Արամ Ղանալանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արամ Տիգրանի Ղանալանյան (1909 փետրվարի 12-ին, Ախալցխա - մահացել 1983թ. Երևան) հայագետ, բանագետ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և գիտության վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել]

Արամ Ղանալանյանը ծնվել է 1909թ. փետրվարի 12-ին Ախալցխայում, մահացել 1983թ. Երևանում։ Ակադեմիկոս, նշանավոր հայագետ Արամ Տիգրանի Ղանալանյանը մեծ ներդրում ունի հայ բանագիտության զարգացման մեջ։ Սովորել է նախ հայրենի քաղաքում՝ Ախալցխայում, ապա ուսումը շարունակել Թիֆլիսի 72-րդ միջնակարգ դպրոցում, որից հետո տեղափոխվել է Երևան։

1927-ին ընդունվում է Երևանի պետհամալսարանի պատմագրական ֆակուլտետը՝ աշակերտելով ժամանակի անվանի հայագետներ Մանուկ Աբեղյանին, Հրաչյա Աճառյանին, Գրիգոր Ղափանցյանին, Արսեն Տերտերյանին։

1932 թվականին իր համալսարանական դասախոս Ցոլակ Խանզադյանի հանձնարարականով և Կ. Մելիք-Օհանջանյանի օժանդակությամբ Ա. Ղանալանյանն աշխատանքի է ընդունվում Հայաստանի նյութական մշակույթի պատմության ինստիտուտ, որով իսկ սկիզբ է դրվում նրա գիտահետազոտական գործունեությանը։ Սկզբում կրտսեր, ապա ավագ գիտաշխատողի պաշտոններով նա աշխատում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական բաժանմունքի (Արմֆան) տարբեր անուններով կոչվող տարբեր ինստիտուտներում, իսկ 1943 թվականից, երբ կազմակերպվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, նա նշանակվում է գրականության ինստիտուտի ժողովրդական բանահյուսության բաժնի վարիչ և շուրջ 16 տարի (1943-1959 թթ.) վարում է այդ պաշտոնը՝ ուղղություն տալով խորհրդահայ բանագիտական մտքի զարգացմանը։

1941-ին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն ( «Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը» ), 1970-ին՝ դոկտորական ատենախոսություն ( «Հայ ժողովրդական ավանդությունները» )։ Իր գիտական ծանրակշիռ վաստակի համար Ա. Ղանալանյանը 1965-ին ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1977-ին՝ ակադեմիկոս։ 1967-ին նրան շնորհվում է գիտության վաստակավոր գործչի պատվանուն։ Վախճանվել է Երևանում, 1983 թվականին։

Իր գիտակազմակերպական արդյունավետ աշխատանքներին զուգահեռ, նա այդ տարիներին դառնում է բանագիտական կադրերի ամենաարդյունավետ պատրաստողը և անցյալ դարի կեսերի բանագետների սերնդի մեծամասնությունը եղել է Ա. Ղանալանյանի աշակերտներն ու հետնորդները։ Նա երկար ժամանակ ժողովրդական բանահյուսություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվ. մանկավարժական, հեռակա մանկավարժական ինստիտուտներում։

Ա. Ղանալանյանը երկար տարիներ եղել է «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալ։

Ա. Ղանալանյանը կյանքի նոր պայմաններում շարունակողն ու զարգացնողը եղավ հայ բանագիտության դասական ավանդների, որոնց սկզբնավորողներից մեծագույնը իր սիրելի ուսուցչապետ Մանուկ Աբեղյանն էր։

Ականավոր գիտնական է եղել նաև Արամ Ղանալանյանի եղբայրը Հովհաննես Տիգրանի Ղանալանյանը։ Հովհաննես Ղանալանյանը նշանակալի աշխատանքներ է կատարել հայ գրականագիտության ասպարեզում։

Հեղինակած աշխատանքները[խմբագրել]

  • «Հայ շինականի աշխատանքի երգերը» (1937)
  • «Պռոշյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1938)
  • «Նմուշներ հայկական հակակրոնական ֆոլկլորից» (1938)
  • «Սասունցի Դավիթ, Հայ ժողովրդական վեպ», «Սասունցի Դավթի» պատմիչների կյանքն ու գործունեությունը» (1939)
  • «Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1941)
  • «Հայ ժողովրդական հերոսապատումները» (1942)
  • «Թշնամու կերպարը հայկական հին բանահյուսության մեջ» (1943)
  • «Հայ քաջորդիներ» (1943)
  • «Հայկական առածանի» (1951)
  • «Ավ. Իսահակյանի ստեղծագործության ժողովրդական ակունքները» (1955)
  • «Մ. Նալբանդյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1959)
  • Առածանի (1960)
  • «Սայաթ-Նովայի ստեղծագործության ժողովրդական ակունքները» (1963)
  • «Թումանյանը և ժողովրդական բանահյուսությունը» (1964)
  • «Ավանդապատում» (1969)
  • «Հայ գրականությունը և բանահյուսությունը» (1986)

Հեղինակած հոդվածները[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]