Արդար Դավիթ (աշտարակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդար Դավիթ
Տեսակմշակութային արժեք, աշտարակ և մեգալիթյան կառույց
ՏեղագրությունԱյգեշատ, Արմավիրի մարզ, Հայաստան Հայաստան
Վարչական միավորԱրմավիրի մարզ[1]
ԵրկիրՀայաստան Հայաստան
Համալիրի մասԲնակատեղի
Կառուցվածմ․թ․ա․ 2 - 1-ին հազարամյակներ
Անվանված էԱրդար Դավիթ
Ընթացիկ վիճակավերված
Բաց է հանրության համարԱյո
Քարտեզ
Քարտեզ

«Արդար Դավիթ» աշտարակ, բրոնզ-երկաթեդարյան մեգալիթյան աշտարակ և պատմամշակութային հուշարձան Հայաստանի Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից արևելք։ Գտնվում է Վաղարշապատ-Օշական ճանապարհի ձախ մասում, անջրդի, բուսականությունից զուրկ տարածքում[2]։ Հուշարձանը գտնվում է Դաշտ գյուղի մոտ, նրանից հյուսիս, սակայն այն ներառված է՝ Այգեշատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2][3]։

«Արդար Դավիթ» ավանդազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդազրույցի՝ տեղանքի անունն առնչվում է Դավիթ անունով մի մարդու հետ, ով այդ վայրերում ճգնում էր։ Նա երեկոյան ժամերգություններին գնում էր Էջմիածնի տաճար, ապա վերադառնում և կարճ ժամանակի ընթացքում արդար ու սուրբ մարդու անուն է վաստակում։ Այդ ընթացքում Էջմիածնի աշակերտներից և գյուղի երեխաներից մի քանիսն անհետանում են։ Մի անգամ էլ, երբ Արդար Դավիթը սովորականի պես աղոթելիս է լինում տաճարում, լուսարարը նրա վերարկուի թիկունքին կարդում է հետևյալ մակագրությունը․ «Ես այստեղ եմ»։ Պարզվում է՝ որսալով մանուկներին՝ նա տարել է իր այրը, մորթել ու կերել։ Դավիթին հրավիրելով մի սենյակ՝ զբաղեցնում են, իսկ ուղարկված մադիկ գնում, բերում են ողջ մնացածներին և մարդկային շատ ոսկորներ։ Դավիթին քարկոծում են։ Դրանից հետո քարանձավը կոչվում է Արդար Դավիթի անունով, իսկ կեղծ արդարներին էլ ասում են «Արդար Դավիթ»[4][5]։ Հետագայում այս ավանդությունը տեղ է գտնում Պերճ Պռոշյանի «Կռվածաղիկ» վեպում[2][6]։

Ավանդազրույցն իր ուղեգրություններում հիշելով՝ Մեսրոպ Թաղիադյանը, Արդար Դավիթին «հինաւուրց եպիսկոպոսաց մերոց» է համարում, իսկ հնավայրը՝ «Արդար Դավթի Տուն»։ Նկարագրելով Դավթին, անվանում է նրան «այր սոսկավիթխարի, անձնեայ եւ ուժեղ քան զամենայն մարդիկ իւրումն ժամանակի»[2][7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը վկայագրվել է 1991 թվականին՝ Դաշտ գյուղի տարածքում, որպես մ.թ.ա. 2-1 հազարամյակների աշտարակ։ Վկայագրի հետ միասին առկա է նաև աշտարակի և բլրի հատակագիծը[2][8]։

19-րդ դարի առաջին կեսին, Արտեմի Արարատսկին իր «Արտեմի Արարատսկիի կյանքը և արկածներ» իքնակենսագրական վեպում Արդար Դավթի մասին ավադազրույցը մեջբերելով՝ «բրգաձև շարված քարերի կուտակումներ» է հիշատակում[2][9]։

