Աշոտ Աբրահամյան (փիլիսոփա-լեզվաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Աբրահամյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 23, 1954(1954-09-23)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 10, 2021(2021-02-10) (66 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ (1980)
Գիտական աստիճանդոցենտ
Մասնագիտությունլեզվաբան, փիլիսոփա և նշանագետ

Աշոտ Սերգեյի Աբրահամյան (սեպտեմբերի 23, 1954(1954-09-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 10, 2021(2021-02-10)), հայ փիլիսոփա-լեզվաբան, նշանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ[1]։ Գիտական հետաքրքրության շրջանակներն են եղել ընդհանուր լեզվաբանությունը, լեզվափիլիսոփայությունը, նշանագիտությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Աբրահամյանը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում։ Որդին է լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի։ 1961-1971 թվականներին սովորել է Երևանի 118-րդ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով։ 1971-1976 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ (կարմիր վկայագրով)։ 1977-1980 թվականներին ուսումը շարունակել է ՀԽՍՀ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում։

Վախճանվել է Երևանում 2021 թվականի փետրվարի 10-ին ուսուցչի՝ Էդվարդ Աթայանի ծննդյան օրը։

Աշխատանքային փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

1976-1977 թվականներին Աշոտ Աբրահամյանն աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում, 1977-1978 թվականներին՝ Հայաստանի գրքասերների ընկերությունում, 1981-1995 թվականներին՝ Լեզվի ինստիտուտի ընդհանուր լեզվաբանության բաժնում։ 1991-2021 թվականներին աշխատանքի է անցել ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնում, 2000-2004 թվականներին՝ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնում (համատեղության կարգով)։

Տիրապետել է հայերեն (նաև դասական՝ գրաբար), ռուսերեն, անգլերեն, գերմաներեն լեզուներին։

Դասավանդել է «Ընդհանուր լեզվաբանություն», «Լեզվաբանության հիմունքներ», «Լեզվաբանական տիպաբանություն», «Նշանագիտություն», «Լեզվանշանագիտություն», «Լեզվաբանական ուսմունքների պատմություն» գիտակարգերը։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Աբրահամյանի՝ գիտական «ընդունելի» ոճով գրված միակ աշխատությունը նրա թեկնածուական ատենախոսությունն է՝ «Արսեն Այտընյանի լեզվաբանական հայացքները»։ Այս գրքով Աշոտ Աբրահամյանը բացահայտել է աշխարհաբարի քննական քերականության խոշոր տեսաբանի լեզվաբանական հայեցակարգը, որի՝ մինչև իսկ զուտ հայերենին վերաբերող դրույթները վեր են հանված ընդհանուր լեզվաբանության չափանիշներով։ [2]։

Աշոտ Աբրահամյանի այդ աշխատության ավարտից հետո սկսվել է նրա գործունեության երկրորդ շրջանը, որը նրա գործունեության մեջ գիտական ու փիլիսոփայական մտքի ճախրի փուլն էր։

Աշոտ Աբրահամյանը եղել է Ընդհանուր լեզվաբանության մեջ աթայանական դպրոցի հետևորդն ու նրա ուսմունքի ստեղծագործաբար յուրացնողը։ Անդրադարձել է լեզվի ստորակարգային բոլոր մակարդակներին՝ հնչյունից մինչև տեքստային տարածությունը բաղադրող միավորները վեր հանելով հատկապես նշանագիտական բեկումներով և տրամախոսական (դիալեկտիկական) հակադրամիասնության անօրինակ գնահատումներով։

Բացի լեզվափիլիսոփայական և նշանագիտական հետազոտություններից՝ նաև մաթեմատիկայի դպրոցական դասագրքերի համահեղինակ է եղել։ Մաթեմատիկոսների հրավերով դասախոսությունների շարք է կարդացել մաթեմատիկայի վերաբերյալ։ «Մաթեմատիկական հետաքրքրությունը գալիս էր դեռ դպրոցական ուսումնառության շրջանից, որի ընթացքում մասնակցելով մաթեմատիկայից հանրապետական օլիմպադաներին` միշտ առաջին տեղ է շահել` շնորհիվ խնդիրների նորովի լուծման իր անզուգական հմտության։ Ճշգրիտ մատածողությունը և մաթեմատիկայի հրաշալի իմացությունը, սակայն, Աշոտ Աբրահամյանին հեռու է պահել լեզվական օրինաչափությունները զուտ մաթեմատիկական եղանակներով բացահայտելու գայթակղությունից և ինքնանպատակ դրսևորումներից։ Քաջ տիրապետելով մաթեմատիկական լեզվաբանության դրույթներին ու մեթոդաբանությանը` լեզվական իրողությունների ճշգրտությունն Աշոտ Աբրահամյանը բացահայտել է առավելապես փիլիսոփայական իմաստավորմամբ։ Մաթեմատիկան ինքնին բարձր վերացարկում պարունակող գիտություն է, սակայն լեզվի պարագայում նրա սոսկական գործադրումը՝ առանց խորքային իմաստավորման, մակերեսային տրամաբանության էր հավասար Աշոտ Աբրահամյանի համար»,- Աշոտ Աբրահամյանին նվիրված «Ներդաշնակության և չափավոր անհամաչափության քննախոսը» հոդվածում գրել է Գրական թերթը[3]։

Հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աշոտ Աբրահամյան». www.bok.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. https://vemjournal.org/wp-content/uploads/2021/04/09-%D4%BC%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82-2021-1.pdf
  3. https://www.grakantert.am/archives/15077

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]