հեղինակ՝ Էդ. Ռաձինսկի)
  • Գործավար՝ «Կոմիսար Մեգրե», (հեղինակ՝ Ագաթա Քրիստի)

Երևանի ՊՀԹ-ում իրականացրած բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրել է՝ Մարիա Կ, Մաշադու՝ «Բրազիլիայի գանձը», Ա.Ալեքսին՝ «Մոսկովյան արձակուրդներ», Այզեկ Ազիմով՝ «Թիմմին, մամոնտի ժամանակակիցը», Ա.Մակայոնոկ՝ «Տրիբունալ», Ա.Ալեքսանդրով՝ «Մի հեռանա երբեք» (Կոծոծիկը), Հ.Լույկ՝ «Այրվող տախտակամածին», Յակովլև՝ «Ձյունեփայլն ու յոթ թզուկները», Մարկ Տվեն՝ «Արքայազնն ու աղքատը», Ռ.Ավետիսյան՝ «Սև սարի հետևը պահ է մտել դևը» և Բ.Բաբայան՝ «Բռնկում» գործերը[5]։

Համատեղ բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Արաքսմանյանի՝ «Հինգ րոպե ճշմարտություն» (Մարատ Մարինոսյանի հետ համատեղ)[5]
  • Աստրիդ Լինդգրենի՝ «Երկարագուլպա Պեպպին» (Զավեն Տատինցյանի հետ համատեղ)
  • Աստրիդ Լինդգրենի, «Մանչուկն ու Կարլսոնը» (Զ.Տատինցյանի հետ համատեղ)
  • Սաղ.Հարությունյան, «Աղջիկը, Ծիպիլին և Տիմբական» (Զ.Տատինցյանի հետ համատեղ)[5]
  • Ուիլյամ Շեքսպիրի՝ «Ոչնչից մեծ աղմուկ» (Երվանդ Ղազանչյանի հետ համատեղ)
  • Վ.Մոսվսիսյանի՝ «Եղիցի երկիր» (Ե.Ղազանչյանի հետ համատեղ)
  • Ա.Կազանցևի՝ «Ինչպես էր կոփվում պողպատը» (Ե.Ղազանչյանի հետ համատեղ)[6]
  • Միխայիլ Շոլոխովի՝ «Նախալյոնոկ» (Զ.Տատինցյանի հետ համատեղ)
  • Պերճ Պռոշյանի՝ «Հացի խնդիր» (Ե.Ղազանչյանի հետ համատեղ)
  • Լևոն Կարագյոզյանի՝ «Հոր պատիվը» (Ե.Ղազանչյանի հետ հետ համատեղ)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Арсен Варданян». Кино-Театр.Ру. Վերցված է 2024 թ․ հունվարի 28-ին.
  2. 2,0 2,1 «Թատերական Երևան տեղեկատու» Համար 4. ՀԽՍՀ Թատերական ընկերություն. 1971 թվական. էջ 24.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Թատերական Երևան տեղեկատու» Համար 2. 1971 թվական. էջ 24.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  4. 4,0 4,1 «Թատերական Երևան տեղեկատու» Համար 10. Երևան: ՀԽՍՀ Թատերական ընկերություն. 1971 թվական. էջեր 42–43.
  5. 5,0 5,1 5,2 «Թատերական Երևան տեղեկատու» Համար 15. Երևան: ՀԽՍՀ Թատերական ընկերություն. 1972 թվական. էջեր 28–31.
  6. «Թատերական Երևան տեղեկատու» Համար 11. Երևան: ՀԽՍՀ Թատերական ընկերություն. 1974 թվական. էջեր 21–22.