Գիտական առաջին անրադարձը կատարվել է 20-րդ դարի սկզբին։ Նախ՝ «Արդար Դավիթ» աշտարակին, Հսկաների դամբարանների («Օղուզի տներ») համատեքստում, անրադառնում է Գրիգոր Ղափանցյանը[10]։ Այնուհետև խնդրին անրադառնում է Թորոս Թորամանյանը, ենթադրելով որ այն կառուցվել է վաղ ժամանակներում ու աշտարակաձև դամբարան է[11][12], իսկ աշտարակը կապում է ինչ-որ «կրոնական պաշտամունքի հետ»[13]։ Աշխարհբեկ Քալանթարը, ուսումնասիրելով և տիպաբանելով մեգալիթյան հուշարձանները, «Արդար Դավիթ» աշտարակը և Արագածի հարավային փեշերի աշտարակատիպ այլ կառույցներ նույնպես կապում է պաշտամունքի հետ և անվանում «տաճար»[14]։ Ըստ նրա՝ այդ կառույցները բաղկացած են մեկը մյուսի մեջ, շրջանաձև մի քանի պատից, որոնք դեպի կենտրոն՝ յուրաքանչյուրն իր նախորդից մի աստիճանաձև հարկ բարձր է։ Այգեշատ գյուղի տարածքի դամբարանադաշտում նա բլուրների վրա հիշատակում է չորս-հինգ աշտարակ, որոնցից լավ պահպանվածը «Արդար Դավիթ» աշտարակն է։ Աշխարհբեկ Քալանթարի կարծիքն աշտարակների վերաբերյալ սխալ համարելով և մանրակրկիտ քննադատելով՝ Խաչիկ Սամուելյանը հակվում է դրանք «նեոլիթյան բերդեր» համարել[15]։ Սուրեն Մնացականյանը, անրադառնալով Մերձավանի և Աղավնատան «Օյուղ» աշտարակներին, այս կառույցները քննարկում է որպես «Հելլենիստական Հայաստանում գոյություն ունեցած մեմորալ ամբողջական համալիրներ», որոնց շարքին է դասում նաև «Արդար Դավիթ» աշտարակը[2][16]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակը գտնվում է համանուն բլրի գագաթին, որն ունի 1025,4 մետր բարձրություն։ Այն 8 մետր տրամագծով, շրջանաձև, բազալտի խոշոր և տուֆի մանր բեկորներով, չոր շարվածքով կառույց է՝ տեղ-տեղ պահպանված 4-5 շար քարերի բարձրությամբ։ Աշտարակի շուրջը տեղանքի նկատմամբ մինչև 3-4 մետր բարձրությամբ և աշտարակի կենտրոնից հաշված՝ մոտ 15 մետր շառավղով արհեստական, կլորավուն հարթակ է ստեղծված, որի լիցքն իրականցվել է խառը, տարբեր չափերի քարերով և հողով։ Աշտարակից ճառագայթաձև ձգվում են անմշակ քարերից շարված մի քանի քարաշարեր, որոնք ժամանակին նկատել է Աշխարհբեկ Քալանթարը[17]։ Այդ քարաշարերը միանում են խոշոր քարերով և հիշեցնում են շրջանաձև «հարթակներ»։ Սրանք ձևով նման են մեկ այլ մեգալիթյան կառույցի, որը ստացել է «անապատի օդապարիկներ» անվանումը[2][18]։

Աշտարակը թվագրվում է մ.թ.ա. 2-1 հազարամյակներով։ Հուշարձանը գտնվում է Այգեշատ գյուղի արևելյան մասում, համանուն բլրի գագաթին։ «Արդար Դավիթ» աշտարակը տեսանելի կապի մեջ է եղել Աղավնատան, Նորակերտի և Մերձավանի աշտարակների հետ։ Հնավայրի ստորոտին մ.թ.ա. 2-1 հազարամյակներով թվագրվող դամբարանադաշտն է[19]։ Աշտարակը և նրան հարակից հսկայական դամբարանադաշտը ներառված են Այգեշատ կողմից դեպի հյուսիս-արևելք գտնվող բնակատեղիում, որ ձգվում է Արդար Դավիթ բլուրից մինչև Օշական գյուղի մոտ գտնվող Հնձանի ձոր տեղանքը[3]։ Դամբարանադաշտում առկա են կիկլոպյան շարվածքներով և քարե աշտարակներով առանձին դամբանախմբեր[2][20][21]։

