Միխայիլ Շոլոխով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Շոլոխով
Sholokhov-1938.jpg
ԱԱՀ՝ Միխայիլ Շոլոխով
Ծննդյան օր՝ մայիսի 24, 1905
Ծննդավայր՝ խ. Կրուժիլին, Վյոշենսկի շրջան,
Ռոստովի մարզ (Ռուսաստան)
Վախճանի օր՝ փետրվարի 21, 1984

Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխով (ռուսերեն` Михаи́л Алекса́ндрович Шо́лохов, 1905, մայիսի 24 - 1984, փետրվարի 21), ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1965)` «Խաղաղ Դոն» վեպի համար։

Ծնվել է գյուղացու ընտանիքում, Ռոստովի մարզի Վյոշենսկի շրջանի Կրուժիլին խուտորում։ Մասնակցել է քաղաքացիական պատերազմին։ 1922-ին մեկնել է Մոսկվա, աշխատել որպես բեռնակիր, որմնադիր, հաշվետար։

Նրա առաջին պատմվածքները տպագրվել են մամուլում ու ամփոփվել «Դոնի պատմվածքներ» և «Երկնագույն տափաստան» ժողովածուներում (1926)։ Դրանք նշանակալից երևույթ էին 20-ականների խորհրդային գրականության մեջ։

1924-ին Շոլոխովը վերադարձել է Դոն և ձեռնամուխ եղել «Խաղաղ Դոն» վեպ-էպոպեայի ստեղծմանը, որը հեղինակին ապահովեց համաշխարհային ճանաչում։ Շոլոխովի հաջորդ վեպը «Հերկած խոպանն» է։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Շոլոխովը, որպես «Պրավդա»-ի թղթակից, եղել է ռազմաճակատի շատ տեղամասերում, հրապարակել հոդվածներ ու ակնարկներ («Դոնում», «Հարավում», «Կազակները» և այլն)։ Լայն ճանաչման է արժանացել հեղինակի «Ատելության գիտությունը» (1942) հրապարակախոսակամ պատմվածքը։ 1943-44-ին «Պրավդա» և «Կրասնայա Զվեզդա» թերթերում տպագրվել են «Նրանք մարտնչում են հանուն հայրենիքի» վեպի առանձին գլուխներ։

Աղբյուրներ [խմբագրել]

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 66-67։