«Արդար Դավիթ» մեգալիթյան համալիրը ծիսապայտամունքային հուշարձան է, ու ըստ հնագետ Լևոն Մկրտչյանի՝ Աղթամիրի ամրոց-համալիրի[22][23] օրգանական շարունակությունն է, քանի որ երկուսն էլ պատմաժամանակագրական նույն բնութագիրն ունեն, որոնց կապող օղակ է հանդիսանում Այգեշատի դամբարանադաշտը՝մեգալիթյան պարիսպներով և աշտարակներով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 ««Արդար Դավիթ»․ առասպել և իրականություն», Լևոն Մկրտչյան, 2017, Էջմիածին, էջ 111-116։
  3. 3,0 3,1 «Հայաստանի կառավարության N 1589-Ն որոշում 3 հոկտեմբերի 2002 թվականի». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. «Ավանդապատում», Արամ Ղանալանյան, Երևան, 1969, թ․ 86, էջ 34-35։
  5. «Հիշատակարան», Արիստակես Սեդրակյան, մաս Ա, 1845-1864, էջ 114-115 (Սեդրակյանի ֆոնդ, Պետական արխիվ)։
  6. «Կռվածաղիկ», Պերճ Պռոշյան, հատոր Գ, գլուխ ԻԹ, Երևան, 1963, էջ 191-195։
  7. «Ուղեգրություններ, հոդվածներ, նամակներ, վավերագրեր», Մեսրոպ Թաղիադյան, Երևան, 1975, էջ 115-117։
  8. «Էջմիածնի ենթաշրջանի Դաշտ գյուղին վերավերվող վկայագրեր», «Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արխիվ, վկայագիրը և չափագրությունը կազմել է Վարազդատ Հարությունյանը։
  9. Жизнь Артемия Араратского, Ленинград, 1980, с. 49.
  10. «Հնութեան մի քանի յիշատակարաններ», Գրիգոր Ղափանցյան, «Արարատ», 1914, Ա․, էջ 93։
  11. «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության», Թորոս Թորամանյան, հատոր 1, էջ 10-11։
  12. «Հայկական վաղ միջնադարյան մեմորիալ հուշարձանները», Սուրեն Մնացականյան, Երևան, 1982, էջ 51, 92։
  13. «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության», Թորոս Թորամանյան, հատոր 1, էջ 218-219։
  14. «Հայաստան․ քարե դարից միջնադար», Աշխարհբեկ Քալանթար, Երևան, 2007, էջ 202-203։
  15. «Հին Հայաստանի կուլտուրան», Խաչիկ Սամուելյան, հատոր 1, Երևան, 1931, էջ 142-148։
  16. «Հայկական վաղ միջնադարյան մեմորիալ հուշարձանները», Սուրեն Մնացականյան, Երևան, 1982, էջ 51։
  17. «Հայաստան․ քարե դարից միջնադար», Աշխարհբեկ Քալանթար, Երևան, 2007, էջ 203-204։
  18. D. Nadel, G.Bar-Oz, D. Malkinson, P. Spivak, D. Langgut, N. Porat, A. Khechoyan, A. Nachmias, E. Crater-Gershtein, A. Katinaa, G. Bermatov-Paz, S. Nahapetyan, B. Gasparyan, New insights into desert kites in Armenia: the fringes of the Ararat Depression, Arabian Archaeology and Epigraphy, 2015, N 26, էջ 120-143։
  19. Հայաստանի կառավարության որոշում N 1589, 3 հոկտեմբերի 2002 թ․
  20. «Այգեշատի դամբարանադաշտի պեղումները», Լ․ Բիագով, Հ․ Ավետիսյան, Հայաստանի Հանրապետության 1980-1990 թթ. դաշտային հնագիտական աշխատանքների արդյունքներին նվիրված գիտական նստաշրջան, Երևան, 1991, էջ 36։
  21. «Այգեշատի դամբարանադաշտի ուսումնասիրությունը», Հ․ Ավետիսյան, ԲԵՀ, 1996, թ. 2, էջ 156-162։
  22. «Ախթամիրը նեոլիթ-խալկոլիթյան ժամանակաշրջանում», Հակոբ Սիմոնյան, «Հին Հայաստանի մշակույթը IX», Երևան, 1998, էջ 57։
  23. «Հնագիտական աշխատանքները Հայաստանում 1990-2003 թթ․», Արամ Քալանթարյան, Հակոբ Սիմոնյան, Երևան, 2005, էջ 55։